Հոդված12:54, 14 Հունվար 2022
«Հայաստանի հետ նոր սկիզբ». թուրքական թերթի անդրադարձը
Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքը հատուկ ներկայացուցիչների հանդիպումից ընդհանուր անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Հայաստանի հետ նոր սկիզբ» հոդվածում հիշեցնելով, որ այսօր հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելու համար Մոսկվայում տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ «Hürriyet»-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրանից առաջ ՀՀ-ն վերացրեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը, իսկ Թուրքիան թռիչքի թույլտվություն տրամադրեց հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը: Սրանք ցույց են տալիս, որ կարգավորման գործընթացում առաջնահերթությունը տրվելու է տնտեսական հարաբերություններին:
«Ներկայացուցիչներն այսօր նախ կներկայացնեն 2 երկրների դիրքորոշումները: Այնպես է երևում, որ դրական պատկերի դեպքում ամենակարևոր թեմաները լինելու են Գյումրի-Կարս երկաթգծի ու հայ-թուրքական սահմանի վերաբացումը: Մասնագետները տեսակետ են հայտնում այն մասին, որ հայկական կողմը դրական օրակարգը չխաթարելու նպատակով օրակարգ չի բերի 1915-ի դեպքերի հարցը»,- գրում է «Hürriyet»-ը։
Գալով հետագա քայլերին՝ հոդվածի եղինակը նշում է, որ հաջորդիվ բանակցություններ կլինեն 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ, սակայն, այս մակարդակում Անկարան Երևանից որոշ պահանջներ ունի: Դրանցից առաջնայինները լինելու են ՀՀ-ի՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև «1915-ի դեպքերը» օրակարգ չբերելը, այլ դրանք պատմբանների հանձնաժողովին փոխանցելը:
Հոդվածում համեմատական է անցկացվում ներկայիս ու 2009-ի կարգավորման գործընթացների միջև։ Նշվում է, որ այսօրվա հանդիպումը ավելի հուսադրող է, քան 13 տարի առաջվանը, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել «ՀՀ-ի կողմից օկուպացված» տարածքները և դրանով իսկ արդեն մի շատ կարևոր խոչընդոտ վերացել է:
Անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչների կենսագրությանը, որտեղ ասվում է, որ Թուրքիան ներկայացնելու է փորձառու դիվանագետ, Լիբանանում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում որպես դեսպան պաշտոնավարած Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանը ներկայացնում է 9 ամիս ՀՀ ԱԳն-ի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, ներկայում խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն ընդամենը 32 տարեկան է: Նշվում է, որ այս վերջին հանգամանքը ՀՀ-ում քննադատությունների առիթ է տվել, սակայն իշխանությաններն ի պատասխան հայտարարել են, որ Ռուբինյանը կատարելու է Երևանի ցուցումները և որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում կունենա ՀՀ կառավարության հավանությունը:
Դրանից հետո համառոտ անդրադարձ է կատարվում 1991-ից այս կողմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, ՀՀ անկախության ճանաչմանը, ՍԾՏՀ-ում ՀՀ-ին որպես դիտորդ հրավիրելուն, Արձանագրությունների գործընթացին ու 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր «երկխոսության միջավայրին»:
Կարգավորման գործընթացի հաջող ընթացքի դեպքում սահմանամերձ շրջանների զարգացման մասին էլ ասվում է, որ 1993-ին փակված Աքյաքայի (ՀՀ կողմից՝ Ախուրիկ-խմբ.) սահմանային անցակետը կենսական նշանակություն ունի Կարսի արհեստավորների ու առևտրականների համար: Հոդվածի հեղինակը մեջբերել է նաև Աքյաքայի արհեստավորների ու առևտրականների կոոպերատիվի ղեկավար Յըլդըրըմի AFP-ին տված հարցազրույցի այն հատվածը, որում նա ասում է, որ ՀՀ-ի հետ սահմանը նրանց համար դեպի աշխարհ բացվող միակ պատուհանն է:
Վերջում անդրադարձ է կատարվում օրերս Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա կատարված հարձակումներին՝ դրանք ներկայացվելով որպես «հայկական կողմի իրականացրած սադրանք»: Այս համատեքսում նշվում է, որ մտահոգություն կա, որ գետնի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները կարող են ազդել դիվանագիտության արձանագրած դրական զարգացումների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |