Հոդված10:40, 29 Դեկտեմբեր 2021
Թուրքական լիրայի արժեզրկումն ու տնտեսական խորացող ճգնաժամը
Վերջին ամիսներին ականատես եղանք Թուրքիայի ազգային արժույթի՝ թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկմանը։ Այս երևույթը բացառիկ էր Թուրքիայի տնտեսության համար, քանի որ վերջին 20 տարում այդպիսի լայնամասշտաբ ու անընդմեջ խորացող տնտեսական ճգնաժամի չէր բախվել Թուրքիան։ Թուրքական լիրան միաժամանակ դարձավ 2021թ․ աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Երկրում տարեկան գնաճի մակարդակը հասավ 21 տոկոսի։
Մասնավորապես վերջին 3 ամսում Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացումը պայմանավորված է Էրդողանի՝ «տոկոսադրույքը պատճառ է, գնաճը՝ հետևանք» թեզի շրջանակում հռչակված տնտեսական նոր մոդելով։ Այդ մոդելը պաշտոնապես իրացվեց երկրի կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների նվազեցման որոշումներով ու Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ղեկավար կազմի փոփոխմամբ։ Էրդողանը շտապեց հայտարարել, որ տնտեսությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց։
Եթե սեպտեմբերին արտարժույթի շուկայում ֆինանսական գործարքները կատարվում էին 1 դոլար/8.30 լիրա փոխարժեքով, ապա Թուրքիայի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերի և կատարված հայտարարությունների հետևանքով դեկտեմբերի 20-ին թուրքական լիրան թարմացրեց արժեզրկման ռեկորդը՝ 1 դոլարի դիմաց սահմանվելով 18.36, իսկ 1 եվրոյի նկատմամբ՝ 20.76.։ Արժեզրկման հերթական պատմական ռեկորդները կապված էին Թուրքիայի ԿԲ-ի՝ տոկոսադրույքների նվազեցման որոշմամբ։
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին սկսվեց Ադրբեջանից, Իրանից, Բուլղարիայից և Վրաստանից զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա։
Թուրքական փողի արժեզրկումը մեկնաբանվում է տարբեր կերպ. ոմանք կարծում են, թե արժեզրկումը թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հետևանք է, ոմանք խոսում են թուրքական արդյունաբերության զարգացումից, ոմանց կարծիքով՝ այն կապված է Թուրքիայի ԿԲ-ի տոկոսադրույքները նվազեցնելու որոշումներով, իսկ ոմանք էլ դրանով կանխատեսում էին թուրքական պետության կործանումը։
Միջազգային լրատվամիջոցները Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացը նմանեցնում են սարսափ ֆիլմի կամ արգելակներ չունեցող բեռնատարի։
Մի շարք հայտնի թերթեր լիրայի գահավիժումը դադարեցնելու համար ընդգծեցին Կենտրոնական բանկի՝ իշխանություններից անկախ որոշումների կայացման անհրաժեշտությունը։ «Financial Times»-ը գրեց, որ չնայած Էրդողանը լիրայի արժեզրկման համար մեղադրում է արտաքին ուժերին, սակայն այն վերջինիս անհավասարակշիռ քաղաքականության արդյունք է։
Մի շարք հեղինակավոր լրատվական գործակալություններ, անդրադառնալով Թուրքիայի օրակարգի թիվ մեկ խնդրին՝ տնտեսությանը, նշում են․ «Զեղչով հաց վաճառող կրպակների դիմաց օձաձև հերթեր են գոյանում: Դեղերի, կաթի, ձվի գները աճում են: Որոշ բենզալցակայաններ փակվում են բենզինի պաշարը սպառելուց հետո: Փողոցում զայրացած մարդիկ վիճաբանում են միմյանց հետ»:
Համատարած գնաճի պայմաններում սոցիալական տարբեր շերտերի դժգոհությունները տարբեր կերպ են արտահայտվում։ Ոմանք իրենց մեջ կուտակված ցասումն արտահայտեցին՝ մասնակցելով գլխավոր ընդդիմադիր ուժի կոչով կազմակերպված բողոքի ակցիաներին, իսկ մյուս մասը՝ սոցցանցերում ակտիվ գործունեության, իմա՝ գրառումների տեսքով։
Հատկանշական է, որ սոցցանցի բազմաթիվ թուրք օգտատերեր իրենց հաշիվներում սկսեցին հրապարակել Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ ավելի վաղ կատարած հայտարարություններից հատվածներ կամ տեսանյութեր՝ ծաղրի առարկա դարձնելով վերջինիս։ Հատկապես ուշագրավ էր Էրդողանի՝ ընդդիմադիր կուսակցապետ Քըլըչդարօղլուի հասցեին քննադատական բնույթ կրող տեսաուղերձում «ես տնտեսագետ եմ» արտահայտության գրոտեսկային կիրառությունը՝ ծաղրանկարների, գրառումների և տեսանյութերի տեսքով։ Օրինակ՝ «1 դոլարը 13 լիրա է դարձել, մի մտահոգվե՛ք, ես տնտեսագետ եմ․․․»։
Երկրի ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է տնտեսության կառավարումը ձախողելու, ստեղծված խնդիրներին լուծումներ չտալու, երկիրն անկման հասցնելու և ռևանշիստական քաղաքականություն վարելու մեջ։ Ընդդիմությունը պահանջում է էրդողանի և իր թիմի հրաժարականը՝ օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
Ի հակադրություն այս ամենի՝ իշխանամերձ մամուլում սկսեցին շրջանառվել այնպիսի լուրեր, թե սկսել է աճել արտահանման ծավալները, կամ այսինչ թվով տնտեսական աճ է սպասվում։ Այդ լրատվամիջոցներում պարբերաբար տեղ են գտնում այնպիսի հրապարակումներ, թե իշխանությունների տնտեսական ծրագիրը 4-5 ամսվա ընթացքում տալու է իր դրական արդյունքները, իսկ իշխանամետ գործիչները սոցցանցերի իրենց էջերում և հեռուստահաղորդումների շրջանակում հուսադրող հայտարարություններ են անում 2022թ. երկրորդ կեսից սկսած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ։ Նույնիսկ Էրդողանը հայտնեց, որ 4-5 ամսում վերականգնելու են տնտեսությունը, իսկ 6 ամիս անց քաղելու են պտուղները։
Թուրքիայի նախագահը լիրայի շարունակական արժեզրկումը զսպելու համար կրկին դիմեց ավելի վաղ կատարած իր հնարքին՝ փոխելով գանձապետարանի և ֆինանսների նախարարին։ Նշենք, որ 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին լիրայի արժեզրկման հերթական ռեկորդների և հանրային դժգոհությունների ֆոնին Էրդողանը նոյեմբերի 9-ին որոշում կայացրեց նախարարի պաշտոնից ազատել իր փեսա՝ Բերաթ Ալբայրաքին։ Այդ պաշտոնում նրան փոխարինեց Լյութֆի Էլվանը։ Իսկ դեկտեմբերի 2-ին էլ Էլվանին պաշտոնանկ արեց և նախարարի պաշտոնում նշանակեց Նուրեդդին Նեբաթիին։
Սակայն Էրդողանի կանխամտածված քայլը լիակատար ձախողվեց, նրա սպասելիքները ի չիք դարձան։ Նորանշանակ նախարարը խոստացավ աշխատել գնաճն ու տոկոսադրույքները նվազեցնելու կամ պահպանելու, փոխարենը չբարձրացնելու ուղղությամբ։ Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 17-ին պաշտոնանկ արեց երկրի ֆինանսների և գանձապետարանի երկու փոխնախարարներին: Շաքիր Էրջան Գյուլի և Մեհմեթ Համդի Յըլդըրըմի փոխարեն ֆինանսների պաշտոնում նշանակվեցին Մահմութ Գյուրքանն ու Յունուս Էլիթաշը։ Միայն վերջին մեկ տարում Թուրքիայում գանձապետարանի և ֆինանսների 3 նախարար և Կենտրոնական բանկի 3 նախագահ է փոխվել։
Իշխանությունները բացի վերոհիշյալ կանխարգելիչ միջոցներից, սկսեցին գումար հայթհայթել այլ երկրներից։ Թուրքիայի նախագահն այդ կապակցությամբ աշխատանքային այցերով գտնվեց ԱՄԷ-ում, Կատարում և Թուրքմենստանում։ Այցերի ընթացքում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հուշագրեր ստորագրվեցին։ Նշենք, որ Էրդողանի՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության իրական պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքական էր, այլև հենց ֆինանսական։
Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում էին, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3500-4000 լիրայի (280-320 դոլար)։ Ավելի ուշ՝ դեկտեմբերի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց նվազագույն աշխատավարձը 4250 լիրա (273դոլար) սահմանելու մասին։ Նշենք, որ 2021 թ. Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմել է 2825 լիրա (հարկերը ներառյալ՝ 3577 լիրա)։
Ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար Թուրքիայի զբոսաշրջության և առողջապահության նախկին նախարարներից Բյուլենթ Աքարջալըն զավեշտալի առաջարկ արեց, ըստ որի՝ Կենտրոնական բանկը թուրքական լիրայի փոխարեն թող թուրքական դոլար տպի և հայտարարի, որ թուրքական դոլարը միանգամայն հավասար է ամերիկյան դոլարին։
Դեկտեմբերի 20-ին լիրայի փոխարժեքը այնպիսի կտրուկ անկում արձանագրեց, որ օրվա երկրորդ կեսին Ստամբուլի ֆոնդային բորսան ստիպված եղավ մի քանի ժամով դադարեցնել սակարկությունները։ Ուշագրավ է, որ հենց Էրդողանի մի ելույթով հնարավոր եղավ առժամանակ կայունացնել իրադրությունը ֆինանսական շուկայում։ Թուրքիայի նախագահը պնդեց, թե պետությունն այդուհետ պատրաստվում է փոխհատուցել այն հնարավոր տարբերությունը, որ կարող է գոյանալ փոխարժեքի տատանումների դեպքում թուրքական լիրայով բանկային հաշվեհամարներ ունեցող քաղաքացիների համար։ Ըստ Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ նրա այս հայտարարությունից հետո ընդամենը մի քանի ժամում քաղաքացիներն ու մասնավոր ընկերությունները գրեթե 1.75 միլիարդ դոլար վաճառեցին՝ զգալիորեն ամրապնդելով լիրայի փոխարժեքը։ Կեսգիշերին արդեն Ստամբուլի բորսայում մեկ դոլարի գինը 11 լիրա էր կազմում՝ կեսօրին արձանագրված 18.36-ի փոխարեն, իսկ եվրոյի գինը՝ 12.52՝ 20.79-ի փոխարեն։
Հաջորդ օրը Էրդողանը խոստացավ, որ թուրքական արտահանող ընկերությունների համար երկրի Կենտրոնական բանկը արտոնյալ, այսպես ասած՝ առաջանցիկ փոխարժեք կսահմանի, որպեսզի դրանք ապահովագրված լինեն դոլարի հանդեպ լիրայի կուրսի հնարավոր նոր տատանումներից։ Սակայն Թուրքիայում բազմաթիվ տնտեսագետներ այն կարծիքին են, որ իշխանությունների որդեգրած հիշյալ տնտեսական քաղաքականությունն ավելի է խորացնելու երկրում ճգնաժամը:
Թուրքիան, պայքարելով լիրայի կտրուկ արժեզրկման, աճող պարտքի ու գնաճի դեմ փորձում է իրենից հեռացնել տնտեսության ռեցեսիան (դանդաղումը):
Մինչ Թուրքիայի նախագահը մտածում է երկրում տնտեսական երկնիշ աճ ապահովելու, արտադրական ծավալները մեծացնելու, նոր աշխատեղեր ստեղծելու մասին, որով կփորձի վերականգնել իր խաթարված հեղինակությունը, տնտեսությունը խորը ճաքեր է տալիս։ Իսկ գործազրկությամբ, համատարած գնաճի, մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմամբ ուղեկցվող հանրային դժգոհությունները փարատելու և տրամադրությունները շեղելու համար չի բացառվում, որ իշխող ռեժիմը դիմի իր իսկ գործելաոճին բնորոշ ամբոխավարության, մանիպուլյացիոն առաջարկների և ծայրահեղ դեպքում ռազմական գործողությունների։
Եթե Թուրքիայում տոկոսադրույքները շարունակեն նվազել և փոխարենը ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը՝ ՖԵԴ-ը բարձրացնի տոկոսադրույքները, ապա դոլարը լիրայի նկատմամբ կարժեվորվի, և ՖԵԴ-ի տոկոսադրույքների բարձրացման հետևանքով տնտեսությունն էլ ավանդների նման կդոլարիզացվի։
Հարկ է նշել, որ Թուրքիայի տնտեսությունը կարող է դիմակայել միայն մինչև 30-35 տոկոս գնաճի ճնշմանը, իսկ առավել գնաճի պայմաններում չի կարող պայքարել դոլարիզացիայի դեմ։
Նաև չի բացառվում, որ առաջիկա ամիսներին Էրդողանի՝ դեկտեմբերի 21-ին հռչակած տնտեսական նոր մոդելը ձախողման կդատապարտվի, եթե թանկացած ապրանքների գները գոնե որոշակիորեն չնվազեցվեն։ Իսկ եթե դոլարի փոխարժեքը շարունակի աճել լիրայի նկատմամբ, ու այդ ընթացքում տոկոսադրույքները չբարձրացվեն, ապա փոխարժեքի տատանումներից գոյացող հնարավոր տարբերության փոխհատուցումը բավական թանկ կարժենա պետության համար։
Ամփոփելով արձանագրենք, որ Թուրքիայի կառավարության որդեգրած տնտեսական այս նոր քաղաքականությունը մեծ ռիսկ է պարունակում և որքան էլ կարճաժամկետ լինի, միևնույն է, այն ժամանակ խնայող քայլ է Էրդողանի վարչակազմի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |