Հարցազրույց14:00, 21 Ապրիլ 2022
Թուրք պատգամավորի հարցազրույցը Ermenihaber.am-ին. «Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի խորհդարանում ներկայացված քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի պատգամավոր Էրոլ Քաթըրջըօղլուի հետ։
Համառոտ կենսագրական
Էրոլ Քաթըրջըօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր և քաղաքական գործիչ է, 1991-1993թթ. եղել է փոխվարչապետ Էրդալ Ինոնուի տնտեսական գծով խորհրդականը։ 1996-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 2001-2005թթ. դարձել է Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոռեկտոր, 2005-ին եղել է նույն համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ 2012-ին Բիլգի համալսարանից տեղափոխվել է Մարմարայի համալսարան և այնտեղից 2016 թվականին անցել է թոշակի: Սկսյալ 1996 թվականից հոդվածներ է հեղինակել տարբեր օրաթերթերի էջերում։
Հայաստանում Էրոլ Քաթըրջըօղլուին առավելապես ճանաչում են 2017թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետություն (Ղարաբաղ) կատարած այցով և արդյունքում՝ Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելով։ Ադրբեջանական իշխանությունները մի խումբ այլ գործիչների հետ նրա նկատմամբ էլ էին քրեական հետապնդում սկսել:
- Թուրքիայում տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ձեր կուսակցության դիրքորոշումը ինչո՞վ է տարբերվում այլ ուժերի դիրքորոշումից:
- Մենք հայերին տեսնում ենք որպես այս հողի ժողովուրդ։ Թեև Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է որպես ազգային պետություն, այն իրականում ոչ թե մեկ ինքնություն է ներկայացնում, այլ՝ ունի խայտաբղետ հասարակական կառուցվածք, որն ավելի շուտ Օսմանյան կայսրության մնացորդ է:
Մեր ժամանակաշրջանի համընդահնուր մտածողության ձևերից մեկը հանդիսացող «արմատական ժողովրդավարությունը» ցույց է տալիս, որ ժողովրդավարություն կարող է հաստատվել ազգային պետության սահմաններից ներս, որտեղ կարող են գոյակցել տարբեր ինքնություններ։ Մենք՝ որպես «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն», ձգտում ենք ստեղծել նոր ժողովրդավարություն «արմատական ժողովրդավարության» տեսանկյունից, որը կընդգրկի պետության ներսում գտնվող բոլոր այն ինքնությունները, որոնք զոհ են դարձել կամ իրենց զոհ են զգացել պատմության մեջ, ինչպես նաև իրենց զոհ են զգում ներկայում:
Այս համատեքստում ցանկանում ենք, որ մեր երկրում մեր ժողովուրդը պատրաստ լինի առերեսվելու ինպես նախկինում հայերի, այնպես էլ քրդերի, հույների, ասորիների և ալևիների նկատմամբ իրականացված կոտորածների հետ, որպեսզի այդ դժգոհությունները լուծում ստանան։ Մենք մեր քաղաքականությունը կառուցում ենք այս շրջանակներում։
- Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:
- Թուրքիայում ձևավորված քաղաքական կամքը, մեր կարծիքով, երկիմաստ է այս հարցերի շուրջ։ Թուրքիան մի կողմից խոսում է խաղաղությունից, բայց խուսափում է խաղաղության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Նա կարծեք թե Հայաստանից է սպասում ավելի ուժեղ քայլեր։ Սակայն, եթե Թուրքիան «մեծ պետություն» է, ինչպես ինքն է պնդում, ապա, մեր կարծիքով, նա պետք է անի առաջին քայլը։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ կարևոր քայլեր են արվել քրդական խնդրի լուծման ուղղությամբ և հետո ինչ-ինչ պատճառներով ետ են կանգնել այդ քայլերից, նույնպիսի վերաբերմունք է որդեգրվել նաև Հայկական հարցում։
Առանց նախապայմանների բանակցություններով և ֆուտբոլային դիվանագիտության պես մոտեցումներով լուծման հասնելուն միտված գործընթացը հետագայում շրջվեց հակառակ ուղղությամբ: Ուստի ինչպես Հայաստանի հարցում, այնպես էլ տարբեր ինքնությունների հետ կապված հարցերում, թուրքական պետությունը շփոթված է և, ցավոք, չի կարողանում խնդիրների լուծման համար ուժեղ կամք դրսևորել:
- Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:
- Չեմ կարծում, որ մեծ պահանջարկ կա, որովհետև, ինչպես գիտեք, քաղաքական և տնտեսական հարաբերությունները, որոնք Թուրքիան վերջերս հաստատել է Ադրբեջանի հետ, ԱԶԿ-ի կոալիցիան թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության հետ, և այն փաստը, որ այս կառավարությունը որոշիչ վերահսկողություն ունի թուրքական լրատվամիջոցների վրա, խանգարում են այս խնդրին և խոչընդոտում են հասարակության մեջ համապատասխան դրական ընկալման ձևավորմանը։
Սակայն ձեր հարցին կարող եմ պատասխանել այսպես. Հայկական հարցում, ինչպես և քրդական հարցում, աստիճանաբար նվազում է պետության կողմից ազգայնականության քարոզի միջոցով ստեղծված ընկալումների համոզիչ լինելը։ Որքան Թուրքիան ժողովրդավար դառնա, այդ հարցերի լուծումն այնքան ավելի հեշտ կդառնա։
- Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած երկխոսության գործընթացի առնչությամբ ի՞նչ ակնկալիքներ ունեք, մանավանդ երբ հաշվի ենք առնում Հայոց ցեղասպանության խնդրի առկայությունը: Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ նշանակություն և կարևորություն ունեն Ձեզ համար Հայաստանի հետ հարաբերությունները:
- Չեմ հավատում, որ մոտ ապագայում կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ երկու կողմերն էլ կարող են խոսել ցեղասպանության խնդրի մասին։ Այս առումով ջանքերը պիտի հիմնականում ուղղված լինեն ավելի համեստ հարցերի շուրջ հաստատվելիք հարաբերությունների վրա։ Որպես տնտեսագետ՝ կարծում եմ, որ այս ճանապարհով առաջ շարժվելու համար օրակարգում տնտեսական հարաբերություններին տեղ տալը շատ ձեռնտու կլինի։ Որովհետև երկու երկրների ժողովուրդներին, որոնք մշակութային առումով շատ հեռու չեն միմյանցից, պետք է խրախուսել միասին բիզնես անել, որպեսզի այլ թեմաներ քննարկվեն։
Պետք է նշեմ նաև հետևյալը. մեր կուսակցությունը երբ ասում է, որ եթե Թուրքիան ցանկանում է շարունակել իր գոյությունը որպես ժողովրդավարական պետություն, պիտի լուծի քրդական խնդիրը, այդ համատեքստում շեշտում ենք նաև, որ այն երկիրը, որը չի կարող լուծել տարբեր ինքնությունների հետ կապված խնդիրները, չի կարող լինել ժողովրդավարական։ Սա արդիական է նաև Հայկական հարցի պարագայում:
Այսինքն՝ մեր կարծիքով Հայկական հարցը չլուծած Թուրքիան չի կարող դառնալ դեմոկրատական երկիր: Այդ իսկ պատճառով Հայկական հարցը մեզ համար նույնքան կարևոր է, որքան քրդականը։
Սա է ժողովրդավար լինել-չլինելու չափանիշը…
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |