Հարցազրույց13:13, 12 Հուլիս 2022
«Ակոս»-ի գլխավոր խմբագիր. «Թուրքիան և Հայաստանը պիտի երկխոսության մեջ լինեն՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն»
Ermenihaber.am-ը շարունակում է տարբեր բնագավառներ ներկայացնող մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների հետ հարցազրույցներ իրականացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության գործընթացի վերաբերյալ։
Այս անգամ մեր հարցերն ուղղել ենք Պոլսո հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից, երջանկահիշատակ Հրանտ Դինքի կողմից հիմնադրված հայկական «Ակոս» թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանին։ Ե՛վ որպես լրագրող, և՛ որպես պոլսահայ համայնքի ներկայացուցիչ՝ Տանձիկյանն ընդգծեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությունը պետք է շարունակվի՝ անկախ ամեն ինչից...
- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Կողմերը հայտարարել են իրենց վճռականությունը շարունակելու գործընթացն առանց որևէ նախապայմանի։ Ինչպե՞ս եք գնահատում շուրջ կես տարի շարունակվող այս գործընթացը։
- Նախ ասեմ, որ դրական եմ գնահատում. Թուրքիան և Հայաստանը պետք է երկխոսության մեջ լինեն՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն. Եվ ինչ խնդիրներ էլ ունենան, ցամաքային սահմանը պետք է բաց լինի, երկու երկրների միջև տնտեսական-առևտրային հարաբերությունները պետք է շարունակվեն:
Օրինակ՝ Թուրքիան և Հունաստանը նույնպես շատ հաճախ են խնդիրներ ունենում, բայց դիվանագիտական շփումները երբեք չեն ընդհատվում, սահմանը երբեք չի փակվում։ Թուրքիան էր, որ փակեց Հայաստանի հետ սահմանը, իհարկե, մենք դա գիտենք։ Բայց հիմա կարծում եմ, որ ժամանակն է բացել սահմանը։ Ես նորմալ եմ համարում, որ այս գործընթացը դանդաղ է ընթանում: Հայկական կողմն ունի որոշակի մտավախություններ. Իրականում Թուրքիայի խնդիրն է փարատել այս մտավախությունները։
- Ինչպիսի՞ն է Թուրքիայի հայ համայնքի վերաբերմունքն այս գործընթացին և ի՞նչ ակնկալիքներ կան այդ առումով:
- Թուրքիայի հայ համայնքը միշտ ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացները։ Կարելի է ենթադրել, որ նման գործընթացը կօգնի նվազեցնել լարվածությունը։ Որովհետև, երբ Թուրքիան կոշտ և շովինիստական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, ամենաշատ (բացասական իմաստով) տուժողը հենց Թուրքիայի հայերն են լինում։
- Հայ համայնքի համար տնտեսական առումով ի՞նչ նոր հնարավորություններ կամ նոր ռիսկեր կարող է ստեղծել հարաբերությունների կարգավորումը։
- Եթե Հայաստանի մասին եք հարցնում, դժվարանում եմ պատասխանել։ Որովհետև ես համապարփակ տեղեկատվություն չունեմ Հայաստանի տնտեսական վիճակի և արտահանմանն ուղղված արդյունաբերական արտադրության մասին։ Հայկական կողմից կան մարդիկ, ովքեր կարծում են, որ սահմանի բացումը տնտեսական դժվարություններ կառաջացնի, իսկ թուրքական ապրանքների ազատ մուտքը դժվարություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար։ Ես շատ եմ լսել այդ մասին: Ոմանց համար սա ռիսկ է թվում:
Միգուցե նրանք չեն սխալվում: Սակայն, թվում է, թե Հայաստանն այժմ պետք է անցնի արտադրության և արդյունաբերության նոր մոդելի և պետք անցնի պլանավորման։ Հեռվից տպավորությունն այդպիսին է։ Սա թերեւս քայլ էր, որը Հայաստանը վաղուց պետք է աներ։ Այս նոր գործընթացը կարող է բավականին ազդեցիկ հնարավորություն լինել այս առումով։ Եթե հարցնում եք Թուրքիայի հայ համայնքի մասով, միգուցե որոշ թուրքահայ գործարարներ սկսեն ապրանքներ գնել Հայաստանից, ինչ-որ բաներ վաճառեն Հայաստանին, կամ կարող են հիմնարկներ բացել Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ սա շատ մեծ ծավալների կհասնի:
- Վերջին շրջանում նորմալացման գործընթացը տեսանելիորեն դանդաղել է։ Ի՞նչ եք կարծում, սա ինչո՞վ է պայմանավորված։
- Մինչև վերջերս այդպես էր թվում, բայց 3-րդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն ու օդային բեռնափոխադրումների մեկնարկը մինչ այժմ արձանագրված ամենակարևոր քայլերն են։ Կողմերը շատ զգուշավոր են ցամաքային սահմանի հարցում, մենք սա տեսնում ենք։ Դրա համար կան որոշակի պատճառներ: Կարծում եմ՝ սա հիմնականում պայմանավորված է Հայաստանի մոտեցմամբ։ Որովհետև Հայաստանը Թուրքիային ոչ թե առանձին է դիտարկում, այլ Թուրքիային ու Ադրբեջանին ընկալում է որպես միասնական բլոկ իր դեմ: Ինչ-որ առումով Հայաստանն իրեն պաշարված է զգում։ Այս զգացողությունը նորմալ է:
Բացի այդ, Թուրքիան անընդհատ օրակարգում է պահում «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և Հայաստանին անհանգստացնում է Թուրքիայի այս վերաբերմունքը։ Ամփոփելով, կարող եմ ասել (իմ ասածը ուղղակի ենթադրություն է), որ Հայաստանն ակնհայտորեն վախենում է, որ կարգավորման գործընթացը կվերածվի մի տեսակ «պարտադրանքի»։ Ինչպես հենց նոր ասացի, իսկապես Թուրքիային է բաժին ընկնում, որ վերացնի Հայաստանի այս մտավախությունը:
- Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն առիթով շեշտում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում են Ադրբեջանի հետ համաձայնեցված։ Ձեր կարծիքով ո՞րն է Ադրբեջանի դերը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
- Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերություններն ամբողջությամբ կապեց Ադրբեջանի հետ։ Իրականում, ես դա այնքան էլ ճիշտ չեմ համարում: Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում գործընթացը մեծ հաշվով ավարտվեց Ադրբեջանի արգելափակման պատճառով, քանի որ Ադրբեջանը չէր ցանկանում, որ Թուրքիան երկխոսություն սկսեր Հայաստանի հետ՝ առանց «կորցրած հողերը» վերադարձնելու։ Ոչ միայն կառավարությունը, այլեւ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները Ադրբեջանին եղբայր երկիր են համարում։ Նրանք նույնիսկ դժբախտություն են համարում երկու առանձին պետություն լինելը։ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը բնութագրում է այս տրամաբանությունը։ Թուրքիայում ազգայնականությունը շատ ուժեղ է. Կառավարությունները (ով էլ լինի իշխանության ղեկին) չեն ցանկանում Հայաստանի նկատմամբ դրական քայլեր ձեռնարկել առանց Ադրբեջանի համաձայնության:
Իհարկե, կա նաև տնտեսական հարաբերությունների գործոնը Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Բնական գազի համաձայնագրերից բացի, 2020 թվականի պատերազմից հետո Թուրքիայի համար տնտեսական նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանում։ Փաստորեն, Թուրքիայի համար այս շարժառիթով է սկսվել կարգավորման գործընթացը։ Որովհետև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը ցանկանում է տնտեսապես կարևոր դերակատար լինել տարածաշրջանում։
Դրա համար որպես կարևոր նախապայման է ընկալում տրանսպորտային ուղիների բացումը։ Ռուսաստանը նույն կարծիքին է: Իհարկե, տրանսպորտային ուղիների բացումը կարևոր և օգտակար նշանակություն կունենա նաև Հայաստանի համար: Սակայն, ինչպես հենց նոր ասացի, Հայաստանի համար իրական մարտահրավերն այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը այստեղ հանդես են գալիս որպես սերտ դաշնակիցներ: Իսկ Հայաստանն այս տարածաշրջանում այդքան սերտ դաշնակից չունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |