Հոդված08:11, 11 Մարտ 2019
Էրդողանի հայերեն գրառումը պայմանավորված չէ Թուրքիայի նախընտրական թոհուբոհով
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայերեն գրառումը հանրային լայն քննարկման առարկա դարձավ: Անդրադարձ եղավ նաև թուրքագետների կողմից։ Գրեթե բոլորի դիտարկումներում հիմնականում կարմիր թելի պես անցնում էր Էրդողանի այդ քայլը Թուրքիայում առկա նախընտրական մթնոլորտով պայմանավորելու գաղափարը։
Սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք չեն տեղավորվում այդ տրամաբանության մեջ։ Նախ եթե հաշվի առնենք հայ ընտրողների թվաքանակը, որոնք մեծամասամբ Ստամբուլում են կենտրոնացված, հազիվ թե հանգենք այն եզրակացության, որ նրանց քվեն այդքան վճռորոշ կարող է լինել ընտրություններում։
Բնակչության թվով արդեն 15 միլիոնի սահմանը հատած Ստամբուլում 40 հազարանոց հայ համայնքը (բնականաբար, ընտրական իրավունք ունեցողների թիվն ավելի քիչ է) դժվար թե վճռական դերակատարում ունենա ընտրությունների ելքը կանխորոշելու հարցում։ Բացի այդ՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» գիտի, որ հայ համայնքում քաղաքական հայացքների առումով հստակ կողմնորոշվածություն կա, և այն ընտրազանգվածը, որն իր ձայնը տալիս է օրինակ Կարո Փայլանի ներկայացրած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», իր կողմնորոշումը երբեք չի փոխի և ձայն տա ԱԶԿ-ին, եթե նույնիսկ Էրդողանն ամեն կիրակի հայերենով «Հայր մերը» Twitter-ի իր էջում հրապարակի։
Նույն կերպ դեպի ԱԶԿ կողմնորոշված հայերն էլ շարունակելու են իրենց քվեն տալ իշխող կուսակցությանը, եթե նույնիսկ Էրդողանը հայերի հասցեին որևէ վիրավորական արտահայտություն անի։ Ուստի այս ժեստով նախընտրական տրամադրությունների վրա ազդելու միտում ունենալու թեզն այնքան էլ արժանահավատ չի թվում։
Կա մեկ այլ հանգամանք ևս։ Եթե ԱԶԿ-ն իր գոյության և քաղաքական վերելքի սկզբնական շրջանում հակադրվում էր ազգայնականներին և վայելում էր ազատական, ժողովրդավարական և այսպես կոչված չափավոր իսլամական հոսանքների աջակցությունը, ապա այժմ ժողովրդավարական և ազատական արժեքներից բավականին հեռացած ԱԶԿ-ն ավելի շատ որպես իր ընտրազանգված դիտարկում է ռադիկալ իսլամի ներկայացուցիչներին և ազգայնականներին։ Իսկ այս պարագայում «հայանպաստ», «հայամետ» և «հայահաճո» ցանկացած քայլ կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Շահած մեկ քվեի դիմաց հարյուր քվե կորցնելու պատճառ դառնալ։
Ի վերջո, կարող ենք պարզապես ինքներս մեզ հարց ուղղել՝ արդյոք Էրդողանը կաներ նույն հայերեն գրառումը, եթե ընտրություններն արդեն տեղի ունեցած լինեին և Թուրքիան նախընտրական շրջանում չգտնվեր։ Կարծում եմ՝ այո, որովհետև այդ ժեստը, ինչպես տրամաբանությունն է հուշում, ամենևին պայմանավորված չէ նախընտրական գործընթացներով ճիշտ այնպես, ինչպես նախընտրական գործընթացներով պայմանավորված չեն նաև Էրդողանի արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձները։
Նմանատիպ ժեստներն այլ նպատակներ են հետապնդում։ Դրանք ոչ ընտրություններով են պայմանավորված, ոչ էլ ՀՀ իշխանություններին ինչ-որ դրական ազդակ փոխանցելու միտում ունեն։ Դրանք հիմնականում միտված են հայ համայնքին հասկացնելու, որ «դուք մերն եք», մեր քաղաքացիներն եք և ձեզ հետ կապված յուրաքանչյուր խնդրի լուծում մեր ձեռքերում է։ Եթե ձեզ հետ «ողբերգություն» է եղել, մենք պատրաստ ենք «կիսել ձեր ցավը», եթե պատրիարք եք կորցրել, մեզ համար էլ ցավալի է, բայց բոլոր այս գործընթացները պետք է լինեն մեր հսկողության ներքո, մեր շահերին ու ցանկություններին համապատասխան։ Դուք մերն եք և գործ չունեք ոչ Հայաստանի, ոչ էլ առավել ևս սփյուռքի հետ, որոնք «խառնակչությամբ» են զբաղված։ Ահա սա է կարծում ենք նմանատիպ սիմվոլիկ ժեստերի հիմնական ուղերձը։
Բացի այդ նկատելի է նաև Էրդողանից «ժողովրդավար», Թուրքիայի բոլոր ժողովուրդներին եղբայրաբար մի դրոշի ներքո ապրեցնող քաղաքական գործչի կերպար ստեղծելու և այդ միֆը զարգացնելու միտումը։ Քանի որ բովանդակային առումով եղբայրաբար ապրելու գաղափարախոսությունը Թուրքիայում դատապարտված է ձախողման, մնում է նմանատիպ ձևական ժեստերով դրա առկայության պատրանք ստեղծելու քաղաքականություն իրականացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետն Անթալիայում ունեցած ելույթ է ունեցել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։
Նշվել է, որ թուրքական «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |