Հարցազրույց16:05, 28 Ապրիլ 2022
Արիս Նալջը․«Օրը կգա և կտեսնենք՝ ցեղասպանության ամենալավ ուսումնասիրողները լինելու են թուրքերը»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնելու հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը պոլսահայ գրող, վերլուծաբան Արիս Նալջըն է։
Համառոտ կենսագրական
Նալջըն ծնվել է 1980թ․ Ստամբուլում։ Աշխատել է «Ակոս» շաբաթաթերթում որպես խմբագիր և հոդվածագիր։ Նա հայտնի է թուրքական ARTI Tv-ում իր «Կամուրջ» հեռուստածրագրով։ Այժմ նրա հոդվածները հրապարակվում են «Artı Gerçek» լրատվականում։
- 2020թ. 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է սկսվել: Ի՞նչ տարբերություններ կան այս և նախորդ գործընթացների միջև: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Սա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ գործընթացն է։ Որպես առաջին երկու գործընթացների ականատես, կարծում եմ, որ դրանք որոշ ընդմիջումներով օրակարգ են բերվում երկու երկրների միջև նաև քաղաքական ճգնաժամերի պատճառով։ Իրատեսական համարու՞մ եմ։ Ոչ։ Բայց խելամիտ եմ համարում։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Թուրքիան աշխարհագրորեն չեն տեղափոխվելու։
Քանի որ Հայաստանը չի պոկվելու Հարավային Կովկասից և չի դառնալու Եվրոպայի կամ ԱՄՆ-ի մի մասը, այն ստիպված է առերեսվել իր դեմ թշնամաբար տրամադրված երկու պետությունների հետ և ապրել՝ նրանց դեմ պաշտպանական մեխանիզմներ մշակելով։
Այստեղ, իհարկե, կա 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ազդեցությունը, քանի որ Թուրքիան 1993 թվականից անընդհատ առաջ էր քաշում Ադրբեջանի և վերջինիս հետ կապված նախապայմանները։ Այժմ այդ նախապայմանը դուրս է եկել։ Թուրքիայի աջակցությունը վայելող ադրբեջանական բանակի դեմ Արցախի պարտված պատերազմից հետո թեև ոչ պաշտոնապես (քանի որ համաձայնություն ձեռք չի բերվել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ), բայց այդ նախապայմանն այժմ է դուրս մղվել է։
Թուրքիան ինչպես Հայաստանի, այնպես էլ Հունաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունի, բայց Հունաստանի սահմանը բաց է և ունի դիվանագիտական հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է նաև Հայաստանի հետ ունենալ։ Սակայն այստեղ Հայաստանը պետք է ուշադիր լինի Թուրքիայի վարած դիվանագիտական խարդավանքներին և դրանց դեմ մի լավ քաղաքականություն վարի։
- Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։
- Հարաբերությունների կարգավորմամբ առաջին հերթին երկու երկրներում կբացվեն հյուպատոսություններ և ներկայացուցչություններ։ Կզարգանան տնտեսական հարաբերությունները։ Այս հարցում գործարարներն արդեն հարաբերությունների մեջ են։ Սակայն, քանի որ դիվանագիտական ներկայացուցչություններ չկան, առևտուրը որևէ երաշխիք չունի։ Այսինքն, երբ մի հայաստանցի Թուրքիայում ներդրում է անում, դրա համար ապահովագրություն չկա։ Նույնը նաև վերաբերում է Թուրքիայի քաղաքացուն։
Միանշանակ է, որ Թուրքիան այս ոլորտում գերիշխելու է հայկական շուկայում։ Սակայն Հայաստանը դա կարող է խոչընդոտել և այն առավելության վերածել։ Չպետք է մոռանալ, որ այն շուկան, որը կբացվի Թուրքիայի քաղաքացի արտադրողի համար 3 միլիոնանոց երկիր է, իսկ Հայաստանի քաղաքացիների համար՝ 80 միլիոնանոց։ ԵՎ սրա ⅓-ը սահմանամերձ քաղաքներում բնակվող քրդերն են։ Նկատի ունենալով, որ քրդերը նույնպես սկսել են առերեսվել ցեղասպանության հետ, այս սոցիոլոգիական տեսանկյունից միմյանց հետ հարաբերություներն ավելի հեշտ կհաստատվեն սահմանամերձ քաղաքներում։
Բացի այդ, այս հարաբերություններից ապագայում շատ բան կարելի է ակնկալել։ Այնուամենայնիվ, առաջին հերթին երկու երկրներն էլ կկենտրոնանան բիզնեսի այս ասպեկտի վրա՝ պայմանավորված այն տնտեսական ճգնաժամով, որում նրանք գտնվում են։
Պատմական կառույցների վերականգնման հարցում համատեղ հանձնաժողովների ձևավորումը և նույնիսկ Թուրքիայում ապրող հայերի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա դրական է ազդելու։
Չմոռանանք, որ երբ դիվանագիտական հարաբերություններ լինեն, Հայաստանում պաշտոնական կառույցները կարող են նոտա հղել պատմական Հայաստանի տարածքում իրենց տեսած ցանկացած բացասական իրավիճակի վերաբերյալ և կարող են դիմել Թուրքիայի դատական իշխանություններին։
Այսինքն՝ փոխհատուցման պահանջները հնարավոր կլինի ուղիղ ներկայացնել Թուրքիայում, կամ հյուպատոսությունները կկարողանան դա անել։
Իհարկե, եթե թուրքական իշխանությունները չընդունեն այդ պահանջները, ապա մարդու իրավունքների դատարան դիմելու հնարավորությունն ավելի հեշտ կլինի։
Անշուշտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և Հաագայի չեզոք ու լուռ դիրքորոշումը ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ նվազեցնում է մեր ակնկալիքները, բայց դա կարևոր է նաև իրավական ճանապարհներ բացելու առումով։
- Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները ընդունելով, որ գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, միևնույն ժամանակ կրկնում են, որ իրենց քայլերն անում են Ադրբեջանի հետ համակարգված: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործոնը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։
Ադրբեջանը գործընթացի մաս է կազմում 1993 թվականից։ Բայց Ադրբեջանը չէ այդ նախապայմանների ի հայտ գալու հիմնական պատճառը։ Այստեղ առյուծի բաժինը պատկանում է Թուրքիային։ Այդ նախապայմաններն Ադրբեջանին ներկայացնելով՝ Թուրքիան փորձում էր ջրից չոր դուրս գալ ու փաստացի խնդիրը դնում ուրիշի ուսերին։ Հիմա էլ է այդպես։ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները, բացի տնտեսական գործընկերությունից, այնքան էլ ամուր չեն, որքան ցույց է տրվում, իմ կարծիքով։
Օրինակ` մինչ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ղարաբաղ կատարած այցի ժամանակ ավտոբուսում զրուցում էր Ալիևների զույգի հետ, Ալիևը խոսում էր թուրքական խոշոր ընկերությունների ներդրումների մասին։ Էրդողանը նույնիսկ չգիտեր։ Միչնդեռ հիշյալ ընկերությունները Թուրքիայում առանց Էրդողանի հավանության քայլեր չեն ձեռնարկում։
Սա ցույց է տալիս, որ Թուրքիան իր վերահսկողությունից դուրս ներդրումներ է կատարում Ադրբեջանում։ Կամ Ադրբեջանը բիզնես է գնում Թուրքիայից՝ առանց Էրդողանի իմացության։ Սա այն է, ինչ Էրդողանը չի ցանկանում այսօրվա Թուրքիայի ռեժիմում։ Ադրբեջան էլ ավելի շատ ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի գործընկերն է։
Թուրանի երազանքը, որը երկու երկրներին էլ զգացմունքային առումով միավորում է, և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Կասպից ծով տարածվելու մասին հայտարարությունները Ադրբեջանում չեն օգտագործվում, ինչպես Թուրքիայում։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք ընդհանուր երազանք ունեն:
Օրինակ՝ թուրքական դպրոցը, որը Բահչելին ցանկանում էր բացել Շուշիում, թույլ չտվեցին...
Սրանք փաստացի ցույց են տալիս, որ երկկողմ հարաբերությունների նկատելի կողմերից բացի այլ բաներ էլ կան։
Հայտնի չէ, հնարավոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ ավելի արագ զարգանան, քան Թուրքիայի և Հայաստանի միջև։
- Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին կխնդրենք ձեր մտորումներով կիսվել ընթերցողի հետ։ Ըստ Ձեզ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մեկնարկից հետո ապրիլի 24-ը կստանա՞ այլ խորհուրդ։
- Ես նախընտրում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մեր պայքարը պահել թուրք-հայկական հարաբերություններից դուրս. որովհետև դա Թուրքիայի ուզածն է։
Այս երկուսը կապելով Թուրքիան ցանկանում է հայկական պետության գոյությունը կապել ցեղասպանության ճանաչման հետ։ Սակայն Հայաստանը պետություն է, իսկ ցեղասպանության ճանաչումը աշխարհի 11 միլիոն հայերի պայքարն է։
11 միլիոն հայ Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք չունի, բայց նրանք ցեղասպանության ականատեսների թոռներն ու զավակներն են։
Հետևաբար, ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ բան է, քան Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնումը։ Փաշինյանի կառավարությունը փորձում է այս հարցը հնարավորինս զերծ պահել բանակցային սեղանից։ Հուսով եմ, որ նա մինչև վերջ կկարողանա հաջողել այն։
Թուրքիան սա բանակցային սեղան բերելով, ցանկանալու է համաձայնագրի հիմնական մասը գցել Հայաստանի վրա։ Ճիշտ այնպես, ինչպես նախապայմանը գցեց Ադրբեջանի վրա։
- Թուրքիա-Հայաստան սահմանի բացման հարցում արդյո՞ք հնարավոր է, որ թուրքական կողմը որևէ քայլ կատարի կամ նոր նախապայմաններ առաջ բերի։
- Իհարկե, եթե Թուրքիան անկեղծ լիներ սահմանի հարցում։ Պատերազմի ավարտի օրը կբացեր։ Այս հարցում չեմ կարծում, որ Թուրքիան անկեղծ է, սակայն սա կոչվում է դիվանագություն և քաղաքականություն։ Ո՛չ դիվանագիտության, և ո՛չ էլ քաղաքականության մեջ մաքուր կողմ չկա։ Այդ իսկ պատճառով Թուրքիան փորձում է շատ բան ստանալ՝ այքան, որքան կարող է։
Հայաստանը նույնպես պետք է գործի ըստ սրա և խելացի քաղաքականություն մշակի։
- Թուրքիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությունն այս առումով ի՞նչպես է ընթանում։ Բացեիբաց ժխտումից մինչև «ընդհանուր ցավի» տեսություն զարգացրած ուղուց հետո թուրքական պետությունն ի՞նչ մոտեցում կորդեգրի։
- Թուրքիան երբեք չի հրաժարվել և չի էլ հրաժարվելու ժխտողականությունից։ Քանի որ դա կնշանակի խարխլել այս երկրի հիմնադիր սկզբունքները։ Մենք կկարողանանք խոսել ցեղասպանության ճանաչման մասին միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կարողանա կառուցել այնպիսի ապագա, որտեղ ինքը կարող է ապրել՝ ժխտելով որոշ բաներ։ Այսինքն, իմ ասածն այն է՝ օրը կգա և կտեսնենք, որ ցեղասպանության վերաբերյալ ամենամեծ և ամենարժեքավոր աշխատանքներն անելու են/ հրապարակվելու են Թուրքիայում։ Նույնիսկ ցեղասպանության ամենալավ ուսումնասիրողները լինելու են թուրքերը, բայց թուրքական պետությունը շարունակելու է ժխտողականությունը։
Միգուցե հայերի եկեղեցիների իրավունքները վերականգնվեն, բայց ասեն՝ «Մենք ցեղասպանություն չենք արել»։
Այսօր էլ քրդերն առ ոչինչ են թուրքական պետության համար։ Բայց նրանք կարողացան Թուրքիայի խորհրդարանում հիմնել մեծությամբ երրորդ կուսակցությունը։
Արգելվում է քրդերեն խոսել, բայց պետությունն ունի քրդական հեռուստատեսություն և ռադիոալիք։
Ցեղասպանությունը հերքվում է, բայց ցեղասպանության մասին ուսումնասիրություններ ու հրապարակումներ են արվում։
Թուրքիան տարիներ շարունակ Անի քաղաքն անվանել է «Անը հնավայր»։
Տարիներ շարունակ «Ակօսում» քննադատել ենք, ասելով՝ հստակեցրեք Անիի հարցը և ասեք Անի։
Այս տարի Թուրքիայի զբոսաշրջային նախարարության պետական «GoTurkey» կոչվող էջից Անի քաղաք անունով գովազդ են արել։ Սա մի բան է, որին ես վերևում անդրադարձա: Թեև չեն ընդունում, բայց Անին այժմ վերագտավ իր անունը։
Հիմա պետք է նախարարությանը հարցնենք՝ ինչո՞ւ տարիներ շարունակ ԱՆԻ չանվանեցին։ Դրան թուրքերեն ասում են՝ հետքայլ անել կամ թքածը լիզել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |