Հարցազրույց14:55, 09 Հունվար 2023
Անկարան անհանգստացած է Հայաստան-Իրան համագործակցությունից
Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։
«Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ՝ մեզ։ Մենք այս մասին ևս խոսում ենք իրանական կողմի հետ և ցանկանում ավելի մանրամասն խոսել», - հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված է այն առողջ հաղորդակցումից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և նաև Վրաստանը։
Ավելին՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022 թվականը, որոշակիորեն աճ գրանցելու միտում ունի, առաջիկայում եռակողմ՝ այն է պաշտոնական Անկարայի մասնակցությամբ որևէ հարթակում առավել կենտրոնացված և մանրամասն քննարկելու մտադրության մասին։
«Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանի կարծիքով՝ Քալընի խոսքերը վկայում են այն մասին, որ Անկարան Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու և դիրքերն ամրապնդելու համար այս դեպքում որպես պատրվակ օգտագործելու է Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները, որոնց թվի աճն էլ ուղիղ համեմատական է Հայաստանի դեմ Բաքվի պահանջների շարունակմանը։
«Թուրքիան այդ նախաձեռնությամբ, որը, հնարավոր է ներկայացնի որպես «միջնորդական», փորձելու է կանխել Իրանի ակտիվությունը Հարվային Կովկասում»,- Ermenihaber.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։
Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նույնպես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի, ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներով Հրվ․ Կովկասում սեփական շահերը բավարարելու համատեքստում արդեն բացահայտ և ակտիվ մրցակցության մեջ է Իրանի և Ռուսաստանի հետ։
«Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա արդյունքներով Թուրքիան և նաև Ռուսաստանը հաջողեցին Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից՝ Իրանն այժմ, օգտվելով ուկրաինական ճակատում առաջացած բարդությունների պատճառով մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացումից, փորձում է վերադառնալ զարգացումների կիզակետ։ Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիությունը և հետևաբար նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տապալումը, բարձրաձայնելով հստակ դիրքորոշում՝ Իրանը փորձում է ամրապնդել դիրքերը Հայաստանում, ինչպես նաև, կրոնական գործոնի օգտագործմամբ, ակտիվանալ Ադրբեջանում՝ այդպիսով մնալով մեր տարածաշրջանում»,- այս մասին Արմեն Պետրոսյանը նշեց Ermenihaber.am-ին տված մեկնաբանությունում։
Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական դաշինքը հստակ մեխանիզմներ է գործարկում Իրանի հավակնությունները զսպելու համար՝ հավելելով, որ Իբրահիմ Քալընի հայտարարությունը դիտարկելի է քաղաքական մեխանիզմների գործարկման հարթությունում, իսկ 2022-ի դեկտեմբերին ականատես ենք եղել նաև ռազմական հարթությունում այնպիսի քայլերի, ինչպիսին էր Ադրբեջան-Իրան սահմանին Թուրքիա-Ադրբեջան երկկողմ զորավարժությունը և դրանով տրված ուղերձն առ այն, որ դա նաև ուղղված է Իրանի դեմ։
Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական մերձիշխանական լրատվամիջոցները, և սյունակագիրները ևս, ակտիվ հակաիրանական թեզեր տարածելուն զուգահեռ, շեշտում են Հարավային Կովկասում Թուրքիայի ավելի մեծ դերակատարում ստանձնելու հեռանկարի և հաճախ նաև անհրաժեշտության մասին։
Թուրքական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Haber7-ը, YeniAkit-ը, Milliyet-ը, հրապարակում են հոդվածներ և լրատվանյութեր, որոնցում Թեհրանը մեղադրվում է Հայաստանին և հայերին աջակցելու, Ադրբեջանի դեմ հրահրելու և անգամ զինելու մեջ։ Իրանը ներկայացվում է, որպես «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ հանդես եկող հիմնական կողմերից մեկը և որպես նրա հիմնական մտահոգության պատճառ է ներակայացվում վախն այն բանից, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազդեցիկ կդառնան տարածաշրջանում։ Մինչդեռ երկրորդական են ներկայացվում «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Թեհրանի համար ծագելիք խնդիրները՝ Սև ծով և ՌԴ հասնելու հետ կապված։ Երկրորդական են ներկայացվում նաև Հարավային Կովկասում ունեցած Իրանի թեկուզև ոչ մեծ ազդեցությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տարանցիկ երկիր լինելու իր նշանակությունը կորցնելու հետ կապված հարցերը։
Ինչպես վերոնշյալ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այց է կատարելու Թուրքիա։
Հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնել նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այցի շրջանակներում նա նաև Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպմանն է մասնակցելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |