Ցեղասպանություն16:39, 18 Դեկտեմբեր 2019
«Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր է իրավական տեսանկյունից». թուրք պատմաբանի հարցազրույցը էստոնական պարբերականին
Դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը նվիրված՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:
Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թաներ Աքչամը հարցարզրույց է տվել էստոնական առաջատար «Eesti Päevaleht» պարբերականին, որում անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։
Պարբերականը նշում է, որ աշխարհի ամենահայտնի պատմաբաններից մեկը՝ Քլարկ համալսարանի թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը, խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, զգուշացնում է, որ թուրքական ժխտողական քաղաքականությունը կարող է ավելի հեռուն գնալ...
Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
Հարց․ Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով 1915 թ․ Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը որակեց ցեղասպանություն: Ինչպիսի՞ն է դրա առավելագույն ազդեցությունը:
Թաներ Աքչամ։ Այստեղ պետք է առաջ քաշել երկու տեսակետ: Առաջին հերթին, ԱՄՆ-ը տարբերվում է բոլոր մյուս երկրներից: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի և մասնավորապես Թուրքիայի վրա, քան, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի համապատասխան բանաձևերը:
Երկրորդ՝ ճանաչումը կարևոր է ԱՄՆ իրավական համակարգի մեկ առանձնահատկության պատճառով: Ամերիկյան օրենսդրության համաձայն, ցանկացած կառավարություն, պետական գործակալություն, բանկ կամ մասնավոր ընկերություն կարող է բողոք ներկայացնել դատարան, եթե կարողանաք ապացուցել երկու բան: Նախևառաջ՝ կազմակերպությունը պետք է որևէ առնչություն ունենա այս իրադարձության հետ, տվյալ դեպքում ցեղասպանության հետ: Երկրորդ՝ դրանք որևէ կապ պետք է ունենան Միացյալ Նահանգների հետ: Եթե այդ երկու պայմանները գործում են, ապա անհրաժեշտ է երրորդը՝ ԱՄՆ-ը պետք է դա ճանաչած լինի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը ժամկետ չունի:
Այնուհետև արդեն իսկ կարող են ներկայացվել միլիոնավոր դոլարների դատական հայցեր: Միացյալ Նահանգները կարող են սառեցնել այդ կազմակերպությունների հաշիվները: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար:
Հարց․ Ի վերջո, անհրաժեշտ են մեղադրողներ: Ո՞վքեր կարող են այժմ հայց ներկայացնել:
Թաներ Աքչամ․ Օրինակ, Կալիֆորնիայում արդեն սպասվում է դատական գործընթացների մի ամբողջ շարք։ Առայժմ դրանք պարզապես սպասողական դրության մեջ էին, քանի դեռ բացակայում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այժմ ուժի երեք աղբյուրներից, Նախագահ, Ներկայացուցիչների Պալատ և Սենատ, երկուսի ճանաչումները ձեռք են բերվել և ըստ իրավագետների մեծամասնության գնահատականի՝ դա բավարար է:
Հարց․ Որքա՞ն է կարևոր կոտորածները ցեղասպանություն անվանելը:
Թաներ Աքչամ․ Օրինակ, երբ մենք անդրադառնում ենք նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանում տեղի ունեցած քննարկումներին, ապա այնտեղ շատ է բանավիճվել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ինչ-որ այլ թեթև դրսևորում, օրինակ էթնիկական զտումը:
Հարց․ Փաստորեն, էական կարևորություն չունի դրանք իրարից տարանջատելը:
Թաներ Աքչամ․ Սա դեռ առաջին քայլն է: Եկեք դիտարկենք, օրինակ, Հոլոքոստը: 1952-ին Իսրայելը, ԱՄՆ-ն և Գերմանիան Լյուքսեմբուրգում պայմանավորվածություն ձեռք բերեցին, ուր Գերմանիան համաձայնվեց, այլոց շարքում, փոխհատուցում վճարել նաև հրեական սփյուռքի միավորումներին:
Բայց տարիների ընթացքում ի հայտ եկան նոր իրադրություններ, օրինակ հարկադիր աշխատանքը, ինչպես նաև նոր դատական գործեր: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը դա հանցագործություն է մարդկության դեմ և մենք դեռ գտնվում ենք գործընթացի սկզբում:
Երբ մենք խոսում ենք Հոլոքոստի մասին, պատմաբաններն ունեն բավականին հստակ պատկերացում, թե ինչը հանգեցրեց դրան: Եթե բարոյական գնահատումները մի կողմ թողնենք, ո՞րն էր Օսմանյան կայսրության ողջամիտ հիմնավորումը ցեղասպանությունը կազմակերպելու համար:
Ես կներկայացնեի երկու պատճառ՝ առաջինը քաղաքական և երկրորդը՝ գաղափարական: Գաղափարախոսությունը Թուրքիայի ազգայնականությունն էր: Գաղափարն այն էր, որ ստեղծվի համընդհանուր ինքնության վրա հիմնված թուրք ժողովուրդ և այդ ինքնության հաստատման համար բոլոր քրիստոնյաներին համարեցին երկրի թշնամիներ: Նրանք չէին համապատասխանում Թուրքիայի իսլամական հավաքական ինքնությանը: Այսպիսով, նրանք պետք է արմատախիլ արվեին:
Երկրորդ՝ քաղաքական պատճառ էր հանդիսանում իրենց հողերը կորցնելու վախը:
19-րդ դարի ընթացքում Օսմանյան Կայսրությունը նմանատիպ իրավիճակում կորցրեց իր հողերը:
Առաջին հերթին նրանք քրիստոնյաներին զիջումներ արեցին, մեծացրին նրանց իրավունքները, իհարկե հաճախ միայն թղթի վրա: Այնուհետև այլ գերտերությունները միջամտեցին և այդ շրջաններն անկախացան: Այսպես հաստատվեցին Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան …
Մենք տեսանք նմանատիպ գործընթաց Հարավսլավիայի փլուզման դեպքում՝ որպեսզի մուսուլմանները իրենց համար որևէ տարածք չպահանջեն, պարզապես այդ տարածքները դատարկվեցին մուսուլմաններից:
Ի վերջո, թուրք իշխանավորները դա գիտեն և բացեիբաց ասում են՝ եթե մենք հայերին այդ մարզերից չվտարեինք, ապա հիմա չէինք ունենա Թուրքիայի հանրապետությունը:
Հարց․ Այսպիսով, շարունակվե՞ց արդյոք Օսմանյան կայսրության մտածելակերպը Աթաթուրքի կառավարման տարիներին:
Թաներ Աքչամ․ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի հանրապետության գերիշխող ավանդությունն ու հիմնադիր գաղափարախոսությունն էր:
Հարց․ Դուք ինքներդ այդպիսի մտավոր վիճակն անվանել եք «կոլեկտիվ գաղտնիք»: Ի՞նչ է արդյոք սա նշանակում:
Թաներ Աքչամ․ Սա մի բան է, ինչպես Դանիել Գոլդհագենի դեպքում, ով իր «Հիտլերի նախանձախնդիր դահիճները» գրքում պնդում է, որ գերմանացիները պարզապես ձևացնում էին, թե ոչինչ չգիտեն Հոլոքոստի մասին, որովհետև նրանք բարձր էին գնահատում այն:
Ես կգերադասեի օգտագործել գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի արտահայտությունը, այն է ՝ «գաղտնի բռնություն»: Ստեղծելով հավաքական ինքնություն ՝ դուք ստեղծում եք որոշակի ճառաբանություն, որոշակի արտահայտություններ, տերմինաբանություն և թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ և ուրիշներին դիտարկում դրանցում: Հաբերմասը նշում է, որ կան բաներ, որոնց մասին չես ուզում հիշել, երբ չես ուզում այդ մասին խոսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |