Հարցազրույց15:41, 02 Հոկտեմբեր 2019
Արա Գոչունյան. «Վերջին կանոնադրությունը բնականաբար 100%-ով ողջունելի չէ»
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության կանոնադրությունը, որով սահմանափակվում էին արտասահմանում գործող եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին: Կանոնադրությունում առկա սահմանափակումը դժգոհություն և անորոշության մթնոլորտ է ստեղծել Պոլսի հայ համայնքում:
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության, կանոնադրության հակասական կետերի, հայ համայնքում դիրքորոշումների վերաբերյալ Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է ունեցել Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ:
-Պարո՛ն Գոչունյան, ո՞րն է Ձեր դիրքորոշումը կանոնադրության վերաբերյալ: Արդյո՞ք նման սահմանափակումը նորմալ եք համարում:
-Վերջին կանոնադրությունը, որ մենք ունեցանք, բնականաբար 100%-ով ողջունելի չէ: Այս կանոնադրության մեջ հանրապետական շրջանում կատարված նախորդ պատրիարքական ընտրությունների կանոնադրությունների հետ համեմատած բավական առաջընթաց կա: Բայց հիմնական խնդիրը այն է, որ թեկնածուական հանգամանքներով կան որոշ սահմանափակումներ: Այդ սահմանափակումները կան այն պատճառով, որ այս անգամվա պատրիարքական ընտրության գործընթացում և դրան նախորդող փուլերում մեր համայնքը ցանկացել է ավելի շատ շեշտադրումը դնել 1863թ. Ազգային Սահմանադրության վրա: Այժմ այն ուժի մեջ չէ: 1960թ. հանրապետական Թուրքիայի ռազմական հեղաշրջումից հետո այդ սահմանադրությամբ նախատեսված դրույթների վերջին փշրանքները վերացած են: Բայց խնդիրը նրանում է, որ Ազգային Սահմանադրությունը ինչ-որ փաստաթղթով չի փոխարինվել: 12 տարիների ընթացքում առանց գահակալի մնալու հանգամանքների բերումով մենք խտացյալ ձևով լուծման որոնումների մեջ էինք և ուզենք-չուզենք հղումները գնում էին Ազգային Սահմանադրությանը: Պետության հետ հարաբերությունների մեջ էլ եղավ նույն բանը. մենք հղում էինք անում Ազգային սահմանադրությանը: Պետությունն իր հերթին շատ ավելի Ազգային Սահմանադրության ոգուն համապատասխան կանոնադրություն ուղարկեց մեզ: Բայց այնտեղ էլ մի հակասություն առաջացավ. մենք Ազգային Սահմանադրությունը մշակել էինք 1863թ. այն օրվա պայմաններով, իսկ այսօր աթոռի, հոգևորականների դասի թվից սկսած մինչև թուրքահայության ներուժը բավական սահմանափակ է: Հետևաբար, մենք այս ուրույն վիճակում հնարավորություն չունենք 100% սփյուռքից կամ ընդհանրապես հայկական աշխարհից մեկուսանալու: Իսկ թեկնածուական խնդիրների պարագայում եղած սահմանափակումը խորքում հետին նպատակով մտցված սահմանափակում չէ: Դա գալիս է զուտ սահմանադրության ոգուց, որովհետև սահմանադրության մեջ կարող են պատրիարքական թեկնածու լինել միայն Պոլսո աթոռի միաբանները: Հիմա մենք փորձում ենք հարթել այդ հակասությունը: Ամփոփելով ասեմ, որ սուր երկընտրանքի առջև ենք: Մի կողմից 12 տարուց ի վեր պատրիարքական աթոռը թափուր է, և եթե մենք այս կանոնադրությամբ առաջնորդվենք, մինչև տարեվերջ պատրիարք ունենալու իրատես հնարավորություն ունենք: Այդ նպատակին հասնելու համար թեկնածուական սահմանափակման հետ որոշ չափով պետք է հաշտվենք: Մյուս կողմից, եթե չհաշտվենք և պահանջենք նորը, դիմենք դատական իշխանություններին և այլն, այդ դեպքում էլ պատրիարքական ընտրության գործընթացը նորից անորոշ ժամանակով պետք է ձգվի: Համայնքը փորձում է կողմնորոշվել, և գիտեք, որ այս հինգշաբթի Ստամբուլում ունենք կարևոր խորհրդակցություն:
Նախ ասեմ, որ ես սահմանափակումը նորմալ չեմ համարում: Բայց այս պարագան, որում մենք հայտնվել ենք փակուղի է: Մեր նպատակը վերջին հաշվով պատրիարք ընտրելն է և մենք որպես համայնք պետք է կողմնորոշվենք: Եթե ուզում ենք առանց հապաղելու այդ լուծումը գտնել, կարող ենք նախընտրել այս ձևի «յոլա» գնալը: Երկու նախընտրության պարագայում էլ դիմագրավելու հետևանք կա, բայց էստեղ ելքը հիմնականում հետևյալն է, որ ինչ սկզբունքներով, ինչ կանոնադրությունով էլ մենք այս անգամ պատրիարք ընտրենք Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի գործունեության օրակարգի համար մեկ խնդիրը պետք է լինի պատրիարքական աթոռի նոր կանոնադրություն մշակելու խնդիրը: Համայնքում լայնախարիսխ խորհրդակցություններով, պետության հետ սերտ աշխատանքով, բոլոր պատկան գործոնների հետ շփվելով՝ այդ հարցը պետք է լուծվի:
-Ըստ ձեզ, ինչպիսի՞ տարաձայնություններ կան պատրիարքական ընտրությունները կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնարկ մարմնում: Ինչու՞ իրավաբան Սեդրակ Դավութհանը հրաժարական տվեց և դուրս եկավ Նախաձեռնարկ մարմնի կազմից:
-Գիտեք, Նախաձեռնարկ մարմինը բազմանդամ խումբ է և կոնկրետ նպատակով ժամանակավոր ստեղծված կառույցի մեջ նման տարակարծություններ կարող են լինել, որովհետև նախաձեռնարկ մարմինը մի խումբ է, որը համայնքի ամենատարբեր հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուներից է կազմվում: Հետևաբար, այդպիսի իրավիճակում հնարավոր չէ, որ միատարր բան լինի: Նախաձեռնարկ մարմնի կազմում կան ասենք, տարբեր մոտեցումներ և տարբեր համոզումներ ունեցող մարդիկ: Ես հարգում եմ նաև պարոն Դավութհանի հրաժարականը: Նախաձեռնակ մարմինն այս պահին դիմագրավում է դժվարություն, որը զուտ սուր երկընտրանքի պարագան է: Նախաձեռնակ մարմնին լիազորություն է տրված, որպեսզի պատրիարքական ընտրությունը կազմակերպի, հասնի այդ ընտրությանը ինչ-որ ձևով և հիմա այդ մարդիկ իրենց առաքելությունից բխած գործը անելու հնարավորությունը ունեն տեսականորեն: Հիմա հաջորդ քայլափոխին որոշ առումով խցանումներ են առաջացած և այդ խցանումների պարագայում իրենք ինչպես պետք է դիրքավորվեն, ինչ պետք է անեն, անշուշտ իրենց քննարկելու թեման է: Այնտեղ բարդ է իրավիճակը, ես ընդունում եմ, բայց նախաձեռնարկ մարմինը պետք է ի վերջո ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությունը հարգի և ինչ-որ ձևով ժամանակ շահելու մարտավարությունից պետք է հեռանա:
Նախաձեռնակ մարմինը երրորդ ժողովն է անցկացրել, որից հետո որևէ որոշում չի ընդունվել, և ժողովրդի մոտ կոպիտ ասած տպավարություն է, որ «համը հանել են»: Հիմա նախաձեռնակ մարմինը, փաստորեն, ժողով է հրավիրել համայնքի հիմնադրամների ղեկավարներին, այսինքն՝ այն կազմին, որը իրեն ընտրությունները կազմակերպելու լիազորություն է տվել: Սրանից հետո այլևս գնալու տեղ չկա: Ըստ իս, ճիշտ չէ այդ կազմը նորից կանչել, այդ մարդկանց կամքը նորից հարցաքննել: Եթե փորձենք լավատես լինել, այնպես պետք է մտածենք, որ վստահորեն քվե են պահանջում համայնքից այս ծանր փուլում:
Մենք պետք է գործընթացին վերաբերվենք նաև ինքնաքննադատաբար, որովհետև եթե մենք ամենասկզբից ընդհանուր փոխանորդի համակարգով գնայինք ընտրության, ապա այն ժամանակ մենք պետք է իրավունքը ունենայինք պահանջելու արտասահմանի եպիսկոպոսների թեկնածության պարագան: Բայց մենք պետությանը պատճառաբանեցինք, որ մենք տեղապահ պետք է ընտրենք, որովհետև մեր սահմանադրության մեջ այդպես է նախատեսված: Հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ տեղապահ ընտրելու համար ուզում ենք գնալ սահմանադրության ճանապարհով, իսկ պատրիարք ընտրելու համար չենք ցանկանում գնալ սահմանադրության ճանապարհով, այսինքն իրավական փաստաթղթերի միջև ընտրովի մոտեցում ցուցաբերելու հակասության մեջ ենք, որպես համայնք: Պարզ է, որ մենք չենք ցանկանում մեր իրավունքները զիջել, պարզ է, որ ուզում ենք մեր ժողովրդի համար առավել լայն ընտրական այլընտրանք ապահովել: Այս բոլորը հարգելի են, բայց մյուս կողմից, երբ բյուրոկրատիայի հետ եք աշխատում, պետական վարչամեքենայի հետ եք աշխատում, պետք է ավելի հավասարակշված լինել:
-Պոլսում «Հասարակական նախաձեռնության խումբը» Նախաձեռնարկ մարմնին կոչ էր արել ընդդիմանալ պետության ներկայացրած կանոնադրության խնդրահարույց կետին: Դուք, հարցազրույցներից մեկում նշել էիք, որը խումբը բաղկացած է Սեպուհ արք. Չուլջյանի պոլսահայ համակիրներից, թեև նրանք չէին նշել, թե որ եպիսկոպոսին են աջակցում: Այս խումբը Պոլսի հայ համայնքի ստվար հատվածի դիրքորոշո՞ւմն է արտայատում:
-Իրենք չեն ցանկացել որևէ թեկնածուի, համակիրի դիրքերից հանդես գալ իրենց սկզբունքի բերումով: Իրենք ուզում են ասել, որ խորքում ինչ-որ անձի «դարդին» ընկած չեն, իրենք սերունդների համար այս իրավունքի երաշխավորությունն են պահանջում և այս սկզբունքի պատճառով է, որ իրենք չեն ցանկացել անձի համակիր հանդես գալ: Դա կարևոր մանրամասնություն է: Գիտեք, մենք խոսում ենք ընդամենը 50-60 հազարանոց համայնքի մասին, որը շատ խորը ավանդույթներ ունի: Մենք, որ այդքան փոքրաթիվ համայնք ենք մնացել, մեր համայնքում որևէ պահանջի, որևէ կարծիքի դեպքում, ըստ երևույթին, այդքան էլ նպատակահարմար չէ ասել, որ «ախր սրանք ո՞վ են, ի՞նչ զանգված են, ստվա՞ր են, փո՞քր են»: Մեզ համար յուրաքանչյուր մարդու, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր զավակի դիրքորոշումը կարևոր է: Ընտրվելիք պատրիարքը մեր համայնքի բոլոր անդամների պատրիարքը պետք է լինի: Այսինքն, մենք այդ մարդուց պետք է ակնկալենք, որ մեր համայնքի ցանկացած անդամի համար ուղեցույց լինելը: Հասարակական նախաձեռնության խմբից շատերը իմ անձնական բարեկամներն են: Մենք իրենց դիրքորոշումը հարգում ենք և կարևորում ենք անկախ իրենց թվից: Կարող է իրենց կոչը ստորագրած լինի 300 հոգի, կարող է լինել 3000 հոգի, բայց իրենք սկզբունքորեն անտեսված չեն:
- Հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն կուլիսային հանդիպումներ է անցկացրել և անցկացնում: Ի՞նչ հանդիպումներ են, ի՞նչեր են քննարկվում և ի՞նչ ազդեցություններ են ունենում ընտրական գործընթացի վրա:
-Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատանպետ պարոն Պետրոս Շիրինօղլուն մեր համայնքի թիվ մեկ աշխարհական վարիչն է: Այդքան էլ ճիշտ պատկեր չի արտացոլում, երբ դուք Շիրինօղլուի հանդիպումները կուլիսային ենք անվանում: Պարոն Շիրինօղլուն կուլիսային հանդիպումներ չի ունենում, ի պաշտոնե իր համայնքում ունեցած դիրքի բերումով շփվում է մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ, զուտ մեր համայնքի օրակարգից բխած հրատապ հարցերի լուծման որոնումների շրջանակի մեջ: Պարոն Շիրինօղլուն պատրիարքական ընտրության կապակցությամբ հնարավորություն ունի շփումներ ունենալու: Շիրինօղլուն շատ հաճախ ինքն անձամբ մամուլում լուսաբանում է: Մեր բոլոր լրատվամիջոցները հնարավորություն ունենում են իրենից տեղեկություն ստանալ: Կուլիս բառը իր էությամբ շատ ավելի թաքուն մթնոլորտ է նախատեսում: Իսկ Շիրինօղլուն որևէ թաքուն բան չի անում, գնում է, խոսում է, դա իհարկե, ինքն էլ իր դատողությամբ է անում այդ աշխատանքը, կամ ասենք իր մտքի դատած ռազմավարությամբ է անում:
Վերջին հանդիպման ընթացքում Ալի Յերլիքայայի (Ստամբուլի նահանգապետ) և Սուլեյման Սոյլուի (Թուրքիայի ներքին գործերի նախարար) հետ քննարկել է պատրիարքական ընտրության խնդիրը: Արտակարգ իրավիճակների վարչության Ստամբուլի կենտրոնում են հանդիպել նախարարի հետ: 40 րոպեով դուրս է եկել նախարարը, Շիրինօղլուի հետ զրուցել է, որում ներկա է գտնվել նաև Ստամբուլի նահանգապետը: Երբ նախարարը եկել էր պատրիարքարան, ներկա է եղել նաև նահանգապետը: Այսինքն նահանգապետը ներքին գործերի նախարարության և մեր պատրիարքարանի համար կամրջող մարդ է: Խոսակցությունը եղել է պատրիարքական ընտրության մասին: Իր դիրքորոշումներով ճկուն և լրացուցիչ հնարավորություններ ստեղծող մարդ է Շիրինօղլուն: Առաջիկա օրերին պետք է տեսնենք, թե ինչ կլինի:
Իսկ 10 օր առաջ ինքը ուղղակի հիվանդանոցի հոգաբարձության իր տեղակալի հետ հանդիպել է պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այստեղ, օրինակ, պատրիարքական ընտրության խնդիրը հանդիպման առանցքում չի եղել: Նախագահի հետ խոսել են ազգային հիվանդանոցի դիմաց գտնվող մի ընդաձակ տարածքի մասին, որը եղել է հիվանդանոցի պատմական բանջարանոցը: Պարոն Շիրինօղլուն ցանկանում է համայնքի համար կրկին ձեռք բերել այդ տարածքի սեփականության իրավունքը: Դատական որոշում կա, որ այն պետք է վերադարձվի ազգային հիվանդանոցին, բայց այնպես է գնում գործընթացները, որ դատական որոշումով հանդերձ տեղի համանյքապետարանը չի համաձայնվում, լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում: Ընդ որում, այդ համայնքապետը պարոն նախագահի գլխավորած կուսակցության անդամ է, այսինքն իշխանական կուսակցության քաղաքապետ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |