Քաղաքական08:01, 06 Փետրվար 2018
ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն կարող են հարթել թուրք-հոլանդական հարաբերությունների ճգնաժամը
Հոլանդիայի նախկին արտգործնախարար Բեռնար Բոթը առաջարկել է Անկարայի և Հաագայի միջև առաջացած դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու համար անկախ միջազգային միջնորդ ներգրավել:
Ըստ «BBC»-ի թուրքական ծառայության՝ Բոթը թեմայի վերաբերյալ «Telegraf» թերթին տված հարցազրույցում նպատակահարմար չի համարել, որ Հոլանդիան դառնա Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Եվրամիության միակ երկիրը:
Բոթը, որը 1989-1992 թթ. ղեկավավարել է Թուրքիայում Հոլանդիայի դիվանագիտական առաքելությունը, առաջարկել է անկողմնակալ միջազգային միջնորդությամբ Անկարային ու Հաագային կրկին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Հոլանդացի հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ այդ պարտականությունը կարող են ստանձնել ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ-ն:
Նա միանգամայն տրամաբանական է համարել Թուրքիայում իր դեսպանին պաշտոնապես հետ կանչելու Հոլանդիայի որոշումը, քանի որ կնճռոտ հարցերը հարթելու Հաագայի ջանքերը հանդիպել են Անկարայի՝ ներողություն խնդրելու պահանջին:
«Չենք կարող ներողություն խնդրել այն պարագայում, երբ մեղավոր չենք»,- ասել է հոլանդացի նախկին նախարարը՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ Հոլանդիան կարիք ունի Թուրքիայի հետ լավ հարաբերությունների:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին հետ է կանչել: Հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու Թուրքիայի առաջարկից:
Անկարայի և Հաագայի միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվել էր 2017-ի մարտին, երբ Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
Թուրք պաշտոնյաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Հոլանդիայի իշխանությունները չէին ցանկանում թույլ տալ թուրք նախարարներին իրենց երկրում նախընտրական քարոզչություն իրականացնել:
«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք միևնույն է նախևառաջ հոլանդացիներ են», - պարզաբանել էր Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |