Հոդված14:01, 24 Ապրիլ 2019
Երկտեղված հայրենիք. Նոր Մալաթիա-Սեբաստիա
1915թ․ թուրքական կառավարության կողմից ցեղասպանական գործողություններ իրականացվեցին հայերի դեմ: Նրանք կոտորվեցին, տեղահանվեցին և քշվեցին արաբական անապատներ: Միլիոն ու կես հայ բնաջնջվեց: Երիտթուրքական իշխանությունները ծրագրված կերպով նաև իրականացրեցին մշակութային եղեռն՝ ավերելով ու ոչնչացնելով հայկական քաղաքակրթության բազմաթիվ արժեքներ:
Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայության բեկորները հայրենիքի ու հողի կարոտն ամոքելու համար եկան Արևելյան Հայաստան՝ իրենց հետ բերելով իրենց ծննդավայրերի անունները: Նոր ստեղծվող մի շարք բնակավայրեր նրանք կոչեցին կորսված հայրենիքի տեղանուններով՝ որպես չմոռացված վերք, որպես նվիրական հուշ։ Ինչպես օրինակ՝ ցեղասպանությունից փրկված մալաթիացիների և սեբաստացների մի մասը մայրաքաղաք Երևանում հիմնեցին Մալաթիա և Սեբաստիա ավանները:
Թուրքական տիրապետության շրջանում Մալաթիան իր շրջակայքով մտնում էր Սեբաստիա նահանգի (վիլայեթ) մեջ: Երբ վերջինս մասնատվում է վարչական երկու միավորի, Մալաթիան դառնում է համանուն վիլայեթի կենտրոնը: Մինչև 12-13-րդ դարերը Մալաթիայում գերակշիռ թիվ են կազմել հայերը: Հետագայում քաղաքն աստիճանաբար լցվում է թուրքերով: 1895թ. համիդյան ջարդերի ժամանակ Մալաթիայի հայ բնակիչները թուրքական զորքին ցույց են տվել համառ դիմադրություն, բայց անխուսափելի են եղել կորուստները. շուրջ 7500 զոհ, մեծ մասամբ կանայք, երեխաներ ու ծերունիներ:
1894-1896թթ. Համիդյան ջարդեր
1915 թվականին՝ նախքան Հայոց ցեղասպանությունը, Մալաթիան ուներ 40․000 բնակիչ, որից 20․000-ը հայեր էին։ Նրանք հիմնականում զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, շերամապահությամբ և երկրագործությամբ: Մալաթիայում կար 3 հայկական եկեղեցի. 3 ուսումնարան: Մալաթիայի հայ բնակչությունը զանգվածաբար բնաջնջվեց ցեղասպանության ժամանակ: Ողջ մնացածները տեղահանվեցին և քշվեցին սիրիական անապատներ: Արևմտյան Հայաստանի զարհուրելի սպանդից փրկված մալաթիահայերը հետագայում իրենց ծննդավայրի անունը հավերժացրեցին Արևելյան Հայաստանում:
1915թ. Մալաթիա
Նոր Մալաթիա
«Մալաթիայի կրթասիրաց ընկերության» նախաձեռնությամբ ու խնդրանքով և Սովետական Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 1927թ. հիմնադրվեց նոր Մալաթիա ավանը, որի առաջին բնակիչները ներգաղթել էին Մալաթիայից, Սեբաստիայից, Հունաստանից, Ֆրանսիայից և այլ վայրերից: Նոր Մալաթիա ավանում մինչև 1930-31թթ. կառուցվել է 15 շենք, որտեղ բնակվում էին 30-32 ընտանիք: 1941թ. սկսվեց մեծ Հայրենականը: Նորակերտ ավանից Հայրենիքը պաշտպանելու մեկնեցին շատերը, մեծ մասը, ավաղ, չվերադարձավ: Նրանց հիշատակին, համայնքապետարանի հարևանությամբ կառուցվել է Հայրենականի 40 ամյակի զբոսայգին:
Հայրենականի 40 ամյակին նվիրված զբոսայգի
Հետպատերազմյան շրջանում Մալաթիա ավանն ավելի ընդարձակվեց:1946-1948թթ. դարձյալ ներգաղթեցին մալաթիացիներ: Կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոց: 1966 թվականին, երբ Երևանում ձևավորվեցին համայնքներ, Մալաթիա և Սեբաստիա շրջանները միավորվեցին որպես վարչական մեկ միավոր:
Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոց
Նոր Մալաթիայի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ` Կրթասիրաց ընկերության նախաձեռնությամբ ու միջոցներով, նոր Մալաթիայում կառուցվել է հուշարձան (Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ):(Աղբյուր` Հայաստան.համայնք Մալաթիա-Սեբաստիա, 2008-2009 ժամանակագրություն)
Մալաթիա պուրակ
Մալաթիա-Սեբաստիա համայնքը ներկայումս զբաղեցնում է 2752 հա տարածք։ Համայնքի բնակչության թիվն այժմ կազմում է շուրջ 142 հազար։ Գործում է 2 եկեղեցի՝ Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին թաղապետը եղել է «Մալաթիա» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ պատգամավոր երջանկահիշատակ Վահան Զատիկյանը: Նրա գործուն աջակցությամբ 1999թ. փետրվարի 25-ին բացվել է Զորավար Անդրանիկի հուշարձանը:
Զորավար Անդրանիկի հուշարձան
Նոր Սեբաստիա
Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սիվաս են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։
Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրեր են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։
Սեբաստիայի կազմում եղած Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։
Զորավար Անդրանիկի ծննդավայրը՝
Շապին-Գարահիսար բերդաքաղաքը
Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալներով՝ 1880-ականներին Սեբաստիայի վիլայեթում և Կեսարիայի գավառում կար 670.000 հայ: Իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Սեբաստիայի վիլայեթում բնակվում էր 418.000 հայ։ Սեբաստիայի վիլայեթի համանուն կենտրոնում հայերի թիվը մինչև 1914թ. կազմում էր 36.000:
Սեբաստիայի Մայր եկեղեցի (Քիլիսե) թաղը
1914-ի տարեվերջին թուրքական իշխանությունները հարյուրավոր սեբաստացիների քշել են հարկադիր աշխատանքի և կոտորել, իսկ բանակ զորակոչված բազմաթիվ հայերի զինաթափել և գնդակահարել են: Սեբաստահայ մտավորականների մի մասին թուրք զինվորները խումբ-խումբ գնդակահարել են Ալիս (Քըզըլըրմաք) գետի ափին՝ Փաշա չայիր վայրում, մյուսներին ջրախեղդ արել Տիգրիսում՝ աքսորի ճանապարհին:
Ալիս գետ
Սեբաստիա (Սիվաս)
1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայի վիլայեթի հայ բնակիչները զանգվածաբար բնաջնջվեցին և տեղահանվեցին։ Մեծ մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներ ապաստանեցին տարբեր երկրներում։ Սեբաստիա նահանգում մնացած հայերը (հիմնականում կանայք և երեխաներ) բռնությամբ թուրքացվեցին։ Թուրքական կառավարության հրամանով բռնագաղթից ազատվելու էին այն հայերը, որոնք մահմեդականություն ընդունելու համար իրենց մանուկներին կհանձնեին իշխանություններին:
1915թ. Սեբաստիա
Կոտորածներից փրկված 1500 սեբաստացիներ 1917-1918թթ. վերադարձան հայրենի քաղաք: Մինչև 1920թ. նրանց թիվը, ի հաշիվ նաև տարբեր վայրերից եկած գաղթականների, հասել է 5 հազարի: Նրանց մի մասը 1920-1930-ականներին ներգաղթեցին Խորհրդային Հայաստան և 1927թ․ Երևանից մոտ 8 կիլոմետր հեռու հիմնադրեցին Երևանի Նոր Սեբաստիա ավանը:
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։
Մալաթիա-Սեբաստիայի համայնապատկերը
Սեբաստիա փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը, որը 1915թ. ապրիլի 24-ին ինչպես և մի խումբ մտավորականներ ձերբակալվեցին թուրքական ոտտիկանության կողմից և դեպի Այաշ տանող աքսորի ճանապարհին մորթազերծ արվեցին։
Դանիել Վարուժանի անվան դպրոց
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ցեղասպանություն վերապրած հին մալաթիացի
«Ամեն ինչ հիշում եմ, իսկ ավելի շատ` հայերի կոտորածը: Ես ծոռներ ունեմ, բայց էլի մորս եմ հիշում, նա էլ` Սեբաստիայից էր ու միշտ պատմում էր Կովտունի մասին: Հպարտանում էր իրենց համագյուղացի` ֆիդայի Մուրադով: Մեր առաջին հայրենիքը այնտեղ մնաց… Առաջինը երբեք չի մոռացվում` առաջին սեր, առաջին զավակ, առաջին հաղթանակ, ու թեև չի կարելի առաջին հայրենիք ասել, որովհետև հայրենիքը մեկն է, հատկապես հայերիս համար, որ ցրված ենք աշխարհով մեկ և առաջին ու միակ հայրենիքը այս փոքրիկ Հայաստանն է, բայց ներեցեք ինձ, իմ հայրենիքն այնտեղ է, ուր մնացին պապերիս տները` Մալաթիան, Սեբաստիան…»(Աղբյուր` «Մալաթիա» թերթ, թիվ 6 (153) հունիս, 2007թ.):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետն Անթալիայում ունեցած ելույթ է ունեցել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։
Նշվել է, որ թուրքական «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |