Հոդված15:56, 13 Հունիս 2022
Կանայք և քաղաքականությունը Թուրքիայում․ Թանսու Չիլլերը վերադառնո՞ւմ է
Թուրքիայի առաջին և առայժմ միակ կին վարչապետ Թանսու Փենբե Չիլլերի անունը երկարատև դադարից հետո վերջերս կրկին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների գլխագրերում։
«Թանսու Չիլլերը վերադառնում է ակտիվ քաղաքականություն»,-գրում է մամուլը։
2021թ. վերջին սկսեցին շրջանառվել լուրեր, որ Չիլլերը քաղաքական քննարկումներ է սկսել 2023թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Նա կա՛մ կհիմնի նոր կուսակցություն, կա՛մ կստանձնի այլ կուսակցության առաջնորդությունը։ Նշվում էր, որ տնտեսագետ Չիլլերը տնտեսական նոր ծրագիր է մշակել, որը ցանկանում է իրականացնել, և հնարավոր է, որ նաև նպատակ ունի մասնատել կենտրոնից աջ գաղափարաքաղաքական դիրքավորում ունեցող կուսակցությունների ընտրազանգվածը՝ հաջակցություն Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։
Տարածվող այս լուրերին առաջիններից մեկն արձագանքեց ազգայնական «Լավ» կուսակցությունը։ Չիլլերի երբեմնի մտերիմներից Մերալ Աքշեների գլխավորած կուսակցության փոխնախագահ Քորայ Այդընը, ընդդիմադիր «Sözcü» թերթի թղթակից Ռուհաթ Մենգիի հետ հարցազրույցում հաստատելով այն պնդումները, որ Չիլլերն ուզում է նոր կուսակցություն հիմնել, նշեց, որ նրա թիրախն իրականում «Լավ» կուսակցությունից ձայներ խլելն է։ Ավելին՝ նա ընդգծեց, թե Չիլլերին այդ գործը հանձնարարել է հենց Էրդողանը։ Չնայած այդ ժամանակ Չիլլերը «Hürriyet» թերթի լրագրողներից Աբդուլքադիր Սելվիի հետ զրույցում հայտարարեց, որ այս փուլում կուսակցություն հիմնելու որոշում չունի և որևէ շփում չի ունեցել Էրդողանի հետ՝ մարտին արդեն հայտարարեց, որ «կարոտել է իր ազգին»։
«Այս ազգն ինձ միայն առաջին կին վարչապետի պաշտոնը չի տվել, ինձ տվել է առաջին կին գանձապետարանի նախարարի, առաջին կին ներքին գործերի նախարարի, առաջին կին փոխվարչապետի, իսկ հետո՝ առաջին կին վարչապետի պաշտոնը։ Ես կարոտել եմ ազգիս․․․»,-նշեց Չիլլերը՝ պատասխանելով մերձիշխանական ATV-ի թղթակիցներից Նիհան Գյունայի հարցերին։ Նա ընդգծեց, որ արդեն ուզում է ինչ-որ բաներ տալ իր ազգին և առաջին հերթին կիսվել իր փորձով։ Չիլլերը նշեց, որ դեռևս որոշում չի կայացրել, սակայն ինչ էլ, որ որոշի, դա չի անելու աթոռի, հաջողության (ikbal) համար։ Թուրքիայի նախկին վարչապետի այս խոսքերը թուրքական մամուլում բնորոշվեցին որպես «վերադարձի ազդանշան»։
Այս ընթացքում լրատվամիջոցները գրում էին, որ Չիլլերը քննարկումներ է ունենում «Լուսավոր ժողովրդավարություն» կուսակցության (Aydınlık Demokrasi Partisi), «Արդարություն» կուսակցություն (Adalet Partisi) հետ։ Նշվեց նաև, որ նա նոր կուսակցություն չի հիմնելու, այլ փոխելու է 2020թ․ հիմնված «Մեր» կուսակցության անունը (Bizim Parti)՝ այն կոչելով «Մեծ Թուրքիա» կուսակցություն (Büyük Türkiye Partisi)։ Շրջանառվող այս անունը պատահական չէ․ այդպես է կոչվել Թուրքիայի 9-րդ նախագահի, Չիլլերի համար դեպի քաղաքականություն ճանապարհ հարթած գործչի՝ Սուլեյման Դեմիրելի մտերիմների կողմից 1980թ․ սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո կարճ ժամանակով գործած կուսակցությունը, որ հիմնվել էր որպես գաղափարաքաղաքական ժառանգորդ Դեմիրելի «Արդարություն» կուսակցության համար։ Մերձիշխանական «Yeni Şafak» թերթի սյունակագիրներից Բյուլենթ Օրաքօղլուն միաժամանակ տեսակետ առաջ քաշեց, որ նա դաշինք է ստեղծելու Ֆաթիհ Էրբաքանի՝ «Նոր բարօրություն» կուսակցության (Yeniden Refah Partisi) հետ, որը կոչվելու է «Անատոլիա» դաշինք և նրանք աջակցելու են իշխող «Ժողովուրդ» դաշինքին։
Մարտին Թուրքիայում գործող «Optimar» հետազոտական ընկերությունը հրապարակեց թուրքական քաղաքական դաշտում գործող կուսակցությունների այդ ամսվա վարկանիշը ցույց տվող սոցիալական հարցման արդյունքները։ Սոցհարցման մասնակիցների 5․6%-ը նշել էր, որ ձայն կտա Չիլլերի առաջնորդած քաղաքական ուժին, եթե այդպիսին ձևավորվի և մասնակցի ընտրություններին։ Վստահության այդ չափը այդքան էլ վատ արդյունք չէր՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 10-ից իջեցվել է 7%-ի և նաև այն, որ, օրինակ, իշխող կոալիցիայի անդամ, աջակողմյա «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ըստ տարբեր հարցումների, ունի միայն 6-10% վստահություն։ Չնայած այս հարցման արդյունքները քննարկումների առիթ դարձան և անգամ բնորոշվեցին որպես անհիմն ոգևորում Չիլլերի համար՝ մեկ այլ՝ «Area» ընկերության հետազոտությունը ևս ցույց տվեց, որ թուրքական հանրության 7․3%-ը պատրաստ է ձայն տալ այն կուսակցությանը, որ կղեկավարի Չիլլերը։ Միաժամանակ, սակայն, հանրության շրջանում տիրող մտայնությունների կարևոր ցուցիչ էր այն, որ հարցման մասնակիցների 68․5%-ը բացասական կարծիք էր հայտնել Չիլլերի մասին, իսկ 71․4%-ը՝ նշել, որ բացասական կընդունի նրա վերադարձը քաղաքականություն։ Հետազոտությունը, սակայն, ուշադրության արժանի մեկ այլ կետ նույնպես ուներ․ այն ցույց էր տալիս, որ Չիլլերի առաջնորդած կուսակցությանը պատրաստ են քվե տալ իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամներ ԱԶԿ-ի (8.3%) և ԱՇԿ-ի (10․5%) ընտրողները, ինչը, կարծես, կոտրում էր քաղաքականություն վերադառնալու Չիլլերի նպատակների մասին շրջանառվող պնդումները։ Հատկանշական է, որ այդպիսի տեսակետ հայտնել էր նաև «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախկին փոխնախագահ Սալիհ Օնելը՝ պնդելով, որ Չիլլերի վերադարձը ոչ թե Աքշեների, այլ առավել շատ ԱԶԿ-ի ձայներին է վնասելու։
Չնայած ապրիլի վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ Չիլլերն առժամանակ կասեցրել է նոր կուսակցություն հիմնելու աշխատանքները, քանի որ մտածում է, որ նոր կուսակցությունը բավականաչափ աջակցություն չի գտնի հանրության շրջանում՝ ընդդիմադիր «Cumhuriyet»-ին մայիս ամսին տված շուրջ 1 ժամ տևող հարցազրույցում Չիլլերը կրկնեց, որ ցանկանում է, իր փորձառությունը փոխանցել երիտասարդ սերունդներին։ Այդ և իր հաջորդ հարցազրույցում նա մանրամասն անդրադարձավ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխություններին, խոսեց աշխարհում Թուրքիայի հետագա դերի մասին, երկրի ներքաղաքական, հասարակական խնդիրների մասին, ինչը նորից բացահայտ ցույց տվեց քաղաքականություն վերադառնալու նրա մտադրությունը։
ԱՅԴՈւՀԱՆԴԵՐՁ Ո՞Վ Է ԹԱՆՍՈւ ՉԻԼԼԵՐԸ
Չիլլերը ծնվել է 1946թ․ Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Նամըք Քեմալի անվան դպրոցում, սովորել է Արնավութքյոյի իգական քոլեջում, 1967թ․ ավարտել է Ստամբուլի ամերիկյան Ռոբերտ քոլեջի (ներկա՝ Բողազիչի համալսարան) տնտեսագիտության ֆակուլտետը: 1963թ․ ամուսնացել է Օզեր Ուչուրանի հետ, տեղափոխվել ԱՄՆ։ Բարձրագույն կրթությունն ամբողջացրել է Նյու Համփշիրիի համալսարանում, դոկտորականը պաշտպանել է Կոնեկտիկուտի համալսարանում, իսկ հետդոկտորական ուսումնառությունը շարունակել Եյլի համալսարանում։ 1970-ական թթ․ Թուրքիա վերադառնալուց հետո Չիլլերը, որ փայլուն գիտեր անգլերեն և գերմաներեն, սկսում է դասավանդել Բողազիչիում։ «Hürriyet» թերթի սյունակագիր Ֆարուք Բիլդիրիջին, որի՝ Չիլլերի մասին հեղինակած «Դիմակով լեյդին» գիրքը ժամանակին բեսթսելլեր էր Թուրքիայում, գրում է, որ Չիլերի նախկին գործընկերները նրան բնորոշում էին որպես «սաստիկ հավակնոտ, բայց շատ ազդեցիկ անհատական ոճով» կին [տե՛ս՝ Reinart U., Ambition for all seasons: Tansu Ciller, Middle East Review of International Affairs Vol. 3, No. 1, March 1999, p. 81]։
1990թ․ Սուլեյման Դեմիրելի հրավերով «Ճշմարիտ ուղի» կուսակցության (ՃՈՒԿ) շարքերից քաղաքականություն մուտք գործած Չիլլերը 1991թ․ պատգամավոր է ընտրվել Ստամբուլից։ Տնտեսության զարգացման խոստումներով ՃՈւԿ-ի նախընտրական քարոզարշավում ունեցած ներդրումից հետո Չիլլերը Դեմիրելի ղեկավարած կոալիցիոն կառավարությունում ստանձնել է տնտեսության համար պատասխանատու պետնախարարի պաշտոնը։ Սակայն չկատարելով ինչպես «բոլորին երկու բանալի», այնպես իր մյուս՝ «ազգային դինամիկ հավասարակշռության մոդել» խոստումը՝ նա 1993թ․ Թուրգութ Օզալի անսպասելի մահից և Թուրքիայի նախագահի պաշտոնում Դեմիրելի ընտրվելուց հետո ստանձնել է ՃՈՒԿ-ի նախագահի լիազորությունները։ 1993թ․ ԱՄՆ-ում կրթություն ստացած, ժամանակակից, աշխարհիկ և խարիզմատիկ այդ կինը, որի հետ երկրի աշխարհիկ շրջանակները և Թուրքիայի արևմտյան գործընկերները հույսեր էին կապում, դարձել է վարչապետ՝ ղեկավարելով Թուրքիայի 50-րդ, 51-րդ և 52-րդ կառավարությունները։
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՑԵԼ ԹԱՆՍՈՒ ՉԻԼԼԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ
Թանսու Չիլլերի՝ վարչապետի պաշտոնի ստանձմանը հաջորդող երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել Սիվասի[1] և Բաշբաղլարի[2] արյունոտ դեպքերը, որ որոշակիորեն խորհրդանշական են համարվում նրա՝ հակասություններով լի կառավարման շրջանի համար։
Քրդական հարցը
Չնայած վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Չիլլերը հայտարարում էր, որ քրդական հարցի լուծման համար կիրառելու է բասկերի մոդելը՝ շատ չանցած «Այս ահաբեկչությունը կա՛մ վերջանալու է, կա՛մ վերջանալու է» (Bu terör ya bitecek ya bitecek) կարգախոսով զինուժի և գաղտնի ծառայությունների հետ համագործակցությամբ կատաղի պայքար է մղել Քրդական բանվորական կուսակցության, քուրդ մտավորականների դեմ։ Զուգահեռաբար նպաստել է թուրքական զինուժի արդիականացման աշխատանքներին և նաև հասել է նրան, որ ԱՄՆ-ում ՔԲԿ-ն ճանաչվի ահաբեկչական կազմակերպություն։
Աշխարհիկություն թե՞ իսլամականություն
Ի հակադրություն երկրում աշխարհիկ կարգերի ջատագովների հույսերի՝ նա հաճախ համագործակցել է կրոնական կազմակերպությունների հետ՝ ֆինանսական, քաղաքական աջակցություն ստանալու ակնկալիքով։ Այս համատեքստում պատահական չէ, որ աշխարհիկ հայացքներով, արևմտյան մամուլում որպես «ժամանակակից Թուրքիայի խորհրդանիշ» բնութագրվող [տե՛ս՝ Saraçoğlu B., Cumhuriyet döneminde başbakanları, sosyo-ekonomik geçmişleri, siyasal düşünceleri ve performansları: Tansu Çiller, Konya 2009, s. 107 ] Չիլլերին կարճ ժամանակ անց Լիբիայի առաջնորդ Մուամմար-ալ Կադդաֆին բնորոշում էր «մուսուլման կնոջ մոդել» ձևակերպմամբ։
Ապրիլի 5-ի որոշումները
1994թ․ ապրիլի 5-ին նա սեփական սխալ որոշումների պատճառով առաջացած տնտեսական լուրջ ճգնաժամը հաղթահարելու համար տնտեսական մի ծրագիր է գործարկել, որի հետևանքով, սակայն, իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլև թուրքական լիրան արժեզրկվել է 51 տոկոսով։ Ճգնաժամային այդ պայմաններում 1995թ․ սեպտեմբերին Չիլլերի (ՃՈՒԿ) և Դենիզ Բայքալի (ԺՀԿ) կոալիցիոն կառավարությունը դադարել է գոյություն ունենալուց։
Կոալիցիոն կառավարությունները
Չիլերի գլխավորած ՃՈՒԿ-ը 1995թ․ դեկտեմբերի 24-ին արտահերթ խորհրդանական ընտրություններում ստացել է քվեների 19,2%-ը՝ կորցնելով 8% քվե: Ընտրություններում որևէ կուսակցություն բավարար մանդատ չի կարողացել ստանալ միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։ 1996թ. մարտի 12-ին ձևավորվել է անձնայինի լուրջ մրցակցության և պայքարի մեջ գտնվող Չիլլերի (ՃՈւԿ) և Մեսութ Յըլմազի («Մայր հայրենիք» կուսակցություն) փոքրամասնության կառավարությունը, որը տապալվել է Յըլմազի հրաժարականով։ Նախագահ Սուլեյման Դեմիրելի հանձնարարությամբ իսլամական դիրքերից հանդես եկող «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանը այդուհետ ձևավորել է առաջին հայացքից գաղափարների առումով անհամատեղելի ԲԿ-ՃՈՒԿ կոալիցիան, որտեղ Թանսու Չիլլերը ստանձնել է փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։
Արտաքին քաղաքականությունը
Չիլլերը վարած արտաքին քաղաքականությունը ևս եղել է խիստ հակասական և նա այդ ոլորտում չի գրանցել լուրջ հաջողություններ։
1994թ․ Չիլլերն առաջին անգամ Թուրքիայի վարչապետների մեջ այցելել է Իսրայել՝ մեկնարկ տալով թուրք-իսրայելական ռազմավարական հարաբերությունների զարգացմանը։
1996թ․ կնքվել է Թուրքիա-ԵՄ մաքսային միություն համաձայնագիրը, ինչի հետ կապված քննադատություններ են հնչել Չիլլերի հասցեին, քանի որ այդ քայլն արվել էր առանց Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին։
Չիլլերի առաջնորդության տարիներին որոշակիորեն լարվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները՝ կապված Ադրբեջանում Աբուլֆազ Էլչիբեյի տապալման և Թուրքիայում որպես ռուսամետ քաղաքական գործիչ ընկալվող Հեյդար Ալիևի իշխանության գալու հետ։ Չիլլերն անգամ, ըստ տեղեկությունների, կապ է ունեցել Հեյդար Ալիևի դեմ 1995թ․ մարտին Ռովշան Ջավադովի կազմակերպած հեղաշրջման փորձի հետ։
Չիլլերի վարչապետության տարիներին է հենց միակողմանորեն փակվել Թուրքիայի սահմանը Հայաստանի հետ։ Չիլլերը 1993թ․ հոկտեմբերին ներխուժման սպառնալիքի տակ է պահել Հայաստանը։ 1996թ. Նյու Յորքում նա հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանին։ Նշելով, թե կողմ են ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունենալուն և անգամ պատրաստ են սահմանը բացել՝ Չիլլերն ընդգծել է, որ դրա իրականացման համար Հայաստանը պետք է «փոքր զիջումների գնա» Լեռնային Ղարաբաղի հարցում [տե՛ս՝ “Brief Chronology of the Armenian-Turkish Relations, 1991-2004”, in Armenia-Turkey: Open Conversation, published by the Center of Public Dialogue and Development, Yerevan, 2005, p. 110]։ 2000թ. Չիլլերն արդեն հրապարակավ առաջարկել է վտարել Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ «Այսօր մեր երկրում 30 հազար Հայաստանի քաղաքացի կա․․․ Դրանք գործարարներ են, Թուրքիա են եկել, աշխատում են։ Կա՛մ սրանց մոբիլիզացնելով Հայաստան ուղարկենք, կա՛մ էլ արտաքսենք»։ Հատկանշական է, որ թեման այդուհետ դարձել է թուրքական հռետորաբանության կարևոր մաս և նմանատիպ հայտարարությունով հանդես է եկել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Սուսուրլուքի վթարը
Չիլլերի հեղինակությունը մեծ հարված է ստացել 1996թ․ Սուսուրլուքի ավտորվթարից[3] հետո պետություն-քրեական աշխարհ համագործակցության բացահայտման հետևանքով։ Դեպքի հետ կապված ժամանակի ներքին գործերի նախարար Մեհմեդ Աղարի հրաժարականից հետո Չիլլերը պաշտպանել է այդ խորհրդավոր վթարի հետ կապ ունեցող անձանց՝ հայտարարելով․ «Հանուն այս երկրի, ազգի և պետության փամփուշտ արձակողն էլ, փամփուշտով խոցվողն էլ հարգանքով են հիշվում մեզ համար, նրանք պատիվ ունեն»։
Կոռուպցիոն գործարքների, քրեական աշխարհի հետ ունեցած կապերի և այդպես էլ չգրանցած որևէ լուրջ հաջողության պատճառով հանրության շրջանում Չիլլերը շուտով լիովին կորցնում է վստահությունը։ 2002թ․ խորհրդարանական ընտրություններում ՃՈՒԿ-ը չի կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, ինչից հետո Չիլլերը հրաժարվում է նախարարի պաշտոնից և հեռանում ակտիվ քաղաքականությունից։
Մասնակցությունն ԱԶԿ-ի հանրահավաքին
2018թ. արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրերին Չիլերը, երկար դադարից հետո հանրության մեջ հայտնվելով, մասնակցել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի Ստամբուլի մեծ հանրահավաքին։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կվերադառնա քաղաքականություն՝ նա տվել է խուսափողական պատասխան՝ «Ես այսօր միայն ազգային ինքնագիտակցությամբ եմ այստեղ»։
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՉԻԼԼԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՑ
76-ամյա Չիլլերի վերադարձն ակտիվ քաղաքականություն որևէ լուրջ փոփոխություն թերևս չի կարող առաջացնել Թուրքիայի քաղաքական դաշտում։ Հաշվի առնելով նրա տարիքը, քաղաքական կազմակերպվածության առումով դեռևս անպատրաստ վիճակը, երբ ընտրություններին միայն մեկ տարի է մնացել և, իհարկե, հանրության շրջանում նրա կառավարման տարիների մասին պահպանվող տխուր հիշողությունների հետ կապված ոչ բարձր վարկանիշը՝ կարելի է ասել, որ զրոյական է նախագահի պաշտոնին Չիլլերի ընտրվելու կամ նրա ղեկավարած կուսակցության՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելու հավանականությունը։
Կասկածելի է նաև այն, որ Չիլլերին կհաջողվի ստեղծել մրցունակ կուսակցություն կամ դաշինք, որը, ինչպես ինքն է ցանկանում, կհավակնի դառնալ աջ կենտրոնը ներկայացնող հիմնական ուժը, քանի որ աջ կենտրոնը ներկայացնող կամ առնվազն ժամանակին ներկայացրած կուսակցություններ կան թե՛ իշխող «Ժողովուրդ» դաշինքում, թե՛ ընդդիմադիր «Ազգ» դաշինքում։ Այդուհանդերձ, եթե դիտարկենք թուրքական մամուլում և վերլուծաբանների շրջանում ամենից շատ շրջանառվող տեսակետը, ըստ որի Չիլլերը վերադառնում է Էրդողանի պատվերով, հնարավոր է, որ նրա ուժը ձայներ խլելով ընդդիմադիր կուսակցություններից կամ գրավելով իշխող դաշինքից հեռացող ընտրազանգվածի վստահությունը, հաջողի անցնել խորհրդարան և, օրինակ, աջակցի իշխող «Ժողովուրդ» դաշինքին այն պարագայում, եթե այն չկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում (մեջլիսում)։
Ծանոթագրություն
[1] 1993թ․ հունիսի 2-ին արմատական իսլամականների մի խումբ Սիվասում անցկացվող Փիր սուլթան Աբդալի տոնակատարությունների ընթացքում հրդեհել է «Madımak» հյուրանոցը։ Հրդեհի հետևանքով մահացել են 33 ալևի գրող և մտավորական, հյուրանոցի 2 աշխատակից։ Դժվարությամբ փրկված թուրք գրող Ազիզ Նեսինը խստորեն քննադատել է նախագահ Սուլեյման Դեմիրելին, Թանսու Չիլլերի և Էրդալ Ինյոնյուի կոալիցիոն կառավարությանը։
[2] Էրզինջանի նահանգի Բաշբաղլար գյուղում 33 քաղաքացիական անձ է սպանվել և գյուղը հրդեհվել է։ Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ դա կազմակերպվել է Քրդստանի բանվորական կուսակցության կողմից։
[3] 1996թ. նոյեմբերի 3-ին Բալըքեսիրի նահանգի Սուսուրլուք քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Մերսեդես» մակնիշի մեքենայում հայտնաբերվել էին Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող քրեական հանցագործ Աբդուլլահ Չաթլըն, Ստամբուլի Քեմալեթթին Էրոգե ոստիկանական դպրոցի տնօրեն Հուսեյն Քոջադաղը, նախկին միսս Թուրքիա Գոնջա Ուսը, ՃՈՒԿ պատգամավոր Սեդաթ Էդիփ Բուջաքրը։ Աղմկահարույց այս դեպքի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՆԳ նախարար Մեհմեդ Աղարը մեղադրվեցին զենքի անօրինական վաճառքով, թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խմբերի հետ համագործակցելու մեջ։ Չիլլերի առաջին քայլն էլ եղավ այն, որ ստիպեց Մեհմեդ Աղարին հրաժարական տալ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս ամենի հետևում կանգնած էր թուրքական «Խորքային պետությունը» (derin devlet)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |