Հարցազրույց12:48, 14 Դեկտեմբեր 2022
Տանձիկյան. «Քիչ հավանական է, որ շուտով կբացվեն հայ-թուրքական սահմանները»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ։
Հայ և թուրք ընթերցողների դատին ենք հանձնում հիշյալ գործիչների տարասեռ տեսակետները հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ։
Այս անգամ մեր զրուցակիցը Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ։
- 44-օրյա պատերազմից գրեթե երկու տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց է սկսվել: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։
- Վիճելի է՝ այն իրատեսական է, թե ոչ, բայց ես դա անհրաժեշտ եմ համարում: Երկու երկրների միջև երկխոսության գործընթացը, իմ կարծիքով, միշտ պետք է պահպանվի։ Ես այն մեկ մեկ քայլ առաջ տանեմ. Եթե անգամ խնդիրներ էլ լինեն, սահմանը միշտ պետք է բաց լինի, երկու երկրները պետք է փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ նշանակեն։ Այս օրինակը ես հաճախ եմ բերում. Թուրքիայի և Հունաստանի միջև նույնպես խնդիրներ կան։ Եվ այն էլ շատ։ Սակայն սահմանը միշտ բաց է և դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են, նախարարները տարբեր հարթակներում հանդիպում են։
Ինչ վերաբերում է «Իրատեսակա՞ն է» հարցին, ապա և՛ Թուրքիայի, և՛ նաև Հայաստանի համար անհրաժեշտ է կարգավորման գործընթացը։ Դա երևում է երկու կողմերի պաշտոնական հայտարարություններից։ Եթե կա անհրաժեշտություն, ապա գործընթացը կդառնա իրատեսական։ Սակայն պարզ է, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու, որքան թվում է։ Գործընթացն ավելի է բարդացնում Ադրբեջանի հետ Թուրքիայի քաղաքական և ռազմական համագործակցությունը։ Հայաստանն այս կարգավորման գործընթացն իրականացնում է ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հետ։ Որպես այդպիսին, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները ուղղակիորեն ազդում են կարգավորման գործընթացի վրա։ Ե՛վ Թուրքիան, և՛ Հայաստանը ասում են՝ «բանակցություններ առանց նախապայմանների», բայց Թուրքիան որպես նախապայման բանակցային սեղան է բերում Հայաստանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Նախագահ Էրդողանը նոյեմբերի 11-ին ունեցած ելույթում ասել էր հետևյալը.
«Մենք նրանց (նկատի ունի Փաշինյանի կառավարությանը) շատ հստակ ասացինք հետևյալը. Այսինքն՝ եթե դուք դրական հարաբերություններ եք վարում Ադրբեջանի հետ, ապա որպես Թուրքիա Հայաստանի հետ մեր հարաբերությունները նույնպես դրական հունով կընթանան։ Մենք Ձեզնից դա ենք ակնկալում»։
Այս իրավիճակը ծանր դրության մեջ է դնում Հայաստանին և Փաշինյանի կառավարությանը։ Բացի այդ, նույն նախապայմանն է այն, որ Թուրքիան և Ադրբեջանը մշտապես օրակարգում են պահում «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը այնպիսի պահանջներ են առաջ քաշում, որոնք Հայաստանին կդնեն ծանր դրության մեջ, ինչն էլ բարդացնում է գործընթացը։
- Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպմանը քննարկվեց նաև սահմանների բացման հարցը։ Այնուհետև նոյեմբերին երկու երկրների մասնագետների մակարդակով ևս մեկ հանդիպում տեղի ունեցավ։ Մոտ ապագայում հավանական համարու՞մ եք սահմանների բացումը։ Սահմանների բացումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա երկու ժողովուրդների վրա։
- Քիչ հավանական է թվում, որ սահմանները շուտով կբացվեն։ Սահմանն առաջին փուլում բացվելու էր երրորդ երկրի քաղաքացիների համար։ Հիշեցնենք, որ այս որոշումն ընդունվել էր հուլիսի 1-ին՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Անցել է 6 ամիս, բայց նույնիսկ այդ հարցում դեռևս ոչ մի առաջընթաց չկա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը որոշակի տատանմունքներ ունի։ Սրանք կապված են նաև Ադրբեջանի՝ Հայաստանից նոր զիջումների մշտական պահանջի հետ։
Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է այս քաղաքականությունը, թվում է, թե Հայաստանն էլ կդանդաղեցնի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինչպես քիչ առաջ նշեցի, Թուրքիան նույնպես կդանդաղեցնի գործընթացը, քանի դեռ Բաքվի վարչակազմի պահանջները չեն կատարվել։ Սա է ընդհանուր պատկերը։ Կարծես, թե այս իրավիճակում մի քիչ ավել ենք սպասելու սահմանների բացման համար։ Ես կարծում եմ, որ հենց սահմանները բացվեն երկու ժողովուրդների վրա էլ դրական ազդեցություն կունենան։ Սկզբնական փուլում գուցե որոշ խնդիրներ լինեն, բայց դրանք ժամանակի ընթացքում կարող են լուծվել։ Միշտ երկխոսելն ավելի լավ է, երկխոսություն չունենալը։
- Թուրքական «Hürriyet» թերթի հաղորդմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ավիաբեռնափոխադրումները սկսելու համար աշխատանքներն ավարտին են հասել։ Թերթում մասնավորապես նշվել էր. «Մինչև տարեվերջ երկու երկրների միջև թռիչքներ են սկսվելու։ Այդպիսով, թուրքական ապրանքները, որոնք վաճառվում են Վրաստանի տարածքով և Հայաստանում լրացնում են դարակաշարերը, օդային բեռանփոխադրումների միջոցով կկարողանան ուղիղ վաճառվել այդ երկիր։ Մյուս հարցը, որի վրա աշխատում են, Ալիջան սահմանային անցակետի բացումն է և երրորդ երկրների քաղաքացիներին երկու երկրների միջև ճանապարհորդելու թույլտվությունը: Սական ճանապարհին կա 128մ երկարությամբ կամուրջ։ Անվտանգ անցնելու համար պետք է, որ այս կամուրջը վերանորոգվի»։
Եվ ուրեմն ըստ Ձեզ՝ Պրահայում Էրդողանի և Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ թուրքական կողմը կփորձի այս գործընթացը նույնպես արագացնելու փոխարեն երկարաձգել ու դանդաղեցնել։
- Օդային բեռնափոխադրումները, թվում է` այս գործընթացում ամենասահուն ոլորտն են: Ուստի, կարծում եմ, որ այս քայլն առանց հապաղման կյանքի կկոչվի։ Նման գործընթացներում ամենահեշտ քայլից սկսելն ամենատրամաբանականն է։
Կսկսվի ու կտենենք՝ գործընթացը առաջ գնում է, թե ոչ, ինչպիսի խնդիրներ առաջացել ընթացքում, ինչպես են լուծվել այդ խնդիրները կամ լուծվել են, թե ոչ։ Սակայն, թվում է, թե սահմանի հարցը դեռ մի քիչ ժամանակ կպահանջի, իսկ պատճառներին ես պատասխանել եմ նախորդ հարցին։
- Երևանում հանդիպելու են Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները։ Ըստ Ձեզ՝ Թուրքիայից բարձրաստիճան այրերի այց սպասվու՞մ է։ Հավանական համարու՞մ եք ֆուտբոլային դիվանագիտության «2-րդ եթերաշրջանը»։
- Ամեն ինչ կարող է լինել։ «Երբեք» բառը դիվանագիտության մեջ չկա։ Տեսե՛ք, Թուրքիան հարաբերություններ հաստատեց Եգիպտոսի հետ։ Մինչև նախորդ տարի Եգիպտոսում Սիսիի վարչակարգն այն վարչակարգն էր, որի հասցեին ամենակոշտ քննադատություններն էին հնչեցնում ԱԶԿ-ն և նախագահ Էրդողանը, որովհետև Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» կառավարության դեմ հեղաշրջում էր իրականացրել: Իսկ հեղաշրջման առաջնորդը Սիսին էր։ Սակայն տնտեսական և քաղաքական շահերը երբեմն գերակայում են ամեն ինչից։
Սակայն ֆուտբոլային դիվանագիտության հարցին դեռ պետք է զգուշությամբ նայել։ 2023թ. Թուրքիայում ընտրություններ են տեղի ունենալու։ Ինչպես երևում է, այդ ընտրությունները, որոնք կայանալու են 2023թ. հունիսին, դեռ առջևում են։ Սակայն խոսվում է նաև դրա առաջ մղման հավանականության մասին։ Չգիտեմ՝ նախընտրական շրջանում Թուրքիայից բարձր մակարդակի այց կլինի՞ Հայաստան, դժվար է կանխատեսել։ Միգուցե ոչ ամենաբարձր, բայց ավելի ցածր մակարդակով, գուցե սպորտի նախարարի մակարդակով այց տեղի ունենա։
Այնուամենայնիվ, ճշգրիտ կանխատեսումներր չպետք է արվեն: Քաղաքականության և դիվանագիտության մեջ ամեն ինչ կարող է պատահել ցանկացած պահի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |