Հոդված12:46, 10 Հուլիս 2019
Քրդական թեմայի շահարկումը Թուրքիայի 2019 թ․ ՏԻՄ ընտրություններում
Թուրքիայում բնակվող քրդերի թեման մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել երկրի ներքաղաքական զարգացումներում։ Քրդական գործոնը կարևոր է, քանի որ երկրի մեծաթիվ քուրդ ընտրազանգվածի ձայնը երբեմն որոշիչ դեր է ունենում։ Այս տեսանկյունից բացառություն չէին նաև 2019 թ. մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնց ընթացքում ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերը ձգտում էին քրդերից ստանալ հնարավորինս շատ քվե։ Ուստի պատահական չէին քրդական հարցի շուրջ նախընտրական քարոզարշավի հռետորաբանության մեջ ի հայտ եկած փոփոխությունները։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) թեկնածու չէր առաջադրել երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում՝ նախընտրելով ուժերը կենտրոնացնել երկրի արևելյան շրջաններում, իսկ խոշոր քաղաքներում իր ընտրազանգվածին ուղղորդել էր քվեարկել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածուների օգտին: Այսպիսով՝ քուրդ ընտրազանգվածի քվեները ստանալու համար իշխանության և ընդդիմության միջև պայքարն առանձնակի կարևորություն էր ձեռք բերել։
Քրդերի ձայները ստանալու մրցավազքում հատկապես ուշագրավ էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) քարոզարշավի հռետորաբանությունը, որը երկակի տպավորություն էր թողնում։ Մարտի 31-ին ընդառաջ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձևավորած «Ժողովուրդ» դաշինքը որպես քարոզարշավի գաղափարախոսություն առաջ քաշեց երկրի «գոյապայքարի խնդիրը» (bekâ sorunu), որի գլխավոր խոչընդոտներից մեկը համարվում էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) պառակտիչ գործունեությունը և համակիր քրդերը։ Իշխող ուժի բոլոր քաղաքական մրցակիցները, մասնավորապես քրդամետ ԺԴԿ-ն, պիտակավորվում էին որպես «ահաբեկիչ», նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով մեղադրվում էին ՔԲԿ-ի հետ համագործակցելու և նրա շահերը սպասարկելու մեջ։
ԱԶԿ-ն քարոզարշավի ընթացքում փորձում էր տանաջատում մտցնել ՔԲԿ-ի, ԺԴԿ-ի, այլ ուժերի և քուրդ ընտրողների միջև, ինչ ակնհայտ երևում է նաև Էրդողանի հռետորաբանության մեջ։ Այսպես օրինակ՝ Էրդողանը մի ելույթի ընթացքում կարող էր քրդամետ ԺԴԿ-ին ու վերջինիս հետ համագործակցող ուժերին «ահաբեկիչ» անվանել, իսկ քուրդ ընտրազանգվածին դիմելիս օգտագործել «իմ քուրդ եղբայրներ» արտահայտությունը։ Օրինակ՝ դիմելով ԺԴԿ համակիրներին՝ Էրդողանը նմանատիպ թիրախավորող կոչ էր արել. «ԺԴԿ-ին մի՛ քվեարկեք։ Այն իմ քուրդ եղբայրների խնդիրների մասին մտածող կուսակցություն չէ։ ԺԴԿ-ն ՔԲԿ ահաբեկչական կառույցի հենարանն է»։ Եթե առավելապես ազգայնական լսարանի առջև ելույթներում ԱԶԿ-ական գործիչները դիմում էին կոշտ արտահայտությունների, ապա քուրդ լսարանին ուղղված կոչերը առավել մեղմ, հաշվարկված ու դիվանագիտական բնույթ էին կրում։ Օրինակ՝ փետրվարի 1-ին Անկարայի քաղաքապետի ԱԶԿ-ական թեկնածու Մեհմեթ Օզհասեքին, հայտարարել էր․ «Մենք հավակնում ենք ոչ թե ԺԴԿ, այլ մեր քուրդ քաղաքացիների ձայներին։ Մենք մասնավորապես այնպիսի կուսակցություն ենք, որը շատ հստակ տարբերակում է ՔԱԿ-ը քուրդ քաղաքացիներից»։
Ինչևէ, նման երկակի հռետորաբանությունը ոչ միայն չօգնեց, որպեսզի ԱԶԿ-ն լիարժեք հաղթանակ տաներ երկրում, այլև կարելի է ասել, որ պարտության պատճառ դարձավ այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, որտեղ որոշիչ էր քուրդ ընտրազանգվածի ձայնը։ Ստամբուլում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը պարզապես սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ԱԶԿ վերնախավի վրա։ Իշխող կուսակցության ջանքերով չեղարկվեցին երկրի սիրտը հանդիսացող և Էրդողանի քաղաքական կարիերայում խորհրդանշական տեղ զբաղեցնող Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Քաղաքապետի կրկնակի ընտրությունների օր նշանակվեց հունիսի 23-ը։ Հաշվի առնելով, որ Ստամբուլում որոշիչ դեր են խաղացել քրդերի և ԺԴԿ ձայները, ԱԶԿ-ն վերանայեց իր մոտեցումները։
Հետաքրքրական է, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններին ընդառաջ քուրդ ընտրողների համակրանքը շահելու նպատակով թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության թեկնածուները այցելել էին երկրի հարավարևելյան՝ գերազանցապես քրդաբնակ շրջաններ։ Ուշագրավ էր հունիսի 6-ին Դիարբեքիրում ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմի ելույթը, որում ակնհայտ արտացոլված էին քրդական հարցում հռետորաբանության մեջ կատարված փոփոխությունները։ Այն դեպքում, երբ Թուրքիայի իշխանությունները մինչև այսօր քրդերին հնարավորություն չեն ընձեռել մայրենիով կրթություն ստանալ, բացի այդ արգելել էին քրդերենով նախընտրական պաստառներ փակցնել, Բ․ Յըլդըրըմն իր ելույթը սկսել էր Ռամազան տոնի քրդերեն շնորհավորանքով ու ողջույնի խոսքով։ Այնուհետև նա իր խոսքում գործածել էր «Քրդստան» բառը։ Հարկ է նշել, որ մինչ օրս բազմաթիվ պատգամավորներ, մտավորականներ ու հասարակական գործիչներ «Քրդստան» բառն օգտագործելու պատճառով տարբեր պատիժներ են կրել։
ԱԶԿ-ի կողմից քրդական թեմայի շահարկման հերթական դեպքը կապված է 1999թ․ի վեր Թուրքիայում բանտարկության մեջ գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին 8 տարվա դադարից հետո փաստաբանների հետ տեսակցության թույլտվություն տալու, ինչպես նաև Օջալանի՝ ԺԴԿ-ին ուղղված նամակի հետ։ Վերոհիշյալ նամակում նա ԺԴԿ-ին և քրդերին կոչ էր անում գալիք ընտրություններում պահպանել «չեզոքություն» և լինել «երրորդ ուղի»։ Սա սկզբունքորեն տարբերվում էր 2016 թվականից բանտում գտնվող ԺԴԿ համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի այն հայտարարություններից, որոնցով նա կոչ էր անում քրդերին քվեարկել հօգուտ ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի։ Էրդողանը, շահարկելով այդ հարցը, հանդես էր եկել հայտարարությամբ, որում փորձում էր Օջալանի նամակը ԺԴԿ համակիրներին ներկայացնել որպես Է․ Իմամօղլուին չքվեարկելու կոչ, ինչպես նաև փորձել էր պատրանք ստեղծել, թե Օջալանի ու Դեմիրթաշի միջև առաջնորդության պայքար է ընթանում։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), որը տասնամյակներ շարունակ ճնշում էր քրդերի ազգային ինքնադրսևորման փորձերը, արգելում էր քրդերենի գործածումը, ապա ՏԻՄ ընտրություններից առաջ այն աստիճանաբար սկսեց հանդես գալ քուրդ քաղաքացիների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եվ սա լիովին տեղավորվում է ընդդիմադիր կուսակցության որդեգրած սիրո և հանդուրժողականության քարոզարշավի շրջանակներում, որի գլխավոր գաղափարն այն է, որ Թուրքիայի որևէ քաղաքացի չպետք է օտարվի։
Ահա այս տրամաբանությունից ելնելով՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչներն առանց կաշկանդվելու խոսում էին քրդերի՝ մայրենի լեզվով կրթութուն ստանալու իրավունքի մասին․ մասնավորապես կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ դա իրավական կարգավորում է, և այն պետք է իրականացվի խորհրդարանում։ Իսկ մարտի 31-ի ընտրությունների արդյունքում Ստամբուլում հաղթանակած ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որի հռետորաբանությունը ի սկզբանե բացառում էր Ստամբուլում ազգային կամ կրոնական խտրականությունը, դրական էր արտահայտվում թե՛ քրդերի մասին՝ նրանց անվանելով «իմ քուրդ եղբայրներ», թե՛ քրդամետ կուսակցության ու նրա առաջնորդների հասցեին։
Այսպիսով, Թուրքիայի քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավի հռետորաբանության մեջ լայնորեն կիրառել են քուրդ բնակչությանը հուզող թեմաներ՝ հաճախ հակասելով իրենք իրենց։ 2019 թ․ ՏԻՄ ընտրությունների ընդհանուր արդյունքները ցույց տվեցին, որ քրդական թեման շարունակում է մնալ որպես քարոզչական գործիք Թուրքիայի քաղաքական ուժերի և հատկապես իշխանությունների ձեռքում։ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե այս թեման շահարկում էր ազգայնական շրջանակների ձայնը ստանալու ակնկալիքով, անհաջողությունից հետո ստիպված էր վերանայել իր քաղաքականությունը։ Սա ևս իր հերթին վկայում է Թուրքիայի ներքաղաքական կյանքում կարևոր վերափոխումների մասին առ այն, որ քրդերն արդեն վերածվել են քաղաքական գործոնի, որը կարող է վճռել ընտրությունների ելքը։
Սոնա Խաչատրյան
ԵՊՀ թուրքագիտության բաժնի ուսանող
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |