Հարցազրույց11:17, 23 Մարտ 2023
Կա 2 գործոն, որ կարող է ազդել Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների վրա. թուրքագետ
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի, Հայաստանի կողմից Թուրքիային ուղարկված հումանիտար օգնության, դրա նշանակության և մայիսին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների թեմաներով Ermenihaber.am-ը զրուցել է անվանի թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
- Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանը ևս օգնության ձեռք մեկնեց թուրքերին: Թուրքիայի հետ կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով, հայկական հումանիտար օգնությունն ուղարկվեց աղետի գոտի։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ դեր կարող է խաղալ ՀՀ-ի այս հումանիստական քայլը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում:
- Կարծում եմ զուտ կարգավորման գործընթացի վրա այս քայլը չի կարող ազդել: Այստեղ քաղաքական ենթատեքստ չկար: Սա ընդամենը բարի կամքի դրսևորում էր: Պաշտոնական Երևանն այս օգնությունը տրամադրեց միայն հումանիտար նպատակներով: Այս քայլը չի ազդել և չէր էլ կարող ազդել գործընթացի վրա, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի 3-րդ Հանրապետության նկատմամբ ձևավորվել է 30 տարի առաջ: Անկարայի քաղաքականությունը չի փոխվել և չէր էլ կարող փոխվել հումանատար քայլից հետո:
- «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն մարտի 25-ին կմրցիի Թուրքիայի ընտրանու հետ: Արդյո՞ք նմանատիպ երևույթները որևէ կերպ կարող են դեր ունենալ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
- Չեմ կարծում, որ այս ամենն ինչ-որ էական դեր կունենան: Իհարկե, մենք հիշում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված նախորդ փորձը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Սակայն դա արդեն անցած փուլ է:
- Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Սակայն մինչ այդ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը կարծեք թե լուրջ հարված հասցրեց Էրդողանի վարկանիշին։ Պարոն Սաֆրաստյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նվազել են Էրդողանի շանսերը ընտրություններում հաղթանակ տանելու առումով:
- Մի շարք թուրք փորձագետներ համարում են, որ երկրաշարժը կնվազեցնի կայանալիք ընտրություններում Էրդողանի հաղթելու հավանականությունը: Ոմանք էլ կարծում են, որ նա այնքան փորձառու քաղաքական գործիչ է, որ այս իրավիճակը կարող է հաղթահարել: Կարծում եմ, որ ներկա փուլում շատ դժվար է կանխատեսում անել: Երբ նայում ենք Թուրքիայում անցկացված նախընտրական սոցհարցումներին, պարզ է դառնում, որ դրանք քաղաքականացված են: Էրդողանական լրատվամիջոցները ներկայացնում են իշխանությանը հարող հետազոտական ընկերությունների սոցհարցումները, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հետազոտական ընկերությունների սոցհարցումները: Կարծում եմ այս պահին ճիշտ չի լինի կանխատեսումներ անել:
Այնուամենայնիվ, ըստ իս՝ այս պահին երկու գործոն կա, որ կարող է ազդել Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների վրա:
1. Նախ Էրդողանն ունի իր հստակ ընտրազանգվածը, որը մեծ թիվ է կազմում: Եվ, անշուշտ, նրանք իրենց ձայները կտան Էրդողանին:
2. Մյուս գործոնն այն է, որ Թուրքիայի բուն ընդդիմությունը կարողանում է ընդհանուր եզրեր գտնել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութունների» (ԺԴԿ-HDP) հետ: Իսկ վերջինս ունի իր ընտրազանգվածը:
Իհարկե, այստեղ կան դժվարություններ, քանի որ քրդամետ կուսակցության հետ բացահայտ համագործակցությունը, թուրքական ընդդիմության ձայները կնվազեցնի, քանի որ ընդդիմության մեջ շատերը ծայրահեղ ազգայնականներ են: Իհարկե, քրդամետ կուսակցություններն էլ ունի իր հաշվարկները:
Էրդողանն այս ամենը շատ լավ հասկանում է: Նա էլ իր հերթին է փորձում ձայներ հավաքել քրդերի շրջանում: Այդ նպատակով նա համագործակցության վերաբերյալ համաձայնության եկավ մեկ այլ քրդամետ, իսլամամետ «HUDA PAR» կուսակցության հետ, որը իհարկե ունի փոքրաթիվ ընտրազանգված:
Իհարկե, ընտրությունների վրա կարող է ազդել նաև առկա աշխարահաքաղաքական իրադրությունը: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս ընտրություններն ունեն աշխարհաքաղաքական բաղադրիչ: Ընդդիմությունը ստանում է Արևմուտքի աջակցությունը, որը հոգնել է Էրդողանի քաղաքականությունից, որով վերջինս փորձում է նստել միանգամից երկու աթոռի վրա: Դրա վառ օրինակն է Թուրքիայի փորձերը շրջանցել Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ համագործակցելով Մոսկվայի հետ: Նա նաև խոչընդոտներ է ստեղծում Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Խոսելով մյուս հանգամանքից, պետք է հիշատակեմ վերջերս Պորտուգալիայում տեղի ունեցած թյուրքագիտական համաժողովի մասին, որտեղ հնչեցին մի շարք հետաքրքիր տեսակետներ, ուղերձներ: Դրանցից կարող եմ առանձնացնել այն, որ մի շարք մասնակիցներ, ովքեր մոտիկից ծանոթ են Վաշինգտոնի վերնախավային տրամադրություններին, նշում էին, որ Էրդողանը իրեն վատ է պահել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և նա պետք է պատժվի, անկախ նրանից կհաղթի ընտրություններում, թե ոչ:
Կցանկանայի հավելել ևս մեկ հանգամանք: Թուրքիան կրել է ծանր վնասներ երկրաշարժի հետևանքով: Չնայած Էրդողանը հայտարարել է, որ մեկ տարում վերականգնելու են վնասները, այնուամենայնիվ, դա քիչ հավանական է: Պարզ է դառնում, որ վերականգնողական աշխատանքների համար Թուրքիային հսկայական կապիտալի նոր հոսք է պետք, որն ամենայն հավանականությամբ կլինի Արևմուտքից՝ մասնավորապես ԱՄՆ-ից: Ինչն էլ նշանակում է, որ Թուրքիայի վրա ներազդելու ԱՄՆ-ի քաղաքականությունն աճելու է: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան հասկանում է այդ իրողությունները: Տեսանք նաև, որ Թուրքիան մարտի սկզբից արդեն արգելել է սանկցիոն ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան:
- Թուրքիան վերջերս սկսել է կարգավորման գործընթացի փորձեր նաև տարածաշրջանային այլ երկրների հետ. ԱՄԷ, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Սիրիա: Արդյո՞ք Էրդողանի այս քաղաքականությունը միտված է ոչ այնքան հարաբերությունների կարգավորմանը, որքան Թուրքիայի տնտեսական վիճակի կայունացմանը:
- Պետք է նշել, որ այս իրողությունն արտահայտվեց նաև նախքան երկրաշարժը: Այո, արաբական հարուստ երկրներից կապիտալ ստանալը, ներդրումներ ստանալը Թուրքիայի համար կարևոր է, և դրանց մի մասը Էրդողանը պատրաստվում է ուղղել դեպի նախընտրական քարոզարշավ: Բացի դրանից, ես կարծում եմ, որ կա նաև մեկ այլ հանգամանք: Թուրքիան և մասնավորապես Էրդողանը ձգտում է իր հարաբերությունները կարգավորել Ձեր կողմից նշված երկրների հետ՝ նպատակ հետապնդելով դուրս գալ տարածաշրջանային մակարդակից, անցում կատարելով համամոլորակային շրջանակի: Այդ նպատակով իր համար կարևոր է տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների կարգավորումը, որպեսզի իր ձեռքերն ավելի երկարեն:
Հայտնի է Էրդողանի «Աշխարհն ավելի մեծ է, քան հինգը» ձևակերպումը, որի հիման վրա գիրք է հրատարակվել: Այսինքն, Թուրքիան ցանկանում է ավելի մեծամասշտաբ քաղաքականություն իրականացնել քան իր ռեսուրսներն են բավարարում: Թուրքիան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային պետություն է և ունի գերտերության համար սակավ ռեսուրսներ, սակայն Էրդողանը փորձում է իրականացնել բազմավեկտոր քաղաքականոթյուն՝ Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա:
Սա է պատճառը, որ Էրդողանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ, որպեսզի որևէ խոչընդոտ չլինի ռազմավարական իր այդ նպատակի ճանապարհին: Այս համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |