Հոդված15:17, 16 Սեպտեմբեր 2019
Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները
Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ) պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել այն համատեքստերը, որտեղ որոշակիանում են ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները։
Ըստ Վասկովի՝ Ռուսաստանում ընդունված է խոսել բազմավեկտոր քաղաքականության և եվրասիական նախագծերի մասին, որոնք պահանջում են լավ հարաբերություններ և փոխգործակցություն Թուրքիայի հետ:
Միևնույն ժամանակ հեղինակը նշել է, որ չնայած չի կարելի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները թերագնահատել, այնուամենայնիվ ռուս-թուրքական հարաբերություններում կան ասպեկտներ, որոնք երկիմաստ են. պարունակում են և՛ որոշակի հեռանկարներ, և՛ որոշակի սպառնալիքներ, որոնք կարող են ոչ հեռու ապագայում ակտուալ դառնալ:
Ռուս պրոֆեսորը, նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների «բարելավումը» և «ռազմավարական գործընկերությունը» իրականացվում են արտաքին քաղաքական մի շարք համատեքստերում, որոնք կարող են փոխվել Ռուսաստանի համար անբարենպաստ ուղղությամբ, համոզմունք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի շատ նախագծային-իրավիճակային են, քան երկարաժամկետ ռազմավարական:
Վասկովը առաջինն առանձնացրել է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:
«Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է և շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, խնդիրն անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեջ է. այն փաստի մեջ, որ ԱՄՆ-ն շարունակում է որպես պահեստային դերակատարի պատսպարել այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին Ֆեթուլլահ Գյուլենն է, չնայած նրա հնարավոր էքստրադիցիայի մասին բոլոր խոսակցություններին, ինչպես նաև քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն է», -նշել է հեղինակը։
Իսկ Ռուսաստանի տեսանկյունի մասին ռուս փորձագետը նշել է, որ ամերիկյան գործոնը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցում խթանող, առաջ մղող նշանակություն ունի: Հենց այդ համատեքստում Թուրքիայի կողմից Ս-400 ԶՀՀ ձեռքբերումը Ռուսաստանում համարվում է դարակազմիկ հաղթանակ ԱՄՆ-ի նկատմամբ: Սակայն մասնագետը նշել է, որ այդ ընկալումը մասամբ է ճիշտ: Իսկ այս գործարքի հիմնական գործոնը նա համարում է ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այլ ԱՄՆ-ից ազատագրվելու, ներքին լսարանին իր ուժն ու անկախությունը ցույց տալու ցանկությունը:
Որպես ռուս-թուրքական հարաբերությունների մեկ այլ կարևոր համատեքստ հեղինակը նշել է հարաբերություններն Ուկրաինայի հետ: Փորձագետն առանձնանցրել է Թուրքիայի համար ռուս-ուկրաինական օրակարգը, որտեղ հիմնական գործոնը Ղրիմը և Ղրիմի թաթարների հարցն է, և Ռուսաստանի օրակարգը, այն է՝ Եվրոպային ռուսական գազի մատակարարման այլընտրանքային ուղիներն ամրապնդելու ցանկությունը:
Հեղինակը նշել է, որ Թուրքիայի ուկրաինա-ռուսական համատեքստը՝ պայմանավորված Ղրիմի և Ղրիմի թաթարների հարցով, չի կարող գոհացնել ռուսական կողմին: Հեղինակի խոսքերով, այս հարցը Թուրքիայում դիտարկվում է որպես պանթյուքիստական կամ նեոօսմանական ծրագրի բաղադրիչ, իսկ այդ ծրագիրը թիրախավորում է Ռուսաստանում ապրող գրեթե բոլոր թյուրք ժողովուրդներին:
«Պանթյուքիատական, նեոօսմանական ծրագրի տրամաբանության մեջ Ռուսաստանը Թուրքիայի համար, ոչ թե դաշնակից է կամ գործընկեր, այլ պատմական հակառակորդ է և օբյեկտ իր նվաճողական քաղաքականության համար, որը հիմնվում է Ռուսաստանի մի շարք ժողովուրդների Թուրքիայի հետ էթնիկ կրոնական ընդհանրության վրա», -նշել է հոդվածի հեղինակի։
Նա նշել է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությանը և խրախուսում է Ղրիմի թաթարների անջատողականության և հակառուսական տրամադրությունները: Փորձագետը ուշադրություն է հրավիրել ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանի այս հարցում ագրեսիվ հռետորաբանությանը Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարը ոչ թե չեզոք ձևակերպումներ է օգտագործում այլ՝ անեքսիա:
Ըստ Վասկովի, փաստորեն, Թուրքիան, չճանաչելով Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ և հաստատապես սատարելով ուկրաինական դիրքորոշմանը, հայտարարում է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու իր մտադրության մասին և փորձում է իր շահերից ելնելով ազդել Ռուսաստանի պետական քաղաքականության վրա ՝ շահարկելով որոշակի էթնիկ խմբի ՝ Ղրիմի թաթարներին:
Այս համատեքստում Վասկովը ներկայացրել է Ռուսաստանի համար գոյություն ունեցող պանթյուքիստական տրամադրությունների վտանգները՝ նշելով, որ Ռուսաստանի ժողովուրդներին առաջարկվում է ինքնության բոլորովին այլ ձև ՝ հիմնված թյուրքական ինքնության և իսլամի վրա, որը տարբերվում է ռուսական քաղաքացիական քաղաքական ինքնությունից: Ըստ հեղինակի՝ Թուրքիայի այս քաղաքականությանը սատարելու համար ստեղծվում են ցանցային կառույցներ, որոնք, ինչպես ցույց է տալիս Կովկասում հակամարտությունների փորձը 1990-ականներին, շատ արագ վերափոխվում են հակառուսական քարոզչություն, այնուհետև ՝ ռազմաքաղաքական մոբիլիզացիայի: Այս կառույցները կհաջողեն, եթե Ռուսաստանում իրականություն դառնա քաղաքական խնդիրների և կենտրոնական իշխանության թուլացման սցենարը։
Վասկովն, անդրադառնալով Ուկրաինայի հարցում ռուսական օրակարգին, նշել է, որ Թուրքական հոսքը ուժեղացնում է Ռուսաստանի՝ որպես արտահանող երկրի դիրքերը և ավելի քիչ կախվածություն ստեղծում ուկրաինական կողմի քմահաճույքներից։
Սակայն հոդվածի հեղինակը ընդգծել է, որ Թուրքական հոսքը ոչ միայն օգուտ է, այլև վտանգ է Ռուսաստանի համար: Բանը նրանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում այս նախագիծը դառնում է հարմար գործիք Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար: Նման կարծիքի հիմքում ռուս փորձագետի դիտարկումն է առ ան, որ Ռուսաստանից լավ գնով ձեռք բերված գազը և տրանզիտից ստացված հասույթը Թուրքիայի համար թեև հաճելի ձեռքբերում են, բայց կրիտիկական և համակարգային նշանակություն չեն ունենա: Իսկ ահա Ռուսաստանի դեպքում իրավիճակը հակառակն է, քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտը և դրա էներգետիկ բաղադրիչը դեռ շատ երկար կտևի։
Վասկովը նշել է, որ Ռուսաստանի համար թե՛ Հյուսիսային, թե՛ Թուրքական հոսքերը խոցելի են՝ համոզմունք հայտնելով, որ խոցելիության մեծ աստիճանը հենց հարավային ուղղությունն է: Ըստ ռուս փորձագետի՝ միանգամայն հնարավոր հեռանկար է, որ Թուրքիան կարող է սպառնալ գազի արտահանման հոսքի արգելափակմամբ և նրանով, որ այն բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հեղինակության վրա: Վասկովը չի բացառել նաև, որ Թուրքական հոսքը կարող է Թուրքիայի ձեռքին գործիք դառնալ Եվրամիությանը հնարավոր շանտաժի ենթարկելու համար: Որպես նախադեպ Վասկովը հիշեցրել է միգրացիոն ճգնաժամի ընթացքում Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները. Թուրքիայում ճնշումների և փաստացի շանտաժի քաղաքականությունը միանգամայն ընդունելի են։
Հաջորդ ցավոտ կետը, որը առանձնացրել է ռուս փորձագետը, Սիրիան է: Ըստ նրա՝ քրդերի դեմ Էրդողանի գործողությունները Ռուսաստանի համար ծայրահեղ կարևորության հարց չեն, բայց նույնը չի կարելի ասել Բաշար Ասադի դեմ նրա գործողությունների վերաբերյալ: Վասկովը նշել է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեն թե՛ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի ուղղակի բախման վտանգը, թե՛ Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները զիջումների գնալու ի վնաս Ասադի։
Որպես ասվածի վառ օրինակ հոդվածագիրը նշել է բախումները Իդլիբի շրջանում: Նրա խոսքերով, թեև Էրդողանն ու Ասադը վաղուց արդեն, մեղմ ասած, ընկերներ չեն, բայց Ռուսաստանը սատարում է Ասադին, որը քիչ ցանկություն ունի հանդուրժելու Թուրքիայի կողմից իր երկրի ինքնիշխանության խախտումը:
Վասկովը, անդրադառնալով հարցին, թե կողմերը այս վերոնշյալ համատեքստում ինչ զիջումների կարող են գնալ, ուշագրավ դիտարկում է անում այժմյան Թուրքիայի քաղաքական համակարգի վերաբերյալ, նշելով, որ երկրի քաղաքականությունը կենտրոնացված է մեկ անձի վրա, իսկ Ռ. Էրդողանի ռեժիմը ներքուստ անկայուն է: Դրա ապացույցը Թուրքիայում էստ ըության աշխարհիկ և քեմալական բանակի կողմից ռազմական հեղաշրջման փորձն էր, ռազմական միջավայրում շարունակվող դժգոհությունը և տեղական ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը: Նման պայմաններում, ըստ Վասկովի, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և ինչպիսին կլինի Թուրքիայի այլ քաղաքական ուժերի վերաբերմունքը ռուսական նախագծերի նկատմամբ, թեկուզ ինչպիսին կլինի հենց Էրդողանի վերաբերմունքը ապագայում։ «Այնուամենայնիվ, գամբիտը, որպես խաղային քայլ, պահանջում է զոհաբերել կամ զիջել ինչ-որ բան՝ ապագայում ռազմավարական առավելություն ապահովելու համար»,-հավելել է Վասկովը։
Ըստ Վասկովի՝ վերոնշյալ խնդիրը հաշվի առնելով երկու կողմերի համար էլ «զիջումները» բավականին ցավոտ են: Նախ Ղրիմի և թաթարների հարցում, եթե Էրդողանը հետքայլ անի, դա կնշանակի Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացում է, և որն ավելի վտանգավոր է Էրդողանի համար՝ նեոօսմանյան ծրագրի քայքայում: Մյուս կողմից, Ռուսաստանը ամենայն հավանականությամբ պատրաստ չէ Ասադի համար բացասական գործողություններ ձեռնարկել ՝ Էրդողանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ Ռուսաստանի համար պայքարել այնտեղ՝ բարդացնելով իր հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իսրայելի հետ:
Վասկովը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու համատեղ նախագծեր պետք է լինեն, բայց միևնույն ժամանակ չպետք է լինեն ոչ գերագնահատված սպասումներ, ո՛չ էլ էյֆորիա: Նրա կարծիքով՝ պետք է հիշել հիմնարար հակասությունները և մերձեցման իրավիճակային քաղաքական ենթատեքստը, որը հիմնված է հիմնականում արտաքին գործոնի՝ Միացյալ Նահանգների և նրա գլոբալ քաղաքականության վրա, որից Ռուսաստանն ու Թուրքիան դժգոհ են սեփական պատճառներից ելնելով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |