Հարցազրույց14:04, 18 Նոյեմբեր 2019
Հարցազրույց Պոլսո հայոց պատրիարքի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ
Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Թուրքական պետության առաջ քաշած սահմանափակման արդյունքում թեկնածություն առաջադրելու հնարավորություն տրվեց միայն Պոլսի աթոռին ենթակա 3 եպիսկոպոսներին: Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արք. Բեքչյանը հրաժարվեց թեկնածու առաջադրվել, արդյունքում ընտրությունը կանցկացվի 2 թեկնածուի՝ Կրոնական խորհրդի ատենապետ Արամ արք. Աթեշյանի ու պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև:
Ermenihaber.am-ը ընտրական գործընթացի, թեկնածուների միջև առկա հակասությունների, պետության մտցրած սահմանափակման ու այլ թեմաների մասին զրուցել է պատրիարքական գահի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
1. Սրբազան հայր, կխնդրեմ մեր ընթերցողներին ծանոթացնել ընտրական գործընթացին: Ինչպե՞ս է անցկացվում և այժմ գործընթացը ո՞ր փուլում է գտնվում:
- Պատրիարքական ընտրութեան գործընթացը բնականոն հունի մէջ է։ Երանաշնորհ Մեսրոպ Պատրիարքի վախճանումէն վերջ, աւանդական դրութեամբ սկսած է ընտրական աշխատանքը։ Պետութեան կողմէ անհրաժեշտ կանոնադրութեան ուղարկումով ամէն ինչ դարձած է ա՛լ աւելի յստակ։ Այժմ արդէն այդ կանոնադրութիւնով նախատեսուած ժամանակացոյցի հիման վրայ կ՚ընթանայ ամէն ինչ։ Աշխարհական պատգամաւորներու թեկնածութեան առաջադրման ժամկէտը արդէն իսկ լրացած է։ Ներկայիս արդէն թափով կ՚աշխատինք մեր պատգամը հասցնելու համար թրքահայ համայնքի, մեր եկեղեցւոյ զաւակներուն։ Շատ կարեւոր կը համարենք մեր ժողովուրդի հետ հաղորդակցութեան թարմացումը, որովհետեւ առանց գահակալի անցած աւելի քան տասն տարիները եղան շատ ջլատիչ եւ այդ ծանր մարտահրաւէրը մեր ժողովուրդին մօտ յառաջացուց որոշ չափով թերահաւատութիւն սեփական ուժերու նկատմամբ։ Պատրիարքական ընտրութեան սեմին կը փորձենք, որ մեր ժողովուրդը դուրս գայ այդ հոգեբանութենէն ու վերստին յոյսով տոգորուի եւ ամրանայ այն գիտակցութեան մէջ, թէ ինքն է մեր բոլոր հաստատութիւններուն ճակատագրի տէրը եւ այս ամբողջին մէջ Պատրիարքական Աթոռի յարատեւութիւնն ու անսասանութիւնն ալ ունի մեծ կարեւորութիւն։
2. Արդեն սկսել եք հանդիպումները համայնքի հետ: Ըստ ձեզ՝ ո՞րն է այն խնդիրը, որն ամենից շատ է հուզում համայնքի անդամներն և ակնկալում են, որ նոր պատրիարքը լուծում կգտնի: Բացի այդ կխնդրեմ ներկայացնեք ձեր ծրագրային առաջնահերթությունները:
- Պատրիարքական ընտրութեան ընդառաջ մեր համայնքէն ներս ձեւաւորուած հրատապ օրակարգը կը համընկնի մեր ժողովուրդի հիմնական սպասումներուն եւ մեր ազգային-եկեղեցական կեանքէ ներս բարեփոխումներու անհրաժեշտութեան հետ։ Ուստի, մեր ծրագիրն ալ ունի զուգահեռ բնոյթ մը։
Պատրիարքական Աթոռը թրքահայ կեանքի ողնայարն է եւ մենք այսօր հետամուտ ենք Պատրիարքարանի ընթացքը ամրապնդելու իր առաքելութեան ճամբուն մէջ։ Վերջին շուրջ 10-15 տարիներուն մեր հաւաքական կեանքը զանազան փոփոխութիւններու, նորութիւններու դէմ յանդիման մնաց, սակայն մեր հաստատութիւնները վարչական տեսակէտէ տակաւին չեն կրցած քայլ յարմարցնել այդ բոլորին։ Համայնքային հաստատութիւններու առկախեալ ընտրութիւններու խնդիրը այս տեսակէտէ մեծ խոչընդոտ մըն է։ Ուստի, նորընտիր պատրիարքը պէտք է այս խնդրի լուծման ուղղութեամբ մթնոլորտ ձեւաւորէ։ Բաց աստի, մեր համայնքը ունի կարիքը՝ ընդհանրական լիազօրութիւնով կեդրոնական մարմնի մը։ Այս հարցն ալ մեր օրակարգին վրայ է ու մենք կը նախատեսենք անոր լուծման հետամուտ ըլլալ՝ Պատրիարքական Աթոռի կարգավիճակի հարցի լուծման որոնումներուն զուգահեռ։ Մեր օրակարգին վրայ է համայնքին մատուցուած ծառայութիւններու պարագային հնարաւորինս թեթեւցնել նիւթական բեռը։ Ի շարունակութիւն, պէտք է շեշտեմ նաեւ, որ նոր պատրիարքը պէտք է մթնոլորտ ձեւաւորէ նաեւ ուրիշ էական հարցի մը համար։ Այսպէս, մեր համայնքի միջոցներու արդար բաժանումը եւ համապատասխան միջավայրի ձեւաւորումը այսօր անյետաձգելի առաջնահերթութիւն մըն է։
3. Պատրիարք ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը՝ հատկապես համայքնի այն հատվածի հետ, որը այս պահին Ձեր դեմ է տրամադրված։
- Պոլսոյ Պատրիարքական Աթոռի գահակալը առաքելութեան մը մարմնաւորումն է։ Ան միեւնոյն ժամանակ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ նուիրապետական աթոռներէն մէկուն գահակալն է։ Այս հանգամանքը ինքնին կը բնորոշէ պատրիարքի գործունէութեան դաշտը։
Ինչ կը վերաբերի այս պահուն մեզի դէմ տրամադրուած համայնքի հատուածին, ապա այս հարցումը արդէն ինքնին անիմաստ պիտի դառնայ պատրիարքական ընտրութենէն վերջ։ Մենք կը ձգտինք պատրիարքական ընտրութեան արդիւնքով նոր սկիզբ մը ապահովել մեր համայնքին համար։ Սա նոր հորիզոն մը պիտի ուրուագծէ մեր ազգային-եկեղեցական կեանքէն ներս։ Սա վերանորոգ միասնականութեան ազդակ մը պիտի դառնայ մեր համայնքին համար։ Մենք բոլորս պիտի համախմբուինք նոր գահակալին դէմ, ուստի այդ փուլէն սկսեալ նախընտրական շրջանի կողմնորոշումները պիտի ըլլան անիմաստ։
4. Ձեր և տեղապահ Մաշալյանի միջև որոշ տարաձայնություններ կան, որոնք երբեմն երբեմն բացեիբաց արտահայտվում է թե ձեր, թե Մաշալյանի կողմից: Եթե Դուք ընտրվեք ինչպի՞սի քայլեր եք անելու եպիսկոպոս Մաշալյանի հետ տարաձայնությունները հարթելու ու համայնքի պառակտված թևերը միավորելու համար։
- Մենք Սահակ սրբազանին հետ հոգեւոր եղբայրներ ենք։ Պատրիարքական ընտրութեան գործընթացի բնոյթին բերումով այս պահուն դարձած ենք մրցակիցներ։ Մենք երկուքս ալ համագործակցութեան երկար փորձառութիւն ունինք, զիրար լաւ կը ճանչնանք ու գիտենք՝ մշտականը զանազանել ժամանակաւորէն։
Բնական է, որ կարգ մը նիւթերու շուրջ կրնանք ունենալ տարակարծութիւններ։ Քիչ չեն նաեւ այն նիւթերը, որոնց պարագային համակարծիք ենք։ Բայց եւ այնպէս, ընտրութեան փուլի տրամաբանութենէն կը բխի, որ մենք մեր տարակարծութիւնները պատշաճութեան սահմաններու մէջ կը բաժնենք հրապարակաւ։ Արդարեւ, սա պէտք է ընենք, որովհետեւ մեր ժողովուրդը անխուսափելի բաղդատութեան մը դէմ յանդիման կը գտնուի։ Քանի որ մեր ժողովուրդի դատին կը ներկայանանք, կը փափաքինք, որ ան բոլոր ծալքերով վերահասու ըլլայ մեր մօտեցումներուն։ Մենք մեր մօտեցումներու տարբերութիւնը չենք ընդգծեր զիրար մաշեցնելու համար։ Սա մեզի վիճակած անհրաժեշտ պատասխանատուութիւն մըն է՝ ձեւով մը մեր նպաստը բերելու համար մեր ժողովուրդի առողջ կողմնորոշման։
Ընտրութիւններէն վերջ, երբ Աթոռը ունենայ նոր գահակալ մը, բնականաբար, մենք բոլորս դարձեալ պիտի ունենանք մեր անհատական մօտեցումները, սակայն այդ ժամանակ արդէն այդ բոլորը բնականոն համակարգի մը մէջ պիտի արժեւորուին, ըստ մեր եկեղեցւոյ նուիրապետական հասկացութեան։ Մեզմէ ով որ ալ պատրիարք ընտրուի, նախեւառաջ միւսը մեր ժողովուրդին առջեւ առաջին օրինակը պիտի հանդիսանայ՝ նոր գահակալին շուրջ համախմբուելու տեսակէտէ։
5. Պատրիարքի ընտրության կանոնադրության մեջ խնդրահարույց կետը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մի մասը ասում է, որ սա ուղղված էր Սեպուհ սրբազանի դեմ, մի մասը նշում է, որ վատ նախադեպ է ապագայի համար և վտանգում է պատրիարքարանի ապագան, մի հատված էլ նշում է, որ համայնքի որոշ ներկայացուցիչ դավադրության հետևանքով է նման սահմանափակում մտցվել: Վերջիվերջո, ինչու՞ և ինչպե՞ս հայտնվեց այդ խնդրահարույց կետը:
- Պատրիարքական ընտրութեան կանոնադրութեան շուրջ ցայսօր կատարուեցաւ բազմակողմանի գնահատական մը։ Մեր ժողովուրդի բոլոր խաւերը, մեր համայնքի շահագրգիռ բոլոր մասնագէտները ըսին իրենց խօսքը։ Մեզի համար ամենացաւալի կէտն է, որ արտասահմանի մեր հոգեւոր եղբայրները կարելիութիւն չեն ունենար մասնակցելու այս ընտրութեան։ Սա մեր կամքէն բոլորովին անկախ պարագայ մըն է, նաեւ մենք չենք փափաքիր սկզբունքային այս խնդիրը պայմանաւորել անձերու հետ։ Այս հանգամանքը ի զօրու է նաեւ մեր սիրելի Սեպուհ սրբազանի պարագային։ Մեր արժէքաւոր հոգեւոր եղբայրներէն մին է ան եւ մենք կը ձգտինք յառաջիկայ մեր պատկերացումներուն մէջ մասնաւոր տեղ մը վերապահել իրեն։ Բայց եւ այնպէս, խնդիրներու լուծումը պատկերացնելու ժամանակ պէտք է ըլլալ սկզբունքային։ Այլապէս ամէն ինչ կրնայ աւելի բարդանալ եւ անձնակեդրոն մօտեցումները կրնան լրացուցիչ դժուարութիւններ ստեղծել։
Ներկայիս մեր դիմագրաւած բոլոր մարտահրաւէրներու խորքին կը գտնուի Պատրիարքական Աթոռի պաշտօնական կարգավիճակ մը չունենալը իրաւաբանական անձ չհամարուիլը եւ այդ բոլորին հետեւանքով կանոնադրութենէ մը զուրկ ըլլալը։ Ինչպէս աւելի առաջ ալ ըսի, մեր յառաջիկայ գլխաւոր առաջնահերթութիւններէն մին պիտի ըլլայ այդ հարցի լուծման ուղղութեամբ աշխատիլը։
6. Քաղաքացիական նախաձեռնությունը (Toplum girişimi) հայտնել է, որ դատարան հայց է ներկայացրել այդ կանոնադրության դեմ, ինչպես նաև պատրիարքի ընտրության գործընթացը դադարեցնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Ի՞նչ ազդեցություն կամ արդյունք կարող է ունենալ:
- Մենք ալ կը հետեւինք, որ պատրիարքական ընտրութեան գործընթացի կասեցման համար մեր համայնքի անդամներուն կողմէ անհատական դիմումներ կը կատարուին դատական իշխանութիւններուն։ Սա իրենց իրաւունքն է, կը յարգենք եւ ըսելու բան մը չունինք։ Վստահաբար, դատական իշխանութիւնները ամենայն արդարութեամբ կը տնօրինեն ամէն ինչ։
Հասկնալի է, որ մեր համայնքի կարգ մը զաւակները մտահոգութիւններ ունին կանոնադրութեան բովանդակութեան բերումով։ Մենք չենք ըսեր, որ այդ մտահոգութիւնները անտեղի են, սակայն այսօր սուր երկընտրանքի մը առջեւ կը գտնուինք։ Այդ մտահոգութիւնները միանգամընդմիշտ ջնջելու համար մենք պարտաւոր ենք աշխատանք տանիլ պետութեան հետ։ Այդ աշխատանքին ձեռնարկել կարելի պիտի ըլլայ միայն ու միայն պատրիարք մը ունենալու պարագային։ Այսինքն, եթէ մենք նոր պատրիարք մը չունենանք, պիտի չկարողանանք աշխատանքի ձեռնարկել այդ խնդիրներու լուծման ուղղութեամբ։ Իսկ եթէ պատրիարքական ընտրութեան գործընթացը կանգ առնէ, ապա այդ ամբողջ աշխատանքի սկիզբն ալ կանգ պիտի առնէ։ Հիմա ո՞ր մէկը նախընտրենք։ Հետեւաբար, բոլորս այս սուր երկընտրանքին առջեւ ընտրած ենք սեփական հայեցողութենէ, սեփական տրամաբանութենէ բխած ճանապարհ մը։ Մենք չենք անտեսեր նաեւ, որ պետական մարմինները այսօր մեզի երաշխիքներ կու տան՝ այս ընտրական կանոնադրութեան խնդրի կարգաւորման ուղղութեամբ։ Այլեւս բոլորս պիտի ընթանանք մեր նախընտրած ուղիով, սակայն սա չի նշանակեր, որ զիրար պիտի անտեսենք, զիրար պիտի բացառենք։ Ինչպէս որ ալ ըլլայ իրադարձութիւններու ընթացքը, մենք՝ որպէս համայնք, միասնականութեամբ պիտի ջանանք խաղաղ նաւահանգիստ հասցնել մեր նաւը։
7. Վերջում կուզենայի խոսենք "Խաղաղության ակունք" գործողության մասին Պատրիարքարանի արած հայտարարության մասին, որը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանում։ Արդյո՞ք այդ հայտարարությունը համաձայնեցված էր Ձեր հետ և արդյոք հնարավոր չէր որևէ հայտարարություն չանել կամ ավելի չեզոք հայտարարություն անել։
- Մենք մեր փորձառութիւնով գիտենք, որ քաղաքական բարդ իրավիճակներու մէջ մեր համայնքի, մեր Պատրիարքական Աթոռի եւ հայաշխարհի մեր հարազատներուն միջեւ կը ստեղծուի անհաղորդ վիճակ մը։ Սա թրքահայութեան ճակատագիրն է։ Որպէս հայութիւն՝ մենք աշխարհով մէկ սփռուած ժողովուրդ մըն ենք։ Մեր ժողովուրդի զանազան հատուածները երբեմն կը յայտնուին հակադիր բեւեռներու ազդեցութեան գօտիներուն մէջ։ Երբեմն բոլորիս համար դիւրին կ՚ըլլայ համահայկական օրակարգի վրայ կեդրոնանալ, երբեմն ալ տեղական առանձնայատկութիւններու բերումով կրնայ պատահիլ հակառակը։ Հայութեան ուժը նման իրավիճակներու մէջ պառակտումներէ խուսափելու ճկունութեան մէջ է։ Աշխարհի ո՞ր երկրին մէջ մենք կրնանք առողջ ազգային-եկեղեցական կեանք մը ունենալ՝ առանց յարգելու տուեալ երկրի մեր քաղաքացիական պատասխանատուութիւնները։ Աւելորդ է ըսել, որ ահաբեկչութիւնը այսօր մարդկութեան դէմ խոշորագոյն սպառնալիքներէն մին է եւ աշխարհի բոլոր պետութիւնները հրատապ ձեւով պայքար կը մղեն ահաբեկչութեան դէմ։ Ուստի, մեզմէ անկախ գործօններով իրարու հակադրուիլը իսկապէս նպատակայարմար չենք նկատեր։ Եղբայրները երբեմն զոհողութիւններ ալ յանձն պէտք է առնեն իրարու համար։ Հետեւաբար, եթէ խնդիրը այս տեսանկիւնէն դիտենք, ապա վստահաբար շատ աւելի դիւրին կ՚ըլլայ ամէն ինչ ու մենք ի զուր իրարու դէմ չենք հակադրուիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |