Քաղաքական13:32, 21 Հունիս 2019
Թուրքիա. շաբաթվա ամփոփում
«Ermenihaber» լրատվական գործակալությունն ամփոփ ներկայացնում է վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր զարգացումները:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն
Շաբաթվա ընթացքում հայկական թեմատիկայով կարևոր զարգացումը հունիսի 18-ին կրոնական ժողովի անցկացնումն էր: Արդյունքում որոշվել է հունիսի 27-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրել եկեղեցական համագումար ժողով՝ տեղապահի ընտրությունների օրակարգով: Պատրիարքարանի հայտարարության մեջ ուշագրավ շեշտադրում է արվել առ այն, որ ընտրությունները կանցկացվեն ըստ օրենքների և սահմանադրության՝ Թուրքիայում հոգևոր ծառայության մեջ գտնվող հոգևորականների մասնակցությամբ։ Ըստ այս հայտարարության՝ պատրիարքի տեղապահի թեկնածուներ կլինեն Պոլսում գործող 2 եպիսկոպոս միաբանները՝ Արամ արք. Աթեշյանը, Սահակ եպս. Մաշալյանը:
Վերջին շրջանում պոլսահայ համայնքի շրջանակներում կարծիքներ էին շրջանառվում, որ պատրիարքի ընտրությունների անաչառության համար պետք է «չեզոք տեղապահ» ընտրել՝ հավանաբար նկատի ունենալով Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանին: Այս որոշմամբ վերջինի տեղապահի պաշտոնում առաջադրումը բացառվում է:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ
Երկրի ներքաղաքական կյանքի կիզակետում շարունակում են մնալ Ստամբուլում հունիսի 23-ին անցկացվելիք Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները: Նախընտրական քարոզարշավն ակտիվացրեց հիմնական մրցակից թեկնածուներ իշխող «Ժողովուրդ» դաշինքի ներկայացնող ԱԶԿ-ական Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր «Ազգ» ներկայացնող Էքրեմ Իմամօղլուի հեռուստաբանավեճը: Դրան հաջորդող շրջանում թեկնածուները և կուսակցությունները միմյանց մեղադրանքներ են ուղղում անգամ ամենապրիմիտիվ հարցերում:
ԱԶԿ-ի համար շահարկման առարկա դարձավ քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի բանտից արած հայտարարությունը, որտեղ աջակցություն էր հայտնում Իմամօղլուին:
Պետք է նշել, որ ԱԶԿ-ն այս քարոզարշավում ի տարբերություն մարտի 31-ի ընտրապայքարից այլ մարտավարություն է որդեգրել: Գրեթե բացակայում են օտարող, բաժանարար հայտարարությունները, գրեթե չի խոսվում «գոյապայքարի թեզի» մասին, որի շուրջ էր կառուցված նախորդ քարոզարշավը: Սակայն, այնուամենայնիվ, կոշտ հռետորաբանությունը պահպանվում է: Խոսքը վերաբերում է հատկապես ԹՀ և ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռահար նպատակներ ունեցող հայտարարությանը, որտեղ պնդել է, որ ընդդիմադիր թեկնածուն, եթե նույնիսկ ընտրվի, միևնույն է չի զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը: Նա չի մոռացել նաև զուգահեռներ անցկացնել Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (գյուլենական համայնք) ձեռագրին:
Այս քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցությունը փորձում էր սիրաշահել քրդական ընտրազանգավածին: Դրանով էր նաև պայմանավորված ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմի այցը Դիարբեքիր, որտեղ ողջունի խոսքերն ասել է հենց քրդերենով: Իսկ ահա ընդամենը մեկ օր առաջ Յըլդըրըմը հայտարարել է, որ ամեն կերպ կաջակցեն էթնիկ խմբերին, որոնք ուզում են իրենց լեզվով կրթություն ստանալ, անկախ նրանից թե ինչ լեզվով են խոսում՝ քրդերեն, վրացերեն, չերքեզերեն թե այլ լեզվով: Յըլդըրըմի խոսքերով նրանք անգամ կօգնեն կադրերի պատրաստման հարցում: Քրդերին սիրաշահելու համար նաև վերացվեց «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ Աբուլլահ Օջալանին մոտ 8 տարի տևած մեկուսացում: Մայիսի 6-ին նրան թույլատրեցին հանդիպել փաստաբանների հետ, իսկ արդեն այսօր, երբ ընտրություններին մնացել է ընդամեն 2 օր թուրքական լրատվական կայքերը հայտնում են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) կոչ է արել չեզոքություն պահպանել հունիսի 23-ին Թուրքիայում կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Այս հայտարարությունը հակասում է թե ԺԴԿ-ի որդեգրած քաղաքականությանը, թե ԺԴԿ նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հայտարարությանը, որի մասին վերևում արդեն նշել ենք:
Ուշագրավ է, որ Օջալանի կոչին արձագանքել է HDP-ի ներկայիս համանախագահներից Սեզայի Թեմելին։ Վերջինս ասել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իրենց կուսակցությունը չի փոխի ռազմավարությունը և կշարունակի աջակցել Իմամօղլուին։
S-400-ների ճգնաժամը
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգը պտտվում է 2 գլխավոր թեմայի շուրջ: Դրանցից մեկը ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի առքուվաճառքի հարցում թուրք-ամերիկյան դիմակայություն է: Որքան մոտենում է այդ համակարգերը Թուրքիային մատակարարելու ժամկետը այնքան ավելի են լարվում թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Այսպես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռուսական ՀՕՊ համակարգերը կստանա հուլիսի առաջին կեսին՝ ընդգծելով. «Ռուսաստանի հետ «Ս-400»-ներից շուրջ նորից խոսեցինք։ Այս հարցում մեր որոշումը հստակ է և զիջման չենք գնալու։ Պայմանագիրը ստորագրել ենք, ամեն ինչ ավարտել ենք»։
Այս հայտարարությանը հաջորդող օրերին նախ ԱՄՆ ՊՆ նախարարությունը՝ Պենտագոնը հայտարարեց, որ եթե, ի վերջո, Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերի «Ս-400» համակարգերը, ապա ԱՄՆ-ն ոչ միայն Անկարային դուրս կթողնի ամերիկյան F-35–ների նոր սերնդի կործանիչների ծրագրից, այլև պատժամիջոցներ կկիրառի թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք ամերիկյան կործանիչների համար արտադրում են պահեստամասեր։ Թուրքական ընկերությունները 937 պահեստամաս են արտադրում այդ կործանիչների համար։
Այնուհետև արտահոսք եղավ ամերիկյան լրատվամիջոցներում, որ ԱՄՆ-ի ղեկավարությունն ուսումնասիրում է պատժամիջոցների այն փաթեթները, որոնք «Ս-400»-ների գործարքի կայացման դեպքում կարող են կիրառվել Թուրքիայի դեմ: Ըստ հրապարակումների՝ ամերիկյան ղեկավարությունն այս պահին հակված է այն տարբերակին, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն CAATSA օրենքի շրջանակներում:
CAATSA-ն կկիրառվի այն թուրքական ընկերությունների վրա, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ։
«Ս-400»-ների շուրջ թուրք-ամերիկյան բանավեճի ֆոնին ուշագրավ է այն տեղեկությունը, որ Իսպանիան մինչև 2019թ. վերջ երկարացնելու է հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերի տեղակայման ժամկետը Թուրքիայի Ադանա նահանգում:
Թուրք-հունական լարվածություն
Այս շաբաթ Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգի մյուս կարևոր հարցը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի համարվող Միջերկրական ծովի ջրերում Թուրքիայի կողմից նավթի և գազի որոնման համար հորատման աշխատանքներ իրականացումն ու դրա դեմ որոշ եվրոպական երկրների և հունական կողմի արձագանքն է:
Թուրքիան հորատման աշխատանքներն իրականացնելը բացատրում է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության շահերի պաշտպանելու անհրաժեշտությամբ, քանի որ Կիպրոսի ծովային սահմաններում հայտնաբերված բնական ռեսուրսները նաև կղզու թուրքական բնակչությանն են պատկանում:
Բնականաբար Թուրքիայի գործողությունները ինչպես Կիպրոսի, Հունաստանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների կողմից անօրիանական է համարվում:
Մասնավորապես՝ Կիպրոսի իշխանությունները որոշում էին ընդունել ձերբակալել թուրքական հորատող նավի անձնակազմին, իսկ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Անկարայի դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն էլ իր հերթին Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջեկրական ծովի Կիպրոսի «բացառիկ գոտում» նավթի և գազի հորատման աշխատանքները։
Այս հարցը քննարկվել է նաև ԵՄ անդամ երկրների նախարարների Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ընթացքում: Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ապօրինի հորատման աշխատանքներ անելու կապակցությամբ՝ նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել կոնկրետ գործողություններ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան:
ԵՄ եվրոպական հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման ավարտին հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կամ էլ կարող է վերջ տրվել Անկարայում բարձր մակարդակի հանդիպումներին:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին դատապարտել է ԵՄ-ի դիրքորոշումը կոչ անելով՝ «վերանայել այդ կողմնակալ և իրականությունը չարտացոլող դիրքորոշումը»:
Անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ կհնչեն ԵՄ-ից, Հունաստանից կամ Կիպրոսից, այս պայմաններում Թուրքիայի չի հրաժարվի իր մտադրությունից, քանի որ էներգետիկ ռեսուրսների հայտնաբերումը մի քանի ասպեկտներով կարևոր նշանակությունի ունի Թուրքիայի համար. նվազեցնել էներգետիկ ռեսուրսներից կախվածությունը, թույլ չտալ, որ Թուրքիայի դերը որպես էներգետիկ ռեսուրսների տարանցիկ երկիր նվազի:
Այն, որ Թուրքիան վճռական է տրամադրված հորատման աշխատանքները շարունակելու հարցում, վկայում են նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները՝ ուղղված թե՛ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, թե Կիպրոսի՝ թուրքական նավի անձնակազմին ձերբակալելու հայտարարությանը: Թուրքիայի վճռականության մասին է խոսում նաև այն, որ մեկ օր առաջ Թուրքիան ևս մեկ հորատիչ նավ է ուղարկել Կիպրոսի «բացառիկ տնտեսական գոտի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |