Հոդված14:41, 13 Հոկտեմբեր 2022
Կանայք և քաղաքականությունը Թուրքիայում․ Գլխաշորով առաջին պատգամավորը (տեսանյութ)
2022թ․ հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով՝ թվով 23 երկրում դիվանագիտական առաքելություն կատարող Թուրքիայի դեսպանները վերադարձան Անկարա՝ շարունակելու իրենց ծառայությունը։ Նրանց շարքում էր Մալայզիայում Թուրքիայի դեսպան Մերվե Սեֆա Քավաքչըն։
Մերվե Քավաքչըն խիստ խորհրդանշական կերպար է իսլամի քաղաքականացման թուրքական պատմության մեջ։ Պատգամավոր ընտրվելուց հետո երբ նա 1999 թ․ մայիսի 2-ին գլխաշորով մտավ Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), «փոթորիկ» առաջացավ թուրքական քաղաքական դաշտում և հասարակությունում։ Այն խորհրդարան, որը կարելի է բնորոշել որպես Թուրքիայում աշխարհիկ կարգերի հիմնադիր Քեմալ Աթաթուրքից ժառանգված «միջնաբերդ»։
Ինչպես գրում է պատմաբան, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Մերվե Քավաքչըի այդ քայլով նոր փուլ սկսվեց գլխաշոր կրելու շուրջ Թուրքիայում տարիներ շարունակ ընթացող «պատերազմում» (Տեր-Մաթևոսյան Վ., Իսլամը Թուրքիայի հասարակական - քաղաքական կյանքում (1970-2001թթ.), Երևան, 2008թ., էջ 181)։
ԳԼԽԱՇՈՐԻ ԱՐԳԵԼՔԸ
Թուրքիայում հաճախ կրոնականից առավել շատ որպես քաղաքական և գաղափարական սիմվոլ դիտարկվող գլխաշորի (թուրք․՝ başörtü, türban) արգելքը թուրքական քաղաքական և հանրային դաշտում ամենաշատ քննարկված խնդիրներից մեկն է։ Հարցի շուրջ առկա են երկու հակադիր տեսակետներ․ Եթե Քեմալ Աթաթուրքի ժառանգության պաշտպանները պնդում են, որ պետական հաստատություններում, բուհերում գլխաշորի կրումը հակասում է քեմալիզմի առանցքային սկզբունքին՝ աշխարհիկությանը (լաիցիզմ), և հետադիմական է, իսլամականները պնդում են, որ դա յուրաքաչյուր անհատի անձնական որոշումն ու իրավունքն է։
1923թ․ նոյեմբերին հանրապետական Թուրքիայի հիմնադրմամբ Աթաթուրքի կողմից գործադրված արևմտականացման և աշխարհիկացման, կամ, ինչպես հռետորաբանության և ապագաղութատիրական մտքի պրոֆեսոր Սալման Սայիդն է բնորոշում, արևմտականացմանն անհաժեշտ դիտարկված ապաիսլամականացման բարեփոխումներից հետո (Sayyid B. S., A Fundamental Fear: Eurocentrism and the Emergence of Islamism, Zed Books LTD, 1997, p. 68-69.) մինչև 1982թ․ այդ երկրի օրենսդրական դաշտում գլխաշոր կրելու վերաբերյալ որևէ արգելք սահմանված չի եղել։ Միևնույն ժամանակ, սակայն, պետական հաստատություններում գլխաշոր կրող աշխատակիցներ ևս չեն եղել։
1960֊ական թթ․ 2-րդ կեսին Թուրքիայի ողջ տարածքում ուրբանիզացիայի աճող տեմպերի, իսլամական շարժումների ակտիվացման հետ մեկտեղ ոչ միայն համալսարաններում սկսեցին նկատելի դառնալ գլխաշոր կրող ուսանողները, այլև նրանց թիվն օրեցօր սկսեց աճել։ Շատ չանցած՝ 1964թ․, Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած Գյուլսեն Աթասևեն անունով մի ուսանողի, որը դասերին հաճախել էր գլխաշորով, թույլ չտրվեց ելույթ ունենալ կուրսի ավարտական միջոցառմանը։ Հաջորդ տարի իսլամական աշխարհայացք ունեցող թուրք գրող, լրագրող Շուլե Յուքսել Շենլերը [1], որը ամենուր ազատ գլխաշոր կրելու պայքարի առաջամարտիկներից էր, 9 ամիս ազատազրկման դատապարտվեց գլխաշորի մասին երկրի նախագահ Ջևդեթ Սունայի հայտարարությանը պատասխանելու համար։ Վերջինիս այն ընդգծմանը, թե «փողոցներում ծածկված կանանց առաջնորդները կտեսնեն իրենց պատիժը», Շենլերն արձագանքել էր՝ «Yeni istiklal» թերթում գրելով՝ «նախագահը պետք է ներողություն խնդրի Ալլահից և ազգից»։ Այս և նմանատիպ այլ իրադարձություններից հետո՝ 1982թ․ հուլիսի 16-ին գործածության դրվեց «Հանրային հաստատություններում և կառույցներում աշխատող աշխատակազմի հագուստի մասին կանոնակարգը»։ Դրանում նաև ընդգծվում էր, որ կին ծառայողները պետք է լինեն բաց գլխով։ Այդ տարի Թուրքիայի Բարձրագույն կրթության խորհուրդն (ԲԿԽ) առաջին անգամ արգելեց բուհերում գլխաշորի կրումը։ Որոշ համալսարաններում գլխաշորով ուսանողուհիներին թույլ չէին տալիս մտնել հաստատություն կամ նրանց նկատմամբ կիրառվում էին կարգապահական տույժեր։
Չնայած առաջացած հասարակական դիմադրության արդյունքում 1984թ․ մայիսի 10-ին ԲԿԽ-ն մեղմեց արգելքը և թույլատրեց համալսարաններում գլխաշորի կրումը՝ այն մի քանի անգամ նորից խստացվեց, իսկ հետո մեղմվեց։ 1997թ․ փետրվարի 28-ին տեղի ունեցած «հուշագրային» հեղաշրջումից՝ քաղաքականությանը բանակի հերթական միջամտությունից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հետադիմականությունը (irtica) հռչակեց երկրի համար առաջնային սպառնալիք։ Այդուհետ կրթության նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց բուհերում կրոնական հագուստ կրելու արգելքը։ Տեղի ունեցած բազմաթիվ պատժիչ գործողություններից, դրանց դեմ դիմադրության և բողոքի ակցիաներից հետո թեման նոր թափով սկսվեց քննարկվել, երբ 1999թ․ Մերվե Քավաքչըն գլխաշորով մուտք գործեց խորհրդարանի գլխավոր դահլիճ (Yağmur Can Saka, Günay Betül Altınöz, Analiz: Dünü Bugünü Yarınıyla Başörtüsü Meselesi, ARGE Enstitü, 2011, s. 9-10)։
Ո՞Վ Է ՄԵՐՎԵ ՔԱՎԱՔՉԸՆ
Մերվե Քավաքչըն ծնվել է 1968թ. Անկարայում։ Հայրը՝ իսլամական իրավունքի պրոֆեսոր Յուսուֆ Զիյա Քավաքչըն, 1974թ․ սկսել է աշխատել Էրզրումի Աթաթուրքի համալսարանում, ապա զբաղեցրել է աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Նա Մերվեի մոր՝ գերմաներենի և գերմանական գրականության մասնագետ Գյուլսերան Գյուլհան Քավաքչըի հետ հիշատակվում է գլխաշոր կրելու համար Էրզրումի Աթաթուրքի համալսարանում առաջին ակցիաներն սկսած դասախոսների շարքերում։ Գյուլհանը գլխաշոր կրելու պատճառով թիրախ է դառնում և որոշում է հրաժարվել համալսարանի իր աշխատանքից։ Քավաքչըի հետագա հարցազրույցներից տեղեկանում ենք, որ նրա մայրը նաև դասավանդել է Ստամբուլի «իմամ-հաթիփ» [2] դպրոցում՝ լինելով միակ գլխաշորով ուսուցիչը։ Ընդ որում՝ նրան աշակերտել են Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին Մերվեն դիմում է որոշակիորեն մտերմություն ցույց տվող Թայիփ աբի (աբի՝ ավագ եղբայր) ձևակերպմամբ, ինչպես և Ստամբուլի նախկին քաղաքապետերից, Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության գործիչներից Քադիր Թոփբաշը (1)։ Յուսուֆ Քավաքչըն շուտով ազատվում է իր պաշտոնից լիազորությունները չարաշահելու պատճառաբանությամբ։ Իսկ 1982թ․ ամբողջությամբ հեռանում է համալսարանից՝ մեկնելով Լիբիա, ապա՝ ԱՄՆ (1)։
Մերվեի մանկությունն անցել է Ստամբուլում և Էրզրումում։ Թուրքական կրթության ասոցիացիայի Անկարայի քոլեջն ավարտելուց հետո նա Անկարայի համալսարանի բժշկության ֆակուլտետը կիսատ է թողնում՝ երկրորդ կուրսում գլխաշորի արգելքի պատճառով հեռանալով համալսարանից։ ԱՄՆ-ում՝ Տեխասի համալսարանում, ստանում է համակարգչային ինժեների կրթություն (1)։ Մերվեն ամուսնանում է հորդանանյան ծագումով ԱՄՆ քաղաքացի Ալի Ահմադ Աբուշանաբի հետ, ունենում է երկու դուստր։ 1993թ․ ամուսնալուծվում է։ Հետագայում նա իր հարցազրույցներում նշում է, որ ամուսինը եղել է թուրքատյաց։ Ամուսնուց բաժանվելուց հետո վերադառնում է Թուրքիա։ Սկսում է զբաղվել քաղաքականությամբ (1)։
ԳԼԽԱՇՈՐՈՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հայրենիք վերադառնալով՝ Մերվե Քավաքչըն 1994թ․ միանում է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ թերևս ամենաազդեցիկ իսլամական քաղաքական շարժումներից «Ազգային տեսակետի» (Milli Görüş) հերթական կուսակցությանը՝ «Բարօրությանը»։ Այն գլխավորում էր իսլամամետ հեղինակավոր գործիչ Նեջմեթթին Էրբաքանը, որ 1996-1997թթ․ իշխանության էր գալու և, ինչպես բնորոշում է թուրք քաղաքագետ, պատմաբան Հաքան Յավուզը, դառնալու էր Թուրքիայի Հանրապետության առաջին վարչապետը, որի քաղաքական փիլիսոփայությունը հենվում էր իսլամի վրա (Yavuz H., Islamic Political Identity in Turkey, Oxford University Press, 2003, New York, p. 241.)։ 1997թ․ փետրվարի 28-ին, սակայն, թուրքական բանակը թվով չորրորդ անգամ միջամտում է քաղաքական գործընթացներին և անհապաղ քայլերի վերջնագիր ներկայացնում Նեջմեթթին Էրբաքանին՝ «աշխարհիկ համակարգի քայքայման և արմատականության դեմ վճռական պայքարի» շրջանակներում։ 1997թ․ հունիսի 20-ին նա հրաժարական է տալիս, իսկ «Բարօրություն» կուսակցության գործունեությունն արգելվում է։ Մերվե Քավաքչըն 1999թ. ապրիլի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրում է «Ազգային տեսակետի» մյուս կուսակցությունից՝ «Առաքինությունից», որին անդամակցել էին «Բարօրության» գրեթե բոլոր նախկին անդամները։ Նա պատգամավոր է ընտրվում Ստամբուլից։
1999թ․ մայիսի 2-ին պատգամավորական երդում տալու համար Քավաքչըն մտավ Թուրքիայի խորհրդարանի դահլիճ։ Նա գլխաշորով էր, ինչն առաջին դեպքն էր մեջլիսի պատմության մեջ։ Վարչապետ Բյուլենթ Էջևիթի գլխավորած «Ժողովրդավարական ձախ» կուսակցության (ԺՁԿ) պատգամավորներն աղմուկ բարձրացրին՝ բոյկոտելով Քավաքչըի՝ գլխաշորով մուտքը խորհրդարան։ Էջևիթն ամբիոնից հայտարարեց․ «Թուրքիայում որևէ մեկն անձնական կյանքում չի խառնվում կանանց հագուկապին, գլխաշորին։ Բայց սա որևէ մեկի անձնական տարածքը չէ։ Սա պետության բարձրագույն ինստիտուտն է։ Այստեղ ծառայություն իրականացնողներն ստիպված են հետևել պետության կանոններին, ավանդույթներին։ Սա պետությանը մարտահրավեր նետելու վայր չէ»։
Քավաքչըն, որին այդ պահին պատգամավորները դիմում էին «դու՛րս, դու՛րս» վանկարկումով, չկարողացավ երդում տալ, հեռացավ մեջլիսի սրահից։ Ավելի ուշ Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Իսմայիլ Ջեմը հայտարարեց, որ Քավաքչըն 1992թ․ գրինքարտ է շահել և 1999թ․ մարտի 5-ին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 1999թ․ մայիսի 13-ին նա զրկվեց Թուրքիայի քաղաքացիությունից, ապա՝ պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նա քաղաքական և հանրային լուրջ ճնշումների հետևանքով որոշ ժամանակ անց արդեն հեռացավ Թուրքիայից և բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։
Մերվե Քավաքչըն Թուրքիա վերադարձավ միայն 2017թ․ հոկտեմբերին, երբ վերականգնեց իր քաղաքացիությունը։ 2017թ․ երկրում իշխում էին արդեն նրա երբեմնի գաղափարակիցներն ու կուսակցական ընկերները, իսկ գլխաշորի արգելքը վերացվել էր։
ՄԵՐՎԵ ՔԱՎՔՉԸՆ՝ ԻՐ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Քավաքչըն 2007թ․ թուրքական «Aksiyon»-ին տված հարցազրույցում, խոսելով իր մղումների մասին, շեշտել է, որ իր համար մեծ պատիվ է եղել գլխաշորով պատգամավոր լինելը։ Անդրադառնալով այդ քայլից առաջ իր մտածումներին՝ նա նշել է․ «[Կարծում էի] Շատ լավ, արգելք կա։ Ուսուցչի, պաշտոնյաների, ուսանողների համար կա, բայց «գյուղացին իր գլխարկով է մտնելու մեջլիս» ասող Աթաթուրքի հիմնած Թուրքիայի Ազգային մեծ ժողովում գլխաշորի արգելք չկա»։
Նա նշել է, որ սպասել է արձագանքի, բայց ոչ նման աստիճանի․ «․․․ Գիտեի, որ հակազդեցության եմ արժանանալու։ Բայց չէի սպասում այս աստիճանի հակազդեցություն և իրավունքի ոտնահարում։ Կարծում էի, որ չեն սիրելու, չեն ցանկանալու, բայց ընդունելու են»,-շեշտել է նա։ Նաև պատմել է, որ այդ քայլին գնալիս հոգեբանական լուրջ աջակցություն է ստացել Ներջմեթթին Էրբաքանից։
«Ժողովրդի և Էրբաքան հոջայի (հոջա՝ ուսուցիչ) մեծ հոգեբանական աջակցությունը կար։ Թայիփ Էրդողանն ասաց, որ եթե գլխաշորով մուտք գործեմ մեջլիս, կուսակցությունս կարող է չկանգնել իմ թիկունքին, իսկ Աբդուլահ Գյուլն ասաց, թե լավ կլինի, որ գլխաշորս կապեմ կզակիս նեքևում։ Երբ Աբդուլահ աբին այս առաջարկն արեց, ինձ շատ ծիծաղելի թվաց։ Ասացի՝ «չէ, աբի՛, շատ տգեղ է, կեղծամ դնելու նման մի բան է»։ Բայց դե նրա անհանգստությունն էլ այն էր, որ եթե այդպես լինի, ավելի շատ կընդունվի»,-հիշել է Քավաքչըն։
ԳԼԽԱՇՈՐԻ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ
2001թ․ հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելեց նաև «Առաքինություն» կուսակցության գործունեությունը։ Այն մեղադրվեց հակաաշխարհիկ գործունեության համար։ Պահպանվող գլխաշորի արգելքը շարունակեց իր ազդեցությունն ունենալ երկրում հանրային կյանքի կազմակերպման վրա։ Դրա շուրջ չդադարեցին քաղաքական քննարկումները։ 2008թ․ հունվարի 14-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով գլխաշոր կրողների դեմ այն ճնշումներին, թե «գլխաշորն օգտագործում են որպես քաղաքական խորհրդանշան», հայտարարեց․ «Մտածե՛ք անգամ, որ որպես քաղաքական խորհդանշան է կրում։ Արդյո՞ք կարող եք որպես քաղաքական խորհդանշան կրելն ընդունել հանցագործություն։ Կարո՞ղ եք արգելք սահմանել խորհրդանշանների համար։ Ազատությունների կետում աշխարհում որտե՞ղ նման արգելք կա։ Այստեղ խնդիրն իրականում այլ է։ Մենք դա շատ լավ գիտենք»։ Նախագահ Աբդուլա Գյուլն օրեր անց հայտարարեց, որ համալսարանները պետք է լինեն վայրեր, որտեղ ազատորեն պետք է արտահայտվեն մտքերը, ազատ դավանվեն հավատները, չլինեն հարթակներ անհարկի գաղափարական քննարկումների համար։ Զուգահեռաբար ընդդիմադիր դաշտից, օրինակ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Ջանան Արթմանը, դիմելով գլխաշոր կրող կանանց, ասում էր․ «Նետե՛ք ձեր գլխաշորերը, ազատագրվե՛ք։ Եկե՛ք ազատվենք թյուրբանի գերությունից, տղամարդկանց իշխանությունից։ Եկե՛ք թույլ չտանք, որ մեր հաշվին քաղաքականություն իրականացնեն և նրանց ասենք՝ բավական է արդեն»։
Չնայած 2007թ․ ԲԿԽ ղեկավար կազմի փոփոխության արդյունքում գլխաշոր կրող ուսանողներին թույլ էր տրվել գնալ համալսարան՝ միայն 2013թ․ վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «Ժողովրդավարացման փաթեթով» փոխվեց «Հանրային հաստատություններում և կառույցներում աշխատող աշխատակազմի հագուստի մասին կանոնակարգի» 5-րդ կետը։ Այդպիսով պետական հաստատություններում նույնպես թույլ տրվեց գլխաշոր կրելը։ 2013թ․ հոկտեմբերի 31-ին մեջլիսում ևս գլխաշորի կրումն ինքնաբերաբար «ազատականացվեց»․ Հաջից վերադառնալիս գլխաշոր կրելու որոշում կայացրած ԱԶԿ-ական 4 պատգամավորներ գլխաշորով մասնակցեցին խորհրդարանի նիստին։
ԳԼԽԱՇՈՐՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԸ
Թուրքիայի քաղաքացիության վերականգնումից 3 շաբաթ անց Մերվե Քավաքչըն նշանակվեց Մալայզիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում (2017թ.)։ Թուրքական մամուլն այդ ժամանակ գրեց․ «Մերվե Քավաքչըն դարձավ Թուրքիայի առաջին գլխաշորով դեսպանը» (1,2,3)։ Նրա քույրը՝ Ռևզա Քավաքչըն, նույնպես քաղաքական գործունեություն է ծավալում։ Նա 2018թ․ Ստամբուլից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամ է։ Մերվեի դուստրը՝ Մարիամ Քավաքչըն, աշխատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի պաշտոնում։
2022թ․ օգոստոսին` Մալայզիայից Անկարա ետ կանչվելուց հետո, Մերվե Քավաքչըն Էրդողանի որոշմամբ նշանակվել է և աշխատում է որպես արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության խորհրդատվական խորհրդի անդամ։
[1] - Յուքսել Շենլերը մոդելավորել է թուրք կնոջ ժամանակակից քաղաքային թյուրբանը։ Ի թիվս շատերի՝ գլխաշորի այդ ձևն է կրում Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը։
[2] - «Իմամ-հաթիփ» դպրոցները մզկիթների համար կրոնական սպասավորներ պատրաստող միջնակարգ ուսումնական հաստատություններ են։ Ստեղծվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո 1924թ․ մարտին ընդունված «Կրթության միավորման օրենքի» (Tevhid-i Tedrisat Kanunu) հիման վրա, որով փակվում էին կրոնական սպասավորներ պատրաստող մադրասեները։ Դրանց նպատակն էր պատրաստել հանրապետությանը հավատարիմ, լուսավորյալ կրոնավորներ՝ իմամներ և հաթիփներ։ 1933թ. աշակերտների թվաքանակի նվազման պատճառաբանությամբ դրանք փակվել են: Կրոնական կրթությունն սկսել է սահմանափակվել կրոնական հարցերի նախարարությանը կից գործող Ղուրանի կուրսերով: 1949թ. «Ժողովրդավարական» կուսակցության իշխանության գալուց հետո «իմամ-հաթիփ» դպրոցները վերաբացվել են: 1951թ. արդեն գործում էր այդպիսի յոթ դպրոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |