Հարցազրույց14:30, 12 Մայիս 2023
Ռուբեն Սաֆրաստյան․ «Մայիսի 14-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեն լինի»
Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կիսվել է իր տեսակետով և ընդգծել, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն վերացնի առկա ճգնաժամը, այլ ավելի կխորացնեն այն։
«Իսկապես Թուրքիան կանգնած է կարևոր խաչմերուկում և այն ճանապարհները, որոնք կարող է ընտրել Թուրքիան, կարևոր են ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության՝ հատկապես աշխարհաքաղաքական տեսակետից, քանի որ վերջին տարիներին Թուրքիան կարողացել է աշխարհում իր դիրքը ավելի տեսանելի և կարևոր դարձնել։ Իհարկե, դա հանգեցրել է այն ճգնաժամին, որն առկա է երկրի ներքին քաղաքական և տնտեսական կյանքում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին «փորձել է թռնել իր գլխից ավելի վեր», վատնել է ռեսուրսներ, և դա էլ հանգեցրել է այն ճգնաժամին, որն առկա է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառներում։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Թուրքիայում հաստատվել է միանձնյա կառավարման կուռ, բռնատիրական (ավտորիտար) մոդել, որը կարծում եմ Թուրքիայի համար ապագա չէ»,- ասաց նա։
Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեսանկյունից իշխանության կամ ընդդիմության հաղթելու պարագայում Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում թե ինչպիսի փոփոխություններ ու զարգացումներ կարող են լինել, ինչպես նաև այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր զարգացումների մասին հարցին պատասխանելով՝ Սաֆրաստյանը նշեց, որ, եթե Էրդողանը հաղթի և շարունակի իր իշխանությունը, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Ավելին, Թուրքիան կշարունակի իրականացնել Էրդողանի կոնցեպցիան՝ «աշխարհը ավելի մեծ է, քան թե հինգը»։ Թուրքիան կփորձի իր ուժը ավելի տարածել դեպի արտաքին աշխարհ, և իր դերն աշխարհում ավելի մեծացնելու համար կշարունակի վարել իր ագրեսիվ քաղաքականությունը։
«Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, Էրդողանի հաղթելու պարագայում ես այստեղ որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիայի քաղաքականությունը, աշխարհառազմավարությունը հետևյալն է՝ Հարավային Կովկասը դարձնել Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Եվ դա Թուրքիան փորձում է իրականացնել 30 տարի շարունակ տարբեր ինտենսիվությամբ՝ մեկ բացահայտ կերպով, մեկ՝ ծածուկ։ Ի սկզբանե այս նպատակը կա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Եվ այս քաղաքականության մեջ Ադրբեջանն օգտագործվում է Թուրքիայի կողմից որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Անցնելով ընդդիմությանը՝ ընդգծեմ, որ, եթե հաղթի ընտրություններում, կարծում եմ արտաքին քաղաքականությունը կգտնվի ամերիկյան և արևմտյան քաղաքականության շրջանակներում, կլինի ավելի կշռադատված։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Քեմալ Քըլըչդարօղլուն բնութագրել է այսպես․ «Մենք կկառուցենք ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե անձնական, ինչպես Էրդողան-Պուտին հարաբերություններն են»։
Պրոֆեսորը նկատեց, որ ընդդիմության իշխանության գալու դեպքում կփորձեն որոշ չափով շարունակել այն արտաքին քաղաքական գիծը, ռազմավարությունը, որը վերջին տարիներին ձեռք է բերել Թուրքիան։ Թուրքիայի կուտակած ուժը կփորձի օգտագործել, իհարկե, ավելի մեղմ ձևերով։
«Մեր տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը չի հրաժարվի այն աշխարհառազմավարական նպատակից՝ հասնելու մեր տարածաշրջանում գերակշռող դիրքի։ Ավելին կփորձի տարածաշրջանային քաղաքականությունը կոորդինացնել Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ։Պետք է սպասել, որ Թուրքիան կմիանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, իհարկե դա միանգամից տեղի չի ունենա՝ հավանական է փուլ առ փուլ»,-ասաց Սաֆրաստյանը։
Մեր այն հարցին, թե գալիք ընտրություններում կհաղթի Էրդողանը, թե Քըլըչդարօղլուն, պրոֆեսորը պատասխանեց․ «Արևելագիտության Ինստիտուտի Թուրքիայի բաժնում գործընկերներիս հետ հետաքրքիր քննարկում ենք ունեցել և մեր ընդհանուր տեսակետը այն է, որ ընտրություներում կհաղթի Էրդողանը։ Կնշեմ մի քանի հանգամանք։ Առաջին՝ նախընտրական պայքարում Էրդողանը քայլ առ քայլ առաջ է անցնում Քըլըչդարօղլուից և կարողանում է վարպետորեն մանիպուլյացիա անել հատկապես այն թեմաները, որոնք իր համար անբարենպաստ են՝ մղում է երկրորդ պլան։ Մասնավորապես ավերիչ երկրաշարժի հետևանքները, այդ ընթացքում կատարված կոռուպցիան, կաշառակերությունը, դեպոտիզմը կարողանում է մղել երկրորդ պլան։ Առաջ է մղում այնպիսի թեմաներ, որոնք քաղաքական առումով իրեն չեն վնասում։ Մյուս հանգամանքը, որը ես նկատեցի շատ ուժեղ հակաամերիկականությունն ու հակաարևմտականությունն է, որը Էրդողանը և իր կուսակիցները կիրառում են։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի բնակչության զգալի մասը հիմա չեն սիրում ամերիկացիներին։
«Մեկ այլ հանգամանք, որը Էրդողանը վարպետությամբ կիրառում է՝ այն է, որ թուրք քաղաքացին կայսերական գաղափարախոսության կրող է՝ սիրում է, որ Թուրքիան լինի ուժեղ և այդ ուժը ցույց տա, և Էրդողանը դա շատ լավ կարողանում է ցույց տալ։ Էրդողանը Թուրքիայում ունի ընտրազանգվածի որոշ խավի լիակատար աջակցությունը՝ ընդ որում ցանկացած պայմաններում։ Այնուամենայնիվ, հաշվի եմ առնում նաև երկրաշարժի փաստը, որովհետև նրա ընտրողները հենց այդ շրջաններից են՝ մասնավորապես Քահրամանմարաշից։ Դրանից բացի՝ կան տվյալներ, որ այդ շրջանների բնակիչները՝ շուրջ 3 մլն, լքել են իրենց բնակավայրերը և բնակություն հաստատել Թուրքիայի այլ շրջաններում և նրանցից 145․000-ն է գրանցվել որպես ընտրող, ինչը թուլացնում է Էրդողանի դիրքերը։ Սրանք իմ տպավորություններն են, և ես չեմ հավատում հրապարակված հարցումներին»,- նշեց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանն իր խոսքում հիշատակեց թուրքական լրատվական կայքերից մեկում՝ «Yeni Şafak»-ում հրապարակված կարիկատուրան, որտեղ պատկերված է Քըլըչդարօղլուն խոհանոցում նստած ձեռքին մի սոխ, իսկ նրա գլխավերևով թռչում են վերջին սերնդի տեխնիկաները։ «Ինչպես գիտեք՝ սոխն աղքատների ուտելիքն է։ Եվ սա պարզ ցույց է տալիս, թե երկու ուժերն ինչն են առաջ մղում․ մեկը՝ տնտեսական ծանր դրությունը, իսկ մյուսը՝ արձանագրած հաջողությունները»,- ընդգծեց նա։
«Հակված եմ այն մտքին, որ արտաքին ուժերից ոչ մեկը՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն, որ Թուրքիայում լինի անկայունություն։ Ծանր ընտրություններ են սպասվում, և Թուրքիան կկարողանա խուսափել բախումներից։ Եթե ընտրություններում պարտվի Քըլըչդարօղլուն, կարծում եմ, որ չի գնա այնպիսի գործողությունների, որոնք կարող են վտանգել Թուրքիայի ապագան։ Էրդողանն, իմ պատկերացմամբ, այլ՝ ավանտյուրիստ կերպար է, պարտության դեպքում կփորձի քայլեր ձեռնարկել վիճարկելու պարտությունը և հաղթանակի վերածելու։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ նա երկիրը կտանի դեպի ապակայունացում»,-եզրակացրեց պրոֆեսորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |