Իրավական07:52, 17 Հունվար 2019
Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին ուղղված գրավոր հարցում է արել:
Փայլանը թուրք նախարարին հարցեր է հղել իր նկատմամբ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով սկսված 2 հետաքննությունների հիմքերի ու հարակից այլ հարցերի մասին:
Հայ պատգամավորը թուրք նախարարին հղել է ներքոնշյալ հարցերը.
1. 2008 թվականից այս կողմ արդարադատության նախարարի կողմից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քանի՞ հետաքննության թույլտվություն է տրվել, քանի՞ թույլտվության դիմում է մերժվել:
2. 2008–ից սկսած ըստ տարիների քանի՞ մարդու նկատմամբ է 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել, քանի՞ դատավարություն է սկսվել, ընթացքի մեջ գտնվող քանի՞ դատավարություն կա, քանի՞ հոգի է դատապարտվել, արդարադատության նախարարությունում դեռևս պատասխան չտրված քանի՞ դիմում կա:
3. 2002-ից այս կողմ ըստ տարիների «թրքությունը վիրավորելու» հոդվածով քանի՞ հոգու նկատմամբ է հետաքննություն ու դատ բացվել: Այդ դատավարությունների արդյունքում քանի՞սն են արդարացվել, քանի՞սը դատապարտվել:
4. Որպես արդարադատության նախարար, 301-րդ հոդվածով իրականացվելիք վերջին հետաքննություններին թույլտվություն տալիս ի՞նչ չափանիշներով եք որոշել, որ հետաքննության առարկա արտահայտությունները դուրս են քննադատության սահմաններից:
5. 301-րդ հոդվածով ըստ տարիների քանի՞ քանի պատգամավորի վերաբերյալ եք հետաքննության թույլտվություն տրամադրել: Ինչպե՞ս են դրանք բաշխվում ըստ քաղաքական կուսակցությունների:
6. Ի՞նչ հիմքով եք բավարարել իմ նկատմամբ թիվ 2017/3470-2018/18 և 2018/56892-20018/70 հետաքննությանները սկսելու վերաբերյալ միջնորդությունները:
7. 2002-իս այս կողմ ըստ տարիների ՄԻԵԴ-ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) «թրքությունը վիրավորելու» հոդվածի միջոցով մարդկանց խոսքի ազատությունը ոտնահարելու համար Թուրքիայի դեմ քանի՞ դատ է բացվել: Քանի՞ դատավարությամբ է որոշում կայացվել, որ Թուրքիայում խախտվել է տվյալ մարդկանց խոսքի ազատությունը: Ըստ տարիների տանուլ տրված դատավարությունների համար պետությունն ինչքա՞ն փոխհատուցում է վճարել:
Փայլանը հարցադիմումի մեջ նշել է, որ Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ հոդվածը մտքի ու խոսքի ազատությունը խոչընդոտող բնույթ ունի, այն դեպքում, երբ այդ ազատությունները երաշխավորված են սահամանադրությամբ: Պատգամավորը հիշեցրել է, որ պետությունը 301-րդ հոդվածը կիրառում է մարդկանց ու հատկապես փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ ատելություն կամ ատելության հողի վրա նրանց նկատմամբ հանցագործություններ հարուցելու նպատակով՝ հիշեցնելով Հրանտ Դինքի օրինակը:
«Լրագրող Հրանտ Դինքի նկատմամբ սկսված ատելության խոսքի արշավը թիրախավորում էր նրա հայկական ինքնությունը, 2007-ի հունվարի 19-ին տեղի ունեցած նրա դավադիր սպանության մեջ զգալի դեր խաղաց իր նկատմամբ 301-րդ հոդվածով տեղի ունեցած դատավարությունն ու դատապարտումը (Դինքը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգվել էր-խմբ.): Հրանտ Դինքի սպանության պատճառներից մեկը հանդիսացած հոդվածը 2008 թվականին ԵՄ-ի հետ անդամության բանակցությունների շրջանակներում փոփոխվեց և պայման դրվեց, որ 301-ի հատկանիշներով հետաքննություն կարելի է իրականացնել միայն արդարադատության նախարարության թույլտվությամբ:
Այն ժամանակվա պաշտոնյաները հայտարարեցին, որ փոփոխությունը նպատակ ունի հաղթահարել հոդվածի կիրառման ժամանակ առաջացող խնդիրները, հատկապես խոսքի ազատության սահմանափակումները:
Այդ փոփոխություններից հետո մինչև վերջերս 301-րդ հոդվածի հատկանիշներով հետաքննություն սկսելու դատախազների պահանջների մեծ մասը մերժվել են արդարադատության նախարարության կողմից: Սակայն վերջին շրջանում մեծ թվով հետաքննությունների պահանջներին, որոնցից 2-ը՝ իմ նկատմամբ, առանց ուսումնասիրության դրական պատասխան եք տալիս»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |