Հարցազրույց12:42, 12 Մայիս 2023
Հաքան Յավուզ․ «Թուրքիայի ընտրությունները չեն լուծելու ճգնաժամը, ընդհակառակը՝ ավելի են խորացնելու»
Ermenihaber.am-ի կողմից կազմակերպված «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Հաքան Յավուզն իշխանության և ընդդիմության վարած քարոզարշավի, նախընտրական պայքարի, հավանական սցենարների վերաբերյալ հայտնեց իր տեսակետները։
Նշեց, որ գալիք ընտրությունը հանրապետական Թուրքիայի բոլոր ժամանակների ամենակարևոր ընտրությունն է լինելու։
«Սա անձերի պայքար չէ, այլ պայքար է էրդողանյան բռնապետության և ժողովրդավարությանը կարոտ մնացած հատվածի միջև։ Այս ընտրություններում կարևոր են արդարությունը, տնտեսությունը, ժողովրդավարությունը, ոչ թե անձինք։ Թուրքիայում քաղաքական ճգնաժամ կա, սակայն դրա հիմքում բարոյականության ճգնաժամ կա, և քաղաքականությամբ չենք կարող լուծել այդ բարոյականության ճգնաժամը։ Այն համոզմունքին եմ, որ այս ընտրությունները չեն լուծելու այս ճգնաժամը, ընդհակառակը՝ ավելի են խորացնելու»։
Հարցին, թե ինչպես կդասավորվեն իրողություններն ու ինչ զարգացումներ են սպասվում Էրդողանի կամ Քըլըչդարօղլուի ընտրության դեպքում, Յավուզը պատասխանեց․ «Թուրքիայում բարոյականության և տնտեսական ճգնաժամերի փոխադարձ ազդեցությունից ծնվել է քաղաքական ճգնաժամ։ Եթե անգամ Էրդողանը հաղթի այս ընտրություններում, նա պարտված է, քանի որ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կախարդանքը վերացել է, իսկ այդ միֆն՝ ավերվել։ Եթե անգամ քանակապես հաղթեն, ապա հանրային և ազդեցիկության առումով պարտվել են, որովհետև իրենք իրենց իմիջները փչացրել են»։
Խոսելով Քըլըչդարօղլուի հավանական հաղթանակից՝ Յավուզը նշեց, որ առաջիկա 3 տարում արտահերթ ընտրությունների հավանականություն կա, քանի որ Վեցյակի սեղանը, համոզված չէ, թե կկարողանա այնքան կշիռ ունենալ, որ լուծի այս ճգնաժամը։
«Էրդողանը, եթե հաղթի, ապա, ամենայն հավանականությամբ, փողոցային իրադարձություններ կսկսվեն։ Հավանականություն կա, որ 2 տարվա ընթացքում Էրդողանը տարբեր մեթոդներով իշխանությունից գահընկեց կարվի՝ ցույցեր և այլ գործողություններ։ Եթե Քըլըչդարօղլուն հաղթի, Թուրքիան շունչ կքաշի։ Սակայն, թե դրանից հետո ինչ ենք անելու, մի ուրիշ հարց է։ Գուցե, եթե տնտեսական կադրային կազմը լավ կառուցի, կարճ ժամանակում դրսից ներդրում էլ կարվի, Թուրքիայի նկատմամբ կաճի վստահությունը, որովհետև Եվրամիությունը Թուրքիային չի կարող կորցնել, Թուրքիան ամենամեծ փախստականների ճամբարն է Եվրամիության համար, փախստականներն այնտեղ /նկատի ունի Թուրքիայում-խմբ․/ են պահվում։ Իհարկե, դրա համար նաև գումար է ստանում և, թե այդ գումարներն ինչպես են օգտագործվում, դա ուրիշ քննարկում է։ Սակայն Թուրքիայի կայունությունը և՛ ԵՄ-ի, և՛ Ամերիկայի, և՛ Ռուսաստանի շահերից է բխում»,- ասաց մասնագետը։
Ermenihaber.am-ի այն հարցին, թե ընտրություններն առաջին փուլում կավարտվեն, թե երկրորդ փուլ կանցկացվի, Հաքան Յավուզն ասաց, որ խորհրդարանական ընտրություններում կարծում է, որ ընդդիմադիր «Ազգ» դաշինքը մեծամասնություն կկազմի, իսկ նախագահական ընտրություններում 2-րդ փուլով սպասում է, որ կհաղթի Քեմալ Քըլըչդարօղլուն, որին կօգնեն քրդերից ստացված ձայները։ Սակայն հարց է, թե արդյոք նորմալ պայմաններով Էրդողանը կհանձնի իշխանությունը։ Եթե տարբերությունը խիստ փոքր լինի, ապա Էրդողանը կարող է այդ տարբերությունը վերացնել, պախարակել Քըլըչդարօղլուին, «գողանալ» ընտրությունները՝ շեշտելով, որ այդ գործում Էրդողանը շատ հմուտ է։
Մեր այն հարցին, թե նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր երկու կողմերի որ քայլերը կամ ռազմավարությունն է, որ կարևոր ու որոշիչ է եղել քարոզարշավի ընթացքի վրա, Յավուզը պատասխանեց․ «Նախևառաջ, սա հավասար պայմաններով ընթացող պայքար չէ։ Էրդողանը երկրի բոլոր հնարավորություններն իր համար է օգտագործում։ Մեդիան ամբողջությամբ Էրդողանի վերահսկողության տակ է։ Այդ իսկ պատճառով սա ազնիվ ընտրություն չէ։ Երկրորդ, տնտեսությունը վատ վիճակում է։ Մեկ կգ սոխը 35 լիրա է /մոտ 700 դրամ-խմբ/, 1 կգ պանիրը 200 լիրա /մոտ 3000 դրամ-խմբ․/, Ստամբուլում երկու սենյականոց տան վարձը 15000 լիրա է /մոտ 300 հզ դրամ-խմբ․/, ուսուցիչների աշխատավարձը ևս 15000 լիրա է։ Դեմիրելն ասում էր՝ դատարկ կաթսան կառավարություն կշրջի /նկատի ունի Թուրքիայի նախկին նախագահ, վարչապետ Սուլեյման Դեմիրելին-խմբ․/։ Ընդդիմությունը պետք է հաղթի, դա է ռացիոնալը, սակայն չեմ կարող ասել, որ մեր հասարակությունը ռացիոնալ է։ Էրդողանին «սիրահարված» զանգված կա, Թուրքիայի գործը բարդ է, հասարակության մեջ մեծ դեր ունի զգացմունքայնությունը»։
Անդրադառնալով ներքին խնդիրներին և հատկապես քրդական հարցին՝ Հաքան Յավուզը նշեց․ «Թուրքիայի ամենակարևոր հարցը քրդական հարցն է, իսկ Քեմալ Քըլըչդարօղլուն Թունջելիից է, սակայն ինքն իրեն որպես Խորասանից սերող մի թուրքմեն է ներկայացրել։ Թունջելիում ինքնությունների տարբեր շերտեր կան։ Պարոն Քեմալի հետ քրդական հարցի վերաբերյալ հույս կարող է լինել, բայց նա «Ժողովրահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահն է, և ԺՀԿ-ի գենետիկ կոդերը, պատմական ինքնությունը նրա կարողությունների շրջանակը սահմանափակում են։ Ինչպես էր 1965-1970-ականներին էջևիթն /Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի մասին է խոսքը-խմբ․/ ասում՝ սոցիալիստական կուսակցություն ենք, կենտրոնամետ ձախ կուսակցության ենք, սակայն այդպես էլ որպես քեմալական կուսակցություն մնաց, որովհետև այդ ինքնությունը հաղթահարելը հեշտ չէ։ Մինչև ինչ-որ մի կետ պարոն Քեմալը կարող է այդ ճգնաժամերի հարցը լուծել, և Վեցյակի սեղանի հետ մեկտեղ նրա մանևրելու դաշտի սահմաններն ընդլայնվում են»։
Իսկ թուրք-ռուսական և թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին Յավուզը նշեց, որ ժամանակին Ռուսաստանը՝ Սովետական Միությունը, համարվել է Թուրքիայի թշնամին, սակայն ըստ նրա՝ Թուրքիայի Հանրապետության ձևավորման վաղ տարիներին, եթե չլիներ Լենինի աջակցությունը, քեմալական շարժումը գուցե հաջողությամբ չպասկվեր։
«ԱՄՆ-ն թուրք հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից՝ թե՛ իսլամականներ, թե՛ ձախակողմյան և այլ ուժեր, ընկալվում է որպես սպառնալիք, ուստի ինչպիսի իշխանություն էլ լինի Թուրքիայում, ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այլևս առաջվա նման լինել չեն կարող»,- եզրակացրեց Հաքան Յավուզը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |