Հոդված13:44, 13 Հունիս 2019
F-35 թե՞ S-400. Էրդողանի դժվարագույն ընտրությունը
Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ռուսաստանի կողմից առաջիկա ամիսներին Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը, որը բավականին լուրջ ճգնաժամ է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։
S - 400 (С - 400)
ԱՄՆ-ն այս պահին փորձում է վերջին ճնշումները գործադրել Անկարայի նկատմամբ, որպեսզի թուրքական կողմը հրաժարվի այդ գործարքից, քանի որ, ըստ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված վերջին համաձայնության, դրանք մատակարարվելու են նախատեսվածից շուտ։ Ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ համակարգերը մատակարարվելու են ս.թ. հուլիս ամսին։ Մինչ այդ, Վաշինգտոնը բազմիցս զգուշացրել էր, որ վերոնշյալ ռուս-թուրքական գործարքն ծանր հետևանքներ կունենա Անկարայի համար։ Մասնավորապես, ամերիկացի պաշտոնյաները բացահայտորեն հայտարարել էին, որ գործարքը ծանր հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին։
Նախ հասկանանք, թե ինչու է Թուրքիան այդքան համառորեն ցանկանում ձեռք բերել ռուսական ՀՕՊ համակարգերը։
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետևանքով երկիրը կանգնած է մի շարք մարտահրավերների և վտանգների առջև։ Եվ այս առումով մեծ հեռահարություն ունեցող ՀՕՊ համակարգ ունենալը Թուրքիայի համար պարզապես անհրաժեշտություն է։ Բացի այդ թուրքական իշխանությունները չեն մոռացել ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Էրդողանի դեմ դուրս եկած զինվորականները երկրի մայրաքաղաքում կարողացան օդ բարձրացնել ամերիկյան F-16 կործանիչը, թիրախավորեցին խորհրդարանի շենքն ու նախագահի նստավայրը։ Այդ առումով պատահական չեն թուրք պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ ռուսական համակարգերն ապահովելու են նաև երկրի ներքին անվտանգությունը։
Հարկ է նշել, որ տարիներ առաջ թուրքական կողմը «Patriot» տեսակի ՀՕՊ համակարգեր էր ցանկանում գնել ԱՄՆ-ից, սակայն Վաշինգտոնը Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով չվաճառեց դրանք։
P A T R I O T
Պատճառներից մեկն այն էր, որ Վաշինգտոնը չցանկացավ Անկարայի հետ կիսվել այդ համակարգերի տեխնոլոգիաներով, իսկ այնպիսի երկիր, ինչպիսին Գերմանիան ՝ իր ՀՕՊ համակարգերը (NATO-ի շրջանակներում) դուրս բերեց Թուրքիայից՝ երկկողմ հարաբերություններում առաջացած խնդիրների պատճառով։
Նման իրավիճակում, չնայած, որ Թուրքիան ձեռնամուխ եղավ արագացնել միջին հեռահարության սեփական ՀՕՊ համակարգերի արտադրման գործընթացն, այնուամենայնիվ գիտակցեց, որ իրեն անհրաժեշտ են այնպիսի համակարգեր, որոնք լիովին կապահովեն Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը։ Եվ այդ առումով Անկարան սկսեց նման համակարգերի որոնումները։ Այս տեսակետից Թուրքիայի համար ձեռնտու տարբերակ հանդիսացավ S-400-ների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Ի դեպ Մոսկվայի հետ հարաբերություններն արդեն քիչ թե շատ կարգավորվել էին 2015-իի միջադեպից հետո, երբ Թուրքիայի օդուժը Սիրիայի օդային տարածքում խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը։ Արդյունքում երկու երկրների միջև ստորագրվեց պայմանագիր 2,5 մլդ դոլար արժողությամբ ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ։
Վերոնշյալ պայմանագրի կնքումը չէր կարող անտեսվել ԱՄՆ-ի կողմից: Եթե խոսենք աշխարահաքաղաքական տեսանկյունից, պետք է նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Վաշինգտոնի համար պարզապես անընդունելի է, որ իր դաշնակիցը ձեռք է բերում նման զինատեսակ մի երկրից, որը գտնվում է հակադիր բևեռում, և այդ ամենն այն պարագայում, որ Թուրքիայի գրեթե ամբողջ պաշտպանական համակարգը մեծ մասամբ կապված է ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգային համակարգի հետ: Թեպետ թուրքական կողմն այդ հարցում էլ ներկայացնում է իր հիմնավորումները՝ նշելով, որ ռուսական ՀՕՊ համակարգերը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ընդհանուր անվտանգային համակարգում։ ԱՄՆ-ի մյուս անհանգստության պատճառն այն է, որ, եթե Թուրքիան ստանա թե՛ ռուսական համակարգերը և թե՛ ամերիկյան կործանիչներն, ապա S-400-ները կկարողանան տեղեկություններ հավաքել ամերիկյան կործանիչների տեխնոլոգիաների մասին, որոնք Պենտագոնը խիստ գաղտնի է պահում։
Ի պատասխան դրան՝ թուրքական կողմը Վաշինգտոնին վստահեցնում է, որ F-35-ների և S-400-ների տեղակայման վայրերը իրարից բավականին հեռու են լինելու։
Անդրադառնալով Վաշինգտոնի հետ կործանիչների գնման գործարքին՝ նշենք, որ ըստ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրի՝ թուրքերը պիտի ստանան 100 միավոր F-35 կործանիչ:
F - 35
Թուրքական բանակը մեծ ակնկալիքներ ունի այդ կործանիչներից, հատկապես, որ դրանց որոշ պահեստամասեր արտադրվում են Թուրքիայում։ Հարկ է նշել, որ արդեն տևական ժամանակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, կոշտացնելով հռետորաբանությունը, բացահայտորեն Թուրքիային վերջնագիր են ներկայացնում։ Դրա վառ ապացույցը՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնի հայտարարությունն է, որտեղ վերջինս ասել է․ «Թուրքիան պետք է ընտրություն կատարի. կամ S-400-ները, կամ F-35-ները, բայց ոչ երբեք երկուսը միասին»։
Հարկ է նշել նաև որ ԱՄՆ-ի կոնգրեսում օրեր առաջ ընդունվեց օրինագիծ, որով կոչ էր արվում ամերիկյան ղեկավարությանը չմատակարարել F-35-ները Թուրքիային։ Հետաքրքրականն այն է, որ օրինագիծը պատրաստել էին ԱՄՆ-ի «Դեմոկրատական» և «Հանրապետական» կուսակցությունների կոնգրեսականներն։ Այսինքն, սա խոսում է այն մասին, որ ամերիկյան կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքական տարբեր ճամբարները համակարծիք են։
Ուշագրավ է այն, որ երբ ԱՄՆ-ն դեռ Թուրքիայի հետ S-400-ների հարցում այսքան կոշտ հռետորաբանություն չէր կիրառում, ամերիկացի պաշտոնյաներն առաջարկում էին S-400-ների փոխարեն «Patriot» համակարգեր, որոնք ժամանակին չէին համաձայնվել վաճառել Թուրքիային։ Եվ թուրքական մամուլում անգամ հայտնվեցին լուրեր, թե իբր Անկարան և Վաշինգտոնը վերստին սկսել են բանակցություններ։ Այդ համատեքստում, Թուրքիայի նախագահը անմիջապես հայտարարեց, որ S-400-ներից բացի, Անկարան նաև կարիք ունի այլ ՀՕՊ համակարգերի։ Սրանով Էրդողանը բացահայտորեն ցույց տվեց, որ ցանկանում է նստել միանգամից երկու աթոռի վրա։ Սակայն ամերիկացիները, վերջին օրերին հնչեցրած վերջնագրերով Էրդողանին հասկացրեցին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ կբանակցի «Patriot» համակարգերի մատակարարման վերաբերյալ, միայն այն դեպքում, եթե վերջինս հրաժարվի ռուսական S-400-ներից։
Եվ վերջում, դիտարկելով ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ պատշամիջոցներ կիրառելու հավանականությունը, բավական է հիշել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեպքը, որի պատճառով Թուրքիայի նկատմամբ կիրառվեցին տնտեսական և նույնիսկ քաղաքական պատժամիջոցներ, ինչի հետևանքով թուրքական տնտեսությունում տեղի ունեցան լուրջ ցնցումներ, իսկ թուրքական լիրան արժեզրկվեց։ Եթե ԱՄՆ-ն իր մի քաղաքացու համար դիմեց նման քայլի, ապա այս հարցում դժվար թե ճանապարհի կեսից հետ կանգնի, մանավանդ, որ խնդիրը Վաշինգտոնի համար ունի սկզբունքային և ռազմավարական նշանակություն։
Եթե Էրդողանը, ի վերջո, ընտրում է ռուսական ՀՕՊ համակարգերը, ապա դրանով նա իր երկրին և ժողովրդին դնում է ծանր կացության մեջ, իսկ դա այս պահին Էրդողանին ձեռնտու չէ` հաշվի առնելով, որ նրա վարկանիշը տարեցտարի անկում է ապրում երկրում։
Եթե Էրդողանը հրաժարվում է ռուսական համակարգերից և ընտրում է ամերիկյան կործանիչները, ապա դրանով նորից սրում է ռուս-թուրքական հարաբերությունները և վտանգի տակ դնում սիրիական հակամարտության շրջանակներում ռուս-թուրքական համագործակցությունը։ Ստացվում է, որ Էրդողանն ինքն իրեն փակուղու մեջ է դրել, սակայն չպետք է թերագնահատել թուրքական դիվանագիտության՝ փակուղիներից ելք գտնելու կարողությունը:
Էդուարդ Մելքումյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |