Հոդված10:27, 23 Փետրվար 2018
Թուրքիայում գործարկված «Էլեկտրոնային պետություն» նախագծով կարելի է նախնիներին գտնել և տոհմածառ կազմել
Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառերը:
Փետրվարի սկզբին գործարկված կայքը այցելուների աննախադեպ հոսքի պատճառով խափանվել էր՝ չդիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս կայքը գրավել է նաև Թուրքիայում բնակվող հայերի ուշադրությունը, որոնց մի մասը մազապուրծ է եղել ցեղասպանությունից՝ կորցնելով հարազատների մեծ մասին:
Կայքը պակաս կարևոր չէ նաև ցեղասպանության ժամանակ կամ դրանից առաջ իսլամ ընդունած հայերի համար: Կայքի տրամադրած տեղեկությունների համաձայն, սակայն, շատ հայեր «բացահայտեցին», որ ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց նախնիներից շատերը դեռ ողջ են: (Դա հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ վերջիներիս մահվան հետ կապված Օսմանյան կայսրությունում որևէ փաստաթուղթ չկա-խմբ.):
Ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ, իրենց տոհմածառը կազմելիս, հանկարծ պարզում են, որ նախնիների շարքում կան մարդիկ, որոնք բնավ թուրք չեն եղել:
Նմանատիպ մի պատմություն է հրապարակել Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը: Այս պատմության մասին թերթի խմբագրությանը տեղեկացրած անձը, սական, գերադասել է անանուն մնալ: Պատմությունն ընդհանուր գծերով ներկայացնում ենք ստորև.
«Երբ Հրանտ Դինքը սպանվեց, ներսս շատ ցավեց ու ինքս ինձ մտածեցի՝ «այս պետությունը այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին ես նրան գիտեմ»: Այդպես էլ եղավ: Կոնկրետ չեմ հիշում, թե երբվանից սկսեցի չհավատալ այն ամենին, ինչն ինձ պատմել, սովորեցրել ու նույնիսկ տեղ-տեղ թելադրել էին: Հրանտի սպանությունից հետո այլևս չկարողացա հավատալ պաշտոնական լեզվով ասվող որևէ բանի: Հարցուփորձ սկսեցի: Այդ հարցուփորձով ինձ մոտ արթնացած կասկածներն իրենց գագաթնակետին հասան երբ օրեր առաջ տոհմածառիս ցուցակում ընտանիքիս անդամներից մի կնոջ ազգան փոխարեն գծիկ էր դրված այդ ռեեստրում:
Մորս մորական տատի անունը Էմսալ է, ազգանունը՝ չկա: Էմսալի հորական և մորական կողմերը նույնպես շարունակված չեն: Էմսալը ծնվել է 1909-ին: 1915-ին 6 տարեկան է եղել: Մարաշի Քյոշյուրգե գյուղից է կամ էլ մեկ ուրիշ տեղից է, բայց նրան գտել են Քյոշյուրգե գյուղում: Հարցուփորձ անելու, ուսումնասիրելու, հետքի վրա ընկնելու որևէ աղբյուր չունեմ:
Կարծես հայտնված լինեմ մի փազլի-ի (գլուխկոտրուկ-խճանկար) դիմաց, որի մասնիկների մեծ մասը կորսված է:
Մի քանի տարի առաջ, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ» գրքի (գրքում մանրամասն ներկայացվում է 1909 թվականի Ադանայի կոտորածները) շնորհիվ բոլորովին այլ տեսանկյունից տեղեկացա, թե ինչ է կատարվել հորս ծննդավայր Օսմանիյեում ու մորս ծննդավայր Մարաշում (երկուսն էլ Կիլիկիայի քաղաքներից են եղել-խմբ.): Այդ ժամանակվանից գլխումս անընդհատ հետևյալ հարցերն են պտտվում՝ Ի՞նչ է արել այն ժամանակ (կոտորածի տարիներին-խմբ.) իմ ընտանիքը: Այդ ամենը տեղի ունենալու ժամանակ արդյո՞ք պաշտպանել է իր հարևաններին (հայ հարևաններին-խմբ.): Ինչպիսի՞ վերաբերմունք են ցույց տվել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ մինչ այդ ամեն օր իրար երեսի են նայել: Թե՞… շարունակությունը չեմ կարողանում մտածել: Բայց դե կամ էս կողմում են եղել, կամ՝ էն:
Էմսալի ազգանվան դիմաց դրված գծիկը տեսնելուն պես սիրտս սկսեց ուժգին բաբախել: Հիշեցի մանկությունս: Հիշեցի մորական տատիս պատմածներն այն մասին, որ իր տատը որբ է եղել, 21 տարեկանում մահացել է ծննդաբերության ժամանակ, շատ գեղեցիկ կին է եղել ու հավանաբար շատ էլ տառապանքներ է կրել…
«Անհավատի վիժվածք»,- ասում էր տատս բարկացած ժամանակ: Չեմ կարողանում ինձ համոզել, որ պատահական արտահայտություն էր տատիկիս բերանում: Մանավանդ հաշվի առնելով, թե որտեղ էր նա ապրում: Ով իմանա՝ գուցե հենց նրան են հաճախակի այդպես անվանել: Այժմ չեմ կարող նրան հարցնել այդ մասին, քանի որ բավական ժամանակ է արդեն մեզ հետ չէ տատս:
Այժմ իմ դարդուցավը Էմսալի հետքը գտնելն է: Նույնիսկ անունն է շատ իմաստավորված թվում (Էմսալ-ը թուրքերենում «նախադեպ» իմաստը ունի-խմբ.): Հետաքրքիր է՝ ինչու՞ է ազգանվան տեղում գծիկ դրված, արդյո՞ք ուրիշ անուն չի ունեցել, ովքե՞ր են եղել նրա ընտանիքի անդամները, որտե՞ղ նա ծնվել է: Եթե նույնիսկ չկարողանամ գտնել, կարևոր է նրա հետքի վրա ընկնելը, ընկնել կարողանալը…»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |