Հոդված09:26, 15 Նոյեմբեր 2018
Թուրք վերլուծաբան. «1915-ի հայերի թոռները սիրիացիների անվան տակ Թուրքիա են վերադառնում»
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել:
Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների Թուրքիա համատարած մուտք գործելուն: Էրդողանն այն ժամանակ իր դիրքորոշումը հիմնավորել էր այն բանով, որ Բուլղարիայից եկած մոտ 400.000 թուրք փախստականների շարքում կարող են լրտեսներ լինել: Հեղինակը այս առիթով իր զարմանքն է հայտնում այսքան մեծ քանակությամբ (3 միլիոնից ավել) սիրիացի փախստականներ ընդունելու կապակցությամբ ու ավելացնում, որ ի տարբերություն Բուլղարիայից եկած փախստականների՝ սիրիացի փախստականների մասնակցությամբ երկրում բազմաթիվ սպանություններ, ծեծկռտուքներ ու հարձակումներ են տեղի ունենում:
Քարաջան օրինակ է բերել օրերս Ադըյամանում Աթաթուրքի արձանի վրա մուրճով ու կացինով տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ այդ հարձակումը չէր կարող հենց այնպես լինել:
«Հերիք չէ, որ սիրիացիների վրա արդեն 35 մլրդ դոլար ենք ծախսել, հերիք չէ, որ փոխվում է մեր ժողովրդագրական պատկերը և Քիլիս ու Հաթայ քաղաքներում սիրիացիներն արդեն ավելի շատ են քան տեղի բնակչությունը, այժմ էլ սիրիացիները կուսակցություն են ստեղծել: չեմ զարմանա, եթե վաղը մեջլիսում կոալիցիա էլ կազմեն»,գրում է թուրք վերլուծաբանը:
Ըստ Քարաջայի թուրք-սիրիական սահմանը «շուկա» էր դարձել, և բետոնե պատով փակվեց միայն այն ժամանակ, երբ մտնողն արդեն ներս էր մտել:
«Նրանց մեջ ովքե՞ր կան, գիտե՞ք: Եկածների որքա՞ն մասն է իսկական սիրացի: Ինչքա՞նը՝ քուրդ, ինչքա՞նը՝ մուսուլման: Այս հարցերն ինչու՞ եմ տալիս: Գիտե՞ք, որ Սիրիայից հարյուր հազարավոր հայեր ենք ընդունել: Գիտե՞ք, որ Սիրիայից եկած ուղիղ 20 հազար հայ Թուրքիայի վրայով անցել է Երևան:
Լավ, այս հայերը որտեղի՞ց ի հայտ եկան: 1915-ի հայերն են: Սիրիայում էին հաստատվել: Հիմա՝ 100 տարի անց, ինչ-որ մի ձեռք նրանց Սիրիայից Թուրքիա է տեղափոխում: Այս թեմայով արած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր հայեր են եկել սիրիացիների անվան տակ:
Անշուշտ մեր դռները բաց են նաև հայերի համար, հայերի դեմ թշնամություն չունենք: Կարիքավոր մարդու ազգությանը չպետք է նայել…
«Սիրիացի անվանվող այս մարդկանց մոտ այսքան զայրույթ, այսքան քեն որտեղի՞ց կարող է առաջանալ»: Այս հարցը սկսեց զբաղեցնել միտքս: Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի և չեք հավատա թե ինչերի հանդիպեցի:
1915-ին Թուրքիայից ուղարկված հայերի թոռները վերադարձել են որպես սիրիացիներ: Այսքանը կարող եմ ասել: Իսկ թե ինչքան հայեր են որպես սիրիացի այստեղ քաղաքացիություն ստացել, աստված գիտի: Սա գաղտնի պայմանագիր է, թե բանավոր պայմանավորվածություն՝ չգիտեմ:
Ո՛չ Բուլղարիայից, ոչ էլ Աֆղանստանից եկած փախստականների հարցում կասկածներ չեմ ունեցել: Սակայն մեծ վախ ունեմ սիրիացիների հարցում: Ինձ խորը կասկածների մեջ է գցում նաև սիրիացիների նկատմամբ այս անձնվիրությունն ու հոգատարությունը»,- գրում է թուրք հոդվածագիրը:
Քարաջան հայերի հետ է կապում նաև Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերը» (YPG-ԺՊՈւ), որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը:
Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ն համառորեն չի ցանկանում YPG-ն ճանաչել ահաբեկչական կառույց ու հայտարարում է, որ այն PKK-ի հետ կապ չունի, որովհետև YPG-ի ողնաշարը կազմում են սիրիացի հայերը՝ չնայած, որ կառույցի կազմում շատ են ազգությամբ քրդերը Քարաջայի պնդմամբ՝ «YPG-ն հիմնել է ԱՄՆ-ն՝ 1915-ի հայերի թոռների միջոցով»:
«Եվրոպայի կողմից ընտրողաբար ընդունված «կրթված» սիրիացիներն էլ հիմնականում հայկական ծագումով են եղել: Սակայն նրանց թիվը շատ փոքր է: Եվրոպան նրանց ընդունելիս ընտրեց, մենք ինչու՞ ենք երկիրը քարվանսարայի վերածել: Ցանկանում ենք, որ 29 տարի առաջվա «մեր հայրենակիցների մեջ կարող են լրտեսներ լինել» մտահոգությունը այսօր էլ սիրիացիների հարցում էլ զգացվի»,- եզրափակել է Քարաջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |