Հոդված05:26, 08 Մայիս 2019
Երկտեղված hայրենիք. Նոր Խարբերդ
Կորցնելուց հետո ավելի ես արժևորում այն, ինչ ունեցել ես...
Ցեղասպանության միջով անցած հայը երբեք չի խորշել ձգտել «նորի», այլ հուշերում ամուր պահած հինը վերարժևորել ու կենդանացրել է նոր շնչով և հնի բույրով...
Խարբերդի բազմահազար հայեր զոհ գնացին ցեղասպանությանը, իսկ ովքեր փրկվեցին, կարողացան անկոտրում կամք ցուցաբերել` միասնաբար ստեղծելով նոր բնակավայր Արևելյան Հայաստանի տարածքում:
Խարբերդ (թուրքական անվանումը՝ Elazığ) Քարբերդ, Հորեբերդ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ծոփք նահանգի Անձիտ գավառում` Խարբերդի դաշտում, Արածանիի ձախ ափին ձգվող սարահարթում: Խարբերդը (Մամուրեթ-ուլ-Ազիզ) Արևմտյան Հայաստանի 6 նահանգներից (վիլայեթներից) մեկն էր: Հայկական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես կուսակալություն։ Խարբերդի նահանգը կազմավորվել է 1878 թ.: Վարչական կենտրոնը Մեզիրե (այժմ՝ էլազըղ) քաղաքն էր։
Հարփութ, Մեզիրե
Ըստ աղբյուրների՝ 1882 թ. նահանգի 500․000 բնակչությունից 270 000 հայեր էին։
Ազգային-մշակութային կյանքում Խարբերդի դերը բարձրացել է XIX դ.: Համազգային ճանաչում է ունեցել 1859-1915թթ-ին գործած Աստվածաբանական ճեմարանը, «Եփրատ» քոլեջը, Խարբերդի ազգային կենտրոնական վարժարանը, «Հռիփսիմյանց օրիորդաց» վարժարանը, 1865թ-ին հիմնված կրթամշակութային «Սմբատյան ընկերության» արական և օրիորդաց վարժարանը:
Հին Խարբերդի հայերը
1889թ-ին հայերը Խարբերդում հիմնադրել են տպարան, 1909թ-ին հրատարակել «Եփրատ» թերթը: 1908թ-ից գործել է Խարբերդի հայ կանանց «Արաքս» ընկերությունը:
Եփրատ քոլեջի մանկապարտեզի խմբանկար
Խարբերդի հայերը հռչակվել են` որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, գորգագործներ, կաշեգործներ, ոսկերիչներ, զինագործներ, վաճառականներ։ Տեղական հումքի հիման վրա ստեղծվել են արդյունաբերական ձեռնարկություններ:
Խարբերդ, արհեստավորների ընտանիք
Հայերի կյանքի և գույքի անապահովության հետևանքով ծայր առած արտագաղթը (նախապես Կանադա և ԱՄՆ) ուժեղացել է 1895-96թթ-ի հայկական կոտորածներից հետո:
Մեզրէ (Մամուրաթուլ-Ազիզ/ Էլազըղ), 1902. հայկական որբանոց (Աղբյուր՝ Մարիա Յաքոպզոնի հավաքածու)
20-րդ դարի սկզբին հայերը կազմում էին նահանգի բնակչության 50, քրդերը՝ 27, թուրքերը` 22, ասորիները` 1 տոկոսը: 1912թ. ռուսական աղբյուրների վիճակագրությամբ նահանգն ուներ 450.000 բնակիչ, որից 168.000-ը՝ հայեր։ Հայերը Խարբերդում բնակվում էին հիմնականում դաշտային շրջաններում: Զբաղվում էին դաշտավարությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, բամբակագործությամբ, շերամապահությամբ: Խարբերդում գործում էին Բարիկյան եղբայրների գործիքաշինական, Քյուրքչյան եղբայրների մետաքսի գործարանները, Մեզիրեում՝ մետաքսի գործարանները:
Խարբերդի փողոցներից մեկը
Այնուհանդերձ, 1914-ին Խարբերդ քաղաքն ունեցել է մոտ 10․000 հայ բնակչություն (բնակչության կեսից ավելին): 20-րդ դարի սկզբին զբաղեցնում էր 32,900 քառ. կմ տարածություն։
Խարբերդ քաղաքը (Աղբյուր՝ Միշել Փապուճյանի հավաքածու)
Ոճրագործություններին նախօրեին նահանգի հայ բնակչությունը 204000 էր, որից մոտ 180000-ը զոհվեց, թալանվեցին ու կողոպտվեցին 68 եկեղեցի, 12 վանք, 83 դպրոց:
1915թ-ի հունվարին թուրքական իշխանությունները հայերից բռնագրավել են այն ամենը, ինչ կարելի էր օգտագործել որպես զենք, այնուհետև փակել հայկական դպրոցները, ձերբակալել հարյուրավոր հասարակական գործիչների, մտավորականների, երիտասարդներին քշել բանակ, կազմակերպել հայերի գույքի համատարած թալան և կողոպուտ:
1915թ. Հայոց ցեղասպանություն
1915թ-ի հունիսի 23-24-ին Խարբերդի հայ բնակչությունը՝ ծերեր, կանայք, երեխաներ, մահվան քարավաններով բռնագաղթեցվեց և գրեթե գլխովին ոչնչացվեց Խարբերդի ճանապարհին ընկած ձորերում:
Խարբերդում ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Դևիսն արտահայտում է այդ մասին վկայող հետևյալ միտքը. «Կրոնական մոլագարությամբ համակված մահմեդականները, թվում էր՝ որոշել են բնաջնջել ոչ միայն քրիստոնյա ազգաբնակչությանը, այլև վերացնել հավատի հետքերը, այն ամենը, ինչ քաղաքակրթությամբ էր ստեղծվել»:
Խարբերդում գործող դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը, նկարագրելով Մեզրե (գյուղ Խարբերդի նահանգում) գնացող թուրքերին և քրդերին, գրում էր. «Երբեք տեսած չեմ կատաղի և վայրի տեսք ունեցող նման մարդիկ: Նոյնիսկ իրենց պզտիկ տղաքը, ինքզինքնուն հասուն մարդու ձևեր կու տային ու մեր ետևէն կը պոռային՝ կեավո՛ւր, քրիստոնեայ շուն...»:
Խարբերդի հայերը երկու քարավանով բռնագաղթեցվել են Դեյր Էզ Զոր և ոչնչացվել անապատներում: Խարբերդի բանտում հրո ճարակ են դարձել հայ համայնքի երևելի դեմքերը: Միսիոներական որբանոցներում փրկված հայ երեխաները ծննդավայրից հեռացվել են 1922թ-ի հոկտեմբերին:
Խարբերդի, նահանգի կոտորածից փրկված հայ բնակչությունը տարագրվեց աշխարհով մեկ: Նրանց մի մասը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում:
Նոր Խարբերդ
Համախարբերդցիական միության (խարբերդցիների հայրենակցական միություն) ջանքերով, աշխարհասփյուռ խարբերդցիների փափագը, այն է` Արևելյան Հայաստանում Նոր Խարբերդ անունով ավանի հիմնումը, իրականություն դարձավ:
Խորհրդայինի Հայաստանի կառավարության` 1928 թվականի մարտի 21-ի որոշմամբ 1091 հա հողատարածություն հատկացվեց Նոր Խարբերդ ավանի հիմնադրման համար։
Ավանի առաջին բնակիչները եղել են Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Թլկատին (Խույլու) գյուղից տեղափոխված Օհանյանների, Շուշանյանների և Մկրտչյանների ընտանիքները: Այդ հիմնադիր բնակիչների թիվը 15 էր:
Նոր Խարբերդ ավանում բնակություն հաստատելու համար խարբերդցիներ ներգաղթեցին Հունաստանից (1932 թվականին), Ֆրանսիայից (1936 թվականին), Սիրիայից, Լիբանանից, Ռումինիայից, Բուլղարիայից։
Նախկինում ունեցել է Խարաբերդ, Խարբերդ, Նոր Կյանք անվանումները: Մինչև 1996թ. եղել է քաղաքատիպ ավան: Բնակավայրը հիմնել են Արևմտյան Հայաստանից` Խարբերդից տեղափոխված բնակիչների կողմից 1929թ-ին, 1938 թ-ին վերանվանվել է Նոր Կյանք, իսկ 1965թ-ից` Նոր Խարբերդ:
Խարբերդի մշակույթի տուն
Այժմ Նոր Խարբերդը գյուղ է Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 24 կմ հեռավորության վրա:
Համայնքում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ը:
Խարբերդի մասնագիտացված մանկատուն
Բնակչության մեծ մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից` մասնավորապես Խարբերդի նահանգի տարբեր շրջաններից: 1980-ին ունեցել է 4097 բնակիչ: Ըստ 2011թ. ազգային վիճակագրական ծառայության տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 8500 մարդ: Գյուղն ունի 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա:
Նոր Խարբերդի մանուկներ
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Նոր խարբերդցիները, ինչպես և իրենց պապերը զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Նոր Խարբերդում կա նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ կառուցված 1965 թվականին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Գյուղից արցախյան ազատամարտին մասնակցելու համար մեկնել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Նրանցից մեկը եղել է 1965 թվականի Նոր Խարբերդ գյուղում ծնված Մարիետա Սարգսյանը, որը 1990թ. մեկնել է Շահումյան`միանալով «Մեծն Տիգրան» ջոկատ շարքերին: Նա որպես բուժքույր՝ զինվորագրվեց «Սասուն» ջոկատին, ապա մարտական ուղին շարունակել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հետ:
Նոր Խարբերդի դպրոց
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |