Քաղաքական12:34, 12 Օգոստոս 2022
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը: Թուրքական լրատվամիջոցները չեն հրապարակել այդ պաշտոնյայի անուն-ազգանունը։
Նշելով, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները համաձայնել են կարգավորման գործընթացը առաջ մղել քայլ առ քայլ՝ պաշտոնյան ասել է. «Ներկայիս իրավիճակը հայ-թուրքական հարաբերություններում ցանկալի պատկերը չէ, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այն վերածվի ցանկալիի»:
Ըստ հիշյալ պաշտոնյայի՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն աշխատում են վստահության ամրապնդման միջոցառումների վրա։ Անդրադառնալով օդային բեռնափոխադրումների իրականացմանը՝ նա նշել է, որ 2 երկրների իշխանությունները բազմաթիվ տեխնիկական դետալներ ունեն քննարկելու։
«Դրանք պետք է որոշեն միայն այդ հարցի մասնագետները՝ իրար դեմ դիմաց նստելով: Այդ պատճառով հաջորդ քայլերը անելու համար մեր տնային աշխատանքներն ենք կատարում: Երկու կողմերն էլ աշխատում են որոշակիացնել, թե որոնք են պակասող ընթացակարգերը կամ փաստաթղթերը:
Հուսով եմ, որ մենք սեպտեմբերին առանց շատ ուշացնելու այն փուլում կլինենք, որ կկազմակերպենք երկու երկրների պատկան մարմինների հանդիպում և կապահովենք այս հարցում նրանց մտքերի փոխանակումը, ինչը թույլ կտա արագորեն կյանքի կոչել հետագա գործընթացը»,- պարզաբանել է թուրք պաշտոնյան։
Ձմեռային պայմաններում անցակետերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում առկա դժվարությունների վերաբերյալ՝ նա ասել է.
«Անիի ավերակների պատմական Մետաքսի ճանապարհի կամրջի մի ոտքը գտնվում է Հայաստանում, մյուս ոտքը՝ Թուրքիայում, այն ավերվել է ռուս զինվորների կողմից 1877-1878թթ. պատերազմի ժամանակ:
Դրա վերանորոգումը վստահության բարձրացմանը միտված շատ լուրջ քայլ կարող է լինել: Այդ բոլորի իրականացման համար պետք է ֆիզիկական պայմանները թույլ տան: Ձմռան ամիսներին նման բան հնարավոր չի լինի նախաձեռնել»:
Ասելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների միջև աշխատանքները պետք է արագացնել, պաշտոնյան շեշտել է, որ իրական գործընթացն այդ մարմինների աշխատանքով է սկսվելու: Այնուհետև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները կքննարկեն վստահության ամրապնդման հաջորդ քայլերը.
«Պետք է առաջ շարժվել՝ ոտքերը գետնին ամուր դնելով և երկու հանրությունների շրջանում չպետք է չափազանց մեծ ակնկալիքներ ձևավորել ու հիասթափեցնել նրանց»:
Պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիայի նպատակը ոչ միայն Թուրքիա-Հայաստան կամ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հասնելը։
Մատնանշելով այժմ Վրաստանի տարածքով ՀՀ և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի հանգամանքը՝ նա նշել է, որ առևտրի ուղիղ իրականացման դեպքում ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն կլինի.
«Մենք Հայաստանի հետ ունենք տարեկան շուրջ 230 միլիոն դոլարի առևտուր։ Այդս առևտուրն իրականացվում է Վրաստանով մոտ 15 հազար բեռնատարով: Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, թե առևտրի ուղիղ իրականացումն ինչ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական կյանքի վրա, և դրանից ելնելով՝ Հայաստանը պետք է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի։
Թուրքիայի համար 230 միլիոն դոլարը շատ մեծ գումար չէ, չգիտեմ թե դա մեր արտաքին առևտրի քանի օրվան է համապատասխանում, բայց ի վերջո սահմանից այն կողմ Երևանն է՝ 1 միլիոնից ավելի բնակչությամբ, Աքյաքայի դիմաց էլ Գյումրին է: Եթե 2 կողմերն էլ, անհրաժեշտ ճկունություն ցուցաբերեն և կարողանան ապահովել հարաբերություններում դրական հանգրվան, ապա դա երկու կողմերի համար էլ շահավետ կլինի»:
Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է նոր այլընտրանքներ ստեղծել տարածաշրջանում կապուղիների տեսանկյունից, պաշտոնյան ասել է, որ դրա հաջող արդյունքի դեպքում այն դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Թուրքիայի վրա։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ Թուրքիան պնդում է, որ հաջորդ բանակցություններն անցկացվեն Հայաստանում, կամ Թուրքիայում: Երրորդ երկրում հանդիպելն անիմաստ է: Վերջինս նաև հավելել է, որ գործընթացը շատ լավ և կառուցողական է առաջ ընթանում: Նշել է, որ իրենք ակնկալում են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։
Ընդգծելով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, պաշտոնյան ասաց, որ հատկապես Եվրոպայում մեծ հետաքրքրություն կա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։
Ըստ նրա՝ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելին է, քան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով այն դրական ազդեցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունները կունենան տարածաշրջանի վրա։
Հայկական սփյուռքի դերակատարամանը անդրադարձած պաշտոնյան նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացին ընդդիմացողը հայկական սփյուռքն է, սակայն հայկական սփյուռքը միատարր կառույց չէ, և սփյուռքի ներսում Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հակառակորդները չպետք է հանդես գան ողջ սփյուռքի անունից:
Պաշտոնյան նաև պարզաբանել է, որ Հայաստանի սահմանին արվող ականազերծման աշխատանքները սկսվել են Օտտավայի կոնվենցիայի շրջանակներում կարգավորման գործընթացից դեռ 2 տարի առաջ և կապ չունեն կարգավորման գործընթացի հետ։
Ամփոփելով իր տեսակետները՝ թուրք պաշտոնյան շեշտել է, որ Ռուսաստանը նույնպես աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |