Հոդված13:35, 11 Հուլիս 2019
Էրդողանի նախընտրական քարոզարշավի հիմնական առանձնահատկությունները
2019 թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP), թեև ընդհանուր հաշվարկով հաղթանակ էր տարել, սակայն տանուլ էր տվել մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում։
Հարկ է նշել, որ ընտրությունների շրջանակներում իշխող ԱԶԿ-ն դաշինք էր կազմել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Ստամբուլում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, հավաքելով 4.159.650 ձայն, հաղթանակած էր դուրս եկել ընտրապայքարից՝ ետևում թողնելով 4.131.751 ձայն ստացած ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմին։ Իշխող կուսակցությունը կորցրել էր նաև Իզմիրը, Մերսինը, Անթալիան։
Ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո ԱԶԿ-ն որոշում կայացրեց բողոքարկել դրանք Ստամբուլի 39 համայնքներում։ Իշխող կուսակցությունը պնդում էր, թե ընտրախախտումներ են գրանցվել։
Ավելի ուշ ԱԶԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ստամբուլից բացի Անկարա նահանգի ընտրական արդյունքները ևս բողոքարկելու են։ ԱԶԿ-ի քաղաքական դաշնակից ԱՇԿ-ն էլ բոյկոտեց Իգդիր նահանգի ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթել էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) թեկնածուն։ Քաղաքական վերնախավի ճնշման տակ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 6-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները վերստին անցկացնելու որոշում էր ընդունել։ Նոր ՏԻՄ ընտրությունները տեղ ունեցան հունիսի 23-ին։ ԲԸՀ-ի մայիս 6-յան հայտարարությունից հետո քննարկումներն էլ ավելի էին թեժացել, նույնիսկ համացանցում տարածվել էին խորհրդանշական նկարներ:
Առանձնահատուկ ուշադրության արժանի է այն փաստը, որ միայն Ստամբուլում վերանցկացվեցին ընտրությունները: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ կառավարական լծակներն ամբողջությամբ գտնվում էին իշխանության վերահսկողության տակ, քանզի մյուս քաղաքական ուժերը պահանջում էին երկրի ողջ տարածքում կրկնել ընտությունները:
Իրականում Ստամբուլի կորուստն Էրդողանի ու իշխող կուսակցության համար և՛ անսպասելի էր, և՛ ջախջախիչ, քանզի 1994 թվականի ՏԻՄ ընտրություններից ի վեր 25 տարվա ընթացքում նրանք չէին զիջել այն որևէ այլ քաղաքական ուժի։ Նոր ընտրություններում ԱԶԿ թեկնածուն կրկին Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմն էր։ 2018թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը, վստահելով Ռ․Թ․ Էրդողանին, իր ձայնը տվել էր ԱԶԿ-ին: Ժողովրդի սպասելիքները, այնուամենայնիվ, չարդարացվեցին: Արդյունքում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխող կուսակցությունը Անկարայում, Ստամբուլում ու այլ մեծ քաղաքներում պարտություն կրեց: Պարտության հիմնական պատճառներն են.
● Սոցիալական, ֆինանսատնտեսական ճգնաժամը.
● Թուրքիայում թուրքական լիրայի արժեզրկումը.
● ԺԴԿ-ի թեկնածու չառաջադրելը.
● Էքրեմ Իմամօղլուի սրընթաց աճող հեղինակությունը.
Հունիսի 23-ի նոր ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը, հավաքելով %44.99 ձայն կրկին պարտվեց %54.21 ձայն ստացած ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուին: Հարկ ենք համարում դիտարկել այն հանգամանքը, որ այս պարտությունը, հնարավոր է, հանգեցնի նոր քաղաքական փակուղու: Ինչպես օրինակ ԱԶԿ նախկին անդամներից մի քանիսը՝ ի դեմս Աբդուլլահ Գյուլի, Ահմեթ Դավութօղլուի, հնարավոր է ձեռնամուխ լինեն նոր կուսկացության հիմնադրմանը: Նման պայմաններում Էրդողանը կարող է քայլ առ քայլ կորցնել իր քաղաքական ուժը:
«Ռիսկային» քաղաքականություն վարող Էրդողանն այս անգամ ռիսկի գնալով կորցրեց Ստամբուլը, իսկ ինչպես նախագահն է սիրում կրկնել. «Ստամբուլում հաղթողը ստանում է Թուրքիան, Ստամբուլը կորցնողը կորցնում է նաև Թուրքիան»:
Նախագահ Էրդողանի խոսքի առանձնահատկությունները
ԹՀ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որպես քաղաքական գործիչ և առաջնորդ, կրում է խարիզմատիկ լիդերի առանձնահատկություններ։ Նա իր հրապարակային ելույթներում խոսքը կառուցում է այնպես, որ կարողանա հավաքված բազմությանն իր ձայնը լսելի դարձնել։ Նախագահն իր գրեթե ամեն հայտարարության մեջ փորձում է ցույց տալ, որ ինքն ամբոխի ձայնն է, որ ինքը նրանցից մեկն է։
Հետաքրքրիր դեպք է, երբ 1999 թ. Էրդողանին տանում էին Փընարհիսար բանտ, վերջինս ասել է․ “bu sarkı burada bitmez”, որ թարգմանաբար նշանակում է․ «այս երգն այստեղ չի ավարտվի»:
Այս արտահայտությունը հետագայում սկսեց ներկայացվել որպես հերոսության կարգախոս։ Էրդողանի խոսելաձևի զարգացման ու հստակեցման գործում մեծ է եղել նաև Իմամ-հաթիփների դպրոցից ձեռք բերած փորձը։ Հայտնի է, որ նման դպրոցներում դասավանդում էին նաև հրապարակային խոսք, հագուկապի ընտրություն, ձայնային տոն և շարժուձև։ Էրդողանը, լինելով ժողովրդական մշակույթի կրող, կարողանում է ամբոխի հետ էմոցիոնալ կապ հաստատել։ Նրա խոսքի առանձնահատկություններից է այն, որ խոսում է առանց նախապես հատուկ պատրաստված թղթի, հանգիստ է զգում իրեն բեմահարթակին։
Իր խոսքում հաճախ օգտագործում է փողոցային խոսվածքներ, բանաստեղծական տողեր ու հատուկ ընտրված արտահայտություններ, որոնք նպատակ ունեն հասարակության հստակ հատվածների ուշադրությունը գրավել։ Օրինակ ՝ “Bir gece ansızın gelebiliriz” (թրգ․ «Մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ») արտահայտությունը, որը Թուրքիայում գորշ գայլերի հայտնի խոսքերից է, ԹՀ նախագահն իր ելույթում օգտագործել է շատ անգամներ, ինչպես օրինակ 2018 թ. Աֆրինի ռազմական օպերացիան սկսելուց առաջ։
Ինչ վերաբերում է Էրդողանի ընտրական հռետորաբանությանը, հատկանշական է, որ միտինգներում ու քարոզարշավներին ընդհանուր առմամբ թիրախավորում է ոչ միայն հակառակորդ ուժերին, այլև հասարակության տարբեր խավերին։
ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավում Էրդողանի հռետորաբանությունը
Նախագահ Էրդողանը մինչ կսկսեր մասնակցել նախընտրական քարոզարշավներին, տարբեր հավաքներում, հանդիպումների ու կոնֆերանսների իր ելույթներում անմասն չէր թողնում ընտրական թեման։ Ինչպես օրինակ ԱԶԿ կանանց թևի կրթական ծրագրի իրականացման շրջանականերում նախագահն ընդգծել է, որ այս ընտրությունները տարբերվելու են, քանի որ հնարավոր է դրանք լինեն ընդդիմության վերջը (խոսքը Հանրապետական Ժողովրդական կուսակցության մասին է):
Իր խոսքում Էրդողանը, թիրախավորելով կուսակցության հիմնական հակառակորդ ՀԺԿ-ին, ընդգծել է, որ նրանք հանդես են գալիս շովինսիտական և ազգայնամոլական գաղափարներով, և կարծում են՝ կարող են նման կերպ ձայն հավաքել: Ինչպես հասկացանք, էրդողանական հռետորաբանության մեջ մեծ տեղ են զբաղեցնում դիպուկ արտահայտություններն ու հասարակական որևէ շերտի հետ ուղիղ հաղորդակցումը: Օրինակ 2019թ. մարտի 31-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանն իրեն թիրախ էր դիտարկում կանանց: Ելույթներից մեկի ժամանակ գործող նախագահը պնդել է, որ Թուրքիայում կանանց իրական ազատություն տվողն ԱԶԿ-ն է: Պետք է դիտարկել այն հանգամանքը, որ Թուրքիան ԱԶկ-ի և հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո, իր թե՛ քաղաքական, ու թե՛ սոցիալ-հասարակական կուրսն ուղղել է դեպի արևելք ու իսլամականություն: Իսկ իսլամի հիմնական խորհրդանիշներից է կանանց գլխաշորը։ Թեև Էրդողանը չի պարտադրում այն կրել ժամանակակից Թուրքիայում, միևնույն է, իր ընտանիքի օրինակով խրախուսում է «ազատ կանանց» օգտագործել այն:
Էրդողանական քարոզչամեքենայի մյուս թիրախները ազգային փոքրամասնություններն էին՝ ի դեմս հայերի ու քրդերի: Ընտրություններից առաջ Էրդողանն իր թվիթերյան միկրոբլոգում Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առթիվ հայ համայնքին ուղղված հայատառ ցավակացական գրառում էր կատարել: Թեև այն ցնցող ազդեցություն էր ունեցել ընդհանրապես հայության համար, պետք է հասկանալ մի պարզ իրականություն, որ Պոլսո հայ համայնքի ձայները Ստամբուլում հաղթելու համար կարևոր էին, իսկ Էրդողանը պահը բաց թողնել չէր կարող։ Հայերի գործոնի մասին խոսելիս պետք է առանձնացնել նաև ՀԺԿ-ական Ստամբուլի հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանի․ «Եթե նախագահ Էրդողանը Ստամբուլը կորցնի, ապա քայլ առ քայլ կկորցնի նաև Թուրքիան» խոսքերը, որոնք կրում են Էրդողանի վերոգրյալ համոզման հիմնական գաղափարը:
Էրդողանը մինչ իր քարոզարշավը սկսելը, կուսակցության խմբակցական համաժողովում ևս անդրադարձել էր Մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին, հստակեցրել, որ իրենք պայքարելու էին երկրի հիմնական ընդդիմադիր ուժի՝ ՀԺԿ-ի ու նրա սպառողական գաղափարախոսության դեմ: ԱԶԿ և հանրապետության նախագահը հայտարարել էր, որ ընտրական քարոզարշավն իր ֆորմատով էականորեն տարբերվելու էր նախկիններից։ Քանզի իրենք հրաժարվում էին բնապահպանության ստանդնարտներից դուրս ու քաղաքները պոլիեթիլենային շշերի մեջ «խեղդող» նախընտրական քարոզարշավ կազմակերպելու մեթոդից։
Էրդողանի այս հայտարարությունն ինքնին կոչ էր՝ ընտրելու ԱԶԿ-ին, քանի որ հանդես էին գալիս «բնապահպանի դիրքերից»: Սակայն ինչպես տեսանք, սա ևս չօգնեց ԱԶԿ-ին հաղթել ոչ մարտի և ոչ էլ հունիսյան վերստին անցկացվող ընտրություններում: Իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սեբաստիա (Սվաս)-ից, (հատկանշական է, որ 1919 թվականին ԹՀ և ՀԺԿ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը Կարին-Էրզրումից հետո Սվասում հրավիրել էր համաժողով, իսկ ՀԺԿ-ի գաղափարախոսության հիմքը Քեմալ Աթաթյուրքի 6 նետերն էին։ Հայտնի է, որ Էրդողանի գաղափարախոսության հիմքը իսլամն էր, իսկ նրա այս քայլն ուներ քաղաքական ենթատեքստ):
Նախագահը, մասնակցելով մարտի 31-ի նախընտրական քարոզարշավին, իր ելույթներում հաճախ շեշտում էր, որ ընդդիմադիր ՀԺԿ-ն դաշնակցում է քրդամետ ԺԴԿ-ի հետ, հետևաբար նրանց մեղադրում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) հետ անօրիանական կապեր ունենալու մեջ։ Եվ որպեսզի իր ասելիքն ավելի հասանելի և ընկալելի լինի, խոսքում արել է հետևյալ արտահայտությունը․ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»։ Ընդհանուր առմամբ քրդերի ու ահաբեկչական PKK-ի դեմ պայքարը Էրդողանի առաջ քաշած «գոյապայքարի թեզ»-ի (beka meselesi-Թուրքիայի պայքարը տարածքային ամբողջության և Սահմանադրական կարգերի պահպանման համար) մեջ է պարփակված:
Ի հակադրում այս ամենի, երբ դեռ մարտի 31-ի ընտրությունների արդյունքներն ամբոջությամբ պարզ չէին, գործող նախագահն առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ կուսակցության կենտրոնական շտաբից հադես էր եկել ավանդական «պատշգամբային ելույթով», որի ժամանակ նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել քուրդ եղբայրներն, ովքեր ԹՀ-ի տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգերի պահպանման հարցում Էրդողանի խոսքերով ունեցել են մեծ աջակցություն։ Հունիսի 23-ին տեղի ունեցած նոր ընտություններում հետաքրքրական էր այն հարցը, թե քրդերն այս անգամ ինչպիսի դիրքորոշում կունենան, և արդյոք կպահեն իրենց չեզոք կարգավիճակը: Ընտրությունների արդյունքներում պարզ դարձավ, որ չնայած ընտրությունների նախօրեին Իմրալըում փակի տակ գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ԺԴԿ-ին կոչ էր արել չեզոք դիրք զբաղեցնել, քրդերով խիտ բնակեցված շրջաններում Իմամօղլուի օգտին քվեների թիվը բավականին աճել է:
Հատկանշական է, որ իր «պատշգամբային» ելույթի ժամանակ Էրդողանն ասել է. «Քաղաքականությունը, որտեղ բացակայում է ժողովրդի ներկայությունը, վերածվում է բռնապետության, ֆաշիզմի»: Նմանատիպ հայտարարությամբ Էրդողանը փորձում էր ներկայանալ «ժողովրդավար», սևացնել ՀԺԿ-ին և Էքրեմ Իմամօղլուին:
Հիշեցնենք, որ նախնական ընտրություններում իշխող ԱԶԿ-ԱՇԿ դաշինքն ուներ “Cumhur Ittifakı” անվանումը, որ թարգմանաբար նշանակում է հենց «ժողովրդի դաշինք»: Սա ևս էրդողանական քարոզչամեքենայի մասն էր կազմում:
Իր հրապարակավ ելույթներում երկրի առաջին դեմքը հանդես է գալիս իբրև «ժողովրդի մարդ» և հասարակության շրջանում երկար տարիներ ունի անկոտրում համբավ։ Այս ամենը նա կարողացել է բազմիցս ծառայեցնել հանուն իր իշխանության և կուսակցական շահերի։ Ինչպես օրինակ, վերջին ՏԻՄ ընտրական քարոզարշավում Էրդողանի անմիջական վերաբերմունքն ու թեյ բաժանելը «հասարակության մարդ» լինելու ապացույցներից մեկն էր։
Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ն մարտ 31-ի ընտրություններում կորցրեց Իզմիր, Անկարա, Անթալիա քաղաքները, սակայն ամենախոցելին Ստամբուլի կորուստն էր, որին համակերպվելը իշխանությունների համար բավականին բարդ էր։ ԱԶԿ-ի բողոքարկման արդյունքում կենտրոնական ընտրական խորհուրդը որոշում կայացրեց կրկնել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները։ Սակայն ԲԸԽ-ի հայտարարությունը բացասաբար անդրադարձավ Էրդողանի և կոմնակիցների համբավի ու գործունեության վրա։ Էրդողանն, ի պատասխան կուսակցության բողոքարկումն առարկողների, ասել է․
«Մշտապես կուսակցությունները դիմել են նմանատիպ քայլերի, ինչու եք մտահոգվում, երբ հերթը հասնում է իմ կուսակցությանը։ Մեզ համարել է ԿԸՀ-ի որոշումն անբեկանելի»։ Նախագահի հայտարարություններից պարզ էր դառնում, որ ԱԶԿ-ն ամեն բանի պատրաստ էր, որպեսզի կրկին չկորցնի Ստամբուլը։
Այս անգամ իշխող կուսակցության հիմնական թիրախը, նախագահ Էրդողանի ցանկությամբ, 1մլն 300հզ․ քաղաքացիներն էին, ովքեր չէին մասնակցել մարտ 31-ի ընտրություններին։ Թեև նախագահը չմասնակցեց նախընտրական քարոզարշավին, միևնույն է, նա տարբեր հանդիպումների ժամանակ շարունակում էր անդրադառնալ ընտրական թեմային։ Ստամբուլի ԱԶԿ թաղապետերի հետ Իֆթարի (Ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգը: Արարողությունը տեղի է ունենում երեկոյան աղոթքից հետո տեղական ժամանակով) շրջանակներում Էրդողանը հանդես էր եկել ՀԺԿ-ին բացահայտ քննադատող հայտարարությամբ։ Վերջինս, հիշատակելով 1960 թվականի Յասսըադայում երկու նախարարի ու մեկ վարչապետի կախաղանը, պնդել էր, որ այդ ամենի ետևում այսօրվա ՀԺԿ-ականների մտածելակերպն է թաքնված։
Ինչպես հայտնի է, նախագահն ընտրությունների վերաբերյալ արել էր «Կամ կմեռնենք, կամ կլինենք» հայտարարությունը, որն իրականում ոչ թե ուներ մոտիվացնող նշանակություն, այլ ԱԶԿ-ի համար կյանքի ու մահվան եզրագիծ։
Էրդողանն ու իր կողմնակիցները ամեն կերպ փորձում էին ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուին սևացնել հասարակության աչքին, որպեսզի Ստամբուլի նոր ընտրություններում Իմամօղլուն չկարողանա հաղթել։ Ընտրություններից օրեր առաջ Oրդույում Իմամօղլուին և իր պատվիրակությանը թույլ չէին տվել անցնել ինքնաթիռի VIP բաժին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Հետագայում պարզ դարձավ, որ Իմամօղլուն Օրդուի նահանգապետին վիրավորել էր ՝ ասելով «շուն»։ Դեպքի առնչությամբ ԹՀ գործող նախագահն ասել է. «Եթե Օրդուի նահանգապետն իրեն վիրավորելու մեղադրանքով դատական գործ հարուցի, և կհարուցի, դատարանի որոշումը, կարծում եմ, նրան (Իմամօղլուին) կխոչընդոտի ընտրապայքարում»: Սա ևս էրդողանական քարոզչամեքենայի և Իմամօղլուի համբավը գցելուն նպատակաուղղված միջոցներ էին:
Հունիսի 23-ին Ստամբուլում տեղի ունեցան քաղաքապետի նոր ընտրություններ: Ընդդիմադիր ՀԺԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կրկին հաղթեց: Հարկ է նշել, որ այս անգամ նույնիսկ Ստամբուլի ամենապահպանողական թաղամասերից մեկում՝ Ֆաթիհում (AKP-nin Kalesi, թրգմ. ԱԶԿ-ի Ամրոց) ձայները քեմալական կուսակցության լայիցիզմի գաղափարախոսության կրող Իմամօղլուինն էին, որի 2 հիմնական պատճառներն էին.
● սիրիացի փախստականների ներկայությունը
●Էրդողանի՝ իր փեսային՝ Ալբայրաքին լայն իրավասություններ տալը
Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ 3 ամսվա ընթացքում 2 անգամ Ստամբուլի քաղաքապետ ընտրված ՀԺԿ-ական Էքրեմ Իմամօղլուն հստակ քայլերով Թուրքիայի ներքաղաքական կյանքում առաջ է ընթանում: Շրջանառվում են հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտությունների մասին լուրերը, որտեղ, հնարավոր է, ՀԺԿ-ն հաղթանակ տանի, քանզի ՏԻՄ ընտրությունները նրանք դիտարկում էին որպես մեջլիսի ընտրությունների փորձաշրջան: Սակայն պետք է հաշվի առնել մի փաստ. նախագահ Էրդողանի համար Ստամբուլն ունի թե տնտեսական ու թե պատմական կարևորություն, այն հեշտությամբ չեն հանձնի հաղթած թեկնածուին: Հնարավոր է կազմակերպվեն դավադրություններ, տարբեր առիթներով հարուցվեն դատական գործեր, միայն թե կարողանան Ստամբուլը պահել իրենց ձեռքում:
Հեղինակ` Լիա Մկրտչյան
ԵՊՀ Թյուրքագիտության բաժնի ուսանող
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |