Տնտեսական13:16, 29 Մայիս 2018
Թուրք վերլուծաբան. «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր»
Թուրք վերլուծաբան Իբրահիմ Քիրասն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու և երկրի տնտեսությունը կարգի բերելու հարցում օգնություն խնդրելու լուրերին:
Թուրք վերլուծաբանը «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր» վերնագրով հոդվածում գրում է, որ Փաշինյանը «ճիշտ մարդուն է գտել»: Այդ կարծիքը հետևյալ կերպ է հիմնավորում. «Ցավոք Հայաստանը, ինչպես իր մի շարք հարևանները, ունեն ղեկավարություն, որը փորձում է մոտիվացնել կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաթախված հասարակությանը: Իսկ Աճեմօղլուն մի գիտնական է, որը մշակել է յուրահատուկ մի մոդել, որով ցույց է տալիս, թե որոնք են հասարակական բարեկեցության և հետևաբար լավ գործող ու արդյունավետ տնտեսության հիմնական գործոնները:
Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես ցանկանում է երկրի սոցիալ-տնտեսական համակարգը վերափոխել, ապա Աճեմօղլուն, եթե անգամ հայ էլ չլիներ, առաջինն մարդն է, ում գաղափարներին անհրաժեշտ է դիմել»:
Քիրասը, նշելով, որ տնտեսության վերափոխումը հեշտ գործ չէ, անդրադառնում է Աճեմօղլուի տեսությանը, Հայաստանի տնտեսական խնդիրներին, ապա Թուրքիայի և Հայաստանի տարբերություններին:
Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ հայտնի տնտեսագետի տեսության, տնտեսական բարեկեցությանը հնարավոր է հասնել, երբ հասարակական հաստատությունները գործեն որոշակի պայմաններին համապատասխան:
Հեղինակն ընդգծում է Աճեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» գրքի թեզերից մեկը, ըստ որի, հաջողում են այն ազգերը, որոնք ունեն հասարակությունն ամբողջապես ընդգրկող տնտեսական և քաղաքական հաստատություններ:
«Հետևաբար, եթե մի երկրում որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունը փոքրամասնության ձեռքում է, եթե օրենքները բոլորի համար կիրառելի չեն, եթե կան արտոնյալ մարդիկ, ապա քաղաքական համակարգը ոչ թե ներառող է այլ օտարող: Նման երկրներում տնտեսության զարգացան շարունակականությունը հնարավոր չէ ապահովել:
Արտադրող և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են իրավական կարգ և անկախ հաստատություններ, որոնց գործունեությունը պետք է ապահովի պետությունը, այսինքն՝ քաղաքական ինստիտուտը: Ռացիոնալ փաստարկներով ձևավորված կանոնները չպետք է կամայականորեն խախտվեն և այդ կանոնները բոլոր դեպքերում և բոլորի համար իրագործելի պիտի լինեն: Սակայն, գուցե սոցիալական մշակույթով պայմանավորված, որոշ երկրներում քաղաքական ինստիտուտը մնում է կոռուպցիայի ազդեցության տակ»:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Քիրասը նշում է, որ արտադրություն չկա, ներդրումներ չեն արվում, տնտեսությունն արդյունավետ չէ: Ըստ նրա, Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մի հարևանի հետ նորմալ հարաբերություններ չունի:
«Ադրբեջանի հողերի 1/5-ը բռնազավթել է, Թուրքիայի հողերի նկատմամբ հավակնություններ ունի, Վրաստանին էլ թշնամի է համարում... Հայաստանցիներն այնպիսի չքավորության մեջ են, որ եթե Սփյուռքի հայերի ֆինանսական աջակցությունը չլինի, իսկապես սովի կմատնվեն:
Իսկ այսպիսի իրավիճակում ի՞նչ կարող է անել մի աշխարհահռչակ տնտեսագետ: Շատ բան կարող է անել: Սակայն նախևառաջ հասարակությունը և հասարակության ընտրանին, հատկապես քաղաքական գործիչները, պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում և հաշվի առնեն այդ ուղղությամբ անհրաժեշտ զոհողությունները»:
Թուրքիայի և Հայաստանի միջև համեմատություն կատարելիս՝ հեղինակը նշում է, որ ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցությունն ապահովող հասարակական արժեքների առումով Թուրքիան բարձր է իր արևելյան հարևանից:
«Բացի այդ էլ խորը պետական ավանդույթ ունեցող Թուրքիան 25-ամյա անկախ պետության հետ հնարավոր չէ համեմատել: Սակայն, երբ խոսում ենք տնտեսության գործունեության տրամաբանությունից, անկախ հաստատությունների կարևորությունից, ակնհայտ է դառնում, որ չենք կարող առկա խնդիրները քննարկել ներկայացված կոնցեպտից դուրս»:
Այդ առնչությամբ նա անդրադառնում է Թուրքիայում լիրայի արժեզրկմանը՝ հարց բարձրացնելով, թե իրավական տեսանկյունից անկախ համարվող Կենտրոնական բանկը ինչ չափով է կարողանում իր անկախ գործառույթներն իրականացնել:
«Իրականում, մինչև չհասկանանք, որ ինստիտուցիոնալ, մշակութային խնդիրներն ավելի վտանգավոր են, քան գոյություն ունեցող տնտեսական խնդիրը, ցավոք, անհնար է հասնել լուծման»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |