Հարցազրույց12:18, 30 Մարտ 2022
Թուրք վերլուծաբանը Ermenihaber.am-ի հետ խոսել է հայ-թուրքական երկխոսությունից (ՄԱՍ 1-ին)
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը թուրք լրագրող և վերլուծաբան Ֆեհիմ Թաշթեքինն է։ Հարցազրույցը բաղկացած է երկու մասից։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի 1-ին մասը
Ո՞վ է Ֆեհիմ Թաշթեքինը
Թաշթեքինը ծնվել է 1972թ. Էրզրումի Օլթու շրջանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ Լրագրությամբ սկսել է զբաղվել 1994թ.-ից։ Աշխատել է թուրքական այնպիսի առաջատար լրատվամիջոցներու, ինչպիսիք են՝ Hurriyet-ը, Yeni Safak-ը, Radikal-ը և այլն։ Որոշ ժամանակ աշխատել է «Կովկաս» լրատվական գործակալությունում՝ որպես հիմնադիր խմբագիր։ Նա այժմ շարունակում է հոդվածներ հրապարակել թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» և «Al Monitor» լրատվական կայքերում։ Հեղինակել է մի շարք գրքեր։
- 2020թ. 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է մեկնարկել: Ի՞նչ առանցքային տարբերություններ կան այս և նախորդ գործընթացների միջև:
- Ներկայիս բանակցություններն ընթանում են 2020թ. պատերազմից հետո ստեղծված նոր պայմանների հիման վրա։ Լուծման հիմքերի վերաբերյալ պարամետրերը զգալիորեն փոխվել են։
2009 թվականին Շվեյցարիան և արևմտյան երկրներն ունեին հարաբերությունների կարգավորումը միջնորդող և դյուրացնող դեր։ Այժմ Թուրքիան և Հայաստանը, հատուկ ներկայացուցիչներ նշանակելով, գործընթացն ինքնուրույն առաջ տանելու կամք են դրսևորել։ Իհարկե, այս անգամ անմիջականորեն ներգրավված է նաև Ռուսաստանը։ Այն, որ կողմերի միջև առաջին հանդիպումը սկսվել է Մոսկվայում, այլ դինամիկայի մասին է վկայում։ Կովկասում մի գործընթաց, որում ներգրավված չէ Ռուսաստանը, առաջընթացի շանս չունի։
2009թ. կարգավորման գործընթացի արձանագրությունների ստորագրման ժամանակ գործընթացն առաջ մղելու ճանապարհին «ականներ» (խոչընդոտներ-խմբ.) կային։ Օրինակ Էրդողանը, Բաքվում՝ Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալիս, արձանագրությունների հաստատման գործընթացի ավարտը կապել էր «Ղարաբաղի և հարակից շրջանների օկուպացիային վերջ դնելու» պայմանի հետ։ Իսկ հայկական կողմում Սահմանադրական դատարանն օգտագործվեց որպես միջամտության գործիք, որը սաբոտաժի ենթարկեց գործընթացը։ Իրականում երկու կողմերն էլ ո՛չ հոգեբանորեն և ո՛չ էլ քաղաքականորեն պատրաստ չէին հարաբերությունների կարգավորման նոր մեկնարկին։
Էրդողանի վարչակազմը շատ էր կարևորում Արևմուտքի աջակցությունը։ Նրա համար կարևոր էր, որ Վաշինգտոնում պահպանվի դրական մթնոլորտը։ Կիպրոսի և Հայաստանի հարցում նախորդ կառավարություններից տարբերվող և ավելի համարձակ քայլերի իրականացումը հիմնական պատճառներից մեկն էր, որ Էրդողանը փորձի լեզու գտնել Արևմուտքի հետ։ Սակայն Էրդողանը նաև երկկողմ շահերի ազդեցությամբ ցույց տվեց, որ ի հեճուկս Ադրբեջանի, չի կարող քայլ անել։
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Եթե հարցը Թուրքիայի տեսանկյունից դիտարկենք, ապա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը վերացվել է։ Այս խոչընդոտն այն էր, որ Ադրբեջանի շրջանները գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ։ Հիմա երբ արդեն այս շրջաններն անցել են Ադրբեջանին, Էրդողանն այլևս ոչ մի պատրվակ չունի։ Անշուշտ չեմ ցանկանում ասել, որ Էրդողանը Հայաստանի հետ ձեռք կսեղմի՝ ամբողջովին անտեսելով Ադրբեջանի դիրքորոշումը։ 2020թ. ստորագրված հրադադարի համաձայնագրի պահանջների կատարումը կարևոր է դառնում։
Գործընթացի առաջխաղացման հիմնարար խնդիրը շարունակում է մնալ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Վստահ չեմ՝ արդյո՞ք Անկարան կարող է բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց այս միջանցքի բացման։ Անկարայում շատ են կարևորում Ադրբեջանի հետ ռազմական ձևաչափ ստացած գործընկերությունը։ Կամա-ակամա զուգահեռներ կանցկացվեն 2020թ. համաձայնագրի կյանքի կոչման և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի միջև։
Ի տարբերություն 2009 թվականի՝ Հայաստանի և Թուրքիայի համար այս անգամ խթաններն ավելի շատ են։ Կողմերը ցանկանում են խաղը կազմակերպել «Win-win» տրամաբանությամբ։ Որպես պատերազմի պարտված կողմ՝ Հայաստանը պետք է ստանա քաղաքական-տնտեսական արդյունքներ, որոնք ինչ-որ կերպ փոխհատուցում են իրավիճակը։ Շատ մեծ է նաև այն ռազմավարական նշանակությունը, որը Թուրքիան վերագրում է միջանցքներին։ Որպեսզի Էրդողանը հասնի Կասպիցի ու Ասիայի հետ կապված իր երազանքներին, պետք է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի։ Իհարկե, կան նաև իրավիճակը բարդացնող այլ գործոններ։ Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման տեմպերի զգալի աճը Թուրքիային շատ է նեղ դրության մեջ գցել։ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում պահանջվում է, որ այս հարցը վերացվի և դադարի խանգարող գործոն լինելուց։
Բայց պետք է իրատես լինել. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող վերջ դնել Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումներին կամ տարաձայնություններին։ Այս հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն աստիճանաբար միահյուսվել է ազգայնական արձագանքների հետ։ Կողմերը շատ հեռու են միջին ճանապարհ գտնելուց։ Իր պատմության հետ առերեսվելու Թուրքիայի խնդիրը շատ մեծ է։
Երկու երկրների հարաբերությունները հայկական սփյուռքի զգայուն խնդիրներից շատ ավելի անկախ, ավելի պաշտպանված տարածքում պահելու հեռանկարն այնքան էլ իրատեսական չի թվում։ Միայն եթե լավատեսորեն առաջնորդվենք, և եթե Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատվեն, ապա Հայոց ցեղասպանության հետ կապված դիսկուրսը ևս ժխտողական գծից գուցե է հնարավոր լինի տեղափոխել ավելի ընկալելի և ողջամիտ մթնոլորտ։ Իհարկե, հնարավոր չէ, որ մեկ օրում մթնոլորտը փոխվի։ Քաղաքական մթնոլորտը շատ որոշիչ է. պետական մակարդակով մթնոլորտի փոփոխությանը զուգահեռ, հասարակությունները կարողանում են արագ հարմարվել նոր իրավիճակին։ Ուստի նախ պետք է վերացվեն քաղաքական պատնեշները։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցներում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումը սկզբունքային կարևորություն ունի հետևյալ նպատակների համար.
1. Ցույց տալ հայկական լսարանին Թուրքիայի քաղաքական-հասարակական հանրության մտածողության տարբեր շերտերը և վերաբերմունքը հայ-թուրքական երկխոսության նկատմամբ։
2. Ներկայացնել մեր լսարանին՝ Թուրքիայիում հակահայկական տրամադրությունների դինամիկան։
3. Աջակցել հայ փորձագիտական հանրույթին և պետական կառույցներին այս թեմայով առավել հասցեական գործելու ու արձագանքելու հարցում։
4. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |