Քաղաքական13:16, 16 Ապրիլ 2021
Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները հանդիմանել են իրար մամուլի ասուլիսի ժամանակ
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել են կոշտ հայտարարություններ:
Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն այդ գործընթացին:
Դենդիասը քննադատել է Անկարային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հարցերում։
«Եթե Թուրքիան շարունակի խախտել մեր ինքնիշխանության իրավունքները, ապա օրակարգում կհայտվեն պատժամիջոցները»,- ասել է Դենդիասը և հավելել. «Մեր հարաբերությունների զարգացման նախապայմանը հետևյալն է. վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են խախտումները և վերջիններս խոչընդոտ են հանդիսանում վստահության մթնոլորտի հաստատման համար»:
Չավուշօղլուն, պնդելով, որ Թուրքիան չի խախտում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ասել է. «Թուրքիան ունակ է պաշտպանելու Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից կատարվող քայլերն էլ միտված են պաշտպանելու մեր իրավունքները»:
Դենդիասը հայտնել է, որ պետք է երկու երկրները շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների և ԵՄ-ի սկզբունքների շրջանակում:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կկարողանան վերացնել վերջին 20 տարիների ընթացքում շարունակվող բացասական մթնոլորտը:
«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է», - շեշտել է Չավուշօղլուն։
Հույն նախարարը պահանջել է, որ Թուրքիան հրաժարվի նաև Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և ինքնիշխանության սկզբունքները ոտնահարող գործողություններից և վարքագծից:
Անդրադառնալով ապրիլի 14-ին Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսի հետ ունեցած հանդիպմանը, Դենդիասը նշել է, որ պատրիարքն իրեն ներկայացրել է Թուրքիայում հույն փոքրամասնության խնդիրները և հավելել.
«Առիթ ունեմ հայտնելու, որ Հունաստանում մուսուլման փոքրամասնություն կա: Համաձայն Լոզանի պայմանագրի այստեղի (Հունաստանի-խմբ.) փոքրամասնությունը մուսուլման է: Ինչպես գիտես (դիմել է Չավուշօղլուին-խմբ.) Թուրքիան ստորագրել է Լոզանի պայմանագիրը: Կարող է դա Թուրքիային դուր գալ, կամ չգալ, սակայն Լոզանի պայմանագիրն այսօր գործում է և շարունակում է գործել»:
Չավուշօղլուի խոսքով՝ իրենց համար ծայրաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները:
«Բացի այդ, մենք Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես հույն ուղղափառ ենք ընդունում, սակայն դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ», ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, միայն մուսուլման ես»: Դա ոչ մարդկային է, ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,-ասել է Չավուշօղլուն։
Հունաստան ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ Թուրքիան չի ընդունում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCLOS), միաժամանակ հիշեցնելով, որ հիշյալ կոնվենցիան հաստատված է ԵՄ-ի կողմից:
Դենդիասը Հունաստանի մտահոգություններն է փոխանցել Քարիյե անունով հայտնի Խորի Սուրբ Ամենափրկիչ հունական եկեղեցին և Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթների վերածման համար, և հույս հայտնել, որ Թուրքիան կփոխի իր որոշումները:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեմային, Դենդիասն ակնարկել է, որ եթե Անկարան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա պետք է ընդունի ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։
«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար», - նշել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:
Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ չնայած Հունաստանը ցանկանում է դրական օրակարգով առաջ շարժվել, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ իրենց արտաքին քաղաքականության ներկայիս տեսակետները և թեզերը կփոխվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |