Միջազգային09:42, 13 Սեպտեմբեր 2017
ԵԽ քաղաքական ուժերը առաջարկել են դադարեցնել Թուրքիա-ԵՄ բանակցությունները

Նախորդ շաբաթ Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ ԵԽ-ում ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու համատեղ առաջարկով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ntv.com.tr» լրատվակայքը:
Նիստում Եվրահանձնաժողովի անունից ելույթ ունեցած Յոհաննես Հահնը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում հետընթաց է գրանցվել: Նրա կարծիքով՝ Թուրքիան իր իսկ շահերից ելնելով անհապաղ պետք է քայլեր ձեռնարկի մարդու իրավունքների և որոշ ԵՄ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հահնը տեղեկացրել է, որ ամենաուշը 2018թ. գարնանը Եվրահանձնաժողովը կհրապարակի Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցը. «Եթե իրավիճակը չփոխվի, ապա առանձնապես մեծ քաղաքական երևակայություն չի պահանջվի՝ հասկանալու համար, թե ինչ գրել զեկույցում», -ասել է նա:
Քրիստոնյա դեմոկրատների (EPP) անունից նիստում ելույթ ունեցած պատգամավոր Քրիստիան Դան Պրեդան առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները: Նա նաև կարծիք է հայտնել, որ Թուրքիայի համար ԵՄ բյուջեով նախատեսված գումարները պետք է բաժանել Թուրքիայի հասարակությանը:
ԵՄ Սոցիալ դեմոկրատների (S&D) անունից հանդես եկած հոլանդացի պատգամավոր Քեթի Փիրին նշել է, որ բանակցությունները դադարեցնելու մասին ԵՄ-ի որոշումը չի փոփոխվել: Փիրին ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է իրարից տարբերակել Թուրքիայի կառավարությունն ու Թուրքիայի հասարակությունը: Նա կողմ է արտահայտվել անդամակցության բանակցությւոնների դադարեցմանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Թուրքիան պետք է շարունակի մնալ թեկնածու երկիր:
Պահպանողական խմբակցության (ECR) անունից ելույթ ունեցած անգլիացի պատգամավոր Չառլզ Թաննոքը նշել է, որ Թուրքիան հեռացել է արևմտյան ժողովրդավարական նորմերից, ուստի եկել է Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու ժամանակը:
Լիբերալ խմբակցության (ALDE) ներկայացուցիչ գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Լաբսդորֆի խոսքով՝ Թուրքիան վաղուց դադարել է համապատասխանել Կոպենհագենի քաղաքական չափանիշներին և առաջարկել Եվրահանձնաժողովին՝ այս հանգամանքը հաշվի առնելով բանակցությունների դադարեցման վերաբերյալ որոշում ընդունել: Լամբսդորֆի կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացն արդեն «մահացել է» և անհրաժեշտ է մտածել Թուրքիայի հետ նոր հարաբերությունների նոր տեսակի մասին:
Միացյալ ձախերի խմբակցության (GUE) ներկայացուցիչ, ֆրանսիացի պատգամավոր Մարիա - Քրիստինա Վերգիատը նույնպես կողմ է արտահայտվել Անկարայի հետ անդամակցության բանակցությունների դադարեցմանը:
Կանաչների խմբակցության անունից ելույթ ունեցած գերմանացի պատգամավոր Սկա Քելլերի կարծիքով՝ չպետք է մոռանալ, որ Թուրքիան Էրդողանը չէ, և Էրդողանը Թուրքիան չէ: Կանաչների խմբակցության համանախագահ Քելլերը նաև առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի ամբարգո կիրառել:
Հավելենք, որ հաջորդ ամիս Եվրախորհրդարանը Ստրասբուրքում քվեարկության կդնի Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ որոշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |