Ցեղասպանություն12:18, 06 Մայիս 2021
Պոլսահայ Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (1-ին մաս) Հայոց ցեղասպանություն
Պոլսահայ մտավորական, անվանի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատը Հայաստանում է։
Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները ստիպեցին նրան լքել իր ծննդավայր Թուրքիան ու բնակություն հաստատել Գերմանիայում։ Նրա նկատմամբ հետապնդումներն ու հնչեցվող սպառնալիքները Թուրքիայում 2016-ին արդեն չափազանց վտանգավոր բնույթ էին ստացել։
Հայկո Բաղդատը, իբրև մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության, և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։
Ermenihaber.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմում է վերջին տարիներին իր կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, անդրադառնում Թուրքիայում առկա քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և այս խնդիրների շուրջ ներկայացնում իր տեսակտներն ու մոտեցումները։
Հարցազրույցի այս հատվածում ձեզ ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության թեմայով Բաղդատի դիտարկումները։
- 2016 թվականից Դուք ապրում եք Գերմանիայում։ Երբ Ստամբուլում էիք, ապրիլի 24-ին արդեն անցկացվում էին Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներ։ Այս ամբողջ ընթացքում ի՞նչ է փոխվել Թուրքիայում։
- Նախ հայերի տեսանկյունից։ Մենք Թուրքիայում երկար ժամանակ է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու առումով հանրային կարծիք ձևավորելու հարցում կարևոր և նշանակալից քայլեր ենք արել։ Մանավանդ Հրանտ Դինքի սպանությունից, Սևակ Բալըքչըի սպանությունից հետո հանրության ուշադրությունը կարողացանք կենտրոնացնել հայկական թեմաների ու մեր կորուստների վրա։ Այսինքն՝ Թուրքիայում Հրանտ Դինքի, «Ակոս»-ի, «Արաս» հրատարակչության շուրջ համախմբված, ներկայումս Թուրքիայում հանուն ժողովրդավարության պայքարող անհատները ժողովրդավարության տեսանկյունից կարևորագույն այդ շարժումը առաջ մղեցին։ Իսկ օրինակ «Ներողություն ենք խնդրում» նախաձեռնությունը կարելի է համարել Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու առումով հանրապետական Թուրքիայի ողջ պատմության ընթացքում արձանագրված ամենամեծ առաջընթացը։
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում Ցեղասպանության հիշատակի միջոցառման անկացման մասին որոշումը կայացվել էր մի ժողովի ժամանակ, որին ես էլ էի ներկա։ Իմ առաջարկությունները նույնպես տեղ գտան այդ որոշման մեջ։ Պատկերացրեք առաջին անգամ կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումը լուսաբանելու էր եկել նաև չինական հեռուստաընկերությունը։ Սակայն «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթը հիշեցնող, քրդական հարցի և ալևիների խնդիրների առումով այլ մոտեցում որդեգրած, խաղաղության գործընթաց նախաձեռնած Թուրքիան հանկարծ կտրուկ շրջադարձ կատարեց, ինչի հետևանքով մենք կորցրեցինք բազմաթիվ բնագավառներում արդեն իսկ գրանցած առաջընթացն ու հաջողությունները։
Պետք է նշել, որ Հայկական հարցի, քրդական հարցի, ժողովրդավարացման հետ կապված բոլոր հարցերի շուրջ վերջին 5 տարում Թուրքիայում շատ կոշտ պայքար է ընթանում։ Էրդողանի ռեժիմը վերածվել է մարդասպանական մեխանիզմի, բռնաճնշումների մեխանիզմի և այս ռեժիմն ընթանում է այնպիսի ճանապարհով, որտեղից այլևս վերադարձ չկա։ Այսինքն՝ կամ իշխանության գլուխ է մնալու, կամ՝ հաշիվ է տալու, պատասխանատվության է ենթարկվելու։ Այլ ճանապարհ գոյություն չունի։ Իր գործած հանցանքներով իր ժողովրդին վնաս տալով, տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին վնաս տալով՝ Թուրքիան վերածվել է կրիմինալ մի կառույցի, որտեղ ոչ մի իրավական նորմ չի գործում։ Եթե մեկը հարցնի Թուրքիա գնաք, ի՞նչ կարող է պատահել Ձեզ հետ, այս հարցի իրավական պատասխանը ոչ ոք չունի։ Ամբողջապես քաղաքականացված, մեկ մարդու ռեժիմի շահերը սպասարկելող համակարգի է վերածվել այդ երկիրը։
Բայց եթե իրենք հասել են այդ կետին, ապա մենք էլ այս ընթացքում ձեռքներս ծալած չենք նստել։ Թուրքիայում այսօր Էրդողանի ռեժիմի համար մեծագույն խոչընդոտներից մեկն էլ մեր շարժումն է։ Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) այս պահին ունի 15% աջակցություն։ Պատմության մեջ նման բան դեռ չի եղել։ Երբեք այսքան ուժեղ չենք եղել։ Թուրքիայում ժողովրդավարության համար մղվող պայքարի տեսանկյունից եմ ասում։ Այդ իսկ պատճառով այս կռիվը շատ է թեժացել և երկու կողմերի համար վերածվել է արդեն կենաց մահու պայքարի։
Թուրքիայում ի՞նչ է փոխվել հարցի պատասխանը, կլինի խայտառակ պատասխան, քանի որ Թուրքիայում ոչ մի իրավական նորմ, արդարադատություն, դատախազ, ոստիկանություն, ընդհանուր առմամբ պետություն գոյություն չունի։ Միայն կա քմահաճույքների վրա հիմնված մի ռեժիմ։ Օսման Քավալային ազատ արձակել-չարձակելու որոշումը, Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակել-չարձակելու որոշումը, սպանություններին առնչվող դատական գործերի ընթացքը, Հրանտ Դինքի գործով կայացվող որոշումները կայացվում են միայն ու միայն այս ռեժիմի շահերին համապատասխան, մեկ մարդու շահերին համապատասխան։
Ունենալ նման իրավիճակ 2021 թվականին ուղղակի ամոթալի է, այսինքն՝ աշխարհի ամենաամոթալի ռեժիմներից մեկն է։ Սակայն ինչպես Չեթին Ալթանն է ասում, պետք չէ ամեն ինչ սև տեսնել։ Այս ամենի դեմ կազմավորված ընդդիմությունը շարունակում է պայքարել։ Նրանց ստեղծած երկիրը սարսափելի մի երկիր է, բայց հակառակ դրան՝ ավելի լավ երկիր ունենալու համար պայքարողների և երազողների հսկայական ցանց էլ գոյություն ունի։
- ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ինչ նոր զարգացումների կարող է հանգեցնել։ Ըստ Ձեզ՝ ինչ կարելի է սպասել։
- Ինչպես գիտեք՝ ես էլ Ձեր գործընկերն եմ։ Կարճ ժամանակ առաջ Art TV-ի եթերում հյուրընկալել էի Ջեմ Օզդեմիրին և Թաներ Աքչամին։ Այն, որ տարբեր երկրներ հիմա են Ցեղասպանությունը ճանաչում, ինչ-որ իմաստով բոլորիս էլ բարկացնում է, այդպես չէ՞։ Այսինքն, 106 տարի է անցել ․․․ 106 տարի հետո՞ եք ճանաչում։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ ամենատարբեր քաղաքական խաղեր կան։
Բայց այն, որ ԱՄՆ-ն է ճանաչում Ցեղասպանությունը, կամ որ ԱՄՆ կենտրոնական բանկը Էրդողանին հանցավոր է հռչակում, դա արդեն այլ գործընթաց է, քան մյուս երկրների դեպքում։ Այսինքն ԱՄՆ-ում արդեն հնարավոր է դառնում դատական գործեր, ապահովագրության հարցեր առաջ քաշել ․․․ Եվ Թուրքիան եթե դա չընդունի, կարող է դուրս մղվել միջազգային ցանցից։ Բայց դա կարող է տեղի ունենալ կամ չունենալ՝ կախված ԱՄՆ-ի քաղաքականությունից, ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններից։
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս այլ երկրների համեմատ ավելի նշանակալից է, քանի որ Գերմանիան այդ ճանաչմամբ նաև ընդունեց իր մեղսակցությունը։ Դա նույնն է թե ես ու դու միասին մի հանցանք գործենք, որոշ ժամանակ անց ես ասեմ՝ մենք ենք գործել այդ հանցանքը։ Դա ավելին է, քան եթե որևէ վկա պատմի այդ մասին։ Դրա համար էլ Գերմանիայի և ԱՄՆ-ի ճանաչումը պետք է ավելի լուրջ գնահատել։ Կարծում եմ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն ավելի թանկ է նստելու, քան եթե ճանաչեր։ Դրա գիտակցումը շատ կարևոր է։
Օրինակ՝ ես Գերմանիայում եմ բնակվում։ Երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, առերեսվել է։ Ինչու՞ է ճանաչել․ այն բանի համար, որ իրենք բարի մարդի՞կ են։ Այն բանի համար, որ պարտվել են։ Այսինքն, այսպիսի բաներն ինքնակամ չեն ընդունվում։ Այս ամենը իրականում ոչ թե բարի մարդկանց ջանքերի շնորհիվ է, այլ՝ գործող ռեժիմներին պարտության մատնելու շնորհիվ։
Իսկ ահա Թուրքիայում, ինչպես տեսնում ենք, չի պարտվել երիտթուրքերի ռեժիմը։ Ցեղասպան գաղափարախոսությունը չի պարտվել, իշխանությունը դեռ նրանց ձեռքում է։ Հետևաբար, այս ռեժիմի պարագայում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու ցեղասպանության մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ կհաղթենք ռեժիմի աջակիցներին։ Իսկ ինչպե՞ս դա կանենք, Էքրեմ Իմամօղլուի, Մանսուր Յավաշի նման իդեալիստների միջոցո՞վ, չգիտեմ, չեմ կարծում։
Բայց որպես հայ՝ ինձ համար շատ մեծ կարևորություն ունի Թուրքիայի առերեսումը Հայոց ցեղասպանության հետ։ Սակայն ինչպես ես միշտ ասել եմ Թուրքիայի իմ ընկերներին, դա ավելի շատ պետք է ոչ թե ինձ, այլ հենց իրենց։ Չէ՞ որ մենք չենք առերեսվողը, մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել։ Նրանք չեն կարողանում տեսնել, որ հայերից հետո իրենք են դառնալու կոտորածն ազատ ու թույլատրելի համարող թուրքական մտածողության հերթական զոհը։ Տեսեք՝ քրդերը դա չէին զգացել․ հիմա արդեն տեսնում են։ Կրոնական համայնքներ էլ հիմա արդեն դա տեսնում են։ Շատ ծիծաղելի է, որ հետախուզության բաժինների, վարչությունների նախկին պետերը հիմա արդեն բռնությունների ու հալածանքների են ենթարկվում։
Դրա համար էլ ասում եմ, որ առերեսումը առաջնահերթ հենց թուրքերի համար լավ կլինի։ Ոչ թե մեզ համար, այլ իրենց համար ավելի լավ կլինի։ Մարդավարի կապրեն։ Ցանկացած հասարակություն, ցանկացած անձ, էսպես թե էնպես պետք է որոշակի հեռավորություն պահպանի մարդասպաններից։ Հենց հանուն իր սեփական երեխաների։ Հետևաբար, այս տեսակետից՝ այս մտածելակերպի, այս մարդասպան ու թալանչի գաղափարախոսության պարտությունը Թուրքիայի համար էլ դրական կլինի, իհարկե։ Ավելի ազատ, ավելի ժողովրդավար, ավելի երջանիկ սերունդ կլինի։ Ուրեմն տրամաբանականը ցավի հետ առերեսվելու, դաս քաղելու և խաղաղության քաղաքականության ճանապարհն ընտրելն է։
Մենք այդ ճանապարհին ենք, բայց խաղաղություն քարոզելիս երիցուկներ գրկած չենք քայլել, մենք այս նպատակի համար թանկ ենք վճարել։ Իմ ընկերներն են սպանվել։ Ով իմանա՝ մեզ էլ կարող են սպանել։ Այս խաղաղության պայքարը, խաղաղություն պաշտպանելը շատ ռիսկային գործ է։ Պատերազմի կողմնակից լինելը հեշտ է, խաղաղության կողմնակից լինելն է դժվար։
Թուրքիայում, իհարկե, խաղաղության համար պայքարի գիծ, ավանդույթ կա։ Հուսով եմ՝ էդպես էլ կշարունակվի։ Եվ բոլորիս համար այդ պայքարը կարևոր ու նշանակալից կլինի։ Եվ հուսամ՝ մեզ համար էլ լավ կլինի, նրանց համար էլ ու վերջապես մի քիչ կհանգստանանք Ցեղասպանության հարցի առումով։ Քանի որ Հայոց ցեղասպանությունը միայն կոտորածը չէ․ դրա հետևանքով սերունդներն էլ են խեղվում։
Այսօր Ցեղասպանությունից 106 տարի է անցել, բայց Թուրքիայում թե թուրքերը, թե քրդերը և թե հայերը շարունակում են կրել դրա բացասական ազդեցությունը։
Այսօր Թուրքիայի Հանրապետության պատմության կարելի է ասել ամենավայրի փուլն է ընթանում։ Վերջնանպատակից, իհարկե, շատ հեռու ենք, բայց մեր վերջնանպատակը խաղաղությունն է, այսինքն՝ առերեսումը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հարևան երկրների հետ եղբայրությունը։ Եվ մենք այդ նպատակից չենք հրաժարվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |