Իրավական10:16, 27 Հուլիս 2016
Ստամբուլում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան
Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում փակվել է հայ բժշկին պատկանող կլինիկան: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ արհեստական բեղմնավորմամբ և կանանց առողջապահությամբ զբաղվող «İstanbul Tüpbebek» կլինիկան հիմնվել է 11 տարի առաջ: Կլինիկայի բաժնետոմսերի 61.5 %-ը պատկանում է նրա հիմնադիր Արետ Քամարին, ով ազգությամբ հայ է, դավանանքով` քրիստոնյա:
Աղբյուրի համաձայն՝ հուլիսի 25-ին կլինիկան ենթարկվել է աուդիտորական ստուգման՝ առողջապահական մարմինների, ՏԻՄ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Նշյալ հանձնաժողովը եզրակացրել է, որ կլինիկան կապ ունի «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) հետ, ինչի հիման վրա որոշում է կայացվել կենտրոնը փակելու մասին:
«Ակոս»-ի հետ զրույցում Արետ Քամարը նշել է, որ մասնագիտական գերզբաղվածության պատճառով նա որևէ այլ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ուղղակի չունի:
«Մենք այդ կառույցի հետ որևէ կապ ունենալ չենք կարող, սակայն կլինիկայի փակման որոշումը կայացրել է կառավարությունը, հետևաբար մենք ոչ դատարան կարող ենք դիմել, ոչ էլ փաստաբանները կարող են օգնել», - հավելել է նա:
Պոլսահայ բժիշկը նաև նշել է, որ կլինիկաի մյուս բաժնետերերը ևս, իրենց մեծ զբաղվածությունից ելնելով, չէին կարող «զուգահեռ կառույցի» հետ կապ ունենալ: Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ, եթե նույնիսկ իր գործընկերներից կամ աշխատակիցներից որևէ մեկն այդ կառույցի հետ իսկապես կապ ունենար, միևնունն է, անարդար կլիներ ինչ-որ մարդկանց անհատական գործունեության պատճառով փակել հսկա կլինիկան, որը որևէ կասկածելի գործունեություն չի ծավալում:
«Առանց հետաքննություն անցկացնելու, առանց հարցի ու հարցաքննության փակեցին մեր կլինիկան: Ներսում եղած ողջ գույքը, բժշկական սարքերը թալանեցին, տարան: Ոչինչ չմնաց: Դրամարկղում եղած գումարն էլ տարան», - պատմել է հայ բժիշկը:
Քամարը մտահոգություն է հայտնել մասնավորապես այն հանգամանքի առթիվ, որ հանձնաժողովը բռնագրավել է նաև հիվանդների անձնական գործերը: Ընդհանուր առմամբ, բռնագրավվել է շուրջ 40.000 հիվանդի անձնական գործ: Անգամ բեղմնավորված էմբրիոններն են բռնագրավվել ու տեղափոխվել Քոչի համալսարան:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում երեք ամիս ժամկետով «արտակարգ իրավիճակ» է հայտարարվել: Այս պայմաններում երկրի իշխանությունները իրավասու են անվտանգության նկատառումներով արգելել կամ սահմանափակել ցանկացած կառույցի, հիմնարկի գործունեությունը:
Հայտնի է, որ «արտակարգ իրավիճակ» հայտարարելուց հետո մինչ օրս միայն Ստամբուլում «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորմանն» (FETÖ) անդամակցության, աջակցության կամ դրա հետ կապի մեղադրանքով 3 համալսարան, 149 դպրոց, 150 կազմակերպություն, 15 հիմնադրամ և 4 առողջապահական կենտրոն է փակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |