Հարցազրույց16:20, 22 Ապրիլ 2021
Թուրք քաղաքագետ. Ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի այսօրվա իշխանությունները նախկինից ավելի վատն են

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք հայտնի քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ Աքթարի հետ:
Նա ճանաչում և դատապարտում է հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունը։ Տարիներ առաջ հրապարակավ արտահայտվել էր. «Իմ խիղճը չի ընդունում Մեծ եղեռնի հանդեպ ուրացումն ու անտարբերությունը, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915-ին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքները և ցավերը ու ներողություն խնդրում նրանցից»։
Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:
- Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում:
- Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած վիճակում է ներքին և արտաքին բացասական զարգացումների հետևանքով: Հնարավոր չէ ասել, որ Թուրքիան երկարաժամկետ քաղաքականություն է վարում ցանկացած հարցում, միայն փրկում է օրը: Սակայն ինչ վերաբերում է Հայաստանին, որևէ փոփոխություն չեմ ակնկալում (Թուրքիայի-խմբ.) հարյուրամյա քաղաքականության մեջ:
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց մինչև այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Հաշվի առնելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա լարվածությունը, ի՞նչ եք կարծում Բայդենը ապրիլքսանչորսյան ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:
- Ինչպես բոլոր թեմային հետևողները, այնպես էլ ես, կարծում եմ, որ նախագահ Բայդենը կօգտագործի ցեղասպանություն բառը: Դա կլինի ոչ թե պատիժ ոչ ժողովրդավար Թուրքիային, այլ՝ ճշմարտության արտաբերում, որն ընդունում է յուրաքանչյուր խելացի մարդ: Մյուս կողմից Սպիտակ տնից Ամանդա Սլոթը և ուրիշներ, որոնք Անկարայի ռեժիմին շատ հանդուրժողականորեն վերաբերվելու կողմնակիցներ են, կարող են նախագահին հետ կանգնեցնել այդ որոշումից՝ ընդգծելով Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը:
- Ձեր կարծիքով, Թուրքիայում արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնք երբ գան իշխանության Հայոց ցեղասպանությունը ժխտելու փոխարեն կընտրեն այն ճանաչելու ուղին:
- Բացի HDP-ից (Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն-խմբ.)՝ ոչ: HDP-ն էլ հնարավոր չէ, որ իշխանության գա:
- Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:
- Սահմանը բացելու համար որևէ խոչընդոտ չի մնացել, քանի որ արդեն վերացել է այն միակողմանի փակելու պատճառը: Սակայն Անկարայում առկա քաղաքական բալանսը նույնիսկ անհնար է դարձնում դրա (սահմանի բացման-խմբ.) առաջարկը: Նույն ձևով ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի փաստացի մասնակցությունը, «կարգավորման» հարցում Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն էլ է անելանելի դարձնում:
- Ձեր կարծիքով, մինչև երբ կարող է շարունակվել Անկարայի ժխտողական քաղաքականությունը:
- Ժխտողականության հարցում այսօրվա ռեժիմը (Թուրքիայի ներկայիս իշխանությունը-խմբ.) նախկինից ավելի վատն է: Ցեղասպանության ճանաչումը ԵՄ գործընթացի շրջանակում գուցե հնարավոր էր, սակայն այդ առիթը բաց է թողնվել: Թուրքիայում ցեղասպանությունը չի ճանաչվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը բավարար չափով տակնուվրա չի եղել, ինչի արդյունքում «քար տեղից կշարժվի» և հանրային համաձայնություն կձևավորի: Թուրքիայի աղետալի իրավիճակը գուցե՞ գլխիվայր շրջվելու սկիզբն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |