Հոդված14:10, 03 Մայիս 2023
Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամերը՝ գալիք ընտրություններին ընդառաջ
Թուրքիայի ներքաղաքական առաջնահերթ թեման այս օրերին նախընտրական քարոզարշավն է, որի շրջանակներում իշխանական և ընդդիմադիր թևերը հանդես են գալիս փոխադարձ քննադատություններով ու մեղադրանքներով։
Իշխանության ծրագրերը լրջորեն խաթարվեցին փետրվարյան երկրաշարժներից ու հաջորդած բազմաթիվ հետցնցումներից, որոնց հետևանքով իշխանությունը ստիպված եղավ ահռելի գումարներ ծախսել՝ այդ թվում պարտք վերցնելով նաև մի շարք երկրներից։
Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին, որ աղետի գոտում աշխատանքները լավ չեն կազմակերպել, իսկ հանգանակված օգնությունն էլ ծախսվել է ոչ նպատակային։ Անգամ լրատվամիջոցները գրեցին, որ թուրքական Կարմիր մահիկն աղետից տուժած բնակչությանը վաճառել է վրաններ ու այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք պետք է տրվեին անվճար։ Եվ դա հերթական վրդովմունքի պատճառ դարձավ քաղաքացիների շրջանում։
Ընդդիմության կողմից թիրախավորվում է նաև Էրդողանի վարած տնտեսական քաղաքականության պատճառով լիրայի արժեզրկման և ահագնացող ինֆլյացիայի (գնաճ) հանգամանքը։ 2023-ի մարտին անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ 1 դոլարին համարժեք 1 թուրքական լիրան, որը կազմում է 22.91, մեկ տարի անց կկազմի 23.10-ից մինչև 23.52 լիրա: Սրան զուգահեռ ներկայացվում է գործազրկության աճող միտումը, որն էլ հերթական դժգոհության ալիքն է առաջացնում կառավարության նկատմամբ։
Տարիներ շարունակվող խոսքի ազատության սահմանափակումները նախընտրական քարոզարշավի շրջանակներում ևս չեն վրիպել ընդդիմադիրների ուշադրությունից։ Անազատության մեջ գտնվող ամենահայտնի գործիչներից մեկը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, անգամ բանտում, հաճախ է քննադատական հայտարարություններ անում իշխող վարչակարգի և նախագահ Էրդողանի հասցեին։
Ներքաղաքական լրահոսում մեծ անհանգստությամբ է ընդունվում Դիարբեքիրի նահանգի 16 ընդդիմադիր լրագրողի՝ արդեն 10 ամիս շարունակվող անազատությունը, որոնց նախորդ տարվա հունիսի 8-ին թուրք իրավապահ մարմինների կողմից իրականացված հատուկ գործողությունների ընթացքում էին ձերբակալել։ Վերջին տարիների ամենավառ օրինակներից է Օսման Քավալան՝ ընդդիմադիր հայացքներով թուրք ակտիվիստ ու հասարակական գործիչ, ով 2023-ի ապրիլի 27-ին հարցազրույց էր տվել ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին ու նշել, որ իր անիրավ բանտարկության վերջը կգա, սակայն, թե դա երբ կլինի, կախված է երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից։ Ընդդիմադիր և քրդամետ ուժերն ազգային փոքրամասնությունների դեմ կատարվող անօրինությունների ավարտը ևս կապում են իշխանությունների հեռացման հետ։ Մեծ թվով հարցումները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիներին Էրդողանից վանում է նաև այն փաստը, որ հիմնարար իրավունքներն և ազատություններն անբարվոք վիճակում են, իսկ երկիրը ղեկավարվում է միանձնյա ձևով։
Թուրքական մամուլի ընդդիմադիր հատվածում բազմիցս քննադատության է արժանանում ազգային փոքրամասնությունների, հատկապես քրդերի նկատմամբ իշխանությունների վարած կոշտ քաղաքականությունը, իսկ ընդդիմադիր դաշինքը, փորձելով օգտագործել ներհասարակական դժգոհությունը, հրապարակավ հայտարարում է, որ իրենց ուժի իշխանության գալուց հետո ցանկացած քաղաքացի, անկախ ազգությունից կամ կրոնական պատկանելությունից, ազատ ու հավասար իրավունքներ է ունենալու։ Իր ելույթներից մեկի ժամանակ «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, դիմելով քուրդ բնակիչներին, ասել էր․ «3-5 տոկոս ձայնի համար թույլ չեմ տա, որ վնաս հասցնեն եղբայրությանը: Քիչ մնաց»,-ակնարկելով իշխանությունների վարած քաղաքականությունը։
Վերջին, ամենաաղմկահարույց դեպքը Քըլըչդարօղլուի հայտարարությունն էր այն մասին, թե ինքն ալևի է, ինչը և՛ լավ, և՛ վատ արձագանքների տեղիք տվեց։ Սա հերթական ապացույցն է, որ թուրքական հասարակության ներսում առկա բռնաճնշումները, ազգային փոքրամասնությունների ինքնությունների նկատմամբ ագրեսիվ դրսևորումները միայն ավելի են խորացնում հասարակության տարբեր մասերի միջև եղած հակասությունները։ Դրան ի պատասխան` ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուն իշխանությունների կառուցած երկրի շնորհիվ է կարողանում բարձրաձայնել իր ալևի լինելու հանգամանքը, ուստի մեղադրել իշխանություններին փոքրամասնություններին ճնշելու մեջ անհիմն է ու անարդարացի։
Իշխանությունը ևս հետ չի մնում ընդդիմադիրներին ուղղված իր մեղադրանքներով։ Գլխավորապես թիրախավորելով Քեմալ Քըլըչդարօղլուին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է նրան ներկայացնել իբրև «թուլակամ և Արևմուտքին հպատակ» գործիչ, ով երկիրը կկանգնեցնի աղետի եզրին՝ վարելով ոչ թե Թուրքիայի շահերից բխող, այլ Արևմուտքին սպասարկող քաղաքականություն։
Դրանից բացի՝ ընդդիմությանը մեղադրում են հասարակության մեջ պառակտումներ մտցնելու համար։ Այսպես, Քըլըչդարօղլուի՝ ալևի լինելու մասին հայտարարությանը հետևեց Էրդողանի հայտարարությունը։
«Մենք քո ալևի լինելու պատճառով անհանգիստ չենք, բայց մենք ալևիականություն անունով կրոն չունենք, շիաականություն անունով կրոն չունենք, մեր միակ կրոնը մուսուլմանությունն է։ Լավ է, որ ալիևի լինելուդ մասին ասացիր, մենք այսպիսի խնդիր չունենք»,- ասել էր Էրդողանը։
Լուրերը, թե ընդդիմադիր դաշինքը մեկ միասնական թեկնածու առաջադրելու շուրջ համաձայնության գալ չի կարողանում, ևս իշխանությունների շահարկման առիթ դարձավ։
Երկարատև քննարկումներից հետո, երբ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվեց միասնական թեկնածու, «Լավ» կուսակցությունը (İyi Parti-ԼԿ) լքեց «Վեցյակի սեղանը», քանի որ իբրև նախագահի թեկնածու ցանկանում էր տեսնել Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետներից մեկին։ Սակայն, այնուհետև վերադարձավ՝ ընդունելով Քըլըչդարօղլուի թեկնածությունը։ Այս կապակցությամբ իշխանությունը մտահոգություն հայտնեց, որ, եթե չեն կարողանում մեկ միասնական թեկնածու ընտրել, ինչպե՞ս կարող են մի ողջ երկիր ղեկավարել։ Այս առիթով Էրդողանի համախոհ և «Ժողովուրդ» դաշինքի անդամ, գորշ գայլերի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ «մեկ անգամ ծախողը կրկին կծախի, կրկին ծախելու է»։
Այս համատեքստում թիրախավորվում են նաև ընդդիմադիր «Ազգ» դաշինքի մեջ մտնող չափազանց տարաբնույթ ուժերը։ Բանն այն է, որ ԼԿ-ն անջատվել է ԱՇԿ-ից, և ԼԿ-ի քաղաքականությունը տեղավորվում է ազգայնական գծի շրջանակներում, իսկ, օրինակ, «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը, կարելի է ասել, որ ցույց է տալիս, թե վերջին տարիներին արտաքուստ ավելի մեղմ քաղաքականություն է վարում քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ փորձելով բոլոր մարդկանց առաջին հերթին իբրև Թուրքիայի քաղաքացի ցույց տալ` ընդգծելով նրանց հավասարությունն օրենքի առաջ։ Կարևոր փաստ էր նաև ԺԴԿ-ի կողմից նախագահի թեկնածու չառաջադրելն և Քըլըչդարօղլուին սատարելը, որը իշխանությունների կողմից որակվեց «թաքուն համաձայնություն» քրդերի հետ, որոնք պետությունը ներսից քանդելու ծրագրեր ունեն։
Մեկ այլ հայտարարություն ևս, որն արվել էր ընդդիմադիր ուժերի կողմից, խստորեն քննադատվեց իշխանությունների կողմից։ Նրանք հայտարարել էին, որ գալով իշխանության վերացնելու են կրոնական գործերի նախարարությունը։ Դրան ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց, որ մայիսի 14-ը պետք է ընդդիմության վերջը լինի։
Հաշված օրեր են մնացել այս ընտրություններին, որոնք վճռորոշ կլինեն ոչ միայն Թուրքիայի, այլ նաև տարածաշրջանի և համաշխարհային զարգացումների տեսանկյունից։ Սակայն, եթե երկրի ներքաղաքական հարցերի վերաբերյալ կողմերն ունեն տարակարծություն, և նորընտիր իշխանությունը (անկախ նրանից, թե որ ուժը կհաղթի) բազմաթիվ փոփոխություններ կարող է իրականացնել, ապա արտաքին քաղաքականության ուղղությամբ տեսանելի ժամկետներում, թերևս, չգնա շեշտակի փոփոխությունների։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |