Հարցազրույց18:13, 24 Ապրիլ 2023
«Ցեղասպանությունից 1 դար անց նույն եղերական ճակատագրին է արժանանում հայ ժողովրդի հերթական հատվածը». պատմաբան

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի, ճանաչման գործընթացին առնչվող հնարավոր զարգացումների վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է արևելագետ-պատմաբան, պ. գ. թ. Արմեն Պետրոսյանի հետ
- Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև քաղաքակիրթ մարդկության մի զգալի հատված մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 108-րդ տարելիցի միջոցառումներին։ Բայց, այնուամենայնիվ, գուցե նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությամբ Ցեղասպանության ճանաչման գործընթացը որոշակիորեն դանդաղել է։ Ինչպե՞ս կբնութագրեք ներկա շրջափուլը։
- Հարցի բովանդակությանը հղում կատարելով՝ նախ և առաջ պետք է անդրադառնամ արդի գլոբալ զարգացումներին։ Աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում երկրագնդի տարբեր հատվածներում դրսևորվող մարդկության դեմ տարաբնույթ հանցագործությունների իրողությունը մեծապես նաև նախկինում նմանատիպ վարքագծի անպատժելիության հետևանք է։ Այո, հերթական անգամ նեղ քաղաքական շահերը գերակայում են համամարդկային արժեքների նկատմամբ։ Այդ համատեքստում նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատասխանատվության ենթարկման հարցում միջազգային հանրության ոչ հետևողական կեցվածքն ինչպես նախորդ դարի ընթացքում, այնպես էլ մեր օրերում տարատեսակ ողբերգական իրողությունների կրկնության պատճառ է դարձել։
Դրանց մասին բազմիցս է խոսվել։ Մինչդեռ ամենացավալին այն է, որ նույն եղերական ճակատագրին է արժանանում ավելի քան 100 տարի առաջ ցեղասպանված, հայրենազրկված ժողովրդի հերթական մասնիկը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից թյուրքական ցեղասպան քաղաքականության իրականացման առանձին դրսևորումներ չսահմանափակվեցին 1990-ականների սկզբին, 2020թ. 44-օրյա պատերազմի տեսքով։
Պատմականորեն հայկական հանդիսացող շրջանների՝ Շուշիի, Հադրութի և հայկական այլ բնակավայրերի հայաթափումից, նրանց բնակիչների սպանությունից, տեղահանումից, ունեզրկումից հետո հերթը հասել է Արցախի մնացած հատվածի հայությանը։ Բաքվի վարչակարգի հանցագործ քաղաքականության և Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ավելի քան 4 ամիս շարունակվում է Արցախի պաշարման նպատակային գործողությունը, նրա 120.000 բնակչությունն իր պատմական բնօրրանում գոյատևում է ահաբեկման, արտաքսման պարբերական սպառնալիքների, կենսական տարրական պայմանների՝ սննդամթերքի, դեղորայքի բացակայության, էլեկտրականության և գազամատակարարման խաթարման պայմաններում։ Ադրբեջանական ավտորիտար վարչակարգն արհամարական վերաբերմունք է դրսևորում միջազգային կարևորագույն դատական ատյանի Արդարադատության միջազգային դատարանի վճռի, բազմաթիվ միջազգային կառույցների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ և այլն, աշխարհի բազմաթիվ պետությունների կոչերի ու հորդորների նկատմամբ։
Այն շարունակում է երկընտրանքի առջև կանգնեցնել Արցախի բնիկ բնակչությանը։ Նման պայմաններում, նաև Թուրքիայի համակողմանի աջակցությունը վայելքող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու կարևոր ուղեգիծը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության և արցախահայության դեմ իրականացվող եղերական քաղաքականության միջև զուգահեռնռրի կիրառումը պաշտոնական հռետորաբանության և դիվանագիտական գործունեության շրջանակում։ Ի վերջո, արցախահայությանը պատուհասած նոր աղետը կանխելու մեխանիզմները խիստ սահմանափակ են։ Եվ Հայոց ցեղասպանության շարունակության հնարավուության մասին քաղաքակիրթ մարդկությանը գուժելու բոլոր հնարավորությունների կիրառումը դրանցից մեկը պետք է լինի։ Իսկ վերոնշյալը, վստահ եմ, նոր թափ կհաղորդի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, քանի որ այն հայ ժողովրդի բարոյական ուխտին ու պարտականությանը հավատարիմ անխոնջ գործունեությունն է։
- Բացի աշխարհաքաղաքական իրողությունները, արդյո՞ք Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը ևս ազդում է Ցեղասպանության ճանաչման ընթացքի վրա։
- Վստահաբար, ազդում է։ Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի բովանդակությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի հարթություն՝ քաղաքական, իրավական, բարոյական և այլն։ Եթե թվարկվածներից առաջինը, հաճախ խարսխվելով մյուս երկուսին, առավելապես շոշափում է աշխարհի և Թուրքիայի միջև հարաբերությունների, բազմաթիվ երկրների և նրանց ազգությամբ հայ քաղաքացիների փոխհարաբերությունների շերտերը, ապա գործընթացի բարոյական և իրավական կողմերը վերաբերում են հիմնականում հայ ժողովրդին, նրա երեք հատվածներին։ Եվ, իհարկե, պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը. մասնավորապես, փորձ է արվում առավել կառավարելի դարձնել թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմամբ տարբեր պատճառներով հետաքրքրված հիմնական արտաքին դերակատարների վարքագիծը։
Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա մեզ համար խնդիրն առավելապես բարոյական և իրավական հարթությունում է, որի վերջնանպատակն արդարության հաղթանակն է՝ ցեղասպան պետության իրավահաջորդի կողմից հանցանքի ճանաչմանը, զղջմանը և նրա պատասխանատվությանը հասնելը։ Անշուշտ, սա չափազանց բարդ գործընթաց է, հատկապես, երբ բախվում ենք թուրքական սկզբունքային ժխտողականությանը և այլ բազմաթիվ օբյեկտիվ խոչընդոտների, բայց դրա համար չկան ժամանակային սահմաններ։ Հայ ժողովրդի բոլոր սերունդների բարոյական պարտքն է ոգեկոչել ցեղասպանված ազգակիցների հիշատակը, շարունակել ամբողջ աշխարհին, մարդկության նոր սերունդներին պատմել, իրազեկել հայ ժողովրդի ազգային ողբերգության դասերը՝ երախտիքի խոսք հնչեցնելով ապրումակից բարեկամների հասցեին, ինչպես նաև դրանով նպաստելով նոր ցեղասպանությունների կանխման գործընթացին։
- Արդյո՞ք Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն կունենան ճանաչման գործընթացի և Թուրքիա-Հայաստան կարգավորման վրա։
- Երկու հարցում էլ Թուրքիայում կայանալիք ընտրություններից ակնկալիքներս մեծ չեն։ Գործող իշխանությունների մոտեցումներն ակնհայտ են՝ ճանաչման հարցում կշարունակվի նույն ժխտողականության քաղաքականությունը՝ սահմանափակվելով զուտ «ընդհանուր ցավի» կոնցեպտի առաջմղմամբ։
Իսկ Հայաստանի հետ կարգավորման գործընթացում Անկարայի նախապայմանային քաղաքականությունը կրկին Թուրքիա-Հայաստան գործընթացը կզուգահեռի Ադրբեջան-Հայաստան գործընթացին՝ դրանով իսկ ընդհանուր թուրք-ադրբեջանական տարածաշրջանային օրակարգի իրականացման ճանապարհին հավելյալ ճնշումներ գործադրելով Հայաստանի վրա։
Ինչ վերաբերում է ընդդիմության հաղթանակի դեպքում հնարավոր զարգացումներին, ապա առաջին հայացքից երկու ուղղությամբ էլ Անկարայի խորքային մոտեցումների փոփոխություն այս պահին ակնկալելն իրատեսական չէ։ Մինչդեռ հնարավոր են ոչ ուղղակի քաղաքական անդրադարձներ։ Մասնավորապես, Անկարայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, առավելապես Թուրքիա-Արևմուտք, Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում կանխատեսվող որոշ փոփոխություններ կարող են ածանցյալ ազդեցություն ունենալ նաև հայկական օրակարգերի վրա՝ հիմականում ամերիկյան հետաքրքրությունների տիրույթում։
Վերջին ուղղությունը կարող է դրականորեն խթանել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը։ Իսկ Թուրքիայի մոտեցումներում առավել բովանդակային փոփոխություններ կարող են արձանագրվել այդ երկրի ժողովրդավարացման գործընթացի համատեքստում, որը, ավաղ, ներկայում կանխատեսելի չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |