Հասարակական13:16, 19 Նոյեմբեր 2020
Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը
Խորը ցավով տեղեկացանք, որ մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Լույսերի մեջ մնաք,Սրբազան,Դուք շատ մարդու եք լույսի մեջ պահել»,-հավելել է նա:
Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը:
Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար:
Սրբազան Հոր հուղարկավորության հետ առնչված անհրաժեշտ տեղեկությունները կհաղորդվեն առաջիկային:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ծնվել էր 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում: 1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1986 թ. մարտին պաշտպանել էր ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության է անցել Վեհարանում` որպես ընդունարանի քարտուղար: 1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել էր կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում:
1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա․ Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել էր Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա փոխտեսուչ: 1989 թ. նոյեմբերին պաշտպանել էր վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով: 1990 թ. Վազգեն Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ: 1991 թ. հրավիրվել էր Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ: 1995 թ. հունիսից Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրավիրվել էր Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը:
1996 թ. ընդգրկվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ: 1996 թ. նշանակվել է ՀՀ և Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբում` պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ: 1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա․ Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ: 1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել էր եպիսկոպոս: 2000 թ. մարտի 24-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ:2000 թ. նոյեմբերին նշանակվել էր Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
2000 թ. նշանակվել էր 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ: 2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ․ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել էր «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ: Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել էր բազում կոչումների և պարգևների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |