Հոդված12:39, 25 Ապրիլ 2019
Երկտեղված հայրենիք. Նոր Մարաշ
20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի այն հատվածը, որին հաջողվեց փրկվել արյունալի կոտորածներից, սփռվեց ամբողջ աշխարհով մեկ։ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր բնակավայրերից տեղահանված, հայրենազրկված հայորդիներն իրենց հիշողությունից չջնջեցին հայրենի բնակավայրերը։ Սկզբնական շրջանում նրանք իրենց հայրենի բնակավայրերի անունները տալիս էին սփյուռքի հայրենակցական միություններին, թերթերին, ամսագրերին, մշակութային և կրթական օջախներին:
1918 թվականին Արևելյան Հայաստանում վերածնվեց հայոց պետականությունը։ Այն փարոս դարձավ «նավաբեկության» ենթարկված և խորտակման եզրին գտնվող հայության համար։ Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչ ճակատագրի կարժանանար աշխարհի հնագույն ազգերից մեկը, եթե ցեղասպանության արհավիրքին չհաջորդեր վեցդարյա ընդհատումից հետո հայոց պետականության վերածնունդը։
Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ տասնյակ հազարավոր հայորդիներ զոհվեցին պատերազմում։ սովետական իշխանությունները թույլատրեցին ներգաղթի կազմակերպում Սփյուռքից։ Եվ ահա աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր հայեր հայրենադարձվեցին: Խորհրդային Հայաստանում նրանք չմոռացան իրենց հայրերի ծննդավայրերը։ Փորձեցին այս հողի մեջ վերագտնել այն, ինչը անդառնալիորեն կորցրել էին։ Վերագտնելու համար նախ իրենց ծննդավայրերի, անունները փորձեցին ապրեցնել։ Ու ստեղծեցին իրենց նոր հայրենիքը՝ հին անուններով։
Այդպես ի հայտ եկավ նաև Երևանի Նոր Մարաշ թաղամասը, որն արդեն Հայաստանի անկախ Հանրապետության ժամանակաշրջանում, 1996թ. միավորվելով Նորք թաղամասի հետ, կազմեց Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը։
ՀԻՆ ՄԱՐԱՇԸ
Մեծ և Փոքր Հայքի սահմաններից դուրս՝ Լեռնային Կիլիկիայի տարածքում գտնվող Մարաշը դեռևս վաղ ժամանակներից կրում է այս անվանումը (հայտնի է եղել նաև Գերմանիկե, Գուրգում անուններով) և վաղ ժամանակներից այստեղ բնակվել են հայեր։ Հայերի թվաքանակը հատկապես մեծ է եղել Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում։ Տեղի հայ իշխաններից ամենահայտնին թերևս Փիլարտոս Վարաժնունին էր: Նրա իշխանապետության ժամանակ՝ 1065թ. Մարաշը կարճ ժամանակով դարձավ կաթողիկոսանիստ քաղաք։ Կիլիկիայի Հայոց Թագավորության ստեղծումից հետո Մարաշը մաս կազմեց միջնադարյան հայոց պետականության։ Պետականության անկումից հետո 16-րդ դարում Մարաշը զավթեցին Օսմանցիները։
Մարաշ 20-րդ դարի սկիզբ
Հայերը շարունակեցին ապրել և արարել իրենց հողում՝ այս անգամ Օսմանյան կայսրության լծի ներքո։
Մարաշցիները իրենց դրսևորել են որպես լավ արհեստավորներ, երկրագործներ, այգեգործներ, վաճառականներ։
Մարաշում հայերը Զատիկ են տոնում
Մարաշի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի, որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Մարաշում կար ճեմարան, կային բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։
Հայոց ցեղասպանությունից առաջ Մարաշում ապրում էր շուրջ 40,000 հայ բնակչություն։ Ինչպես Լեռնային Կիլիկիայի հայության մեծ մասը (զեյթունցիներ, հաճընցիներ), այնպես էլ Մարաշի հայությունը, պայքարում էր իր ազատության համար ու թուրքերի հետ անհավասար մարտերում անգամ փորձում էր մինչև վերջ տեր մնալ իր հայրենի բնօրրանին:
Զեյթունի ինքնապաշպանության մասնակիցներ
Երբ 1918-ին առաջին աշխարհամարտն ավարտվեց Օսմանյան կայսրության պարտությամբ, 1915թ. ցեղասպանության արհավիրքի միջով արդեն անցած մարաշցիների ցեղասպանությունից փրկված հատվածը առանց վարանելու ետ վերադարձավ հայրենի եզերք։
Սակայն շուտով սկսվեց քեմալական շարժումը, ու հայերի նկատմամբ բռնության քարոզը հանգեցրեց նոր հարձակումների։ 1920-ի հունվար-փետրվար ամիսներին Մարաշի հայությունը զենք վերցրեց ու դիմեց ինքնապաշտպանության։ Ցավոք, ֆրանսիական զորքերը հետ քաշվեցին ու թուրքերն հրդեհի մատնեցին հայկական թաղամասը։ Երկրորդ անգամ մարաշցիները ենթարկվեցին կոտորածների։ Հազարավոր մարաշցիներ, իրենց ետևում թողնելով հայրենի այրվող տներն ու իրենց ազգակիցների սպանդի ահասարսուռ պատկերները, սփռվեցին աշխարհով մեկ։ Սիրիա, Լիբանան, Եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Ահա այն լայն աշխարհագրական ընդգրկում ունեցող տարածքը, ուր ապաստան գտավ մարաշահայության ցեղասպանությունից փրկված մասը։
ՆՈՐ ՄԱՐԱՇ
Երկրագնդի տարբեր հատվածներում ապրող մարաշցիներն իրենց մշակույթը, լեզուն, ավանդույթներն ու ինքնությունը ապրեցնելու համար համախմբվեցին և ստեղծեցին միություններ։
1925թ. կազմավորվեց Մարաշի հայրենակցական միությունը, որն իր մասնաճյուղերն ուներ ԱՄՆ տարբեր քաղաքներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Որուգվայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում։
1946-1948թթ. դեպի Խորհրդային Հայաստան կազմակերպված ներգաղթի գործընթացին ամնասն չմնացին նաև Մարաշի հայերը։ Խորհրդային Հայաստանում վերաբնակեցված մարաշցիները այստեղ ևս հայրենիքի կորստյան ցավը մեղմելու համար կամեցան Մարաշ անունով բնակավայր ունենալ։ Այս ցանկությունը իրականություն դարձնելու նպատակով Մարաշի հայրենակցակական միության Արգենտինայի մասնաճյուղը դիմեց Խորհրդային իշխանություններին՝ Մարաշ անունով բնակավայր ստեղծելու խնդրանքով։
1949թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը ընդառաջեց այդ խնդրանքին և Երևանի արևելյան բարձրադիր հատվածում որոշում կայացրեց հիմնել Նոր Մարաշ թաղամասը։
Այդպես ստեղծվեց երևանյան Մարաշը։
Մարաշցիներն էլ մեծ խանդավառությամբ քարը քար վրա դնելով ամայի և անշուք բարձունքը իրենց պատմական հայրենիքի նմանությամբ վերածեցին շեն բնակավայրի՝ գողտրիկ առանձնատներով և տնամերձ այգիներով։ Այժմ էլ Մարաշն առանձնանում է Երևանի մյուս շրջաններից նրանով, որ չնայած Երևանի կենտրոնին չափազանց մոտ գտնվելով՝ նման է ամառանոցային գոտու՝ մաքուր օդով, կանաչապատ տարածքներով։ Այս առումով գուցեև տեղանքի ընտրության հարցում մարաշցիները հին Մարաշին նմանվող տարածք են փորձել գտնել Նոր Մարաշի ստեղծման համար։
Նոր Մարաշը հայտնի է 1974-1977թթ. կառուցված հեռուստաաշտարակով, որն ունի 311.7 մետր բարձրություն և համարվում է Երևանի ամենաբարձր կետը։ Մինչև 1967-2004 թվականներին Մարաշում գործում էր նաև Երևանի միակ ճոպանուղին։
Հետաքրիր է Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Այն նախկինում կոչվել է Սուրբ Մարինոս։ 1679թ. եկեղեցին երկրաշարժի հետևանքով ավերվել է։ 20-րդ դարի սկզբին Տեր-Ավետիքյան եղբայրների ջանքերով եկեղեցին վերականգնվում է։ Երկրորդ անգամ եկեղեցին ավերվում է 1920-30-ականներին Խորհրդային իշխանությունների վարած կրոնահալած քաղաքականության հետևանքով։ Խորհրդային տարիներին այդ եկեղեցին գաղտնի ուխտավայր էր, ուր այցելում էին հատկապես Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված տոներին։ Հայաստանի անկախացումից հետո 1995-ից ի վեր եկեղեցին իր դռները բացեց հավատացյալների և ուխտավորների առջև։ Այժմ՝ ամեն տարի Խաղողօրհնեքի (Սուրբ Մարիամ Աստվածածնի) տոնին Մարաշի բնակիչները, Երևանի և Հայաստանի տարբեր շրջաններից այցելում են Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Ներկայումս մոտ 12.000 բնակիչ ունեցող Նորք-Մարաշում դժվար է ասել, թե որքան արմատներով մարաշցի կա, սակայն մարաշցիներին հաջողվել է ապրեցնել իրենց ծնդդավայրի անունը։ 100 տարի առաջ կորցնելով իրենց հայրենի եզերքը՝ նրանք կառուցեցին նորը հին անվամբ և 100 տարի հետո էլ այդ անվանումը հիշեցնելու է բուն Մարաշի և նրա հերոսական պատմության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |