Միջազգային09:48, 15 Մարտ 2017
Evrensel.«Թուրքիան 12 օրում կոնֆլիկտի մեջ է մտել 6 եվրոպական երկրի հետ»

Թուրքիայում ակնկալվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) Թուրքիայի և 6 եվրոպական երկրների միջև կոնֆլիկտի առաջացման պատճառ է դարձել: Այս մասին գրում է թուրքական «Evrensel.net» լրատվակայքը:
Հանրաքվեից առաջ Թուրքիայի կառավարությունը փորձ արեց «այո»-ի քարոզչություն իրականացնել մի շարք եվրոպական երկրներում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող մեծ թվով Թուրքիայի քաղաքացիներ են բնակվում: Սակայն եվրոպական երկրներն արգելեցին թուրք գործիչների քարոզչական գործունեությունն իրենց տարածքում, հնչեցին փոխադարձ քննադատություններ, սահմանվեցին պատժամիջոցներ: Աղբյուրի բնութագրմամբ՝ «ԱԶԿ-ի՝ հանրաքվեում դրական քվե ստանալու համառ ջանքերի արդյունքում 12 օրում Թուրքիան սրեց հարաբերությունները մի շարք երկրների հետ»:
Թուրքական լրատվամիջոցը ներկայացնում է տարբեր եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության մանրամասները:
Գերմանիա
Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել:Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը Թուրքիայում գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումն էր, ում Էրդողանը «գործակալ» էր որակել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:
Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:
Կոնֆլիկտը չմեղմվեց անգամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո:
Հոլանդիա
Քարոզչական արշավների հետ կապված ամենամեծ ճգնաժամը ծագեց Թուրքիայի և Հոլանդիայի միջև: Հոլանդիայի կառավարությունը նախապես զգուշացրել էր, որ թուրք գործիչները չեն կարող իր տարածքում նախընտրական քարոզարշավ իրականացնել: Սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այնուամենայնիվ, փորձ արեց Ռոտերդամում հավաք անցկացնել: Հոլանդիան Չավուշօղլուին թույլ չտվեց վայրէջք կատարել իր տարածքում:
Նույն օրը արգելվեց նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Քայաի այցը Հոլանդիա: Վայրէջքի թույլտվություն չստանալով՝ Քայան ցամաքային ճանապարհով մուտք գործեց երկիր և ուղևորվեց դեպի Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարան: Սակայն Հոլանդիայի ոստիկանությունը կանգնեցրեց նրան և արտաքսեց երկրից:
Ի պատասխան՝ Թուրքիան հայտարարեց Հոլանդիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Նախագահ Էրդողանը Հոլանդիան անվանեց «ֆաշիզմի մնացորդ»: Հոլանդիայում անվտանգության նկատառումներով փակվեցին Թուրքիայի ներկայացուցչությունները, իսկ Անկարայում Հոլանդիայի դեսպանը, ով արձակուրդի պատճառով մեկնել էր իր երկիր, չվերադարձավ Թուրքիա:
Ավստրիա
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը մարտի 5-ին հայտարարեց, որ ԱԶԿ-ի կողմից ողջ Եվրոպայում կազմակերպվող քարոզչական բոլոր միջոցառումները պետք է արգելվեն: Կերնը իր այդ տեսակետը հիմնավորեց այն հանգամանքով, որ Թուրքիայում թուլացել է օրենքի գերակայությունը: Ավստրիայի վարչապետը հավելեց նաև, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները, քանի որ այդ երկիրը ոտնահարում է եվրոպական արժեքները: Կերնը նշեց, որ վերջին տարիներին Թուրքիայում ավելի ու ավելի հաճախ են ոտնահարվում մարդու իրավունքներն ու եվրոպական արժեքները, մամուլի ազատությունը չի ճանաչվում: Նա խոստացավ ամեն կերպ խոչընդոտել թուրք գործիչների՝ Ավստրիայում քարոզարշավ իրականացնելու բոլոր հնարավոր ջանքերին:
Բելգիա
Մարտի 14-ին չեղարկվեց Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) կողմից նախաձեռնված քարոզչական հավաքը Բելգիայի Անվերս քաղաքում: Այդ որոշումը հիմնավորվեց այն հանգամանքով, որ հավաքը կարող է սպառնալիք ստեղծել հասարակական կարգի և անվտանգության համար:
Շվեդիա
Մարտի 12-ին Շվեդիայում չեղարկվեց Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար Մեհդի Էքերի գլխավորությամբ կայանալիք քարոզչական հավաքը, քանի որ սրահի տերը հրաժարվեց հավաքի համար տարածք տրամադրել: Սակայն նույն օրը հավաքի անցկացման համար թուրք գործչին մեկ այլ սրահ տրամադրվեց:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյոֆվեն մարտի 14-ին հայտարարեց, որ իրենք մտահոգությամբ են հետևում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:
Դանիա
Հոլանդիայի և Թուրքիայի միջև առաջացած ճգնաժամի ֆոնին Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը առաջարկեց հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա: «Ես կցանկանայի նորմալ պայմաններում Բինալի Յըլդըրըմի հետ քննարկել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները: Ես չեմ կարող այս այցի համատեքստում հաշվի չառնել Հոլանդիայի դեմ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը: Այդ իսկ պատճառով Թուրքիայից խնդրեցի չեղարկել այդ այցը», - ասել է Ռասմուսենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |