Հոդված21:47, 14 Հուլիս 2019
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի գործողությունների շուրջ

Միջերկրական ծովի՝ բնական պաշարներով հարուստ արևելյան հատվածներում երկար ժամանակ է, ինչ լարվածությունը չի նվազում։
2019թ․ հունիսի 20-ին թուրքական «Յավուզ» անունը կրող, հորատման աշխատանք իրականացնող նավը լքել էր Քոջաելի նահանգի Դիլովա շրջանի նավահանգիստը և ուղղություն վերցրել դեպի Միջերկրականի Մագոսայի ծոց։ «Յավուզին» նախորդել էր անցած տարի «Ֆաթիհ» նավի ուղարկումը, որը հոկտեմբերի 6-ին սկսել էր հորատման աշխատանքները։ Այս երկու նավերի միջոցով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների իրականացումը էլ ավելի էր սրել թուրք-կիպրական և թուրք-հունական լարված հարաբերությունները, ինչպես նաև արժանացել միջազգային կոշտ արձագանքի։
Միջերկրականի բնական հարուստ պաշարներից օգտվելու հարցում իրեն իրավասու է համարող Թուրքիայի այս քայլը Կիպրոսը, Հունաստանն ու շատ այլ երկրներ որակելով որպես կիպրական բացառիկ տնտեսական գոտու խախտում, պահանջում են անհապաղ դադարեցնել հորատման աշխատանքները։
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիա-Հունաստան-Կիպրոս լարվածությունը ամենևին էլ նոր չէ: Հարուստ բնական պաշարների հայտնաբերումից հետո պետությունների մեջ տարածքային չկարգավորվող խնդիրների կողքին պայքարի մի նոր հարթակ է դարձել Միջերկրականի արևելքը։ Հիշեցնենք, որ դեռևս 2011թ․-ն Կիպրոսի կողմից Միջերկրականի արևելքում նավթի և գազի հետախուզման, այնուհետև ամերիկյան Noble Energy ընկեության կողմից իրականացրած հորատման աշխատանքները առաջ բերեցին Թուրքիայի վրդովմունքը: Թուրքիայի կողմից ուղարկված «Հայրեդդին Բարբարոսա» նավը 2013թ․-ին սկսեց իր որոնողական աշխատանքները Միջերկրականում, որին էլ հաջորդեց հորատման աշխատանքների սկիզբը 2018թ․-ին։ Մինչ Թուրքիան պնդում է, որ Կիպրոսի թուրքական հատվածը ևս իրավունքներ ունի պաշարների տնօրինման հարցում, Հունասատանն ու Կիպրոսը միասնաբար դատապարտում են Թուրքիայի գործողությունները, մեղադրում Թուրքիային մեկ այլ պետության տարածք ներխուժելու համար ու հայտարարում մի շարք միջազգային կոնվենցիաների խախտման մասին:
Նշենք, ոչ Բացառիկ տնտեսական գոտի(ԲՏԳ) ասվածը կարգավորվում է ՄԱԿ-ի կողմից 1982թ․-ին սահմանված Ծովերի օրենքի վերաբերյալ կոնվենցիայով, որը միջազգային պայմանագիր է առ այն, որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն սահմանակից ծովային որոշակի հատվածում (200 ծովային մղոն) տնտեսական հատուկ իրավունքներ։ Այն դեպքերում, երբ որոշ երկրների բացառիկ տնտեսական գոտիները հատվում են կամ համընկնում, տվյալ երկրների միջև սովորաբար կնքվում են պայմանագրեր պաշարները համատեղ օգտագործելու վերաբերյալ: Կիպրոսը Միջերկրականի արևելյան հատվածում նավթի և գազի պաշարների վերաբերյալ կնքել է պայմանագրեր ծովի ափամերձ մյուս երկրների հետ, որով կիպրական կողմը, կարելի է ասել կիսվում է այդ պաշարներով տվյալ երկրների հետ։ Այդպիսի պայմանագրեր են կնքվել 2003թ․-ին Եգիպտոսի, 2007թ․-ին Լիբանանի և 2010թ․-ին Իսրայելի հետ։ Թուրքիան վերոհիշյալ պայմանագրերը չի ճանաչում։ Թուրքիան նաև չի ստորագրել Ծովերի օրենքի վերաբերյալ միջազգային վերոնշյալ կոնվեցիան և չի ընդունում Կիպրական հատուկ տնտեսական գոտին որպես այդպիսին։ Միջերկրականի հատակի պաշարների իր պահանջները Թուրքիան հիմնավորում է Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում «թուրքական պետության» գոյությամբ և տեղի թուրքերի՝ պաշարներից բաժին ունենալու իրավունքով։ Կիպրոսի Հանրապետությունը, իրեն համարելով կղզու միակ օրինական իշխանությունը, չի ճանաչում ինքնահռչակՀյուսիսային Կիպրոսի Հանրապետությունն ու Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա որևէ իրավունք:
Թուրքիայի կողմից վերջին շրջանի հորատման աշխատանքները խիստ արձագանք են ստացել տարբեր երկրներից ու միջազգային կառույցներից։ Հունաստանն ու Կիպրոսը, քննադատելով Թուրքիայի միջամտությունը, ԵՄ-ին կոչ են արել խստորեն դատապարտել Թուրքիայի գործողությունները։ ԵՄ-ի արձագանքը խնդրին չի ուշացել։ ԵՄ-ն Թուրքիայի պահանջը՝ ճանաչել Կիպրոսի թուրքերի իրավունքները, որակել է անհիմն, իսկ հորատման ու հետախուզական աշխատանքները՝ անօրինական, կոչ անելով անհապաղ դադարեցնել աշխատանքները։ ԵԽ նախագահ Ժան Կլոդ Յունկերը այս առիթով հայտնել է որ Թուրքիայի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն, որոնք ամենևին էլ թեթև չեն լինի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս, շեշտելով անօրինական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը, նշել է, որ այս հարցում ԵՄ-ն հանդուրժող չի լինի: ԱՄՆ-ն ևս, սատարելով Կիպրոսին, կոչ է արել Թուրքիային դադարեցնել մեծ ռիսկ պարունակող գործողությունները։
Շեշտենք նաև, որ հուլիսի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն նույնպես տարածել է հայտարարություն Թուրքիայի՝ Կիպրոսի ԲՏԳ - նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ։ Վերահաստատելով Կիպրոսի Հանրապետությանն ուղղված համերաշխությունն ու լիակատար աջակցությունը՝ ՀՀ Արտաքին գերատեսչությունը կոչ է արել Թուրքիային հարգել ԿՀ ինքնիշխանությունն ու դադարեցնել հորատման աշխատանքները երկրի ԲՏԳ հանդիսացող տարածքներում։
Այնուամենայնիվ չնայած միջազգային խիստ արձագանքնին, և պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին տնտեսական նման հարուստ և կարևոր գոտին Թուրքիան կորցնել չի պատրաստվում: Շահարկելով ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գոյությունն ու պնդելով վերջինիս բնակիչների իրավունքները Կիպրոսի ափամերձ շրջանի բնական հարստությունների նկատմամբ, Թուրքիան արդարացնում է Միջերկրականում իր գործողությունները: Հարկ է նշել, որ Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափամերձ հատվածում երկրի դարավոր զավթողական քաղաքականության դրսևորումներից են։ Տարածաշրջանում Թուրքիայի նկրտումները չեն սահմանափակվել 1974թ․-ին Կիպրոս կղզու հյուսիսային հատվածի բռնազավթումով և 1983թ-ին այնտեղ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հռչակումով։ Ականջալուր չլինելով միջազգային կոշտ արձագանքին՝ Կիպրոսի ափամերձ հատվածում Թուրքիան շարունակում է անօրինական գործողությունները։ Միջերկրականում հորատման աշխատանքներ իրականցնելով` Թուրքիան ներխուժում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի և խախտում միջազգային իրավունքը, ինչը չի կարող անհետևանք մնալ։
Անահիտ Կարապետյան
ԵՊՀ Թյուքագիտության բաժնի ուսանող
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |