Ցեղասպանություն14:54, 23 Ապրիլ 2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց․ Ապրիլի 24-ին ոգեկոչում ենք Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը (ՈւՂԻՂ))
Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ իրականացված Հայոց ցեղասպանությունը (Մեծ եղեռն, Արմենոցիդ) 20-րդ դարասկզբի ծանրագույն ոճրագործությունն էր, որն ուղղված էր ոչ միայն հայության ու հայկական, այլ նաև մարդկության և համաշխարհային քաղաքակրթության դեմ։
Աշխարհասփյուռ հայությունն ամեն տարի ապրիլի 24-ին՝ ճիշտ այն օրը, երբ Կոստանդնուպոլսում նախօրոք պատրաստված ցուցակների համաձայն ձերբակալվեց մոտ 235 հայ մտավորական, ոգեկոչում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Կոչ է հղվում ողջ աշխարհին ճանաչել և դատապարտել անցյալում տեղի ունեցածը, վերականգնել պատմական արդարությունը և այդպիսով կանխարգելել աշխարհի մեկ այլ վայրում նմանօրինակ ոճրագործության կրկնությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ եվրոպական տարածքներից դուրս մղվելուց հետո թուրքերի համար գերխնդիր էր դարձել թուրքական նոր հայրենիքի ստեղծումը, որը պիտի ընդգրկեր նաև հայ ժողովրդի պատմական բնօրրանը, օսմանյան երիտթուրքական իշխանությունները ծրագրեցին և իրագործեցին հայ ժողովրդի բնաջնջման ցեղասպան քաղաքականությունը, որը ժառանգել էին աբդուլհամդիյան վարչակազմից։
Հայոց ցեղասպանությունն իրագործվեց չորս հիմնական փուլով․
Առաջին փուլը 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը:
Երկրորդ փուլը 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալություններն էին հիմնականում Կ․ Պոլսում և դրան հաջորդած հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը:
Երրորդ փուլը կանանց, երեխաների ու ծերերի բռնի տեղահանումն էր դեպի սիրիական անապատ։ Ճանապարհին հարյուր հազարավոր տեղահանվածներ սպանվեցին թուրք և քուրդ ջարդարարների կողմից, մահացան սովից ու տարատեսակ հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Չորրորդ փուլը (վերջին փուլը) հայ ժողովրդի ցեղասպանության բացարձակ և համընդհանուր ժխտման քաղաքականությունն է Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից:
Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրությունում ապրող ավելի քան 2 միլիոն հայերից սպանվեց շուրջ 1․5 միլիոնը, իսկ հայերի բնօրրանի մեծ մասը՝ Արևմտյան Հայաստանը, հայաթափվեց։ Փրկվածները կա՛մ բռնի մուսուլմանացվեցին, կա՛մ սփռվեցին աշխարհով մեկ, ինչի հետևանքով ձևավորվեց հայկական սփյուռքը։ Հայ ժողովուրդը կրեց ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական ահռելի կորուստներ․ հայերի բռնագաղթից հետո նրանց շարժական և անշարժ գույքն անցավ օսմանյան տեղական իշխանություններին կամ թալանվեց։ Ոչնչացվեցին կամ յուրացվեցին հայերի՝ հազարամյակներով ստեղծած պատմամշակութային արժեքները, ավերվեցին կամ կողոպտվեցին հայկական մոտ 2350 եկեղեցիներ և վանքեր, վերացվեցին մոտ 1500 դպրոցներ, ոչնչացվեցին 20 հազարից ավելի հայկական ձեռագրեր և հնատիպ գրքեր։ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը հետագայում ավարտին հասցվեց հանրապետական Թուրքիայում քեմալական կառավարության կողմից։
Հայոց ցեղասպանությանը միջազգային առաջին արձագանքը եղավ 1915թ. մայիսի 24-ին Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի արած համատեղ հայտարարությունը, որտեղ հայերի դեմ արված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերն այդ հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը:
Հայերի ջարդերը դատապարտվեցին ժամանակի հասարակական-քաղաքական շատ գործիչների կողմից, ինչպիսիք են Ա․ Ֆրանսը, Ռ․ Ռոլանը, Ֆ․ Նանսենը, Մ․ Գորկին, Վ․ Բրյուսովը, Վ․ Վիլսոնը, Դ․ Լլոյդ Ջորջը, Ջ․ Քերզոնը, Ա․ Բրիանը, Ժ․ Կլեմանսոն, Հ․ Մորգենթաուն և ուրիշներ։
Քաղաքական-իրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին քայլը, սակայն, արել է թուրքական կառավարությունը։ Արտաքին ճնշման ներքո «երեք փաշաների իշխանությանը» (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ) փոխարինած թուրքական նոր կառավարությունը 1919թ․ հիմնված ռազմական հատուկ ատյաններում քննեց կայսրությունը պատերազմի մեջ ներքաշած, ավազակախմբեր ստեղծելով հայերի, այդ թվում նաև կանանց, երեխաների սպանություններ կազմակերպած նախկին ղեկավարների գործունեությունը։ Դատարանները հայերի կոտորածների վերաբերյալ հավաքված հսկայական ապացույցների դեմ հարկադրված եղան ընդունել երիտթուրքերի հանցանքները և նրանցից չորսին՝ մեծ վեզիր և ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային, ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշային և դոկտոր Նազըմին, որոնք արդեն իսկ հասցրել էին դիմել փախուստի, դատապարտել մահապատժի, իսկ մնացածներին՝ տարբեր տարիների ազատազրկման։
Թեև վերոհիշյալ ռազմական ատյանների կայացրած դատավճիռները և դրանց գործունեությունը համաչափ չէին՝ տեղի ունեցած ողբերգության մասշտաբներին, բայց դրանք էլ անժխտելիորեն փաստեցին, որ հայերի ցեղասպանությունն իրականացրել են Օսմանյան Թուրքիայի պետական կառավարման բարձրագույն մարմինները՝ տեղական կառավարման և երիտթուրքական կուսակցական մարմինների, ինչպես նաև կանոնավոր զինուժի և հրոսակային զորախմբերի ներգրավմամբ։
Մինչդեռ ներկայիս Թուրքիան, անտեսելով թուրքական դատարանների հաստատած փաստերը, ժխտում է Հայոց ցեղասպանության իրողությունը և անխոնջ պայքարում ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ իրականացնելով պատմության նենգափոխում, հակահայկական քարոզչություն, ժխտողական լոբբինգ և այլն: Դա պայմանավորված է մեծապես նաև այն հանգամանքով, որ այդպես էլ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային լուրջ արդարադատության առջև, և մարդկության դեմ գործված ոճիրն այդպես էլ մնաց անպատիժ։
Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության փաստական հիմնավորման, ականատեսների վկայություններով և փաստաթղթերով հաստատման, օրենքներով և բանաձևերով միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակվեց և լայն թափ ստացավ հատկապես, երբ հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը, փորձելով նկարագրել հրեաների դեմ համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը և 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները, շրջանառության մեջ դրեց ցեղասպանություն (գենոցիդ) տերմինը։ Լեմկինի երկարամյա պայքարի արդյունքում 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվեց որպես միջազգային հանցագործություն:
Հայոց ցեղասպանության փաստն առաջին անգամ պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965թ․, ինչից հետո այն ճանաչել և դատապարտել են ավելի քան երեք տասնյակ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրիան, Լյուքսեմբուրգը և այլն։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդունումից հետո 2021թ․ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Նա իր ելույթում ընդգծել է․ «Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն։
Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: 2020 թ․-ին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ու դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայոց ցեղասպանությանն իրավական, քաղաքական և բարոյական գնահատական տալը չափազանց կարևոր է ոչ միայն պատմական արդարության ու ճշմարտության, այլ նաև հայ ժողովրդի անվտանգության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |