Հարցազրույց14:12, 23 Սեպտեմբեր 2019
Բագրատ Էստուկյան. «Պոլսահայ համայնքը չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով կորցրել է միասնականությունը»

Պոլսի հայ համայնքի առջև ծառացած խնդիրների, Թուրքիայի քաղաքական զարգացումների և այլ թեմաների շուրջ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:
- Պարոն Էստուկյան, սկսենք պոլսահայ համայնքի խնդիրներից։ Ի՞նչ մարտահրավերներ ու հարցեր կան, որ շարունակում են մնալ օրակարգային և օրախնդիր:
- Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պատրիարքի ընտրությունը: Դրա հետ են կապված նաև համայնքային հաստատությունների ընտրությունները, որովհետև այդ մարմինները նոր կանոնագրի պատրաստության պատճառաբանությամբ երկար ժամանակ է չեն կարողանում ընտրություններ իրականացնել: Եվ այս մարմինների թվում կան նաև բավականին լուրջ գումարներ տնօրինող մարմիններ, հետևաբար կարևոր է նրանց` ընտրված վարչություն ունենալը: Սա ամենակարևոր խնդիրն է: Այս խնդրի կարգավորումը կարող է մեղմել նաև համայքնի մեջ տիրող պառատակտման երևույթը:
Այսօր պառակտում է տիրում, որովհետև համայնքը չունի ընտրված առաջնորդ, չունի վստահություն ներշնչող առաջնորդ և դրա հետևանքով էլ կորցրել է միասնականությունը: Մենք այս ընտրություններն ապահովելով կարող ենք վերաշահել և վերագտնել այդ միասնությունը: Եվ այս առումով էլ կարևոր է: Բայց, անշուշտ, ուրիշ երևույթ էլ կա. Թուրքիայի հայության ընդհանուր խնդիրներն ընդգծված կերպով կապված են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգի հետ: Դա էլ մեզ վրա ազդող երևույթ է: Այսօր մի կողմից Թուրքիան դեմ հանդիման է տնտեսական ճգնաժամին, մյուս կողմից միջազգային քաղաքականության առումով զանազան երկրների հետ խնդիրներ ունեցող երկրի է վերածվել: Այդ բոլորից անմասն չենք մնում նաև մենք: Այսօր միգուցե Թուրքիան լավ շփումներ ունի Ռուսաստանի հետ, փորձում է նաև լավ շփումներ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներ հետ: Սակայն այդ շփումների արդյունքում ավելի շատ թշնամություն և խնդիրներ ստացավ: Այսօր Եգիպտոսը Թուրքիային թշնամի երկիր դարձավ, Սիրիան, բնականաբար, թշնամի երկիր դարձավ, Իրաքը՝ նույնպես: Տարածաշրջանում Թուրքիան բավականին դժվար իրավիճակի մեջ հայտնված երկիր է:
- Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը և հարաբերությունների ջերմացումը Ձեր կարծիքով ի՞նչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։
- Թուրքիան Հայաստանի դեմ միշտ որդեգրել է վանողական և մերժողական մոտեցում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է: Բայց նույն Ռուսաստանը միևնույն ժամանակ Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից է: Հետևաբար մենք՝ հայերս, չենք կարող անվերջ վստահել որևէ գերտերության և ստիպված ենք միշտ մեր ինքնապաշտպանությունն ապահովելու ինքներս: Որքան էլ մեր երկիրը փոքր լինի, որքան էլ մեր ուժերը սահմանափակ լինեն, առաջին հերթին պետք է պատերազմից խուսափենք, պատերազմի տեղի չտալ, բայց եթե արդեն անհրաժեշտություն դառնա և պատերազմն անփուսափելի լինի, ինչ արած, մենք արդեն ապացուցել ենք, որ պատերազմից վախեցող չենք: Այնուամենայնիվ, պատերազմը մարդկության դեմ հանցագործություն է, և մենք մինչև հարկադրված չլինենք պատերազմի ուղին չպետք է ընտրենք: Բայց մեր անվտանգությունն էլ չենք կարող վստահել որևէ մեկին. մենք ենք, որ պետք է ապահովենք այն:
- Բացի ավանդական հայ համայնքից գիտենք, որ գոյություն ունի նաև հայաստանցիների խնդիրը։ Առարկայական լուրջ վտանգներ տեսնու՞մ եք Թուրքիայում հայաստանցիների հետագա ճակատագրի հետ կապված։
- Նրանցից շատերը վերջին երկու տարվա զարգացումներից հետո սկսել են մտածել հայրենիք վերադառնալու մասին, բայց կա նաև մի զանգված, որը փոքրաթիվ չէ և մտադիր չէ վերադառնալ և փորձելու են ամեն գնով մնալ Թուրքիայի մեջ, որովհետև իրենց ունեցած փորձով Թուրքիայի մեջ ավելի հեշտ է աշխատանք ճարել: Այդպիսիք ուզում են շարունակել ապրել և աշխատել Թուրքիայում: Որքան ժամանակ, որ օրինական կարգավիճակ չունեն, նրանք միշտ այդ վտանգն իրենց մաշկի վրա զգալու են, որ կարող է պետության քաղաքականությունը փոխվել և նրանց գոյությունը Թուրքիայում կարող է վերջ գտնել: Սա իրենց համար, անշուշտ, մտատանջություն է, լուրջ մտահգություն և միշտ էլ կա նման հավանականություն: Օրինակ` սիրիացի փախստականները «հրավիրված էին» կարծեք թե Թուրքիա, բայց հիմա նրանց որսում են և հետ են ուղարկում Սիրիա, նույնիսկ այն վայրերը, որտեղ դեռ շարունակում են պատերազմական գործողությունները: Հայաստանցիների մի մասի համար գլխավոր վտանգը Թուրքիայից վտարվելն է: Նրանք խառնամուսնությունների, իրենց սերունդների հայ մնալ-չմնալու ռիսկերը հաշվի են առել, որ ուզում են շարունակել Թուրքիայում ապրել:
- Վերջերս նկատելի է Հայաստանի քաղաքացիության համար դիմումների աճի միտում։ Այսինքն Թուրքիայի հայերը բավականին շատ են դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Ինչո՞վ եք դա պայմանավորում։
- Անշուշտ ապահովության գործոնը պետք է նկատի առնենք, մանավանդ որ Մերձավոր Արևելքի հայ սփյուռքը շատ մեծ դասեր քաղեց Հալեպի մեջ տեղի ունեցածից: Հալեպը մեր կայացած համայնքներից մեկն էր` շատ լավ կազմակերպված մի համայնք, որն այսօր գրեթե գոյություն չունի պատերազմի բերումով: Դա բոլորի համար շատ տպավորիչ օրինակ հանդիսացավ և այդ առումով բացառություն չեն նաև պոլսահայերը: Մեկ այլ գործոն էլ կա. ոմանք համոզված են, որ տիրանալով Հայաստանի Հանրապետության անձնագրին՝ ավելի հեշտ առանց վիզայի հետագայում կկարողանան ճամփորդել դեպի եվրոպական երկրներ: Միգուցե դա էլ մի գործոն է: Բայց կա նաև մի զանգված, որի մասն եմ կազմում ես ինքս, մեզ համար ուղղակի հպարտություն է Հայաստանի քաղաքացի դառնալը և Հայաստանի հետ ավելի օրգանիկ կապ ունենալը, ավելի ուղղակիորեն քաղաքացիության գծով Հայաստանի հետ կապված լինելը մեզ համար ուրախություն է:
- Վերադառնանք այս տարի սպասվելիք թերևս ամենակարևոր իրադարձությանը՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին: Ինչպիսի՞ խմորումներ են տեղի ունենում այդ հարցի շուրջ համայնքում։ Ընդհանրապես համայնքի ներսում ի՞նչ են խոսում, ի՞նչ ակնկալիքներ կան։
- Տարբեր զանգվածներ տարբեր մտավախություններ ունեն: Նախ այս պահին հստակ կա դեռ երկու թեկնածու, մեկը` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, մյուսը` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նրանք երկուսն էլ ունեն իրենց համակիրների շրջանակը, բայց կա ավելի մեծ զանգված, որը նրանց երկուսին էլ դեմ է և փնտրում է երրորդ անուն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գաղտնիք չէ, որ այդ երրորդ անունն էլ այս պահին արդեն հստակ է դառնում հանձին Սեպուհ Սրբազան Չուլջյանի: Նրանց համակրող կարևոր մի զանգված կա, և ներկա պահին այս երեք անուններն են, որ հստակ երևում են: Հետևաբար կարող ենք խոսել դեռ միայն այս երեք անունների շուրջ: Միգուցե չորրորդ անունն էլ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչիյանն է, որը մինչ այդ ընտրվել էր որպես տեղապահ և բացառված չէ, որ նա էլ կառաջադրի իր թեկնածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |