Քաղաքական09:13, 07 Մայիս 2019
Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի . թուրքագետ
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ին որոշում է կայացրել չեղարկել ՏԻՄ ընտրությունները Ստամբուլում և նոր ընտրություններ անցկացնել հունիսի 23-ին: Ընդդիմությունը, իհարկե, դժգոհ է այս որոշումից: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել ժողովրդին չհուսահատվել և «զենքերը վայր չդնել»: Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու որոշման պատճառների, դրանց վերաբերյալ կանխատեսումների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիայանի հետ:
Ինչքանո՞վ էր կանխատեսելի, որ կչեղարկեն ընտրությունները:
Ստամբուլում ընտրությունների չեղարկումն ու նոր ընտրությունների հայտարարումը որոշակիորեն կանխատեսելի էր, քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ արդեն պարզ էր դառնում, որ կորցնում են նաև Ստամբուլը, սկսել էին մի քանի գործընթացներ, որպեսզի խոչընդոտեն ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի՝ իր պարտականությունների ստանձմանը: Նախ և առաջ օրակարգ բերվեց Ստամբուլի մոտ 300 հազար անվավեր քվեները, որոնց վերահաշվարկից հետո պարզվեց, որ միևնույն է Իմամօղլուն է հաղթում, այնուհետև Ստամբուլի որոշ թաղամասերում քվեաթերթիկները ամբողջությամբ նորից հաշվվեցին, սակայն միևնույն է ընդդիմադիր թեկնածուն Ստամբուլում առաջ անցավ՝ մոտ 13 հազար ձայնի տարբերությամբ: Իշխանությունների նմանատիպ արձագանքն ու քայլերը կանխատեսելի էին, քանի որ Ստամբուլը համարվում է, կարելի է ասել, Թուրքիայի «սիրտը», և ինչպես Էրդողանն է սիրում կրկնել «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև Թուրքիայում»: Բացի այդ, Ստամբուլը ամենախոշոր քաղաքն է և տնտեսական հիմնական շարժիչ ուժն է, ինչպես նաև վերահսկում է պետական ծախսերի հիմնական մասը, հետևաբար կարևոր է իշխանությունների համար:
Ի՞նչ շանսեր, ու սպասելիքներ կան նոր ընտրություններից:
Դեռևս պարզ չէ, թե Ստամբուլի ընտրություններում, արդյոք իշխող կուսակցությունից պայքարը կշարունակի Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, թե այլ թեկնածու կառաջադրեն: Թուրքիայում որոշ կարծիքներ էին նույնիսկ շրջանառվում, որ ԱԶԿ-ի պարտության պատճառներից մեկը ոչ ճիշտ և ոչ այնքան խարիզմատիկ թեկնածուի առաջադրումն էր: Ի տարբերություն Յըլդըրըմի, կարծում եմ, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Իմամօղլուն, բավականին հաջող քարոզարշավ իրականացրեց ՏԻՄ ընտրություններից առաջ և նորից հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, նաև եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ հաղթելուց հետո նրա վարկանիշն էլ ավելի է աճել: Բացի այդ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քայլը, դժգոհությամբ է ընդունվել Ստամբուլում: Մասնավորապես երեկ գիշերը, մի քանի թաղամասերում, ինչպես Քադիքյոյում, Շիշլիում մարդիկ իրենց բողոքն են արտահայտել՝ երթերի դուրս գալով: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ նոր ընտրությունների անցկացման դեպքում չի բացառվում, որ կրկին հաղթելու է ընդդիմությունը, եթե իհարկե իշխանությունները էլ ավելի չսրեն իրավիճակը երկրում և չգնան զանազան ընտրախախտումների կամ այլ մեթոդների, ձերբակալությունների, կալանքների Ստամբուլում իրենց հաղթանակը ապահովելու համար:
Ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխող ԱԶԿ-ն, ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու երկրում:
Հատկանշական է, որ սա Արդարության և զարգացում կուսակցության կառավարման տարիներին կրկնակի ընտրություններ անելու եզակի դեպքը չէ: Չպետք է մոռանանք, որ դեռևս 2015 թվականին խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով, իշխանությունները արտահերթ ընտրություններ հայտարարեցին և այդ ընթացքում երկրի արևելքում և հարավ-արևելքում հրահրեցին բախումներ քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև՝ երկիրը մխրճելով քաոսի մեջ: Այդ ժամանակ իշխանությունների քայլերը հաջողությամբ պսակվեցին և նրանց հաջողվեց ստանալ բավական թվով ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար: Այս առումով պատահական չէ, որ այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում իշխանությունները պարբերաբար փորձեր էին անում քեմալականն ՀԺԿ-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ հայտնի PKK-ի, հետ նույն հարթության վրա դնելու ուղղությամբ: Դրանով ձգտում էին ՀԺԿ-ին ներկայացնել, որպես Թուրքիայի «թշնամի» և այդպիսով ապահովել հնավորինս շատ ձայներ ազգայնական ընտրազանգվածներից: Այս փորձերը, իհարկե, վերջնական արդյունքում չտվեցին, սակայն պարզ է, որ իշխանությունները շարունակելու են իրենց նույն գործելաոճը, քանի որ վերջին տարիներին Թուրքիայում իշխանությունները փորձում են գերակա դարձնել իսլամա-թուրքական ազգայնականությունը: Կարծում եմ, նաև պատահական չէ այն, որ վերջին շրջանում կրկին ակտիվացնել են թուրք-քրդական բախումները: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ իշխող ԱԶԿ-ն կօգտագործի իր ձեռքում եղած բոլոր «խաղաքարտերը», ինչպես նաև վարչական միջոցները ընդդիմության և մասնավորապես Էքրեմ Իմամօղլուի քարոզարշավը տապալելու, նրան սևացնելու, ռեսուրսները սահմանափակելու և ընտրություններում նրա հաղթանակը կանխելու համար: Նման քայլերը Թուրքիայում էլ ավելի են սրելու իրավիճակը, հանգեցնելու են հասարակության էլ ավելի բևեռացմանը, լարվածության աճին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |