Միջազգային07:43, 18 Ապրիլ 2018
Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Թուրքական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին:
Ermenihaber.am-ն առանձնացրել է թուրքական առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների այդ թեմայով հրապարակումների ուշագրավ հատվածները:
«Hurriyet» թերթի կայքը «Հայաստանում ցույցերը տարածվում են. թավշյա հեղափոխություն է հայտարարվել» հոդվածում գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո այժմ էլ վարչապետի պաշտոնում երկրի ղեկավարումը շարունակելու մտադրությունը ապստամբության ու խռովությունների պատճառ է դարձել: Մայրաքաղաք Երևանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարածվել են նաև այլ քաղաքներում՝ կաթվածահար անելով երկրի բնականոն կյանքը: Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին»:
Թերթը գրում է նաև ցույցերի ընթացքում մայրաքաղաքի որոշ հատվածներում ակտիվիստների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական կայքի տեղեկությունների՝ 30 ցուցարար է ձերբակալվել:
Թուրքական աղբյուրը նաև գրում է, որ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Սարգսյանը վարչապետ դառնալուց հետո «անվտանգության ուժերին հրամայելու է ճնշել խռովությունը»:
«Hurriyet»-ը թեմայի վերաբերյալ «Հայաստանը փշերի վրա է» մեկ այլ հրապարակման մեջ՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, գրում է, որ բողոքի միջոցառումները տարածվել են այլ քաղաքներում ու բնակավայրերում: Հայաստանում ստեղծվել է «թավշյա հեղափոխության կոմիտե», որը պետք է համակարգի գործընթացը մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Նշվում է, թե տեղեկություններ կան, որ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը ուժայիններին հրաման է տալու ցրել բողոքի ցույցերը:
Թուրքական «Birgün» թերթի կայքը «Հայաստանում Սարգսյանը վարչապետ է ընտրվել ցույցերի ներքո» հոդվածում գրում է. «Հայաստանի խորհրդարանը, հակառակ լայնածավալ ցույցերին, 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրել է վարչապետ:
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը մայրաքաղաք Երևանում տասնայակ հազարավոր ցուցարարների մասնակցությամբ բողոքի ակցիայի պատճառ է դարձել: Հայաստանի դրոշը պարզած ցուցարարները «առանց Սերժի Հայաստան» կարգախոսեր են հնչեցրել»: Կայքը մեջբերումներ է արել ֆրանսիական «AFP» գործակալությանը ցուցարարների տված մեկնաբանություններից: Նրանք բողոքել են Սարգսյանի 3-րդ պաշտոնավարումից՝ նշելով, որ դա երկիրը տանում է ավտորիտարիզմի:
Աղբյուրն անդրադարձել է նաև թավշյա հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ինչպես նաև գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի մեկնաբանությանը:
«Եթե ցանկանում եք ապրել բարգավաճ ու լուսավոր Հայաստանում, չպետք է նորից ակտիվացնել մարած հրաբուխները: Հրաբուխները չեն ակտիվանա, եթե որևէ մեկը չսադրի»,-Սարգսյանի խոսքը մեջբերել է թուրքական լրատվամիջոցը:
Կայքը հիշեցրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած հանրահավաքների մասին «Իր գործունեությունը ռազմական ոլորտում սկսած Սարգսյանը 2007-2008թթ վարչապետ է եղել, այնուհետև 2008-ին ընտրվել է նախագահ: Ընտրություններում նրա մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, չհամաձայնելով ընտրության արդյունքների հետ, հանրահավաքներ էին սկսել, ինչի ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 10 մարդ էր զոհվել»:
Իշխանամետ «YeniŞafak» թերթի կայքը հայաստանյան իրադարձությունները ներկայացրել է «Սերժ Սարգսյանի դեմ ապստամբություն Հայաստանում» վերնագրով: Լրատվամիջոցը համառոտ անդրադարձ է կատարել բողոքի ակցիաներին՝ նշելով, որ ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան վիրավորներ:
Թուրքական առցանց լրատվամիջոցների վերնագրերում 2 հիմնական շեշտադրում է արվում: Առաջինը՝ Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, երկրորդը՝ հանրահավաքների ուղեկցությամբ Սարգսյանի ընտրվելու մասին:
Ստորև ներկայացնում ենք այդ վերնագրերից առավել ուշագրավները՝
«Հակառակ ցույցերին՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետ» (Haberler.com)
«Հայաստանում «հեղափոխական կոմիտե» է ստեղծվել» (Haber7.com)
«Թավշյա հեղափոխություն Հայաստանում. շրջափակվում են պետական կառույցները» (ensonhaber.com)
«Հայաստանում բախումները շարունակվում են» (Akittv.com.tr)
«Հայաստանում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները» (Haberturk.com)
«Բողոքների թիրախում գտնվող Սարգսյանը Հայաստանի նոր վարչապետ է ընտրվել» (kurdistan24.net)
«Եվ Սարգսյանն ընտրվեց» (odatv.com)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |