Իրավական13:07, 03 Մայիս 2017
Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք
1993թ. մայիսի 3-ին ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարվեց որպես մամուլի ազատության միջազգային օր: Այս առթիվ թուրքական «Birgün» թերթի կայքն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին:
Ըստ թերթի՝ վերջին մեկ տարում արտակարգ դրության պայմաններում ընդունված, օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում Թուրքիայում դադարեցվել է հարյուրավոր հրատարակությունների գործունեությունը: Տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս պահին անազատության մեջ է գտնվում 159-ից մինչև 168 լրագրող:
Մամուլի ազատության օրվա կապակցությամբ թուրքական թերթին հարցազրույց տված տարբեր թուրքական իրավապաշտպան կառույցների և լրագրողական միությունների ղեկավարները դատապարտել են երկրում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնությունները՝ նշելով, որ Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը հետևյալ մեկնաբանությունն է արել.
«Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք: Նրանց ազատությունները լիովին զրոյի են հավասարեցվել: Լրագրողները շնչել անգամ չեն կարողանում:
Հարյուրավոր լրագրողներ ամիսներ շարունակ փակված են բանտերում, իսկ նրանց մեծ մասի վերաբերյալ մեղադրական եզրակացություններն անգամ դեռևս կազմված չեն»:
Յարքադաշը հիշեցրել է, որ անազատության մեջ է գտնվում նաև «Birgün» թերթի թղթակիցներից մեկը, ում վերաբերյալ ոչ առաջադրված մեղադրանքն է դեռ հայտնի, ոչ մեղադրական եզրակացությունն է պատրաստ:
Հավելենք նաև, որ օրեր առաջ «Freedom House»-ի կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 163-րդ տեղը՝ ընդգրկվելով անազատ մամուլ ունեցող երկրների ցանկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |