Հարցազրույց12:48, 07 Մայիս 2021
Հույն պատմաբանի հարցազրույցը Ermenihaber.am-ին. «Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է»
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Ermenihaber.am-ը զրուցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի պոնտոսագիտության ամբիոնի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Թեոդոսիոս Կիրիակիդիսի հետ։
Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է ԱՄՆ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի կարևորությանը, Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Ներկայացրել է իր դիտարկումները հայկական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարի ու Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության մասին։
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա Բայդենի այդ հայտարարությունը ճանաչման գործընթացին քաղաքական և իրավական տեսանկյունից։
- ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ նախկինում ևս եղել են նախագահի թեկնածուներ, որոնք խոստացել են, որ ընտրվելու դեպքում կճանաչեն այդ ոճրագործությունը որպես ցեղասպանություն։ Բայց նախագահ ընտրվելուց հետո օգտագործել են այլ ձևակերպումներ այն բնութագրելու համար։ Ըստ էության սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ նախագահը հիշյալ ոճիրն անվանում է ցեղասպանություն: 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, խոսելով Հոլոքոստի մասին և անդրադառնալով Օսմանյան կայսրության հայկական բնակչության զանգվածային կոտորածներին, նույնպես օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Նախագահ Բայդենի հայտարարությունը կարո՞ղ է և կօգտագործվի՞ արդյոք իրավական դաշտում, չգիտեմ, բայց սա, անշուշտ, հսկայական քաղաքական հաղթանակ է` բարոյական, խորհրդանշական մեծ նշանակությամբ։ Եվ ես հավատում եմ, որ սա ավելի կհեշտացնի ճանաչման գործընթացը՝ մյուս երկրներին ևս առաջ մղելով դեպի ճանաչում։
Կարծում եմ ներկայիս նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն վճռականորեն է տրամադրվել այդ խնդրի նկատմամբ: Թուրքիայի մեկուսացումը, ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններում առկա խնդիրները նպաստող հանգամանքներ էին, կարծում եմ, որ այս պահը վաղ թե ուշ գալու էր, քանի որ թե՛ պատմական և թե՛ քաղաքական առումով հարցը հասունացել էր: Թուրքիայի բարոյական և քաղաքական պարտությունն անկասկած մեծ է:
- Հայերի ցեղասպանության հետ մեկտեղ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել նաև այլ քրիստոնյա ժողովուրդների զանգվածային ոչնչացում, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանություն։ Բայց վերջինիս միջազգային ճանաչման օրակարգ կարծեք թե չկա։ Ինչո՞ւ։
- Փաստ է, որ այս հարցի շուրջ հանրային քննարկումները և հետևաբար ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեն։ Կարևոր նրբություններից մեկը, որը չպետք է անտեսվի, այն է, որ ցեղասպանության ընթացքում պոնտոսցիները կորցրեցին իրենց գիտնականների և գրագետ մարդկանց մեծ մասին։
Նրանք կարող էին պատմել և փոխանցել սերունդներին ցեղասպանության տրավման: Սակայն նրանց մեծ մասը դատվել և մահապատժի են ենթարկվել երիտթուրքերի ու քեմալականների կողմից: Ավելին՝ փախստականների առաջին և երկրորդ սերունդը չէր զբաղվում պատմության արձանագրմամբ՝ բացառությամբ շատ քիչ դեպքերի, քանի որ նրանք ստիպված էին պայքարել գոյատևման համար շատ ծանր պայմաններում, որոնց միջով անցնում էր Հունաստանը այդ տասնամյակներին:
Մինչ պոնտոսցի փախստականները կհասցնեին վերականգնվել ցեղասպանության և փախստականության տրավմայից, նրանք հայտնվեցին ոչ պակաս դժվար ու ցավալի այլ իրավիճակներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը, գերմանական օկուպացիան, սովամահությունը, իսկ ավելի ուշ՝ 1946-1949 թվականների քաղաքացիական պատերազմը, բառացիորեն կազմալուծեցին հույն հասարակությունը: Մյուս կողմից տրավմատիկ անցյալի հիշողությունները չթարմացնելը նաև քաղաքական ընտրություն էր: 1950-ականներին երկու երկրների (Հունաստանի և Թուրքիայի) անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Կիպրոսի հարցը, փախստականների հիշողությունն օրակարգ բերելու դեմ վարվող քաղաքականության համար նպաստող միջավայր ստեղծեցին: Սառը պատերազմի պայմաններում քաղաքական շահի տեսանկյունից խաղադրույք էր կատարվում երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման վրա: Ի վերջո, Հունաստանում բռնապետության հաստատումը (1967-1974թթ.) տեղ չթողեց ցեղասպանության ուսումնասիրության համար:
- Ե՞րբ է սկսվել Պոնտոսի հույների ցեղասպանության ուսումնասիրումը։
Պոնտոսի հույների ցեղասպանության ուսումնասիրումն ըստ էության սկսվեց միայն 1980-ականների վերջերին` հետազոտական և հանրային քննարկումներում կենտրոնական դիրք զբաղեցնելով։ Դա, անշուշտ, կապված էր հասարակական շրջանակներում հիշողության կարևորման սկզբնավորմամբ։ Ավելին՝ 1974 թվականին բռնապետության անկումը առաջ բերեց հասարակության և նրա բոլոր քաղաքացիների լսելիության անհրաժեշտություն: 1980-ականներից սկսած քաղաքացիական հասարակությունը դինամիկ կերպով սկսեց զարգանալ: Պոնտացիների պարագայում այս նոր իրողությունն արտահայտվեց ասոցիացիաների ստեղծման բումով, որը նկատվում է 1980-ականներից և հատկապես 1990-ականներից։
Պոնտոսի հույների ցեղասպանության վերաբերյալ վկայությունների և հուշագրությունների հրապարակումներն աստիճանաբար ավելանում էին: Այդ սերնդի մարդկանց և կազմակերպությունների մոբիլիզացիայի արդյունքում Հունաստանի խորհրդարանը 1994-ին որոշում ընդունեց, որով մայիսի 19-ը (1919թ.) հռչակեց Պոնտոսի հույների հիշատակի օր։ Իսկ 1998-ին նմանատիպ օրենք ընդունվեց Փոքր Ասիայի հույների համար և սեպտեմբերի 14-ն էլ (1922թ.) հռչակվեց Փոքր Ասիայի հույների հիշատակի օր: Դրանից անմիջապես հետո Սփյուռքի հույները սկսեցին մոբիլիզացնել իրենց ներուժն ու ճնշում գործադրել իրենց ապրած երկրներում քաղաքական գործիչների վրա։ Այդպիսով այդ պատմական իրողությունը ճանաչում ստացավ ԱՄՆ և Ավստրալիայի որոշ նահանգների և այլ երկրների կողմից։
- Իսկ ճանաչման գործընթացի հարցում հաջողությունների հասե՞լ եք։
- Հարկ է նշել, որ Պոնտոսի հույների ցեղասպանության հարցի համար էական խթան հանդիսացավ 2007-ի դեկտեմբերին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից դրա ճանաչումը: Ավելին՝ պատմական հետազոտությունների խորացմանը զուգընթաց, երբ հասկանալի դարձավ, որ հույները նույնպես ցեղասպանության են ենթարկվել այն նույն ոճրագործների կողմից, որոնք իրագործել են նաև Հայոց ցեղասպանությունը, ավելացան նաև Պոնտոսի հույների ցեղասպանության ճանաչող երկրները։ Խնդիրն այն է, որ հույները գործում են առանց իրենց պետության աջակցության, որը չի ցանկանում ընդհարումներ հարևան երկրի հետ: Ավելին՝ պոնտոսցիները չեն ստեղծել գիտական կամ քաղաքական մարմին բացառապես այդ խնդրով զբաղվելու համար: Նրանք փորձում են իրենց մշակութային միությունների միջոցով և առանց համապատասխան գիտելիքների լոբբինգ իրականացնել: Այն փաստը, որ Օսմանյան կայսրության երեք տարբեր շրջաններում՝ Պոնտոսում, Փոքր Ասիայում և Արևելյան Թրակիայում հույների ցեղասպանությունը տարբեր ժամանակաշրջաններում է իրականացվել, ավելի է բարդացնում հարցը:
Պատահական չէ, որ Պոնտոսի հույների պատմության և մշակույթի ուսումնասիրության համար ստեղծված համալսարանական միակ ամբիոնը ստեղծվել է ոչ թե պետության, այլ մասնավոր ֆինանսավորմամբ: Վերջին տասնամյակում, գուցեև ավելի մոտ ժամանակաշրջանում ստեղծվել են որոշ մարմիններ, կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել Պոնտոսի հույների ցեղասպանությունը կամ նպաստել այդ ցեղասպանության ճանաչմանը, բայց դրանք նույնպես մասնավոր նախաձեռնություններ են՝ ՝ սահմանափակ ֆինանսական կարողություններով:
- Հունաստանի և Թուրքիայի միջև քաղաքական լարվածություն կա, երբեմն ի հայտ է գալիս նաև ռազմական բախման վտանգը, Կիպրոսի շուրջ կրքերը դեռ չեն մարել, ի՞նչ եք կարծում Պոնտոսի հույների ցեղասպանության հարցը կարո՞ղ է ավելի ընդգծված կերպով օրակարգ բերվել։
- Կարծում եմ, որ ցանկացած ցեղասպանությունից հետո ի հայտ եկած հետևանքներին պետք է հաջորդեն փոխըմբռնումը, հաշտեցումը, հանցագործությունների ճանաչումը և գալիք սերունդների համար խաղաղ միջավայրի ստեղծումը: Իհարկե, դա դյուրին չէ, և դրա հիմնական նախապայմանը հանցանքը և մեղքը ընդունելն է: Մարդիկ պետք է պահանջեն ճանաչել իրենց ապրած ցեղասպանությունը ՝ անկախ քաղաքական, տնտեսական կամ այլ հանգամանքներից: Քանի որ ճանաչումը օգնում է մարդկանց հաղթահարել իրենց տրավմաները, բացի այդ նաև ապագա սերունդների խաղաղ ապագայի երաշխիք է դառնում: Ուստի ես կարծում եմ, որ չնայած թուրքական բոլոր սպառնալիքներին, Հունաստանը պետք է ակտիվացնի իր պայքարը հանուն ցեղասպանության միջազգային ճանաչման: Բացի այդ, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հունաստանի կողմից այս հարցը օրակարգ չբերելու և ավելորդ լարվածություն չստեղծելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը ամենևին ետ չի հետ պահել Թուրքիային անօրինական և ագրեսիվ գործողություններից: Ընդհակառակը՝ ցեղասպանագետները շատ լավ հասկանում են, որ տեղի ունեցած ցեղասպանությունը չճանաչելը դրա հնարավոր կրկնության համար հող է ստեղծում:
-Այս հարցում համագործակցության ինչպիսի՞ հեռնակար եք տեսնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայկական կազմակերպությունների ու կառույցների հետ։
- Վերջին տարիներին հրատարակված արխիվային նյութերի և ուսումնասիրությունների շնորհիվ գիտական լայն շրջանակները հասկացան, որ եղել է Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ժողովուրդների ոչնչացմանն ուղղված ցեղասպան ծրագիր։ Հետևաբար, պատմական փաստն ինքնին տանում է դեպի ընդհանուր տրամաբանության։ Եվ դա Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության հանդեպ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության ոլորտում համագործակցության տրամաբանությունն է: Բացի այդ, հույները նույնպես սկսել են հասունանալ և համագործակցության փորձ ձեռք բերել։ Հասկանալով, որ համագործակցության պարագայում այս պայքարը կարող է ավելի լավ արդյունքներ գրանցել, մենք հավատացած ենք, որ ապագայում համագործակցությունն առավել կընդլայնվի և ցանկալի արդյունքներ կտա միջազգային ճանաչման տեսանկյունից:
-Ինչպե՞ս եք տեսնում Թուրքիայի ապագան։ Տարածաշրջանային ներկա դերակատարությունը և որդեգրած ռազմաքաղաքական կուրսը ո՞ւր կարող է հասցնել Թուրքիային։
- Թուրքիան, ցավոք, գնաց ոչ ժողովրդավարական ուղիով՝ սահմանափակելով ժողովրդավարության ձայները Թուրքիայի ներսում: Վերջին տարիներին միջազգային դիվանագիտության մեջ Թուրքիայի որդեգրած քաղաքական ուղին ծանր տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ լավ ապագա չեն նախանշում այդ երկրի ապագայի համար: Տնտեսական խնդիրներից ավելի կարևոր է, կարծում եմ, ժողովրդավարական մշակույթի բացակայությունը, ինչը շատ առաջադեմ թուրքերի ստիպեց արտագաղթել երկրից:
Ճգնաժամը պետք է ուղեկցվի խնդրի ըմբռնումով, որը կարծեք թե բացակայում է Թուրքիայի պարագայում: Այսինքն երկիրը բոլորովին այլ կերպ պետք է տեսնի իր դերը և դառնա կայունության ու խաղաղության գործոն տարածաշրջանում: Բայց այն փաստը, որ Թուրքիան դեռևս չի ազատվել ցեղասպանության բեռից, չի ընդունել իր պատասխանատվությունը, ինչը կօգներ նրան ընթանալու նոր, խաղաղ և ստեղծագործ ճանապարհով, վկայում է այն մասին, որ, ցավոք, ինչպես ներքին, այնպես էլ հարևանների հետ ունեցած արտաքին խնդիրներն ապագայում ևս կշարունակեն գոյություն ունենալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |