Հարցազրույց12:27, 19 Հոկտեմբեր 2022
Արա Գոչունյան. Ստամբուլահայության գոյապահպանման համար հիմնադրամների կենսունակ աշխատանքն անհրաժեշտ նախապայման է
Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը բացառիկ հարցազրույց է տվել պոլսահայ համայնքի անցուդարձի մասին։ Մասնավորապես խոսել է Թուրքիայում փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ հայ համայնքում առկա դժգոհություններից և երկրում տիրող տնտեսական ճգնաժամի հետևանքներից։
- 2013թ. հուլիսի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չէին կարողանում ընտրություններ անցկացնել։ Իսկ 2022թ. հունիսին հրապարակված ընտրական նոր հրամանագիրը մեծ հիասթափություն առաջացրեց։ Ի՞նչ կարելի է ակնկալել թուրքական իշխանություններից։ Արդյո՞ք երկրում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ չի վերանայվի այդ հրամանգիրը։
- Նոր հրապարակված կանոնադրությունը երկրի փոքրամասնությունների շրջանում համատարած հիասթափություն չի առաջացրել։ 9 տարի էր ընտրության կանոնադրությունը չեղարկվել էր, բայց ընդհանուր առմամբ կարող ենք ասել 15 տարի ի վեր համայնքի աշխարհիկ կառույցների ղեկավարման խորհուրդների վերանորոգման համար Ստամբուլում ընտրություններ տեղի չեն ունեցել։ Այս հարցը մենք առաջին հերթին դիտարկում ենք Թուրքիայի հայության տեսանկյունից, բայց սա բնականաբար, մենք չպետք է դիտարկենք միայն որպես հայության տեսանկյունից։ Սա երկրի ոչ-մուսուլման փոքրամասնությունների օրակարգի հրատապ հարց էր։
Կանոնադրության չեղարկումից հետո երկրում բազմաթիվ ընտրություններ են տեղի ունեցել։ Հետևաբար, ես ճիշտ չեմ համարում փոքրամասնությունների ընտրությունների համար հրապարակված այս կանոնադրության հաստատումը պայմանավորել 2023թ. Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների հետ։
Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնություններին, որոնց հետաքրքրում են այս նոր կանոնադրության հրապարակելու կամ չհրապարակելու հանգամանքները, արդեն հասարակության մեկ հազարերորդին չհամընկնող մի զանգվածի մասին է խոսքը և այն չի վերաբերում ընտրության արդյունքի վրա որևէ ձևով ներազդելու հավանակություն ունեցող զանգվածին։ Ու այդ երկուսի իրար ածանցումը բնավ տրամաբանական չեմ համարում։
Բացի այդ, կա ուրիշ հանգամանք ևս։ Այս նոր կանոնադրության հրապարակումից հետո բոլոր փոքրամասնական համայնքները ներքին խոհանոցային մթնոլորտում ծավալուն քննարկումներ իրականացրեցին և կանոնադրության վերաբերյալ հասունացած քննադատությունները, թերությունները, լրացուցիչ սպասումները և այլն զանազան հարթությունների վրա արժևորվեցին։ Իսկ վերջերս էլ 2 կարևոր հանդիպման շրջանակում ներկայացվեցին Թուրքիայի պատկան մարմիններին։
Այդ հանդիպումներից մեկը տեղի ունեցավ Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարի մասնակցությամբ։ Բոլոր փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները, թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ դասի ներկայացուցիչներն այնտեղ ներկայացրերցին խնդիրները։ Հանդիպմանը նախորդած շաբաթ օրը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի գլխավորությամբ նույնպես այդպիսի մեծ, լայնախարիսխ լսարանի մասնակցությամբ լուծման առաջարկներ ներկայացվեցին։
Յուրաքանչյուր փոքրամասնությունների համայնք իր ցանկությունները վերջնականորեն ձևակերպեց և պարոն նախարարը նոր կանոնադրության մեջ մտցվելիք փոփոխությունները համաձայնեցրեց յուրաքանչյուրի հետ։ Կարելի է ասել, որ Թուրքիայի իշխանությունները նաև այդ վերանայման ցանկությունները հաշվի առան։ Այդպիսով հաշվի առնվեցին նաև յուրաքանչյուր համայնքի առանձնահատկությունները։
Ինչ վերաբերում է հայ համայնքին, Ստամբուլից դուրս՝ գավառներում, Թուրքիայի հայությունն ունի 5 եկեղեցի, որոնք գործում են պատրիարքական աթոռի հովանու ներքո։ Այդ 5 եկեղեցիների համար, քանի որ իրենց անմիջական շրջապատի մեջ բավարար ընտրազանգված համարվող մարդ գոյություն չունի, թույլտվություն է եղել, որ այդ գավառների եկեղեցիների ընտրությունները տեղի ունենան Ստամբուլում կազմակերպվելիք քվեարկություններով։
Սա մեր անցյալի հայաբնակ գավառների ժառանգությունների պահպանման, նրանց ավանդույթների շարունակման տեսանկյունից կարևոր իրադարձություն է։
Նախարարը բանակցությունների ժամանակ հնարավորություն է ընձեռել, որ 15-ից պակաս հիմնադրամներ ունեցող համայնքներին հնարավորություն տալ իրենց քվարկությունը կազմակերպել Ստամբուլի տարածքում։ Ես ինքս փոքրամասնությունների բոլոր համայնքների հետ հարցազրույցներ եմ ունեցել, բոլորը բացի հույն համայնքից, որի դեպքում մի թեթև հարցեր են մնացել, բավարարված են նախատեսված լուծումներով։
Ինչ վերաբերում է հայ համայնքին (ինչպես գիտեք հայությունը Թուրքիայի ոչ մուսուլնան փոքրամասնությունների շարքում ամենից մեծ թիվն է կազմում), հետևաբար ընտրությունով նախատեսված շրջանային համակարգի սահմանների ճկունացման անհրաժեշտություն մեր համայնքի պարագայում չի նկատվում, քանի որ Ստամբուլը 3 ընտրազանգվածի է բաժանված և քվեարկության համար ունի բավարար մարդուժ։
Համոզված ենք, որ աշխարհիկ վարիչներն ավելի թարմացած ու ավելի ամրապնդված ժողովրդական հենարաններով կգործեն, որոնք մեր համայնքի ռեսուրսները պետք է ավելի արդյունավետ տնօրինեն և նրանց շնորհիվ նոր կենսունակություն պիտի լինի մեր համայնքի կառույցների գործունեության մեջ։
Մեր ստամբուլահայության գոյապահպանման, ինքնապահպանման որոնումների մեջ այդ կառույցների կենսունակ աշխատանքն անհրաժեշտ նախապայման է։
- Վերջերս բազմիցս նշել եք, որ հայկական ամենահին «Ժամանակ» թերթը աննախադեպ դժվարությունների առաջ է կանգնած։ Ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը և այս պահին հաղթահարելու հնարավորություններ կա՞ն։
- Խոսքը վերաբերում է մի շարք դժվարությունների, որոնք ընդհանրապես աշխարհում տպագիր մամուլը դիմագրավում է։ Դրանք պայմանավորված են հատկապես համավարակով, երկրի տնտեսական հանգամանքներով, միջազգային գործոններով և այլն։
Մենք մի շարք հարցեր ենք դիմագրավում, որոնք բխում են տեղական առանձնահատկությունների միջավայրում։ Ստամբուլում մի շարք շրջանակներ համայնքային հարցերի շուրջ որդեգրած դիրքորոշումների համար ուզում են թիրախավորել մեր թերթը։
Այդ ամենն արվում է, որպեսզի թերթը զրկվի իր բնական եկամուտներից։ Սա մի թերթ է, որը բացառապես համայնքի միջոցներով է սնվում և բավական երկար ժամանակ այդպիսի արշավի ենք դիմագրավում։ Ցավով պետք է ասեմ, որ մենք ինստիտուցիոնալ լուծում չենք կարողացել գտնել հենց այս պահի դրությամբ։ Մի մասն էլ ուրախորեն նշում են, թե ինչպես ենք այս ճգնաժամի պայմաններում շարունակում թերթի տպագրությունը։ Պետք է խոստովանեմ, որ պատահական եկամուտներով ենք տպագրությունն իրականացնում, իսկ պատահական եկամուտներրը մի կառույցի ապագայի համար երաշխիք չի կարելի համարել։
Մյուս կողմից մենք կարծում ենք, որ մեծագույն դիմադրությունն արտադրությունն է։ Մենք որքան տպում ենք մեր թերթը, համոզված եմ, որ այդքան դիմադրողականություն ենք ունենում և մեր նկատմամբ այդ թիրախավորումները չեզոքացնելու համար միջավայր է առաջանում։ Հույս ունենք, որ այս ընտրությունները համայնքում մի նոր կլիմա, մի նոր միջավայր կձևավորեն և թերթի թիրախավորման այդ երևույթները կհաղթահարվեն։
- Թուրքիայի տնտեսությունը երկար ժամանակ է, ինչ գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Դա է փաստում դոլարի նկատմամբ օրեցօր արժեզրկվող թուրքական լիրան։ Սա ինչպե՞ս է անդրադարձել պոլսահայ համայնքի կյանքի վրա։
- Բնականաբար, Թուրքիայի հայերը, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, երկրի խնդիրներից ուղղակիորեն ազդվում են՝ թե՛ անհատական հարթության վրա և թե մեր կառույցների գործունեության վրա ներազդելու ձևով։ Այսօր ամբողջ աշխարհը դիմագրավում է տնտեսական ճգնաժամին։ Կլիմայի փոփոխությունից սկսած մինչև Ուկրաինայի պատերազմը մի շարք հանգամանքներ արդեն աշխարհի տնտեսությունը փակուղու մեջ են մտցրել։
Աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ փայլուն ժողովրդավարություն ունեցող երկրներում, որտեղ միջոցներն ավելի հավասար ու արդար են բաշխվում, այդ երկրի ղեկավարներն ազդանշաններ են տալիս, որ քաղաքացիներից որոշ չափով զոհողություններ ակնկալելու ժամանակաշրջան է։ Այս իրավիճակը կա նաև Թուրքիայում։ Հասկանալի է, որ միշտ էլ հասարակությունները տվյալ պահին այդ վիճակը վերագրում են իշխանություններին և հակված չեն ասելու, որ աշխարհում արդեն ճգնաժամ է։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նշեմ, այո՛, դժվարություններ կան։ Մասնավորապես ազգային արժույթի արժեզրկումը շարքային քաղաքացու համար չափազանց բարդ իրավիճակ է ստեղծում։ Իշխանություններին վերագրված ակնկալիքները և վերջիններիս դեմ բարձրացրած քննադատությունները, բոլորը հասկանալի են։
Ճգնաժամը, որին տնտեսական հարթության վրա դիմագրավում է Թուրքիան, ազդանշաններ չի տալիս հասնելու համար մի այնպիսի կետի, որտեղ կարող են Թուրքիայի պետության զանազան ուղղություններով, մակրոմակարդակի վրա որդեգրած քաղաքականության իրացման տեսանկյունից բարդություններ առաջացնեն։ Այնպիսի իրավիճակ չկա, որ ռազմական արդյունաբերության կասեցման պատճառ դառնան կամ Թուրքիայի միջազգային, կամ տարածաշրջանային կշռի տեսանկյունից բացասական հանգամանքներ ստեղծելու ռիսկեր առաջացնեն։ Ըստ երևույթին, այդ ուղղությամբ խորանալու նախադրյալներ չկան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |