Հոդված10:30, 25 Մարտ 2019
Ինչու՞ է Էրդողանը ցանկանում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառարվարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ:
Էրդողանի այս հայտարարության պատճառներն ավելի լավ հասկանալու համար խնդրո առարկա հայտարարությունը պետք է դիտարկել մի քանի տեսանկյունից:
Առաջինն այն է, որ Թուրքիայի նախագահն այդպիսի հայտարարություն է արել այդ երկրում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից 1 շաբաթ առաջ: Այս հայտարարությամբ իսլամիստ Էրդողանը կարող է իր կուսակցության թեկնածուների համար հատկապես Ստամբուլում լրացուցիչ ձայներ ապահովել կրոնական, իսլամիստ, ինչպես նաև ազգայնամոլական շրջանակներից: Պատահական չէ, որ Էրդողանը նշել է, թե այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ ՏԻՄ ընտրություններից հետո, մի ընտրություն, որը Թուրքիայում անցնում է նույնքան լարված ու նույնքան քաղաքականացված, որքան՝ խորհրդարանականը: Իսկ այս ընտրություններում երկրի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմի ու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուի՝ Էքրեմ Իմամօղլուի շանսերը գրեթե հավասար են գնահատվում:
Մյուս կողմից սա պետք է դիտարկել Օսմանյան կայսրության նկատմամբ Էրդողանի ունեցած անթաքույց հիացմունքի համատեքստում: Հայտնի է, որ երբ Օսմանյան սուլթան Մեհմեթ Նվաճողը 1453 թվականին գրավեց Կոստանդնուպոլիսը, այնքան էր տպավորվել 9 դար առաջ կառուցված աշխարհի ամենամեծ քրիստոնեական տաճարով, որ հրամայեց այն դարձնել մզկիթ: Ու 9 դար Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը հանդիսացած տաճարը այս անգամ էլ ավելի քան մեկուկես դար ծառայեց որպես Ստամբուլի գլխավոր մզկիթ՝ մինչ կկառուցվեր Սուլթանահմեթ մզկիթը: Օսմանյան կայսերական անցյալի, խորհրդանիշների, նույնիսկ բառապաշարի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող Էրդողանի կողմից որևէ հարմար պահի նման քայլի դիմելը կարող է տեղավորվել կայսրության նկատմամբ նրա ունեցած կարոտախտի դրսևորումների շրջանակներում:
Օսմանյան անցյալի նկատմամբ նրա ունեցած կարոտախտից է ածանցվում հաջորդ ասպեկտը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ ունեցած Էրդողանի ոչ միանշանակ վերաբերմունքը: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը շատ ավելի փոքր տարածքի մեջ է պարփակված՝ անուղղակիորեն մեղադրելով քեմալականներին Լոզանի պայմանագրի, Էրդողանի բնորոշմամբ, ոչ թուրքանպաստ դրույթներն ընդունելու մեջ:
Վերջին տարիներին Էրդողանը անընդհատ խոսում է իր առաջնորդությամբ «Նոր Թուրքիայի» կառուցման մասին, որի հիմնադրման մասին նա պատրաստվում է հայտարարել 2023-ին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին: 2023-ին ընդառաջ տարբեր մեգանախագծեր իրականացնող (աշխարհի ամենամեծ օդանավակայան, ամենամեծ նախագահական պալատ, Բոսֆորի նեղուցին այլընտրանքային նեղուցի կառուցում և այլն) ու հարևան երկրների տարածքներ զորքեր տեղակայող Էրդողանը կարծես հեռակա մրցակցության մեջ լինի Աթաթուրքի հետ: 1935-ին Աթաթուրքի նախաձեռնությամբ թանգարանի վերափոխված Այա Սոֆիայի տաճարը նորից մզկիթ դարձնելը կարելի է տեղավորել նաև այս մրցակցության շրջանակներում:
Էրդողանը ամենևին ոչ պատահական շեշտել է, որ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) միտքն է եղել Այա Սոֆիան դարձնել թանգարան, և հիմա իրենք կուղղեն ԺՀԿ-ականների այդ քայլը: Այս և այլ քայլերով Էրդողանը փորձում է կասկածի տակ դնել հանրապետության հիմնադիր Աթաթուրքի գործունեության անքննելիությունը՝ փորձելով խարխլել Աթաթուրքի անձի պաշտամունքի սյուները թուրքական հասարակության մեջ:
Պետք է նշել, որ Էրդողանի համար կարող է պարարտ հող լինել այն, որ տարիներ շարունակ Թուրքիայի հասարակության զգալի հատվածի, հատկապես կրոնամետ/իսլամիստ շրջանակների կողմից հաճախակի պահանջներ են հնչում Այա Սոֆիան մզկիթի վերածելու վերաբերյալ: Տարբեր կազմակերպություններ ու խմբեր կամ անհատներ բազմիցս փորձել են նամազ անել տաճարի ներսում:
Եվ վերջապես պակաս կարևոր չէ նաև Էրդողանի ձգտումը Թուրքիան դարձնել իսլամական կամ առնվազն սուննիական աշխարհի առաջնորդող պետությունը, ինչպիսին եղել է Օսմանյան կայսրությունը: Այստեղ ևս կարող է խորհրդանշական լինել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |