Քաղաքական15:00, 01 Մարտ 2018
Հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվեցին առ ոչինչ (մանրամասներ)
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման է ներկայացվել 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, որի վերաբերյալ զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանրապետության նախագահը նիստի բացման խոսքում հակիրճ անդրադարձել է տարածաշրջանում ապահով ու համերաշխ ապագա կերտելու տեսլականով իր նախաձեռնությամբ սկիզբ դրված` առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներին. Նախագահ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու ի հակառակ դրա՝ միջազգային հանրության առջև իր ստանձնած պարտավորությունների կենսագործման ուղղությամբ տարիներ շարունակ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայությունը:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:
«Հարգելի՛ գործընկերներ,
Հիշում եք, որ բոլորիդ համաձայնությամբ, երբ ես նախաձեռնեցի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էի տարածաշրջանում ապահով և համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հայաստանն արեց հնարավորը մեր Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար: Մեր ցանկությունն այդ էր, որպեսզի այդ բեռը մենք կրենք, ավարտենք գործընթացը և չթողնենք նրանց ուսերին: Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու և ուժի մեջ մտնելու համար, այլև որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել: 2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների: Հիմա եկել է որոշում կայացնելու ժամանակը, և այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է: Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ ևս անդրադառնա հարցին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը, նախաձեռնելով այս գործընթացը, գիտակցում էր, որ այն միանշանակ չի ընդունվելու իր հասարակության բոլոր անդամների ու հատկապես սփյուռքի հայրենակիցների կողմից, որոնք Ցեղասպանություն վերապրածների սերունդներ են, այդուհանդերձ, գնաց այդ քայլին` գիտակցելով դրա անհրաժեշտությունը:
Արտաքին գործերի նախարարի զեկույցից հետո խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ՝ նշելով, որ հարևան Թուրքիան չօգտվեց ընձեռված պատմական հնարավորությունից, ավելին՝ առաջ քաշած իր նախապայմաններով ոչ միայն չնպաստեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, այլև բարդություններ ստեղծեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նպաստելով Ադրբեջանի դիրքորոշման առավել կարծրացմանը: ԱԱԽ անդամներն ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին այլընտրանք չի մնում, քան դադարեցնել արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Նրանք նաև նշել են, որ Հայաստանն ավելի շատ հիմքեր ուներ Թուրքիային նախապայմաններ առաջադրելու, սակայն ընտրեց հարևանների հետ հարաբերությունների կարգավորմամբ խաղաղ և կայուն տարածաշրջան ունենալու հեռանկարը:
Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը:
Ամփոփելով նիստը` Նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:
«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի կողմից նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ոչ հզոր ռազմական, ոչ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի:
Եվ հաշվի առնելով մեր համաձայնությունը այս հարցում՝ ես նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ արձանագրություններով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը:
«Ես ուզում եմ մեր հանրության և ձեր ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա: Հանգամանք առաջին՝ իմ խորին համոզմամբ, մեր անցած ճանապարհը շատ օգտակար էր: Երբ մենք սկսում էինք բանակցային գործընթացը, բնական է, որ կանխատեսում էինք երկու ելք՝ դրական կամ բացասական: Եվ եկանք այն եզրակացության, որ երկու պարագայում էլ մենք շահող ենք. կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը մինչև վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որևէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները: Հանգամանք երկրորդ՝ ինչպես ասացի, մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք խորապես համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելը, այնուհետև այդ հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկու ժողովուրդների շահերից: Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետևից՝ հույս չունենալով, որ որևէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |